HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Օպե՞լ», թե՞ «ջիպ». կանայք պահանջում են գտնել վրաերթի հեղինակին

Ընկերներ Սամվել Կիրակոսյանն ու ազգությամբ ռուս Ալեքսանդր Սինիցինն Ալավերդի քաղաքից էին: Նրանք երկուսով աշխատանք էին գտել Երեւանում ու միասին վերանորոգում էին Կոմիտասում գտնվող մի բնակարան:

«Շաբաթ-կիրակի գալիս էին տուն, երկուշաբթի նորից վերադառնում Երեւան: Էդ ուրբաթ ամուսինս ասաց, որ հաջորդ օրն անպայման գալու են. արդեն տաքսի էին պատվիրել: Բայց էդպես էլ չեկան»,- հիշում է Սամվելի կինը` Կարինե Չուխուրյանը: Այս տարվա մայիսի 21-ին Երեւանի Հրաչյա Քոչար փողոցից Սամվելին ու Ալեքսանդրին տեղափոխել են հիվանդանոց: Անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենան նրանց վրաերթի է ենթարկել ու դեպքի վայրից դիմել փախուստի: «Մենք շատ ծանր վիճակում էինք. ուշադրությունը միայն հիվանդի վրա էր: Բայց հիշում եմ, որ առաջին օրերին բոլորն էլ խոսում էին «ջիպի» մասին, ասում էին, որ աշխատանքից վերադառնալիս «Ինֆինիտի ջիպ» է խփել»,- պատմում է Ալեքսանդրի կինը` Լուսինե Ղումաշյանը: Ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 34-ամյա Ալեքսանդրը 10 օր անց մահացել է: Ընկերոջ` նույն տարիքի Սամվելի կյանքը եւս բժիշկներին փրկել չի հաջողվել. երկու ամիս անց նա նույնպես մահացել է: «Ոստիկանությունն անընդհատ հայտարարություններ է տարածում, թե էս ենք անում, էն ենք անում, բա ո՞ւր էին, որ հիվանդանոցում էինք, մի ոստիկան չգտնվեց, որ ասի` դեպքի համար եմ եկել, ի՞նչ է եղել: Ոչ մեկը չհայտնվեց, չհետաքրքրվեց, ես ուղղակի մնում եմ զարմացած»,- ասում է Լուսինեն եւ հավելում, որ իրենից ընդամենը ամուսնու անձնագիրն են պահանջել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ քննության իրականացումը հանձնարարվել է ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի քննիչ Դավիթ Մարտիրոսյանին: «Դեպքի վայրից ինչ-որ մեքենայի «շիթ» են գտել, ինչի հիման վրա էլ քննիչն ասում է, որ վրաերթը կատարվել է «Օպել» մեքենայով: Բացի դրանից, ասում է` ականատես վկաներ կան: Բայց ո՞նց է եղել, որ մեքենայի մակնիշը տեսել են, իսկ համարանիշը ոչ մեկը չի նկատել,- հարցնում է Լուսինեն եւ շեշտում,- թող «Օպել» լինի, մենակ թե մեղավորին գտեք, էլ ինչո՞ւ ենք ձեզ դիմել, քաղաքացին էլ ո՞նց իրեն պաշտպանված զգա»: Վերջինիս խոսքերով` ամիսներ շարունակ գրեթե ամեն շաբաթ զանգահարել են քննիչ Մարտիրոսյանին, իսկ վերջինս ոչ մի նորություն չի հայտնել, միայն վստահեցրել է, թե «գործն ընթացքի մեջ է»: Դեպքից մոտ 6 ամիս անց` այս տարվա նոյեմբերին, տուժողների կանայք` Լուսինեն ու Կարինեն, դիմում են գրել Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության (ՔԳՎ) Հատկապես կարեւոր գործերի քննության վարչություն` պահանջելով վարույթն իրականացնող քննիչի անգործության վերաբերյալ հարուցել քրեական գործ: Ի պատասխան` ՔԳՎ 1-ին վարչության պետ Ս. Ծաղիկյանը տեղեկացրել է, որ դեռ օգոստոսի 21-ին քրեական գործի վարույթը կասեցվել է, քանի որ «հնարավոր չի եղել պարզել հանցանք կատարած անձի ինքնությունը»: «Բա ինչո՞ւ էր քննիչը միշտ ասում` գործն ընթացքի մեջ է: Ստացվում է, որ եթե դիմում չգրեինք, կասեցնելու մասին չէինք իմանա: Իսկ ինձ թվում է, որ քննիչը պարտավոր էր մեզ տեղյակ պահել»,- ասում է Լուսինե Ղումաշյանը: Վերջինս Կարինեի հետ դիմել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Կանայք բողոքել են Հայաստանում իրենց նկատմամբ դրսեւորվող «վատ վերաբերմունքից» ու մանրամասնել, որ Սամվելի եւ Ալեքսանդրի մահվան դեպքի «բացահայտման պասիվ գործողությունների հետեւանքով» երկու ընտանիքներն էլ զրկվել են հանցագործությամբ պատճառված նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցումից: Գլխավոր դատախազին նրանք խնդրել են «հարուցել քրեական գործ այն անձանց նկատմամբ, որոնց անգործության պատճառով իրենք կրել են նյութական եւ ոչ նյութական վնաս»: Իսկ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանից տուժողների կանայք պահանջել են իրենց պաշտպանել պետության անգործությունից. «Տվյալ հանցագործության բացահայտման համար պետությունն ունի պոզիտիվ պարտականություն, այսինքն` եթե իր իշխանության ներքո կատարված հանցագործությունը չի կարողանում բացահայտել, պարտավոր է անձամբ փոխհատուցում տրամադրել մեր կրած նյութական եւ ոչ նյութական վնասի համար: Սակայն այս դեպքի կապակցությամբ բոլոր ծախսերը կրել ենք մենք, եւ պետությունը ոչ մի օգնություն չի ցուցաբերել»,- գրել են դիմումատուները: Երկրի նախագահին էլ Կարինեն ու Լուսինեն խնդրել են «վերահսկողություն սահմանել քրեական գործի բացահայտման եւ փոխհատուցում չտրամադրելու հարցի վերաբերյալ»: Իսկ այն, որ չբացահայտված հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցման պատասխանատուն պետությունն է, վերջիններս հիմնավորում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներով: Ալեքսանդր Սինիցինի մահվան պատճառով հասցված վնասը, ներառելով հուղարկավորության, գերեզմանի կառուցման եւ 10 օր հիվանդանոցում գտնվելու բժշկական ծախսերը, Լուսինեն հաշվարկել է 2,5 մլն դրամ: Իսկ Կարինեն, ում ամուսինը վրաերթից հետո հիվանդանոցում ավելի երկար է մնացել, իբրեւ նյութական փոխհատուցում պահանջում է 3,5 մլն դրամ: «Մեր տեղը շատ նեղ ա. ամեն ինչի էլ գնացել ենք, պարտքեր ենք վերցրել, որ կարողանանք Ալավերդուց Երեւան հիվանդանոց գնալ-գալ, բուժման ամենօրյա ծախսերը փակել, հետո էլ` հուղարկավորությունը, էդ արարողությունները, շատ, շատ դժվար է,- ասում է Լուսինե Ղումաշյանը:- Անչափահաս աղջիկս մնացել է միայն իմ խնամքին, Կարինեն էլ երկու փոքր աղջիկ ունի: Բա հիմա ո՞նց ենք անելու, մեր վիճակն ի՞նչ է լինելու»: Այրիացած կանայք սպասում են իրենց դիմումների պատասխաններին: Նրանք մեծ հույսեր են կապում դրանց հասցեատերերի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter