HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ամանորյա «ռազբորկաներ» Ագարակում

«Պտի խփեն-սպանեն դրան, վաբշե»,- արձագանքում է մարզպետ Սուրեն Խաչատրյանը

Մի քանի ժամ առաջ Ագարակի քաղաքապետի հարազատ եղբայրը` 1975 թ. ծնված Մհեր Զաքարյանը, ընկերների` մոտ 10-12 հոգու հետ քաղաքի կենտրոնում ծեծել է ագարակցի Արսեն Հովհաննիսյանին, իսկ վերջինիս ընկերոջը` դեպքի վայրից քիչ այն կողմ կանգնած Սոս Խաչատրյանին, ենթարկել են վրաերթի:

Սոս Խաչատրյանն այժմ Ագարակի հիվանդանոցում է: Վերջինիս հետ զրուցել մեզ չհաջողվեց, իսկ Արսենը փոխանցում է, թե Սոսը շատ բան չի կարողանում հիշել, միայն այն, որ «ավտոյով խփել վեր են գցել, բայց թե ով, չի իմանում»:

«Պարզ չէ՞, որ վախենում է, մարդիկ շատ բան կասեն, ուղղակի բոլորը քաղաքապետից վախեցած են»,- ասում է Արսեն Հովհաննիսյանի կնոջ ընկերուհին` ագարակցի Զառա Ստեփանյանը, եւ մանրամասնում այսօրվա միջադեպի նախապատմությունը:

Ըստ նրա` 2 տարի առաջ` Ագարակի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, Արսեն Հովհաննիսյանը չի պաշտպանել ներկայիս քաղաքապետ Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, ինչի պատճառով էլ վերջինս մինչ օրս վրեժխնդիր է լինում` բացահայտ հայտարարելով, որ Արսենին Ագարակից վտարելու է:

Բացի դրանից` «Արսենը բիզնեսի տեր մարդ է, վառելիք է ներկրում, հիմա` «Միկա» ընկերության համար: Քաղաքապետն էլ ուզում ա բոլոր բիզնեսներին տեր կանգնի, որ Ագարակում մենակ իրանց բանդան լինի»:

«Մենք մեր ընտանիքով Ռուսաստանի քաղաքացի ենք, կինս ռուս է: Երեք տարի առաջ անչափահաս տղայիս (17 տարեկան) անձամբ Մխիթար Զաքարյանը եղբոր` Մհերի հետ ծեծեց: Ես Ռուսաստանում էի: Կինս բողոքել էր, բայց էնքան ձգձգեցին, սպառնացին, որ կինս բողոքը հետ վերցրեց, վախից գնաց Երեւան,- պատմում է Արսեն Հովհաննիսյանը:- Ու արդեն 3 տարի է` մեզ անընդհատ ահաբեկում են, սպառնում են: Էսօր էլ հրապարակում կանգնած միլիցիայի աշխատողի հետ զրույց էի անում, քաղաքապետի եղբայրը` Մհերը, բանդայով հարձակում կատարեցին, մեքենաս էլ ջարդուփշուր արեցին, ինձ էլ: Միլիցիան էլ անկարող ա. մեր տանը նստած են, դրանք էլ իբր փախած են, չեն կարում գտնեն»:

«Երեք տարի առաջվա էդ միջադեպը փորձել էին ինձ վերագրել, բայց դա եղել է եղբորս հետ: Ես ընդհանրապես էդ ժամանակ տարածքում էլ չեմ եղել, կարող եմ երդվել,- ասում է Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:- Ընդամենը ծեծ է եղել` ոչ վնասվածք, ոչ էլ: Հետո բարիշելու հիմքով երկուսն էլ բաժնում ասել են, որ իրարից պարտք-պահանջ չունեն, մարմիններն էլ էդ դեպքում իրավունք չունեն շարունակեն. գործը կարճել են: Որովհետեւ շատ թեթեւ, զանցանք է եղել համարյա, իսկ ես ընդհանրապես էդ երեխուն մատով կպած էլ չկամ: Բայց իրենք, չգիտեմ խի, մտածել են, որ գործն ավելի հնչեղ կլինի, եթե իմ անունը գրեն»:

ՀՀԿ-ական քաղաքապետ Զաքարյանը խորհուրդ է տալիս ինչ-որ բան գրելուց առաջ շրջել Ագարակում, լսել ժողովրդի կարծիքը, հասկանալ, թե ինչ բնութագրի տեր մարդ է ինքը եւ արդյոք ընդունա՞կ է կատարել այնպիսի արարքներ, որոնք հիմա վերագրվում են իրեն. «Հլը չեմ էլ կարողանում հասկանալ, թե սա իմ դեմ ինչ կամպանիա է եւ որտեղից է գալիս: Դե, հասկանում եք, եթե ասում են` քաղաքապետն է արել, ուրիշ է, եթե եղբայրն է, ուրիշ»:

Ինչ վերաբերում է այսօրվա միջադեպին, Մխիթար Զաքարյանի խոսքերով` քիչ առաջ է այդ մասին տեղեկացել ոստիկանների հեռախոսազանգից:

Նա նշում է, որ ամեն ինչ սկսել է հենց Արսեն Հովհաննիսյանը` 2 օր առաջ կրակելով Մհերի ընկերոջը. «Ես էդքան մանրամասն չգիտեմ, թե ինչի համար: Ախպորս հեռախոսով եմ հարցրել, պատասխանել ա` կրակել ա մեր ընկերոջ վրա: Հետո էսօր Արսենը պիտի գար ներողություն խնդրեր, բայց չի խնդրել»:

Իսկ թե ինչու այդ կրակոցի համար քրեական գործ չի հարուցվել, քաղաքապետը տեղյակ չէ. «Ես էլ ըտենց ասացի ախպորս, որ ինչի չեն հայտարարություն տվել: Երեւի ոստիկանները չեն իմացել, որ իմանային, հաստատ գործ կհարուցեին. մեր ոստիկանությունն էդպես հարցերը չի թողնում անհետեւանք»:

Ագարակի ոստիկանապետ Արմեն Առաքելյանի հեռախոսահամարը չի պատասխանում: Արսեն Հովհաննիսյանն էլ շեշտում է, որ նա ամեն ինչից շատ լավ տեղյակ է, ուղղակի ոչինչ չի ձեռնարկում, քանի որ «քաղաքապետի ուտուշ-խմուշի ընկերն է»:

«Արսենի մասին կարող եք հետաքրքրվել, իրա մոտ սովորություն է կրակելը: Կովբոյի նման ապրող մարդ է` զենքը միշտ կողքը դրած: Երեւի զարմանում եք, չէ՞, որ քաղաքապետն է սենց խոսում, որ ես չեմ էդպես ման գալիս, այլ ինքը: Արսենը սովոր ա, որ ցանկացած հարց էդ ձեւով լուծի` հույսը չգիտեմ ինչերի վրա դրած»,- հավելում է քաղաքապետ Մ. Զաքարյանը եւ ընդգծում, որ իր եղբայրը պարզապես ագարակցի տղա է, զբաղվում է փոքր բիզնեսով, որեւէ պաշտոն չի զբաղեցնում, քանի որ կրթությունը բարձրագույն չէ:

«Հունվարի 1-ի գիշերը քաղաքապետի աներոջ որդին ու փոխքաղաքապետը` Գեւորգ Խաչատրյանը, որդուս նորից ծեծել են: Դուրս եմ եկել, 4 մեքենայով դեմս կտրել են: Ես էլ, որ էսօրվա օրը չընկնեմ (որսորդական օրինական հրացան ունեմ), կրակեցի գետնին, որ ճանապարհը բացեն, վախենան ու փախնեն- պատմում է Արսենը:- Մեջը 5 պատրոն կա, եթե կրակելու լինեի, սաղ էլ կկրակեի, ու սուտ թող չասեն. ոչ մեկին էլ չի կպել: Եթե կպած լիներ, կբողոքեին, կգնային հիվանդանոց»:

Արսենի խոսքերով` կատարվածի մասին ինքը տեղյակ է պահել ոչ միայն ոստիկաններին, այլեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին. «Մարզպետի հետ երեկ չէ առաջին օրն եմ խոսել: Նորից 2-րդ անգամ զանգեցի, ասաց` Ասո ջան, ամեն ինչն ասված է, էդ տղերքը ձեր հետ կապված ոչ միչ բան չեն անի: Մեր միլիցիայի աշխատողները նույն ձեւի ասել են` ոչ մի բան չի լինելու: Բայց էսօր նորից հարձակվեցին»:

 «Հետքը» մեկնաբանություններ խնդրեց նաեւ Սյունիքի մարզպետից: Վերջինիս հետ հեռախոսազրույցը ներկայացնում ենք առանց խմբագրման:

-Պրն Խաչատրյան, Ձեզ «Հետքից» են անհանգստացնում…

-«Հետքը» ո՞վ ա:

-«Հետաքննող լրագրողներ» կազմակեպությունից եմ:

-Հա, ի՞նչ կա:

-Ագարակ քաղաքում միջադեպ է եղել` քաղաքապետի անվան հետ կապված…

-Հա, ի՞նչ կա որ, ի՞նչ եք ուզում:

-Տուժողներից մեկը` Արսեն Հովհաննիսյանը, ասում է, որ 2 օր առաջ Ձեզ հետ անձամբ խոսել է ու պաշտպանություն խնդրել:

-Հա, տեղյակ եմ, ի՞նչ պաշտպանություն, պտի խփեն-սպանեն դրան, վաբշե… Հաջող:

Քաղաքապետ Զաքարյանը միջադեպից 4 օր անց մեզ հետ զրույցում նշեց, որ «հենց «Հետքի» ջանքերով դեպքը մեծ հնչեղություն է ստացել», ուստի գործով սկսվել է զբաղվել Սյունիքի մարզային ոստիկանությունը. այն գտնվում է հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Արմեն Սիմոնյանի վարույթում:

«Մյուսներն ընդամենը կողքից են եղել: Ինչքանով գիտեմ` հիմնական մեղավորների նկատմամբ է գործը հարուցվել` եղբորս եւ Արսեն Հովհաննիսյանի: Որովհետեւ Արսենը կրակել է եղբորս ընկերոջ վրա, ու որ արդեն բանը հասել է սրան, էդ էպիզոդն էլ է բարձրացվել վեր, այսինքն` Արսեն Հովհաննիսյանին կրակելու, եղբորս էլ` նրան ծեծի ենթարկելու համար է գործ հարուցվել»,- ասում է քաղաքապետը եւ նշում, որ եղբորը` Մհեր Զաքարյանին, ստորագրությամբ ազատ են արձակել:

Մինչդեռ հաջորդ օրը` հունվարի 12-ին, «Հետքի» հետ զրույցում քննիչ Արմեն Սիմոնյանը նշեց, որ հենց այդ օրն է «Խուլիգանություն» հոդվածով քրեական գործ հարուցվել (Ագարակում տեղի ունեցած երկու միջադեպերի առիթով), եւ դեռեւս որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ:

Ագարակի քաղաքապետ. «Պիտի անընդհատ ապացուցեմ, որ ես ուղտ չեմ»

Ագարակցիները մեզ հետ զրույցում նշում են, որ քաղաքապետ Զաքարյանը, հատկապես նրա եղբայրը հաճախ է տարբեր պատճառներով, օրինակ` ավտոմեքենան արագ վարելու կամ ռեստորանում ծխելու համար քաղաքի երիտասարդներին «պատժում»` դիմելով ծեծի օգնությանը:

«Հետքին» հայտնի են 3 ընտանիքներ, որոնց որդիները հայտնվել են նման պատմությունների կիզակետում: Սակայն դրանցից 2-ի անունները չենք հրապարակում, քանզի վերջիններս չեն համաձայվում խոսել կատարվածի մասին: Իսկ 3-րդ ընտանիքը քաղաքապետի հետ ազգակցական կապ մեջ է, եւ ինչքան էլ Մ. Զաքարյանը վստահեցնում է, թե հնարավոր չէ, որ Անդրեասյաններն իրենից դժգոհեն, ընտանիքի մայրը` Շողիկ Հովհաննիսյանը, ոչ միայն դժգոհում է, այլեւ քաղաքապետին ու նրա եղբորը  բնութագրում իբրեւ խուլիգան:

«Անցյալ տարվա Ամանորին` դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը, տղաս իր ընկերների հետ գնացել էր մեր Ագարակի «Մարիշոկ» ռեստորան: 17-18 տարեկան երեխաներ են, ուրախացել են, բայց Մհեր Զաքարյանը, իհարկե, իր քաղաքապետ եղբոր կազմակերպմամբ, երեխաներին կանչել է դուս, տգեղ բառերով խոսացել, ուշունց տվել ու վեճ ստեղծել,- պատմում է Շողիկ Հովհաննիսյանը, – չեն էլ ամաչում. մեծ մարդիկ են: Ընկերները երեխայիս արյունլվա հասցրել են տուն: Շորերը ճղված, դեմքը ուռած, կապտած, երեխան չէր կարողանում շնչել»:

Մոր պատմելով` 17-ամյա որդուն` Ենոք Անդրեասյանին, ծեծել են 3 հոգով` քաղաքապետ Զաքարյանը, նրա հարազատ եղբայրն ու վերջինիս ընկերը` ոմն Հայկո (հավանաբար, խոսքը Հայկ Հայրապետյանի մասին է, այս տարվա հունվարի 7-ի միջադեպի մասնակիցներից մեկը – հեղ):

«Հլը քաղաքապետը ոտքը պահել է իմ երեխայի առաջ, գցել գետնին ու չի թողել, որ փախչի»,- ասում է Շ. Հովհաննիսյանը եւ նշում, թե այս ամենի պատճառը եղել է միայն այն, որ որդին ռեստորանում ծխել է:

«Բայց դա ի՞նչ պատճառ ա, ընդեղ բոլորն էլ ծխել են: Կամ ինքն ո՞վ ա, որ մի հատ էլ նկատողություն ա անում, էդ ռեստորանը տնօրինություն ունի, ծխելու համար թող տնօրենը մտածի»,- շարունակում է Ենոքի մայրը: Նա շեշտում է, որ թեեւ ոստիկանություն չեն դիմել, միջադեպի մասին քաղաքում բոլորն էլ իմացել են, սակայն որեւէ քայլ այդպես էլ չի ձեռնակվել: Ավելին` «դեպքից հետո քաղաքապետի եղբայրն անընդհատ առիթ է ման եկել` Ենոքի հետ նոր կռիվ սարքելու համար ու մի անգամ էլ հրապարակում երեխային մեքենայից իջեցրել է եւ բոլորի ներկայությամբ խփել»:

«Հիմա որ ինձ պետք լինի, ինչ եք մտածում, չե՞մ կարող մի 50 ընտանիքի ասել, որ իրենք էլ հակառակն ասեն, որ Ասոն է երեխաներին ծեծել: Ուղղակի Ասոյի կողմնակիցներն են էդ մարկանց սովորեցնում»,- ասում է Մխիթար Զաքարյանը: Քաղաքապետը հավաստիացնում է, որ Ենոք Անդրեասյանի մոր պատմածներն իրականությանը չեն համապատասխանում, եւ ինքն այդ մասին առաջին անգամ է լսում:

«Ու գիտեք ինչ, արդեն բանը հասել է աբսուրդի. ես պիտի անընդհատ ապացուցեմ, որ ես ուղտ չեմ»,- ասում է քաղաքապետ Զաքարյանը:

«Ես չեմ ուզում մանրանալ եւ պատմել, թե իրականում ինչ է եղել. դա անձամբ իմ խնդիրն է: Ես ոչ մոռացել եմ, ոչ էլ դա անցողիկ պահ է. ով որ արել է, պատասխանը կրկնակի ստանալու է»,- ասում է Ենոքի հայրը` Խաչիկ Անդրեասյանը:

Մեկնաբանություններ (1)

Մարետա
գիտեք ինչ կա ամոթ եղավ . խայտառակեցիք Մխիթար Զաքարյանին. նա ինչ անի որ սախ կերել կատաղել են . ենքան են կերել որ չեն էլ մտածում հետոյի համար . ով ինչ հիմարություն անում է ասում են նա է մեղավոր . նա կուզի որ սախ իրա մասին խոսեն . գիտեք ախր իրն ինչի է պետք ագարակը սարքեր . լուսավորեր ստեխծեր ամենալավը . թող էլի նույն ագարակը լիներ որ ետքան .չասեին . հետո մի բան էլ . ետ վատ ընկերները նրա ինչին են պետք .որ իր անունի հետ են խաղում .ինքը կրթված մակարդակով մարդ է . իզուր չեն ասու .որ Ագարակցիները ուտող ուրացող մարդիկ են . փաստ հորաքույրը ուրանում է իր եղբոյր որդուն էլ ինչ լավ բան կարող է լինել այտեղ . մի խոսքով հերիք դուք ինքներտ ձեզ խայտառակեք .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter