HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Հանրային հեռուստաընկերությունը լուրջ բարեփոխումների ցանկություն է հայտնել. իշխանությունները թույլ կտա՞ն

Այս տարվա հուլիսի 14-18-ը «Բի-բի-սի» համաշխարհային ծառայության հիմնադրամը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի պատվերով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կարիքների գնահատում էր իրականացնում` հանրային հեռարձակման զարգացումը խթանելու նպատակով:

Եվ հոկտեմբերի 17-ին «Կոնգրես» հյուրանոցում «Բի-բի-սի» համաշխարհային ծառայության հիմնադրամի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների ծրագրերի ղեկավար Մայքլ Ռանդալը եւ Հանրային հեռուստատեսության գործադիր տնօերն Արմեն Արզումանյանը ներկայացրին այդ հետազոտության արդյունքները (Զեկույցն ամբողջությամբ` ԵԱՀԿ երեւանյաս գրասենյակի կայքում ):


Այս նախաձեռնությունը հետաքրքրական էր նրանով, որ Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունն ինքն էր դիմել «Բի-բի-սիի» օգնությանը` խնդրելով աջակցել իրենց իսկապես հանրային հեռուստատեսություն ստեղծելու գործում: ՀՀՌԽ-ի նախագահ Ալեքսան Հարությունյանն անգամ ասել էր, թե հեռուսատընկերությունը պատրաստակամ է վճարել վերապատրաստման եւ խորհրդատվության համար:

Լոնդոնից ժամանած փորձագետները հանդիպել էին ոչ միայն Հանրային հեռուստատեսության ղեկավարության, ֆինանսական բաժնի պատասխանատուների, լրագրողական եւ տեխնիկական անձնակազմի, այլեւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այն ժամանակ վերջիններս նշել էին, թե Հանրային հեռուստաընկերությունը դրդապատճառներ չունի անկեղծ բարեփոխումների համար, քանի որ իր ներկա վիճակով շահութաբեր բիզնես է, որն ունի բարձր վարկանիշ: Միջազգային փորձագետների հետ աշխատելու ցանկության որեւէ դրսեւորում, նրանց կարծիքով, փորձ է` Եվրոպայի խորհրդին ցույց տալու, որ իշխանություններն արձագանքում են ԶԼՄ-ի ոլորտին վերաբերող քննադատությանը:

Զեկույցում տեղ գտած բազմաթիվ մտքեր հաստատում են լրագրողական համայնքի ունեցած կասկածները. «Հանրային հեռուստաընկերության ավագ խմբագրակազմի ներկայացուցիչներն ասացին, որ իրենց պաշտոնապես հանձնարարվել է ապահովել տրամադրվող լրատվության բազմակարծությունն ու ամրապնդել իրենց` հանրային ծառայության պարտականության կատարումը»: Թեեւ Արմեն Արզումանյանը փորձագետներին ասել էր, որ իրենք աստիճանաբար բարելավում են լրագրության որակը եւ պատրաստվում են համապատասխան քաղաքական պահին, ոչ մի երաշխիք չկա, որ իշխանության «քաղաքական բարյացակամությունը» երկարաժամկետ է եւ չի ավարտվի հաջորդ նախագահական ընտրություններից առաջ:

«Կարծում ենք` լայն ներուժ կա հանրային հեռուստաընկերության` իր ոլորտում առաջատարը դառնալու համար` դրանով սահմանելով հանրային հեռարձակման զարգացման նախադեպ, որը կարող է կրկնօրինակվել տարածաշրջանի երկրներում: Այնուամենայնիվ, մենք նաեւ ընդունում ենք, որ Հանրային հեուստաընկերության կողմից հանրային ծառայության ոգին ամրապնդելու կարողություն մեծապես կախված է քաղաքական կամքից եւ իշխանությունների մակարդակով վերաբերմունքի փոփոխությունից»,- զեկույցում եզրակացրել են նաեւ բրիտանացի փորձագետները:

«Բի-բի-սիի» գնահատականով` Հանրայինը հաջողված կոմերցիոն հեռուստաընկերություն է, որը առաջատար դիրքեր ունի իր վարկանիշով եւ գերիշխում է գովազդի տեղական շուկայում: 2008թ. նրա ակնկալվող եկամուտները 2 մլն-ով գերազանցում են նախորդ տարվան` կազմելով ավելի քան 11 մլն դոլար: Մինչ այժմ հիմնական ուշադրությունը կենտրոնացված է եղել լայնորեն դիտվող հեռուստաալիք զարգացնելու վրա, որն իր «փրայմ-թայմ» լրացնում է լատինաամերիկյան սերիալներով, երաժշտական ծրագրերով եւ «ռեալիթի» շոուներով, որոնց ծավալը գերազանցում է հանրային ծառայության բովանդակություն ունեցող հաղորդումներին:

Բարեփոխվելու ցանկություն հայտնած Հանրայինի ղեկավարները համոզված են, թե հանրային բնույթի հաղորդումների պահանջարկ Հայաստանում չկա, եւ ժամանցայինից հանրայինի վերածվելով` իրենց եկամուտները կնվազեն:

ՀՀՌԽ-ի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Ալեքսան Առաքելյանի կարծիքով` «Եթե ավելանա հանրային ծառայության ծրագրերի թիվը, հեռուստադիտողների թիվը կնվազի: Այդ դեպքում կառավարությունը հարց կտա` ինչու՞ ենք ֆինանսավորում մի հեռուստաընկերություն, որը ոչ ոք չի դիտում»:

Այս կարծիքները վկայում են, որ Հանրային հեռուստառադիոխորհրդում ոչ միայն մոռացել են, որ նաեւ առաջարկն է ձեւավորում պահանջարկ, այլեւ լավ չեն պատկերացնում հանրային հեռարձակողի առաքելությունը, որը հիշեցրեց Մայքլ Ռանդալը. «Հանրային հեռուստատեսությունը պետք է եթեր տա այնպիսի ծրագրեր, որոնք շահավետ չեն լինի, բայց կարեւոր նշանակություն ունեն ազգի կրթության եւ մշակույթի վրա ազդեցության տեսակետից»:

Ուսումնասիրելով Հանրային հեռուստաընկերության գործունեության իրավական հիմքերը` «Բի-բի-սին» եզրակացրել է, որ ՀՀՌԽ-ն հեռուստաընկերության ծրագրային քաղաքականության վրա շատ ավելի մեծ ազդեցություն ունի, քան նմանատիպ կառույցները Արեւմտյան Եվրոպայում, մինչդեռ չկա որեւէ համակարգ, որը կապահովեր, որ Խորհրդի որոշումները ձեւավորվեին` ելնելով հանրության կարծիքներից:

«Թեեւ ՀՀՌԽ-ի նախագահի ընտրության կարգը փոխվել է, բայց նրա նշանակումը Հանրապետության նախագահին թողնելը չի բացառում վերջինիս մասնակցությունը հեռուստաընկերության գործերին»,- ասաց Մ. Ռանդալը:

«Բի-բի-սին» Հանրային հեռուստաընկերությանն առաջարկել է խմբագրական ուղենիշների ստեղծում` հեռուստաընկերության կանոնադրությունն ու կանոնակարգը մշակելու համար, էթիկայի կանոնագրի ընդունում, հեռուստատեսության կառուցվածքի կառավարման օպտիմալացում եւ աշխատանքային համակարգի հստակեցում, լրատվական բաժնի վերազինում եւ լրատվական հմտությունների զարգացում, նոր ծրագրային ուղղությունների զարգացման աջակցություն եւ ընտրված հաղորդումների համատեղ արտադրանք` «Բի-բի-սիի» խորհրդատուների հետ համագործակցությամբ:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը համոզված է, որ 18-ամսյա այս համագործակցության արդյունքը գոհացուցիչ կլինի:

Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter