HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Թե ինչ է լինում, երբ չարաշահվում է պաշտոնեական դիրքը

«Ինձ աշխատանքից ազատելու որոշումը կայացրել է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի տիկինը, այն բանի համար, որ ես հանդգնել եմ ընդամենը նշել օրենքով սահմանված իմ պարտականությունները»,- համոզված է ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի կազմակերպման բաժնի վարիչ Անդրանիկ Սարգսյանը:

Նրան աշխատանքից ազատել են 2008 թ. ապրիլի 7-ին: 

Ազատման հրամանի մեջ նշված է. «Աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում թույլ տալու` ոգելից խմիչքի ազդեցության տակ աշխատանքի վայրում գտնվելու համար»: «Հրամանում նույնիսկ չի նշվում, թե որտեղ եւ երբ եմ ես «աշխատանքի վայրում ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվել», ով եւ ինչպես է այդ փաստը պարզել, ինչու չի կատարվել ծառայողական քննություն, ինչու ինձ չի ներկայացվել որեւէ փաստաթուղթ, որում արձանագրվել է այդ փաստը»,- հարցնում է Անդրանիկ Սարգսյանը: 

Անդրանիկ Սարգսյանը ապրիլի 30-ին հայցադիմում է ներկայացրել դատարան` պահանջելով անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը: 33-ամյա Անդրանիկն ինը տարի աշխատում է ԱԺ-ում, սովորական աշխատողից դարձել է բաժնի վարիչ, այս տարիների ընթացքում ստացել բազմաթիվ շնորհակալագրեր: 

Ի՞նչ է իրականում պատահել, որ այդչափ հունից հանել է Աժ նախագահին: Պատմում է Ա. Սարգսյանը. «Ապրիլի 2-ին ցերեկը մեր վարչության պետ Արտակ Հովհաննիսյանն ինձ խնդրեց, որ գիշերը ճանապարհեմ Տիգրան Թորոսյանի աղջկան (Տիգրան Թորոսյանի աղջիկը` Լուսինե Հարությունյանը, ԱԺ նախագահի խորհրդականն է- Է.Բ.): Ցերեկը` ժամը 3-ի կողմերը, Տիգրան Թորոսյանին ճանապարհեցինք Սանկտ-Պետերբուրգ: Աշխատանքից հետո ընկերոջս երեխու ծնունդն էր, մի քիչ գարեջուր խմեցի: Գնացի տուն, հանգստացա: Գիշերը 3-ից տաս պակաս մեր վարորդը եկավ, գնացինք կառավարական ամառանոց, այնտեղից վերցրեցի աղջկա անձնագիրը եւ ճամպրուկը: Թորոսյանի կինն ասաց, որ խմիչքի հոտ է գալիս, ասացի, որ ծննդի էի, մի քիչ գարեջուր եմ խմել: Օդակայանում հաշվառումն անցկացրի, պաշտոնական պատվիրակությունների սրահում աշխատողներին խնդրեցի, որ նստատեղը որքան հնարավոր է առջեւի շարքերում լինի: Եւ նստատեղը 7-րդ կարգում էր` էկոնոմ կլաս, պատուհանի մոտ: Մյունխենից-Աթենք նստատեղի համար որեւէ բան չկարողացա անել: Աղջիկներին խնդրեցի, որ նորմալ ընդունեն եւ ճանապարհեն: Վերադարձա տուն, քնեցի: 

Գիշերվա ժամը 4:40 Տիգրան Թորոսյանի տիկինը զանգեց, հեռախոսով բորբոքված էր խոսում, դժգոհություն հայտնեց իր դստեր ինքնաթիռի տոմսի` Մյունխեն-Աթենք հատվածի նստատեղի վատ կարգի վերաբերյալ եւ պահանջեց շտապ ներկայանալ օդանավակայան: Նստեցի սեփական մեքենաս, գնացի օդանավակայան: Հետո պարզվեց` նա զանգել էր վարորդին, վարորդը եկել էր մեր տուն` իմ հետեւից: Օդակայանում նա սկսեց դժգոհել, որ ես հարբած եմ, իմ պարտականությունները վատ եմ կատարում: Ես էլ ասացի, որ իմ պարտականությունների մեջ չի մտնում ԱԺ-ի նախագահի տիկնոջ եւ դստեր սպասարկումը, առավելեւս ոչ աշխատանքային ժամին»: 

ԱԺ նախագահի կինն այդ օրը նաեւ վեճ է ունեցել օդակայանի սպասարկման բաժնի աշխատակիցների հետ: Սակայն այդ աշխատակիցները հրաժարվեցին խոսել միջադեպի մասին: Աշխատակցուհիներից մեկն ասաց, որ միջադեպին ներկա է եղել նախարարներից մեկը: Եթե ԱԺ-ում ծառայողական քննություն սկսվի այս միջադեպն ուսումնասիրելու համար, նրանք պարտավոր կլինեն զրուցել նաեւ այդ նախարարի հետ: Իսկ նման անհրաժեշտություն վաղուց կան, քանի որ սա առաջին դեպքը չէ` կապված Տիգրան Թորոսյանի եւ նրա կնոջ հետ: Մամուլում արդեն եղել են հրապարակումներ նրա կնոջ պատճառով աշխատանքից հեռացված մի քանի վարորդների մասին:

Մեզ առայժմ չի հաջողվել պարզաբանումներ ստանալ Տիգրան Թորոսյանից եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանից: 

«Ինձ իրավունք չունեին աշխատանքից ազատելու: Իմ աշխատանքը մինչեւ ժամը 18-ն է: Մի քանի անգամ կնոջը, աղջկան ճանապարհել եմ, երբեք շնորհակալություն չեն հայտնել, կարծես պարտքդ է: Ինը տարի աշխատելուց հետո շպրտեցին փողոց: Բայց ես վստահ եմ, որ դատարանում հաղթելու եմ եւ վերականգնվելու եմ իմ աշխատանքում»,- ասում է Ա. Սարգսյանը: 

Երկրորդ երեխային սպասող Անդրանիկը քաղծառայող է, ունի իրավաբանական կրթություն, սակայն ազատման հրամանում իրեն տրված «բնութագրի» պատճառով պետական կառույցներում այլեւս որեւէ տեղ աշխատանք գտնելու հույս չի կարող ունենալ: Չի կարող, քանի որ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը որոշել է պատժել իր կնոջ` Արաքսյա Վարդանյանի հրահանգները չկատարող քաղծառայողին: Տ. Թորոսյանը շատ հաճախ է, մանավանդ վերջին ամիսներին, բարոյախրատական ելույթներ ունենում:

Ընդհանրապես մեր պաշտոնյաներին թվում է, որ իրենց ղեկավարած հիմնարկի աշխատողներն իրենց ճորտերն են, եւ նրանք հեզաբար պետք է ծառայեն նաեւ իրենց ընտանիքի բոլոր անդամներին: Այս դեպքը կարող է իրավապահ մարմինների համար դառնալ պաշտոնական դիրքի չարաշահման փայլուն օրինակ` քրեական գործ հարուցելու պետության առաջին դեմքերից մեկի նկատմամբ: Ընդ որում` պաշտոնական դիրքի չարաշահումը մի անգամ չի տեղի ունեցել, այլ կրել է պարբերական բնույթ: Բայց բոլորիս էլ պարզ է, որ նման բան չի կարող տեղի ունենալ մեր երկրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter