HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ցտեսությու՞ն, ազատություն

Բնականաբար, հարցադրումը վերաբերում է մամուլի ազատությանը: Հոռետեսները հարցական նշան չեն դնի եւ այս միտքը կհնչեցնեն իբրեւ աներկբա իրողություն, իսկ լավատեսները կասեն, որ պատասխանը միանշանակ դրական չէ:

Մամուլի ազատությունը բնածին, անօտարելի իրավունք չէ, դրա համար պետք է պայքարել: 

Քաղաքական գործիչների նպատակը իշխանությունը նվաճելն ու այն պահելն է: Ուստի նրանց համար առաջատար լրատվամիջոցների բովանդակությունը վերահսկելը վճռական զենք է: Մեզ թվում էր, թե մամուլի գործերին եւ բովանդակությանը քաղաքական ուղղակի միջամտության խնդիրն առավել սուր է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի նոր ժողովրդավարական երկրներում եւ նախկին ԽՍՀՄ պետություններում, բայց Արեւմտյան Եվրոպայի երկրներն այլեւս համոզված չեն, որ իրենք առաջարկում են մամուլի ազատության ավելի ապահով մոդել: Մամուլի նկատմամբ քաղաքական եւ տնտեսական նոր ճնշումները Եվրամիության բազմաթիվ հին անդամ-պետություններում նշանակում են, որ մամուլի ազատությունը եւ անկախությունը այնտեղ նույնպես վտանգված է:

Չեխ լրագրող Թոմաս Վրբան անցյալ տարի աշնանը Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացած Եվրոպացի Ժուռնալիստների ընկերակցության (որի անդամ է նաեւ «Հետաքննող լրագրողները» ՀԿ-ն) համաժողովի ժամանակ ասում էր, որ Չեխիայում լրագրողներն այնքան թույլ են, որ կարիք չկա նույնիսկ, որ քաղաքական գործիչները ճնշում գործադրեն մամուլի նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու համար: Ֆրանսիայում լրագրողներն օրենսդիրներից մամուլի անկախության հավելյալ երաշխիքներ են պահանջում՝ պաշտպանելու իրենց անօրինական եւ անարդարացի հետապնդումներից եւ կանխելու կառավարամետ բիզնես խմբերի կողմից ԶԼՄ-ի ձեռքբերման գործընթացը: Իսպանիայում եւ Բելգիայում ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով իշխանությունները գաղտնալսում են լրագրողների հեռախոսային խոսակցությունները, առգրավում նրանց համակարգիչները՝ տվյալների բազան ուսումնասիրելու համար, եւ պահանջում բացահայտել տեղեկատվության աղբյուրները, Ռուսաստանում եւ Հայաստանում լրագրողները շարունակում են ֆիզիկական բռնությունների ենթարկվել, իսկ մամուլը, հատկապես հեռուստատեսությունը, քաղաքական նորությունները լուսաբանում է նախագահական ապարատի մշակած ուղեցույցի համաձայն:

Քաղաքական եւ տնտեսական ճնշումներ, կամ ԶԼՄ-ի սեփականության կենտրոնացումը վտանգում է մամուլի ազատությունը

Մամուլի ազատության համար լուրջ սպառնալիք է քաղաքական իշխանությունների հետ առնչություններ ունեցող բիզնես խմբերի կողմից լրատվամիջոցների ձեռքբերումը, միտում, որը գնալով տարածվում է արեւմտյան Եվրոպայի երկրներում: Ինտերնետի եւ անվճար թերթերի հետ մրցակցությունում կորցնելով իրենց տպաքանակները՝ նախկինում խոշոր պարբերականները հայտնվում են ֆինանսական ճգնաժամի մեջ եւ ստիպված վաճառում են իրենց սեփականությունը: Վերջին երեք-չորս տարիների ընթացքում ֆրանսիական մամուլը կենտրոնացել է երկրի մի քանի մեծահարուստների ձեռքում, որոնք ընկերական հարաբերությունների մեջ են գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: 

Լուրջ ֆինանսական խնդիրների պատճառով «Լիբերասիոն» թերթը դարձավ Ռոտշիլդների ընտանիքի սեփականությունը եւ ստիպված եղավ ընդունել նրա ֆինանսական ծրագիրը, որի արդյունքում թերթի ծախսերի եւ անձնակազմի լուրջ կրճատումներ եղան: «Լը Մոնդ»-ի ղեկավարությունը փոխվեց, եւ թերթը ստիպված էր վաճառել իր ռեգիոնալ մասնաճյուղերը: «Լը Ֆիգարո» թերթը գնեց խոշոր արդյունաբերող եւ Ֆրանսիայի խորհրդարանի անդամ, նախկին նախագահ Ժակ Շիրակի կուսակցությունը ներկայացնող Սերժ դ՛Ասոն: «Ֆիգարոյի» լրագրողներն իրենց մտահոգությունն արտահայտեցին այն կապակցությամբ, որ նոր սեփականատերը կարող է միջամտել թերթի խմբագրական քաղաքականությանը՝ ի նպաստ ֆրանսիական կառավարության: Վերջերս պրն դ՛Ասոն ասել էր, թե չի հասկանում՝ ինչու՞ միայն լրագրողները կարող են հոդվածներ գրել թերթերում, եւ ոչ թե բաժնետերերը:

Մամուլի ձեռքբերումը առաջատար ֆրանսիացի բիզնեսմենների կողմից մեծապես փոխել է լրատվական դաշտի բնութագիրը: Առնոլդ Լագարդերը, որի արդյունաբերական կորպորացիան էլեկտրատեխնիկայի, զինամթերքի եւ ռազմական օդանավերի առաջատար մատակարարներից է հանրային եւ պետական սեկտորին, հայտնի է որպես Սարկոզիի մտերիմ ընկեր: Նրա ունեցվածքի մաս են կազմում ռադիո «Եվրոպան», «TV M6» հեռուստաընկերությունը, «Պարի մաչ», «Լ՛էքսպրես» եւ «Լը ժուղնալ դյու դիմանշ» պարբերականները:

Մեկ այլ բիզնեսմեն՝ Վինսենտ Բոլորեն, տնօրինում է երկու անկախ օրաթերթեր՝ «Մատըն պլյուսը» եւ «Դիղեկտ սուաղը», ինչպես նաեւ` «TV Direct 8» հեռուստաընկերությունը: Նա ուշադրություն է գրավել նրանով, որ նախագահական ընտրություններից հետո Սարկոզիին հրավիրել էր արձակուրդն անցկացնել իր նավի վրա:

Մեդիասեփականատեր Մարտին Բույուգը հանրային շենքերի եւ ճանապարհների կառուցապատման ոլորտում է ներգրավված, սեփականատերն է «Բույուգ տելեկոմ» ընկերության, մոտ հարաբերությունների մեջ է Սարկոզիի հետ եւ մշտապես շահում է պետական մրցույթները: Տնօրինում է Ֆրանսիայի ամենապոպուլյար Առաջին ալիքի՝ TF 1-ի բաժնետոմսերի մեծ մասը:

Առանձնահատուկ մտահոգություն կա ներկայումս ֆրանսիական թիվ մեկ տնտեսական եւ բիզնես պարբերականի՝ «Լեզ էկո»-ի վաճառքի հեռանկարի հետ կապված: Այն ձեռք բերելու ցանկություն ունի լյուքս ապրանքների ոլորտում ներգրավված՝ Ֆրանսիայի ամենահարուստ մարդը՝ Բեռնար Աղնոն: Պարբերականի խմբագիրները մտահոգություն են հայտնել, թե անթույլատրելի է շուկայի առաջատար ընկերությունների սեփականատիրոջ վերահսկողությունը երկրի գլխավոր բիզնես թերթի նկատմամբ, որի դերը հանրությանն անկախ եւ հավաստի բիզնես լրատվություն մատուցելն է:

Այս օրինակները ցույց են տալիս, որ Ֆրանսիայում լուրջ կասկածի տակ են ազատ եւ անկախ մամուլի գոյության հեռանկարները: Արդեն գրաքննության երկու հայտնի դեպք է գրանցվել, որոնք վերաբերել են նախագահի արդեն նախկին կնոջը՝ Սեսիլիա Սարկոզիին: Առաջինը կապված է Լագարդեր խմբին պատկանող «Լը ժուղնալ դյու դիմանշ» թերթի մի հոդվածի հետ, որը հաղորդում էր, որ տիկին Սարկոզին նախագահական ընտրություններում չի աջակցել ամուսնուն, իսկ երկրորդը` նույն խմբին պատկանող «Պարի մաչ» թերթի հետ, որի գլխավոր խմբագիր Ալեն Ջենեստերը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ հրապարակեց տիկին Սարկոզիի լուսանկարն իր սիրեկանի հետ Նյու Յորքում:
Գրաքննության վառ օրինակ է Վինսենտ Բոլորեի կողմից նրա «Մատըն պլյուս» թերթում այն հոդվածի հրապարակման արգելումը, որտեղ բացահայտվում էր հունգարացի երաժիշտների նկատմամբ ֆրանսիացի ոստիկանների վատ վերաբերմունքը Շառլ դը Գոլ օդակայանում:
Լրատվամիջոցների խմբագրական քաղաքականությանն այս կոպիտ միջամտությունների արդյունքում ֆրանսիացի լրագրողներն օրենսդիրներից մամուլի անկախության հավելյալ երաշխիքներ են պահանջում, որոնք ամրագրված կլինեն ֆրանսիական սահմանադրության մեջ:

Իտալական հեռուստաշուկայում սեփականության մեծ կենտրոնացման մասին ահազանգում են անգամ եվրոպական կառույցները: Այդ շուկան տնօրինում են երկու հիմնական գործող անձինք՝ հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության հեռարձակող RAI- ին եւ մասնավոր սեկտորը ներկայացնող Mediaset խումբը, որոնք մինչեւ վերջերս՝ 2007 թվականը, վերահսկում էին հեռուստալսարանի եւ գովազդի շահույթի իննսուն տոկոսը: 

Լրատվամիջոցների խմբագրական քաղաքականությանը կառավարության պարբերական միջամտություններից դժգոհում են նաեւ ավստրիացի լրագրողները: Մտահոգություններն ավելի շատ վերաբերում են քաղաքականապես մոտիվացված ցուցումներին, որոնք տրվում են կառավարությունից, թե ո՞ր նորությունները կամ մամուլի ասուլիսները պետք է մաս կազմեն պրայմ-թայմ նորությունների: Սեփականության հստակ կենտրոնացումը նույնպես առկա է: Տպագիր մամուլում գերիշխող է «News-Verlag» խումբը: Ընկերության սեփականատերերը երկու գերմանական հրատարակչություններ են եւ մի ավստրիական բանկ: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ավստրիական բաժնի ղեկավար Ռուբինա Մորինգը փաստում է, որ Ավստրիայում տպագիր մամուլի ոլորտում սեփականության կենտրոնացումը մտահոգիչ է: 

Խորվաթիայում նույնպես մասնավոր ԶԼՄ-ի սեփականությունը կենտրոնացած է երկու մեծ ընկերությունների ձեռքում, որոնք գերիշխում են տպագիր մամուլի շուկայում: Դրանք են «Եվրոպա Պրես» հոլդինգը, որի հիսուն տոկոսի սեփականատերն է գերմանական «WAZ» խումբը, եւ ավստրիական «Ստիրիա» հրատարակչությունը: Մամուլի ազատությանն այստեղ լուրջ վնաս են հասցնում նաեւ այն խոշոր կոմերցիոն ընկերությունները, որոնք գերիշխող դիրք են զբաղեցնում տնտեսական շուկայում եւ թելադրող են գովազդային շուկայում: Նրանք զգալի վերահսկողություն ունեն որոշ թերթերի վրա ի շնորհիվ նրա, որ գովազդային պայմանագրերի համաձայնություն են տալիս կամ դրանք չեղյալ են հայտարարում՝ տարբեր նկատառումներով: Վերջերս, օրինակ, «Օսիգուրանժե» ապահովագրական ընկերությունը չեղյալ է համարել իր երկարաժամկետ գովազդային պայմանագիրը «Ջուտուրանժի լիստ» թերթի հետ այն բանից հետո, երբ իր գործունեության մասին քննադատական հոդվածներ հրապարակվեցին: 

Այս պայմաններում ժուռնալիստների համար շատ դժվար է փորձել հանդես գալ իբրեւ հասարակության «խիղճ», քանի որ նրանք հաճախ ստիպված են մի կողմ դնել հասարակական շահը՝ հօգուտ ԶԼՄ-ի սեփականատերերի կոմերցիոն նեղ հետաքրքրությունների: Սա հանգեցնում է ինքնագրաքննության սովորության հաստատման, որը մամուլի ազատության՝ հետխորհրդային երկրներին բնորոշ խոչընդոտներից է:

Ինքնագրաքննության բարձր աստիճան կա նաեւ Սլովակիայում, որտեղ վարչապետը պարզապես պատերազմ է հայտարարել կառավարության գործունեությունը քննադատող լրատվամիջոցներին՝ ամբողջ կաբինետով մերժելով ոչ միայն հարցազրույցներ տալը նրանց, այլեւ գրավոր հարցումներին պատասխանելը: «Շրջահայացություն» են ցուցաբերում նաեւ չեխական ԶԼՄ-ը՝ խուսափելով ուղղակի առճակատումից կառավարության հետ եւ չապահովելով խնդիրների անաչառ եւ ամբողջական լուսաբանում: Իրանա-ամերիկյան հարաբերությունների վերջին սրացումների ժամանակ, օրինակ, երբ չեխական կառավարությունը համաձայնություն տվեց երկրի տարածքում տեղադրելու ամերիկյան ռադարային բազաները՝ ԱՄն ապագա հրթիռային պաշտպանական համակարգի համար, մամուլի լուսաբանումը կենտրոնացել էր տեխնիկական եւ պրակտիկ մանրամասների վրա՝ փոխանակ ներկայացնելու տարբեր քաղաքական խմբերի ընդդիմադիր կարծիքները: 

Արեւմտյան, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում նկարագրված բոլոր երեւույթները՝ քաղաքական եւ ֆինանսական ճմշումներ, մամուլի կենտրոնացում կառավարամերձ բիզնեսմենների ձեռքում, ինքնագրաքննություն, առկա են նաեւ ԽՍՀՄ նախկին հանրապետություններում, այդ թվում եւ Հայաստանում: Բայց նրանցից մեր երկրներն առանձնանում են առաջին հերթին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների կիրառմամբ: Վերջին ութ տարում Ռուսաստանում 21 լրագրող է սպանվել, եւ այդ սպանություններից ոչ մեկը չի բացահայտվել: 2006-2007 թթ. ընթացքում «Ինտերնյուս» կազմակերպությունը Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնության 13 դեպք է գրանցել: 

Չբացահայտված սպանությունները եւ բազմաթիվ ԶԼՄ-ի ձեռք բերումը կրեմլամերձ շրջանակների կողմից խոչընդոտում են լուրերի բազմազանությանը եւ խոսքի ազատությանը Ռուսաստանում: Շատ բարձր է ինքնագրաքննության մակարդակը ռուս լրագրողների շրջանում, թեեւ նրանք հերքում են դա: Հետաքննական լրագրությունը կարելի է նշմարել հիմնականում տպագիր եւ օնլայն լրատվամիջոցներում, բայց այն փաստը, որ բազմաթիվ լրագրողներ, ովքեր սեփական նախաձեռնությամբ իշխանություններին եւ մեծ բիզնեսին առնչվող հետաքննություններ են իրականացրել, սպանվել են, զսպում է մյուսներին: Ճիշտ է, Ռուսաստանում աճել է քաղաքական թոք-շոուների եւ փաստավավերագրական ֆիլմերի թիվը, բայց այդ թոք-շոուները նախապես են ձայնագրվում՝ խուսափելու համար իշխանություններին քննադատող տեսակետները հնչեցնելուց, իսկ վավերագրական ֆիլմերը շոշափում են «անմեղ» թեմաներ:

Ռուսաստանում առաջատար ԶԼՄ-ի վրա կառավարության ճնշումները փաստաթղթային լավ հիմնավորում ունեն: 2004 թվականի փետրվարի 24-ին «Նովայա գազետան» քաղվածքներ տպագրեց մի փաստաթղթից, որն «արտահոսել էր» ռուսական հիմնական հեռարձակող Առաջին ալիքից: Այն կոչվում էր «Տյոմնիկ համար տասնմեկ», շաբաթական մի ուղեցույց՝ պատրաստված տարբեր կառավարական վերլուծաբանների եւ այն ժամանակվա ԱԳ փոխնախարարի կողմից, որը մանրամասնում էր, թե ինչպիսի սպեցիֆիկ իրադարձություններ պետք է լուսաբանվեն նորությունների թողարկումներում: Այդ շաբաթ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանման կապակցությամբ փաստաթուղթը պարունակում էր ճշգրիտ խորհուրդներ. «Այս ժամանակահատվածում կարեւոր է վերլուծական հաղորդումների եւ լուրերի թողարկումների միջոցով զանգվածային քարոզչություն սկսել անձամբ Շեվարդնաձեի դեմ՝ օգտագործելով ինչպես վրաստանյան հակաշեվարդնաձեական քաղաքական գործիչներին եւ ուժերին, այնպես էլ վրացական սփյուռքին Ռուսաստանում»: 2007 թվականի մայիսին ութ լրագրողներ հրաժարական տվեցին՝ որպես բողոքի նշան, երբ պետական հեռարձակող ալիքի նոր ղեկավարությունը նոր տեղեկատվական քաղաքականություն որդեգրեց, որը ներառում էր ընդդիմության գործիչների սեւ ցուցակը, որոնք պիտի չերեւան հեռուստաեթերում եւ հիսուն տոկոս «դրական նորություններ Ռուսաստանի մասին»: Ի լրումն նման կոնկրետ ցուցումների եւ սեւ ցուցակի՝ առաջատար ԶԼՄ-ի ղեկավարները Կրեմլում ամենշաբաթյա հանդիպումներ են ունենում՝ նախագահի ադմինիստրացիայի հետ քննարկելու լրատվական քաղաքականությունը: Եվ իբրեւ լրացուցիչ զգուշություն՝ լրագրողներն ու խմբագիրներն ինքնագրաքննություն են կիրառում՝ հոգ տանելով այն մասին, որ հանկարծ չվիրավորեն Կրեմլի չինովնիկներին: 

Հայաստանի այս տարվա նախագահական ընտրությունների լուսաբանումը ռուսական հեռուստաալիքներով հուշում է, որ նման մի ուղեցույց նրանք ստացել էին նաեւ հայաստանյան իրադարձությունների ներկայացման վերաբերյալ: Իրենց պրոֆեսիոնալիզմով «հպարտացող» ռուս լրագրողների ռեպորտաժները չէին պահպանում ժուռնալիստիկայի տարրական պահանջը՝ բազմակողմանիությունը, եւ դեռեւս քվեարկությունից օրեր առաջ հայտարարում էին հաղթող թեկնածուի անունը: 

Մինչեւ 2000 թվականը ռուսաստանյան լրատվական շուկան տնօրինում էին մեկ տասնյակ ընկերություններ, այդ թվում առանձին խումբ էին կազմում պետական
հսկողության տակ գտնվողներ ԶԼՄ-ը: Խոշոր մեդիա-կորպորացիաներ էին ստեղծել օլիգարխները, որոնք իրենց սեփականություն հանդիսացող ԶԼՄ-ի միջոցով միջամտում էին կառավարության քաղաքականությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ լրագրողներին դարձնելով գործիքներ քաղաքական կոմպրոմատների պատերազմում: Պուտինի իշխանությունը փոխեց իրերի դրությունը, եւ այժմ ռուսական ԶԼՄ-ը, որոշ բացառություններով, կենտրոնացած են պետության կամ կրեմլամերձ ֆինանսական խմբերի ձեռքում:

Ի՞նչ միտումներ են ուրվագծվում Հայաստանում: Տպագիր մամուլի ցածր տպաքանակների պատճառով նրանց ազդեցությունը հանրային կարծիքի վրա շատ փոքր է, թեեւ այս պարագայում անգամ քաղաքական ուժերը եւ հատկապես իշխանությունն ամեն ինչ անում է դրանց բովանդակությունը վերահսկելու եւ «անհնազանդներին» սանձելու համար: Ի տարբերություն եվրոպական երկրների կամ անգամ Ռուսաստանի, որտեղ թերթերի սեփականատերերը հայտնի են եւ հնարավոր է որոշել կենտրոնացման աստիճանը, մեզանում թերթերի հիմնադիրների եւ սեփականատերերի անունները ոչինչ չեն ասում: Սակայն ակնհայտ է, որ դրանց մեծ մասը ֆինանսավորվում են կամ քաղաքական-ֆինանսական ուժերի (թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թեւի), կամ էլ կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից (ԶԼՄ-ի սեփականատերերին մանրամասն «Հետքը» կանդրադառնա առաջիկայում): Այս նախագահական ընտրությունները հստակ ցույց տվեցին մամուլի նկատմամբ քաղաքական ուժերի տոտալ վերահսկողությունը, եւ ցավալին այն է, որ լրագրողները կամ ԶԼՄ-ը ոչ միայն չէին ընդվզում դրա դեմ, այլ հաճույքով կատարում էին կոնկրետ ուժի կողմից իրենց վրա դրված առաքելությունը՝ ոչ միայն սրելով քաղաքական երկու ճամբարների պայքարը, այլեւ բեւեռացնելով ամբողջ հասարակությունը: 

Հ.Գ. Եվրոպայում մամուլի ազատության նահանջի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել Եվրոպացի լրագրողների ընկերակցության (որին անդամակցում է նաեւ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն) 2007 թ.հաշվետվությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter