HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հիմա էլ օլիգարխ-պատգամավորները՝ ընդդեմ «Հայկական ժամանակի»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի գործելակերպը կարծես դառնում է վարակիչ: Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Բելլա և Սեդրակ Քոչարյանների հայցն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի, որը, սակայն, հետաձգվեց հենց հայցվոր կողմի բացակայության պատճառով:

Զուգահեռաբար, ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի, դատարան են դիմել ԱԺ ՀՀԿ-ական օլիգարխ-պատգամավորները` Լեւոն Սարգսյանը, մականունը` Ալրաղացի Լյովիկ, Սամվել Ալեքսանյանը` Լֆիկ Սամո եւ Ռուբեն Հայրապետյանը` Նեմեց Ռուբո:

Անցյալ տարվա հոկտեմբերի 14-ին «ՀԺ»-ն «Ութից յոթը ցուցակում են» վերնագրի ներքո գրել էր, թե իր տեղեկություններով` ՌԴ իրավապահները տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում, հիմնականում նարկոթրաֆիքի, թրաֆիքինգի եւ փողերի լվացման գործերով, պարզել են, որ հանցագործությունների հետ առնչություն ունեն նաեւ ՀՀ պաշտոնյաներ:

«ՌԴ իրավապահները պարզել են, որ ռուսական կրիմինալ խմբավորումները ՀՀ տարբեր պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ են, եւ կազմել են տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակ, որում ընդգրկել են 32 անուն: Մեր տեղեկություններով, այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ: Ցուցակը ՌԴ դատախազության ղեկավարությունը ոչ պաշտոնական ֆորմատով ցուցադրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին: Ռուսական կողմը ցուցակում նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացրել…»,- գրել էր «ՀԺ»-ն:

Հոդվածում թերթը նաեւ հրապարակել էր ռուսների կազմած ցուցակի առաջին 7 հորիզոնականը զբաղեցնողների, այդ թվում` հիշյալ 3 պատգամավորների անունները:

Մոտ 20 օր անց ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ Աղվան Հովսեփյանի հարցումով ՌԴ գլխավոր դատախազությունից պաշտոնապես հայտնել են, որ «ՀԺ»-ի տպագրած հոդվածում թվարկված անձանց կողմից ՌԴ տարածքում հանցագործությունների մեղսակից լինելու վերաբերյալ որեւէ նյութերի իրենք չեն տիրապետում եւ նման տեղեկություններ չունեն:

«…Ոչ պաշտոնապես եւ ոչ էլ մասնավոր հանդիպումների ժամանակ ՌԴ դատախազության կողմից երբեւէ որեւէ հարց չի բարձրացվել ռուսական կրիմինալ խմբավորումների հետ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ենթադրյալ համագործակցության մասին: Եվ ակնհայտ կեղծ ու մտացածին է օրաթերթի այն պնդումը, թե ՌԴ դատախազության պատասխանատուները ՀՀ գլխավոր դատախազին են ներկայացրել ՀՀ պաշտոնատար անձանց անուններից բաղկացած ինչ-որ ցուցակ, ովքեր մեղսակից են ՌԴ իրավապահների վարույթում քննվող տարբեր հանցագործությունների»,- նշված էր դատախազության հաղորդագրության մեջ:

Պատգամավորներ Լ. Սարգսյանը, Ս. Ալեքսանյանը եւ Ռ. Հայրապետյանն էլ մեկ նամակով դիմել են «ՀԺ»-ի խմբագրություն եւ պահանջել հերքել հոդվածը: Օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն Աննա Հակոբյանի («ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կինը) փոխանցմամբ` հերքման տեքստից ամենեւին չի հասկացվել, թե ինչն են ուզում հերքել:

Ավելին, ըստ Հակոբյանի, պատգամավորները պահանջել են, որպեսզի թերթի հասցեին վիրավորանքներ պարունակող իրենց կազմած հերքման տեքստը «ՀԺ»-ն տպագրի հենց իր անունից:

Նշյալ տեքստը օրաթերթը չի հրապարակել: Փոխարենը դեկտեմբերի 28-ի համարում, ներողություն խնդրելով ընթերցողներից, տեղեկացրել է, որ հոկտեմբերի 14-ին «թյուրիմացաբար տպագրվել է նյութի աշխատանքային, չխմբագրված տարբերակը»: Ուստի, «Ճշտում»  մտցնելով, «ՀԺ»-ն, ըստ էության, պարզաբանել է, որ հոդվածում հրապարակված տեղեկությունների աղբյուրը Սմբատ Կարախանյանն է` Մոսկվայի «Միաբանություն» Ազգային ակումբի նախագահը:

Իսկ հերքում պահանջող պատգամավորներից յուրաքանչյուրն անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ նամակ է ստացել, որով վերջինս խնդրել է հստակեցնել, թե կոնկրետ ինչն են ուզում հերքել:

Փաշինյանի նամակի պատասխանը ստացվել է հայցադիմումի տեսքով: Հանրապետականներ Սարգսյանը, Ալեքսանյանը եւ Հայրապետյանը միասնական հայցով մտել են դատարան: Հերքումից բացի` նրանք պահանջում են իրենցից յուրաքանչյուրին վճարել 2-ական մլն դրամ` որպես բարոյական վնասի փոխհատուցում եւ կես մլն դրամ` դատական ծախսերի փոխհատուցման համար (բոլորը միասին` 7,5 մլն դրամ):

«Մեր գնահատմամբ` սա հերթական քայլն է «Հայկական ժամանակի» դեմ: Իրենք փող են ուզում, բնականաբար, դրա կարիքը պետք է որ չունենան: Բայց դրա միջոցով ուզում են թերթին վնաս հասցնել»,- ասում է Աննա Հակոբյանը եւ շեշտում, որ բացառվում է ֆինանսական ճնշումներով հասնել թերթի փակմանը:

Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին Ռ. Քոչարյանի կրտսեր որդու` Լեւոն Քոչարյանի հայցադիմումով «Հայկական ժամանակ» օրաթերթից բռնագանձվեց 3 մլն դրամ:

Թերթը գրել էր, որ կրտսեր Քոչարյանն «Ամանորից օրեր առաջ Դուբայում տեղի ոստիկանության կողմից հարբած վիճակում ձերբակալվել է` հասարակական վայրում անկարգություններ անելու համար»:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, պատգամավորների հայցապահանջով գործի քննությունը մեկնարկել է: Դատավարությունը կշարունակվի հունվարի 24-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter