Շակիրայից մինչեւ «Արժանապատիվ տրանսպորտ»
Այսօր տնից դուրս գալ չի ստացվում. ինֆորմացիոն հոսքերն այնքան շատ են, որ կարող ես միանգամից իմանալ` չարժե այսօր գնալ որեւէ մարզ, քանի որ տրանսպորտ չկա, եւ դու ստիպված ես տաքսի վարձել, իսկ այն կրկնակի թանկ է:
Քիչ առաջ էլ կարդում եմ, որ մահացել է ոչ միայն պարի լեգենդ Վանուշ Խանամիրյանը, այլ նաեւ «Apple»-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը, ու մտածում եմ` տեսնես ռուսական կայքն ինչու էր մի օր որոշել պատրաստել ռեպորտաժ այն մասին, որ «Apple»-ի «հանքերը» գտվում են Մեքսիկական ծոցում, եւ հենց դրա համար էլ տեղի ունեցավ էկոլոգիանական աղետը. ինչպես ռեպորտաժում էր ասվում, «Apple»-ի ստեղծած հեռախոսները ոչ այլ ինչ են,քան այլմոլորակայինների տեխնիկայի նմուշներ (ռեպորտաժի լինքը http://www.youtube.com/watch?v=O7mvIrPMctY):
Մարդկային ֆանտազիան անսահման է, եւ այդ ֆանտազիան կիրառելի դարձնելու համար այսօր եկեղեցու կողքին կարող է վեր խոյանալ «գդալ-պատառաքաղային քաղաքականության» հետեւանքով կառուցվող ռեստորանը, իսկ պատմական վանքերը դառնան անուշադրության հետեւանք:
Կարելի է արդարացնել բոլոր նրանց, ովքեր, այնուամենայնիվ, տեղյակ չեն իրենց կողմից վերահսկվող ոլորտում տեղի ունեցածից. այո, մարդը չի կարող միաժամանակ հստակ տեսնել տարբեր հեռավորությունների վրա գտնվող առարկաները: Աչքի հարմարումը տարբեր հեռավորությամբ առարկաների հստակ պատկերի ստացման համար կոչվում է ակոմոդացիա:
Եվ հիմա ակոմոդացիան շատերն արդեն երեւի այլ կերպ են ընկալում, քանի որ միաժամանկ տեղեկանում են, որ կոլումբիացի երգչուհի Շակիրան, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշմամբ, մտել է հանձնաժողով, որը զբաղվում է լատինաամերիկացիների կրթության խնդիրներով, իսկ հետո տեսնում, թե ինչպես է երթուղայինի վարորդը, կորցնելով հավասարակշռությունը, պահանջում էլի «խցվկել»...
Չէ, մարդն իրոք տարօրինակ արարած է, երբ էդքանից հետո կռացած վիճակում զանգահարում է ընկերուհուն եւ հայտնում, որ Քիմ Քարդաշյանը Անժելա Սարգսյանին հրավիրել է ԱՄՆ:
Այսօր, այնուամենայնիվ, մեծ իրադարձություն է. պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, եւ ուրեմն՝ կարելի է մոռանալ մանր-մունր լուրերն ու հիանալ կենտրոնում ամրացվող, երկու օրով գովազդներին փոխարինող ֆրանսիական դրոշով:
Ժամանակն է, որ ամեն մեկը գիտակցի` ապրում է տեղեկատվական դարաշրջանում. այո, այնպիսի ժամանակաշրջանում, երբ կարող ես զանգահարել տրանսպորտը վերահսկող համապատասխան բաժին եւ քեզ`որպես լրագրողի, սարկազմով պատասխանեն, որ իրենք շաշկի են խաղում:
Շաշկի խաղալիս տեսնես քանի՞ ահազանգ է խանգարում ընթացքին: Տրամաբանական այս խաղի մասնակիցների համար մի լավ լուր ունեմ. որոշվել է` ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ ում են հանձնելու. նրանք երեք ամերիկացի գիտնականներ են, ովքեր հայտնաբերել են տիեզերքի՝ արագացմամբ ընդարձակման փաստը ու ժամանակ չեն վատնում իմանալու՝ ինչ ասել է «գարշոկային քաղաքականության», կամ որտեղ է թաքնված «Երեւանի Կենտրոնի հանրային զուգարանների բանալիները»:
Տնից դուրս գալուց առաջ մի մոռացեք ամուր փակել դռները, քանի որ ավազակային հարձակումների զոհը կարող է դառնալ ձեր դրամական խնայողությունը: Այդ խնայողությունների միջոցով գուցե մի օր գնաք Մեքսիկական ծոց եւ մի «հեռախոսի հանք» էլ դուք հայտնաբերեք. չէ՞ որ առաջինը ռիսկի դիմածները մեծ ծովագնացներն էին, ովքեր հայտնաբերեցին «նոր աշխարհը»:
Մեկնաբանել