HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Կրպակի տարածքը` կռվախնձոր. ո՞ւմ եւ ինչո՞ւ է խաբում «Երեւան ջուր»-ը

Երեւանի Նար-Դոս-Քաջազնունի փողոցների խաչմերուկում` Քաջազնունի 16 հասցեում, տեղակայված է Լաուրա Հակոբյանի կրպակը, որի պատճառով արդեն մի քանի տարի է` Լաուրան դատական քաշքշուկների մեջ է:

«1997 թվականից կրպակը տեղադրված է` Կենտրոնի թաղապետարանի թույլտվությամբ: 2004 թ. այն սեփականաշնորհեցի եւ Կադաստրում պետական գրանցում ստացա»,- ասում է Լաուրան եւ հավելում, որ 2003 թ. մահացել է ամուսինը, իսկ մեկ տարի անց իր հարեւանի տունը գնել է Համլետ Սարոյանը:

«Հենց առաջին օրվանից նա սկսեց ինձ ճնշել: 6 հարկանի շենք կառուցեց ու ասում է` կրպակդ իմ շենքի կողքին է, խանգարում է, ոնց ուզում ա լինի` լավով, թե վատով, պիտի ստեղից հանես: Բայց կրպակն իմ տան հասցեով է` Քաջազնունի 16, ու առաջին հերթին իմ տան կողքին է եւ իրականում նրան (Համլետ Սարոյանին) ոչ մի բանով չի խանգարում»,- շարունակում է Լաուրան:

Շուտով քաղաքապետարանը հրաժարվել է Լաուրա Հակոբյանի հետ կնքած պայմանագիրը վերակնքել եւ հողը, որի վրա տեղադրված է կրպակը, այլեւս վարձակալությամբ նրան չի տրամադրել: 2006 թ. քաղաքապետարանը, ընդդեմ Լ. Հակոբյանի, հայցով մտել է դատարան:

«Իբր հիմնավորում էին, թե կրպակը կառուցված է խախտումներով: Բայց սեփականաշնորհման ժամանակ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, գլխավոր հատակագիծը հենց քաղաքապետարանն էր տվել: Ի՞նչ խախտումների մասին է խոսքը»,- զարմանում է Հակոբյանը: Նա նշում է, որ այս ամենի հետեւում իրականում կանգնած է եղել նոր հարեւանը` Համլետ Սարոյանը` իր ծանոթներով եւ «փողի մեծ տոպրակով»: Սակայն Համլետի որդին` Էմիլ Սարոյանը, կտրականապես հերքում է Լաուրայի ասածը:

«Ինչ վերաբերում է քաղաքապետարանին կամ նրա գործողություններին, մենք դրա հետ կապ չունենք: Մինչեւ մեր շենքը կառուցելը քաղաքապետարանը, որ այն ժամանակ էլ էր ուզում քաղաքը մաքրել ապօրինի կրպակներից, դիմել էր դատարան` կրպակն ապամոնտաժելու համար: Ընդ որում` պետավտոտեսչությունն էլ է միջնորդել, որպպեսզի այդ կրպակն ապամոնտաժվի»,- ասում է Էմիլը:

Նա ձեռքի տակ ունի ոստիկանության Երեւանի վարչության պետավտոտեսչության բաժնի այն ժամանակվա պետ (2006 թ.) Մարգար Օհանյանի գրությունը, ըստ որի` Քաջազնունի-Նար-Դոս փողոցների խաչմերուկում գտնվող առեւտրի կրպակը «սահմանափակում է անհրաժեշտ տեսանելիությունը խաչմերուկի սահմանում, տեսանելիության եռանկյունում, նպաստում է տրանսպորտային միջոցների կանգառին եւ կայանմանը խաչմերուկի տարածքում, փողոցների լծորդվող մասերում, լուրջ խոչընդոտ հանդիսանալով տրանսպորտային հիմնական հոսքերին` կարող է նպաստել ծանր հետեւանքներով ՃՏՊ-ի առաջացմանը»:

Լաուրա Հակոբյանի խոսքերով` այս եւ նույնանման փաստաթղթերն ի հայտ են եկել Սարոյանների ազդեցության հետեւանքով. «Ախր, նույն քաղաքապետարանը, որ դատարան էր դիմել, նույնիսկ իր ներկայացուցչին նիստերին չէր ուղարկում: Համլետ Սարոյանի կինը` Գոհար Դրամբյանը, որպես երրորդ կողմ գործում ներգրավվեց, ու սկսեցին ճնշել նաեւ դատարաններին»:

«Այո, իմ ծնողը գործում ներգրավվել է, քանի որ կրպակը գտնվում է մեր տան կողքին, դրա տակով է անցնում կոյուղագիծը, եւ կրպակը հենց դիտահորի վրա է: Արդեն 5 տարի է` շենքը կառուցել ենք, բայց այն չենք կարողանում օգտագործել որպես բնակելի տարածք, քանի որ կոյուղագիծ չունենք, կրպակի պատճառով այն չենք կարողանում միացնել դիտահորին»,- ասում է Էմիլ Սարոյանը եւ ցույց տալիս իր ասածները հիմնավորող փաստաթղթեր:

Դրանց համաձայն` «Երեւան ջուր» ՓԲԸ-ի «Կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Մ. Դավթյանը Գոհար Դրամբյանին հայտնել է, որ վերջինիս սեփականությունը հանդիսացող տունը սնուցող d50մմ ջրագիծն անցնում է տարածքում գտնվող կրպակի տակով, եւ կից ներկայացրել է համապատասխան սխեման, ըստ որի` ջրագիծը գործող է:

Մեկ տարի անց «Երեւան ջուր» ՓԲԸ-ի «Արեւելք» շահագործման տնօրեն Վ. Բատոյանը` ի պատասխան Ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Ա. Մկրտչյանի գրության, կրկին հաստատել է, որ նշյալ «կրպակի տակ գտնվող դիտահորը եւ դրանից հետո ընկած հատվածը հանդիսանում է գործող կոյուղագիծ»:

Մինչդեռ 2007 թ. նույն «Երեւան ջուր» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մարտիրոսյանը Լաուրայի ներկայացուցիչ, փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանին գրավոր տեղեկացրել է, որ հիշյալ «կրպակի տակով անցնող կոյուղագիծը եւ կոյուղու հորը չեն գործում»:

Պարզելու համար, թե «Երեւան ջուր» ընկերության տրամադրած հիշյալ հակասական տեղեկություններից ո՞րն է ճշմարիտը, «Հետքը» հարցում է ուղարկել ընկերության մամուլի պատասխանատու Անահիտ Մանասյանին: Վերջինս խոստացել էր պատասխանել 5 աշխատանքային օրվա ընթացքում: Անցել է 21 օր, բայց «Երեւան ջուր»-ն այդպես էլ չի պատասխանել:

«Սուտ են խոսում, շենքը կառուցելու առաջին իսկ օրվանից նրանք (Սարոյանները) կոյուղագիծ ունեն` Նար-Դոս փողոցից: Ուղղակի նրանք գնացել էին եւ կեղծ տեղեկանք վերցրել, իբրեւ թե շենքի կոյուղագիծը պետք է միացվի Քաջազնունի փողոցում` կրպակի տակ գտնվող դիտահորին: Այնինչ այդ դիտահորը մի քանի տարի է` ցեմենտ-բետոնով փակված է»,- ասում է փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանը:

Նրա խոսքերով` դատարանը երբեք չէր ճանաչի կրպակի նկատմամբ Լաուրա Հակոբյանի սեփականության իրավունքը, եթե իրականում դրա տակ գործող ջրագիծ կամ դիտահոր լիներ:

Շրջելով բոլոր ատյաններում` քաղաքապետարանի հայցը մերժվել է. 2009 թ. օրինական ուժ է ստացել վարչական դատարանի վճիռը, որի համաձայն` Լ. Հակոբյանի սեփականության իրավունքը կրպակի նկատմամբ ճանաչվել է:

Այնուհետեւ փաստաբան Տեր-Վարդանյանը դիմել է դատարան եւ խնդրել ճանաչել նաեւ կրպակի զբաղեցրած տարածքի նկատմամբ Լաուրա Հակոբյանի օգտագործման իրավունքը: Սակայն այս դեպքում հայցադիմումը մերժել է ոչ միայն առաջին ատյանը, այլեւ վերաքննիչ դատարանը:

«Քանի որ կրպակը համարվում է Լաուրա Հակոբյանի սեփականությունը, քաղաքապետարանը, համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 207 հոդվածի, ուղղակի պարտավոր է հողամասը կամ սեփականության, կամ վարձակալության, կամ էլ օգտագործման իրավունքով տալ նրան»,- ասում է փաստաբանը եւ նշում, որ պատրաստվում է ներկայացնել վճռաբեկ բողոք:

Մեկնաբանություններ (1)

SONA
ED KRPAK@ VOR KAR SHENK@ UR ER? AMOT CHEN ANUM IRENC POXEROV UZUM EN CHNSHEL KRPAKI TIROJ@,,,,ERB SHENKI NAXAGIC@ HASTATUM EI HASHVI CHI ARNVEL VOR KRPAK KA? TE POX@ AREL EN ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter