HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թոշակը

Այդ օրը Վաղոն քնից շուտ արթնացավ. ամբողջ գիշեր չէր քնել. թոշակի օրը մոտենում էր: Մթության մեջ խարխափելով` գտավ լեզուն կախ գցած հողաթափերը, մի ձեռքով պահեց օղորմածիկ կնոջ առաջին աշխատավարձով առած ներքնաշորի գոտին, որ տարիների ընթացքում թել էր դարձել ու չէր հնազանդվում, ոտքերը քստքստացնելով մտավ լողարան: Փորձեց լույսը վառել, հանկարծ հիշեց, որ նախորդ ամսվա լույսի վարձը դեռ չի վճարել ու մի կերպ, հասնելով զուգարանակոնքին, ոտքը հանկարծ ճլը’մփ, դրեց ջրով լի տաշտի մեջ, որ արդեն մեկ ամսից ավելի էր` զուգարանում էր:

Եղբոր հարսը մի օր եկավ, փալաս-փուլուսը լվաց, ջուրն էլ տաշտի մեջ թողեց, որ քիչ-քիչ կարիքները հոգա, բա ի՞նչ անի, ջրաչափով արդեն 102,8 դրամի ջուր է օգտագործել: Հարսն էլ պատվիրել է, որ քոռուփուչ չանի մինչև հաջորդ լվացք, դե կամ կերածն ի՞նչ է, որ մի բուռը չքշի...: Թաց ոտքն օդում պահելով` Վաղոն մի կերպ հասավ գազի վառարանին, բայց դեռ բոցը չէր բռնկվել, հանկարծ աչքովն ընկավ վառարանի կողքին լեշի պես փռված հնամաշ պիջակի գրպանից ծիկրակող գազի վճարման անդորրագիրը. վախից էն մյուս ոտքն էլ սկսեց մրսել, ու միտքը փոխելով` վերցրեց գուլպաները, որ մի վախտ ընդամենը 12 գույն ունեին` կապույտ, կանաչ, զոլավոր, պուտպուտիկավոր, հիմա արդեն 21 կարկատան կա, տնաշենի կնիկն էլ էն վախտ, որ ամեն բան կարգին, տեղը-տեղը չաներ, երևի ինքն էլ կարել կսովորեր: Իզուր ջանք թափեց, որ կնոջ հասցեին մի հայհոյանք հիշի: Մի կերպ սրթսրթալով, հազիվ ինքն իրեն պահարան անելով` հագավ գուլպաները, որի քրքրված ծայրից  համառորեն ծիկրակում էր մկրատի երես չտեսած բթամատի եղունգը: Վերջ, էսօր թոշակը կստանա ու երկու զույգ պարսկական նասկի կառնի. որոշումը հաստատ է: Մեկ ու մեջ էլ աջ ու ձախ կհագնի, որ բութ մատի քիթը կոտրվի: Էսպես վճռական հասավ խոհանոց, անգամ ճանապարհին մի հատ էլ մեջքը ձգեց, ձեռքն առավ թեյնիկը, բայց հանկարծ հիշեց, որ անցյալ շաբաթ քավոր Մուխոն եկել էր, վերջին գույնն էն վախտ օգտագործեց, իսկ անգույն թեյ խմելու պատճառով մի քանի անգամ արդեն ստամոքսը լվացել է: Թոշակով մի տուփ էլ թեյ կառնի` «Ակբա~ր», 8 կտոր շաքար, չէ, ավելի լավ է 6 շաքար, 2,5 կոնֆետ, Գիրոն ասում է, որ «Գրանդ Քենդիի» «Դյուշես» կա քաղաքում: Քաղցր թեյ խմելու հեռանկարով ոգևորված` Վաղոն  մոռացավ ցրտի մասին ու պատուհանից դուրս նայեց. էլի մոռացել էր հավերի բունը փակել, բա Նինոն ասում էր խաչբառ լուծի, որ հիշողությունդ չկորցնես: Նրա խորհրդին հետևելով` ինքն օրը 8,21 ժամ խաչբառ է լրացնում: Չէ, խաչբառին փող չի տալիս: Հարևան Գևոյի տղան, որ հիմա ազգային բանակում է ծառայում, դեռ դպրոցական էր, երկրորդ դասարանում դպրոցում պարտադրել էին խաչբառ գնել, տվել էր իրեն, մինչև հիմա խնամքով օգտագործում է. մատիտով լրացնում է, ջնջում` էսպես շարունակ: Հա’, հավերը, իբր ինքը կերա՞վ, որ նրանց կերակրի, կամ ածածներն ի՞նչ է, որ դրանց կուտ էլ տա: Տասնչորս օրվա մեջ  1 ձու են ածում, էն էլ էնքան բարա~կ կեղևով: Անցած օրը, ձեռքի մեջ փայփայելով, ածած ձուն տարավ խանութ, որ գոնե խանութպանի 80 դրամ պարտքից դուրս գա, բայց ճամփին անխիղճը ձեռքից գլորվեց ու շըրը’խկ, գետնին: Մեկ էլ վերջին անգամ, որ «գրադով» խփում էին քաղաքին, էն ժամանակ է սիրտն էդպես թրմփացել: Կարո՞ղ է ձեռքերը թուլացել են, է~, ջահել վախտն էդ ձեռքերով քանի~ կիպ խոտ է կապել: Հիմա էլ ուզում է էդ հալալ աշխատանքով վաստակած թոշակը ստանա: Լավ, ոչինչ, հավերի համար էլ երկու բուռ գարի կառնի կամ երկու օրվա էժանացած մի հաց, մանր-մանր կփշրի մինչև մյուս թոշակ, 5-6 հավն ի՞նչ է, որ չհերիքի: Էդ թվից Վաղոն միանգամից խանդավառվեց, մտքի մեջ 6-ը բազմապատկեց յուրաքանչյուրը 3500 դրամով ու ուրախությունից քիչ մնաց շապիկի կոճակները թուլացնի. կարգին կարողության տեր է, վրեն խաբար չկա: Հենց դրանից մեծամտացած` մոտեցավ հեռախոսին. զանգի, տեսնի թոշակ ե՞ն տալիս: Մի քանի անգամ փորձելուց հետո սարսափած հետ քաշվեց, ո~նց էր մոռացել, որ րոպեավճար է, դե հիմա օրը ցերեկով թոշակը չստացած, արդեն 32 դրամ էլ դրան գնաց: «Եթե տան, թոշակ բաժանող կինը կգա»,- ինքն իրեն հանգստացնելով` Վաղոն որոշեց հեռուստացույց նայել, ափսո~ս, առաջնեկի ծնված օրը հեռուստացույցի լամպը վառվել էր, մինչև հիմա միայն պայծառ օրերին դիմացի ծառի ստվերների արտացոլանքն է երևում էկրանին: -Վաղո~, Վաղո~,- առավոտ կանուխ փողոցում տարածվեց մի ձայն: «Հաստատ Բենոն է, եկել է պարտքն ուզելու»,- կայծակնային անցավ Վաղոյի մտքով և շտապ թաքնվեց  չօգտագործվող տեղաշորի ծալքի ու պահարանի արանքում: Ծանոթ-անծանոթ մի բույր խուտուտ տվեց ռունգերը` օղորմածիկ կնոջ բու՞յրն էր մնացել, թե ցեցից պաշտպանվելու համար տեղաշորի մեջ պահվող ծխախոտի հոտն էր, որ հարբածի նման գլուխը սկսեց պտտացնել: Ու բազմած ներքնակների մեջ` նա երանության գիրկն ընկավ: Կանչող ձայնը կամաց-կամաց ավելի մոտեցավ, և մոտիկ, շատ մոտիկ լսվեց թոշակ բաժանող կնոջ ձայնը. «Վաղո՞…»: Ո՞վ է ասում, թե երկու էրնեկ միասին չի լինում: Երանությունից ընդդարմացած,  գլուխը դուրս հանելով` Վաղոն կայծակնային որոշում կայացրեց` էս թոշակով մի-մի տուփ սուրճ ու «Ախթամար» ծխախոտ կառնի, կպահի, որ հաջորդ անգամ Թամոյին հյուրասիրի, հետն էլ մի հատ դառը սիգարետ կկպցնի... Մեծամտացած իր ապագա առատաձեռնությունից` Վաղոն Թամոյի բռի մեջ խոթեց 5000 դրամանոցը. հո ինքը «մելըչնիկ» Սիմոնը չի, որ ամեն թոշակի 50-100 դրամ բախշի Թամոյին: -Քո Նոր տարին էլ շնորհավոր, Վաղո, դռան միջից լսվեց դեռ ուշքի չեկած Թամոյի ձայնը, որ շտապ դուրս եկավ, չլինի՞, թե Վաղոն փոշմանի: -Վա~յ, դեռ Նոր տարի էլ կա՞,- ցնցվեց Վաղոն: Օրվա վերջին, երբ Վաղոն հերթով ճանապարհել էր լույսի, գազի, ջրի, աղբի մարդկանց, վերջին դրամները ձեռքին մտավ խանութ, որ նախանցած տարվանից մնացած պարտքը մարի: Հետո նայեց  ափի մեջ կուչ եկած 300 դրամին, սուրճի, «Ախթամարի» տուփերին ու մի հատիկ ծխախոտ ձեռքին` խանութից դուրս եկավ. հոտ կքաշի, մինչև մյուս թոշակը տան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter