HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

13-ամյա Արփինեն կարծում է, որ եթե շենքերը վերանորոգված լինեն, մարդիկ կգան Շուշիում ապրելու

Աշխեն Հարությունյանը Շուշիի միակ թատրոնում աշխատող 8 դերասաններից մեկն է: Նրա երազանքն է, որ 3500 բնակչություն ունեցող Շուշին ապրի իսկապես մշակութային կյանքով, ունենա կայացած թատրոն, նաեւ կայացած տիկնիկային թատրոն:

Նախկինում Շուշիում գործում էին մանկական, տիկնիկային եւ դրամատիկական թատրոններ, սակայն 4 տարի առաջ ԼՂՀ կառավարության որոշմամբ դրանք միավորվեցին, եւ հիմա նույն թատրոնը բեմադրում է եւ տիկնիկային, եւ մանկական, եւ դրամատիկական ներկայացումներ:

«Պարզապես հաստիքներ կրճատվեցին, ու հիմա էս մի թատրոնի ուսերին ծանրացել են էդ 3 խնդիրները, իսկ դրանք բավականին տարբեր բաներ են: Չի կարելի ասել, որ հիմա Շուշին Արցախի մշակութային մայրաքաղաքն է, որովհետեւ շատ-շատ թերություններ կան»,- ասում է Աշխեն Հարությունյանը:

Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվ. պետական թատրոնը հյուրախաղերով լինում է Արցախի շրջաններում, նաեւ Գյումրիում, Արարատում, Արմավիրում, Աբովյանում: Աշխենի կարծիքով` Շուշիում հանդիսատեսը հետաքրքրված է թատրոնով, բայց խանդավառվածություն չկա, որ թատրոն է գնում, եւ հնարավոր է, որ որեւէ ռաբիս երգչի համերգին ավելի շատ մարդ գնա:

Թատրոնում աշխատելուն զուգահեռ Աշխենը սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Շուշիի մասնաճյուղում: Նրա կարծիքով` դերասանի մասնագիտությունը հեռանկարային է Արցախում: «Եթե խոսքը պիտի վերաբերի ֆինանսին, գումարին եւ էդպիսի բաներին, պարզապես չեմ էլ ուզում մտածել էդ ուղղությամբ: Բայց արվեստի տեսանկյունից` իհարկե հեռանկարային է»,- ասում է նա:

Աշխենը Մարտակերտի շրջանի Մարալյան Սարով գյուղից է, Շուշիում ապրում է 1994 թ.-ից: «Պատերազմի ժամանակ մեր գյուղը գրավեցին թուրքերը, մենք դուրս եկանք գյուղից, ու հետո երբ Շուշին ազատագրվեց, գնալու տեղ չունեինք, եկանք Շուշի: Հիմա մեր գյուղը չեզոք գոտի է: Եվ գյուղ արդեն չկա, նույնիսկ տների պատերը չեն մնացել»,- ասում է Աշխենը:

Հիմա արդեն նա Շուշին հարազատ քաղաք է համարում, իսկ ընդհանրապես Արցախը ուզում է տեսնել ոչ թե անկախ, այլ ՀՀ-ի հետ վերամիավորված: Աշխենը չի ուզում, Շուշիից բացի, ուրիշ տեղ ապրել: Ասում է, որ փոքր բնակավայրերում մարդիկ իրար չեն դատում ըստ հագուստի, իսկ որքան բնակավայրը մեծանում է, այնքան մարդիկ սկսում են մոռանալ մյուսների մասին, ինչպես Ստեփանակերտում ու Երեւանում, որտեղ, նրա կարծիքով, ձեւականությունը շատ է:

«Շուշիում մի տեսակ մարդիկ իրար հարազատ էլ են: Իհարկե, բամբասկոտություն ամեն տեղ էլ կա: Շուշիում մի հոգի ունեինք, որ անտուն էր, էն էլ շուշեցի չէր, կարծեմ Ռուսաստանից էր, պատերազմից հետո չկարողացավ գնալ: Ինքը հիվանդանոց էր ընկել, անծանոթ մարդիկ գնում էին: Այ, դա ինձ ոգեւորեց իսկապես: Մարդ կար, որ նույնիսկ ուզում էր իր տանը պահել, բայց չստացվեց: Ինքը մոտ 3 ամիս առաջ մահացավ»,- պատմում է Աշխենը:

Նա նշում է, որ քաղաքի ազատագրումից հետո, երբ ամբողջ Շուշին ավերակ էր, այնտեղ ապրելը շատ ճնշող էր, իսկ հիմա նույնիսկ կան շենքեր, որոնք ինքը չէր էլ ուզենա, որ վերակառուցվեն: «Հիմա արդեն քչացել են էդ ավերակները, վերակառուցված շենքերի մոտ տոկոսային առումով արդեն բավականին ցածր տոկոս են կազմում, նույնիսկ հարազատ են էդ ավերակները: Կիսաքանդ պատերը սիրում եմ, կանաչի հետ դրանց համադրությունը լավն է»,- ասում է Աշխենը:

Քաղաքի մեկ այլ բնակիչ` 15-ամյա Արմեն Սայամյանը, հիմնականում նկարում է նատյուրմորտներ ու Շուշիի տեսարաններ` ավերակ շենքեր, դրանց կամարները, դեպի քոլեջ տանող ճանապարհը: Արմենն իր նկարներում Շուշին պատկերում է` ինչպես կա, չի փոխում: Ասում է, որ ավերակ շենքեր նկարելը հետաքրքիր է, իսկ ընդհանրապես կուզենար, որ «ավերակները չլինեն, բայց ինչ արած»:

Արմենը Շուշիում է ծնվել, այստեղ ապրում է ծնողների ու քույրերի հետ, եւ ուրիշ տեղ ապրել չի ուզում: Այլ քաղաքներում Արմենը չի լինում: Երբեմն նա գնում է Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղ, որտեղ ապրում են բարեկամները:

Արմենն ուզում է նկարիչ դառնալ: Նա սովորում է Շուշիի Արսեն Խաչատրյանի անվ. պետական հումանիտար քոլեջում, որն ավարտելուց հետո նախատեսում է ուսումը շարունակել Ստեփանակերտում: Միաժամանակ նա հաճախում է «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղի նկարչության խմբակ:

Շուշիի մասնաճյուղի գործադիր տնօրեն Նարա Ավանեսյանի խոսքերով` կենտրոն է հաճախում մոտ 100 երեխա: «Նարեկացի» կենտրոնում գործում է 13 խմբակ` մանրանկարչություն, նկարչություն, պար, թատրոն, փայտի փորագրություն, լուսանկարչություն, անգլերեն եւ այլն: Նարա Ավանեսյանն ասում է, որ 5 տարվա ընթացքում, ինչ կենտրոնը գործում է Շուշիում, խմբակներ հաճախող երեխաներն ավելի են մոտեցել արվեստին, հաղթել մշակութային տարբեր մրցույթներում:

15-ամյա Լիզա Մաթեւոսյանը, ով հաճախում է ասեղնագործության խմբակ, ասաց, որ «Արցախ բրենդի»-ն իր պիտակների վրա օգտագործում է իրենց, ինչպես նաեւ նկարչության եւ մանրանկարչության խմբակների աշակերտների նկարած հրեշտակները:

Շուշիում չկան վայրեր, որտեղ կարելի է գնալ զվարճանալու, խաղալու: Լիզան կուզենար, որ քաղաքում կինոթատրոն լինի: Շուշիի միակ «Երեւան» կինոթատրոնը մի քանի տարի է` չի աշխատում: Նախկինում Լիզան ամռանը, երբ հիմնականում անելու բան չկա, ընկերուհիների հետ գնում էր կինոթատրոն: Այժմ նա իր ազատ ժամանակն ասեղնագործելով է անցկացնում:

«Հիմա ինտերնետը որ եկել է, սաղ ինտերնետի վրա են, բակ շատ դուրս չեմ գալիս»,- ասում է Լիզան: Նա երաժշտական թեքումով դպրոց է գնում, դաշնամուր նվագել է սովորում:

Լիզան ուզում է տնտեսագետ դառնալ, բայց նախատեսում է միաժամանակ մանկավարժություն սովորել, որ կարողանա հաշվապահ կամ դպրոցում մաթեմատիկայի ուսուցիչ աշխատել: «Մեր ավարտած աշակերտները հիմա դպրոցում մեզ դաս են տալիս»,- նշում է նա:

Լիզայի խոսքերով` եթե Շուշիում չկարողանա աշխատանք գտնել, ստիպված կլինի Ստեփանակերտ գնալ: «Բայց կուզեի, որ էստեղ մնայի: Առաջին հերթին, որ ծննդավայր է: Երկրորդ` տենց քաղաք չգիտեմ կամ թեկուզ գյուղ, որ սրտանց ուզեմ էնտեղ բնակվել: Ստեփանակերտը որ աղմուկը շատ է, չեմ սիրում: Շուշին հանգիստ վայր է, ընկերներս էստեղ ավելի շատ են, արդեն, կարելի է ասել, ամեն տեղ գիտեմ: Հարազատ է ուղղակի ինձ»,- ասում է Լիզան:

Քաղաքի այն թաղամասում, որտեղ նա է ապրում, ջուր լինում է ոչ ամեն օր: «Ռեժիմ չկա: Պահի տակ: Կարող է` 10 րոպե, կարող է օր լինի` 1 ժամ, օր էլ լինի` ընդհանրապես չտան»,- ասում է նա:

Շուշիի քանդված շենքերն արդեն սովորական են դարձել նրա համար: «Առաջին հայացքից վատ է, որ քանդված է, որովհետեւ մեր քաղաքն է: Կուզենայի, որ արդեն վերանորոգված լիներ, բնակիչները մի քիչ ավելի շատ լինեին: Բայց ես որ ծնվել եմ, արդեն իմ աչքը էդ է տեսել: Չեմ տեսել վերանորոգած, հետո քանդված, որ բացասական տպավորություն լինի, բայց բացասական կա մի քիչ»,- ասում է Լիզան:

Արփինե Աֆունցը կարծում է, որ եթե շենքերը վերանորոգված լինեն, մարդիկ կգան Շուշիում ապրելու: «Կուզեի, որ շատ մարդիկ գային այստեղ ապրեին, ու քաղաքը փոքր չլիներ, ավելի մեծանա»,- ասում է 13-ամյա Արփինեն: Նրա համադասարանցիներից մեկը վերջերս տեղափոխվել է Ռուսաստան, մեկն էլ` Երեւան:

Արփինեն ծնվել է Երեւանում, 6 տարի ապրել Ռուսաստանում: Արդեն 2 տարի է` ընտանիքը Շուշի է տեղափոխվել: Սկզբում Արփինեի վրա ազդում էին Շուշիի քանդված շենքերը, որոնք տեսնելիս կռվի մասին էր մտածում, բայց հիմա արդեն վարժվել է: Արփինեի խոսքերով` 2 տարվա ընթացքում քաղաքում փոփոխություններ կան. հյուրանոց է կառուցվել, շուկայի շենքն են վերանորոգել: Շուշիում նրա ամենասիրած տեղը խաչմերուկն է, քանի որ դրա մոտ է գտնվում Ղազանչեցոց եկեղեցին: Կիրակի օրերին Արփինեն եկեղեցի է գնում, պատարագ լսում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter