HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Գողական արդարադատությո՞ւն, թե՞...

«Գործը 2 ֆրոնտով են քննում, մեկը' օրինական, մյուսը' Երեւան քաղաքի դատախազի տեղակալ Սասուն Խաչատրյանի կաբինետում: Վերջին անգամ, որ գնացի, ոմն Ռոբերտի էին կանչել' քրեական ավտարիտետ: Խաչատրյանն ասում ա' մեր լավ ախպերն ա, թող ներկա լինի, որ եթե էդ 35 հազար դոլարը չտաս, գողականով կոխեն «գռուզի» տակ»,- պատմում է Ցոլակ Թանգամյանը:

«Բայց ես չեմ հասկանում, եթե մենթովսկի ա, գողականն ի՞նչ գործ ունի,- հարցնում է Թանգամյանը եւ ինքն էլ պատասխանում,- պարզ է, չէ՞' էսօր գողական ու միլիցիա, համակցված ձեւով, մարդիկ են գտնում ու օդից փող բռնում»:

2008 թ. հոկտեմբերին Ցոլակ Թանգամյանն առքուվաճառքի պայմանագրով Մարատ Հովհաննիսյանից 15,5 մլն դրամով (այն ժամանակվա փոխարժեքով' 50 հազար ԱՄՆ դոլար) գնել է Երեւանի Քաջազնունու 4 շենքի բնակարաններից մեկը (69,95 քմ): Գործարքը վավերացվել է նոտարի կողմից եւ գրանցվել կադաստրում:

«Մարատն ասաց, որ գումարը տղեն պիտի Մոսկվայում գործի մեջ դնի, հետո փող ուղարկի, որ ստեղ նոր տուն առնեն: Ասաց' կլինի՞ նույն տան մեջ վարձով ապրենք: Դեմը ձմեռ էր, էդ քարուքանդ բնակարանը չէի կարող վերանորոգել, ամսական 500 դոլարով տվեցի: Պայմանագրում էլ նշեցինք, որ 6 ամիս հետո բնակարանը պիտի ազատեն»,- պատմում է Թանգամյանը:

Ժամկետը լրանալուց հետո Հովհաննիսյանները չեն հեռացել: Թանգամյանը նշում է, թե 14 ամիս անցել էր, ու չնայած Մարատի որդին ՌԴ-ից տան վարձի գումարն ուղարկում էր, Մարատին խնդրել է բնակարանն ազատել:

«Դրանից հետո հանկարծ ինձ հրավիրեցին Արաբկիրի ոստիկանություն, բա' Մարատն ու նրա կինը բողոք են գրել, որ տունը շատ էժան ես առել, պիտի 35 հազար դոլար էլ տաս: Որոշ ժամանակ անց հետաքննիչ Արթուր Դարբինյանը 5000 դոլար ուզեց, որ գործը քննչական չուղարկի: Չտվեցի: Գործ հարուցեցին ու ուղարկեցին նախաքննության»,- պատմում է Ցոլակ Թանգամյանը:

«Սուտ է ասում, մենք տուն չենք վաճառել, մենք բողոքել ենք, որովհետեւ ինքը վաշխառու է: Խաբեց, ասաց' գնում ենք ստից թուղթ ստորագրեք: Չի ասել, որ նոտար ենք գնում: Էդ 7000 դոլարն էլ տղես իրա տված փողի տոկոսն ա ուղարկել, ոչ թե տան վարձ»,- հակադարձում է Մարատ Հովհաննիսյանի կինը' Ասյա Ավագյանը:

Ըստ նրա' Թանգամյանն իրենց ամսական 5%-ով 35 հազար դոլար է տվել, որից 5000-ը, իբրեւ տոկոս, տեղում հետ է վերցրել: Ավելին' բրոքեր Սերգեյ Նեյմանն էլ իր հերթին է նախապես 1300 դոլար վերցրել:

«Եթե տունը չեք վաճառել, անշարժ գույքի գործակալն (բրոքերն) ի՞նչ կապ ունի, նա որտեղի՞ց էր հայտնվել եւ նրան ինչո՞ւ եք գումար տվել»,- հարցին ի պատասխան' Ասյա Ավագյանը նշում է. «Հենց էդ ա, էլի, մենք չենք վաճառել: Ես խնդրել եմ, լաց եմ եղել, որ գոնե թողի տունը վաճառենք, 80 տարեկան մարդիկ ենք, 1 սենյականոց գնենք, դուրսը չմնանք: Բայց ինքը համ մայր գումարն էր ուզում, համ էլ մնացած տոկոսները: Սպառնում էր, վախեցնում: Տվեց դատարան, որ մեզ վտարեն, մենք էլ արդեն բողոքեցինք, դատը կանգնեցրինք: Ասի' գրող ու ցավը քեզ, դրանից ավել փող չեմ տա»:

Արաբկիրի քննչական բաժնում բացատրություններ են տվել Մարատ Հովհաննիսյանը եւ նրա կինը, որդին' Արթուրը, հարեւանուհին, անշարժ գույքի գործակալ Սերգեյ Նեյմանը, նոտար Նունե Սարգսյանը եւ նրա օգնական Սուսաննա Թարվերդյանը: Վերջիններիս խոսքերով Թանգամյանի հայտնած տեղեկությունները հաստատվել են: Իսկ ահա Հովհաննիսյանները տվել են իրարամերժ բացատրություններ:

Արթուրն իր առաջին բացատրության մեջ նշել է, որ իրականում հայրը եւ եղբայրը բնակարանը ոչ թե գրավադրել են տոկոսով վերցրած գումարի դիմաց, այլ վաճառել են Թանգամյանին: Սակայն հետագայում նա հրաժարվել է այս բացատրությունից: Մարատ Հովհաննիսյանը սկզբում նշել է, որ բնակարանի առքուվաճառքի պայմանագրից տեղյակ չի եղել, հետո պնդել է հակառակը:

«Առաջացած հակասությունների վերաբերյալ հարցերին Հովհաննիսյանները տվել են անտրամաբանական, խուսափողական պատասխաններ' առանց իրական պատճառաբանություններ բերելու»,- գրել է քննիչ Արամյանը եւ որոշել քրեական գործի հարուցումը մերժել' հանցակազմի բացակայության հիմքով:

Բողոքարկման արդյունքում քննիչի որոշումը վերացվել է, բայց Արամյանը այս անգամ քրեական գործի վարույթը կարճել է: «Կասկածելի հանգամանքներ հայտնաբերելու, հիշատակվող դեպքը հիմնավորելու նպատակով ստացվել են Ցոլակ Թանգամյանի եւ Սերգեյ Նեյմանի հեռախոսային վերծանումները: Սակայն այդ ուղղությամբ կատարված քննությունը դրական արդյունք չի տվել»,- իր որոշման հիմնավորումների մեջ նշել է քննիչը: «Եթե իրենք ասում են, որ տունը վաճառելու մտադրություն նույնիսկ չեն ունեցել, ինչո՞ւ են կադաստրից տեղեկանք վերցրել, որ բնակարանը գրավի, կալանքի կամ արգելանքի տակ չէ: Չէ՞ որ էդ թուղթը նոտարի մոտ պետք էր, էդ էլ հո ես չե՞մ վերցրել»,- ասում է Թանգամյանը եւ ցույց տալիս հիշյալ տեղեկանքը: Ցոլակ Թանգամյանի հարազատ եղբայրը «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանապետն է: Բայց նա վստահեցնում է, որ դա ամենեւին կապ չունի Արաբկիրի բաժնի կողմից իր դեմ քրեական գործ չհարուցելու հետ: Ըստ Թանգամյանի' ինքն ու եղբայրը կենցաղային հողի վրա վիճել են եւ շուրջ 20 տարի է' միմյանց անգամ չեն բարեւում:

Քրեական գործի վարույթը կարճելու որոշումն անցյալ տարվա սեպտեմբերին Երեւանի դատախազի որոշմամբ վերացվել է, եւ նախաքննության կատարումը հանձնարարվել է Երեւան քաղաքի քննչական վարչության Ծանր հանցագործությունների քննության բաժնին: Գործը սկսել է քննել բաժնի պետի տեղակալ Աշոտ Կոստանյանը: Թանգամյանը հայտարարություն է տվել ինչպես հետաքննիչ Արթուր Դարբինյանի' իրենից 5000 դոլար կաշառք պահանջելու, այնպես էլ Մարատ Հովհանիսյանի որդու' Արթուրի եւ նրա երկու ընկերների կողմից իրեն ահաբեկելու մասին: «Ասացի' պարոն Կոստանյան, ախր Դուք վերադասն եք, բողոքում եմ, ընթացք չի տրվում, շատ էլ որ ճաշի գդալով իկրա եք ուտում, պետք է մարդկանց իրավունքները պաշտպանեք, չէ՞»,- հիշում է Թանգամյանը եւ նշում, որ Կոստանյանի աշխատասենյակում հանկարծ տեսել է Արթուրի բարձրահասակ ընկերոջը: Նրան, ով գրպանում պահած ինչ-որ առարկա ուղղել է իր վրա եւ սպառնացել:

«Բայց պարզվեց, որ այդ տղային բերել էին ոչ թե որպես հանցագործ, այլ որպես իմ կատարած վաշխառության ականատես' առերես վկայելու»,- ասում է Թանգամյանը: «Էդ Ցոլակն ըտենց բաներ ա գրել, որովհետեւ արդեն ընկել ա ծովը, ձեռքը փրփուրներին ա գցում,- հակադարձում է Ասյա Ավագյանը,- էդ ինքն էր իմ տղային կանչում, ամեն օր ժամադրում, նույնիսկ իրիկունը: Բա որ 2 օր Արթուրը տուն չեկավ, խի՞ էր խառնվել, իրան կորցրել: Որովհետեւ ասացի' դու ես մեղավոր, կանչել-տարել ես»: «Աշոտ Կոստանյանն ինձ ասում էր' վաշխառության հոդվածը 4 տարի ա նախատեսում, կեթաս, կնստես, բայց որ 30 հազար դոլարը տաս, հաշտության պայմանագրով գործը կկարճենք: Բայց հետո համ ինքը, համ էլ Երեւանի դատախազի տեղակալ Խաչատրյանը 35 հազար էին ասում, իսկ Հովհաննիսյանները դեռ Արաբկիրի բաժնում 15 հազար էին ուզում,- նշում է Ց. Թանգամյանը,- այսինքն' Կոստանյանն ու Խաչատրյանն էդ 20 հազարն ուզում էին, որ իրար մեջ կիսեն: Ու հենց չհամաձայնվեցի, ինձ էլ մեղադրանք առաջադրեցին, բրոքեր Սերգեյ Նեյմանին էլ»:

Թանգամյանը զարմանում է, թե նույն տրամաբանությամբ' «միայն Հավհաննիսյանների ցուցմունքի հիման վրա» ինչո՞ւ չեն մեղադրվել նաեւ նոտարն ու նրա օգնականը: Ասածը հիմնավորելու համար նա բարձրաձայն կարդում է Ասյա Ավագյանի բացատրությունը. «...Երբ մենք Մարատի հետ միասին մտանք նոտարական գրասենյակ, այնտեղ նստած երկու նոտարները բարկացան ինձ վրա: Ես խնդրեցի, որ ինձ ծանոթացնեն, թե ինչ փաստաթուղթ եմ ստորագրելու, սակայն նոտարներից մեկն ինձ ասաց, որ ես իմ լեզվին չտամ, շուտ ստորագրեմ ու հեռանամ: Այնուհետեւ ես այդ հանգամանքից շատ վախեցա, ընկա շփոթմունքի մեջ, խառնված ստորագրեցի եւ դուրս եկա, որից հետո նկատեցի, որ նշված երկու նոտարները, Ցոլակը եւ Սերգեյը ստիպում են, որ Մարատն ինչ-որ բան գրի: Եվ նա վախից նույնպես կատարեց նրանց կարգադրությունները»:

Կատարվածի առնչությամբ Ցոլակ Թանգամյանը դիմում է գրել նաեւ նախագահ Սարգսյանին: Նա նշում է, որ եթե իրեն ուղարկեն «որեւէ վստահելի կառույց», պաշտոնատար անձանց ներկայացվող մեղադրանքները հիմնավորող ապացույցներ կներկայացնի, այդ թվում' ձայնագրություններ:

«Եթե այդպիսիք կան, խորհուդ կտամ դրանք ներկայացնել նախաքննական մարմնին,- ասում է գլխավոր դատախազության Հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը եւ հավելում,- Ցոլակ Թանգամյանի հայտարարությունների հիման վրա գործը տեղափոխվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ: Թե ինչ է եղել իրականում, նախաքննությունը կպարզի»:

Մեկնաբանություններ (1)

Karine
Զավեշտալի վիճակ է, ըստ ներկայացվածի: Մեր երկրի համար էլ նորմալ, այսինքն, ով «ոնց կարում ա փոխ ա աշխատում».Բա....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter