HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աքորիում ծնելության և մահացության ցուցանիշները մտահոգիչ են

Աքորի գյուղում 1000 տնտեսությունից ներկայումս բնակվում են 750-ը: Աքորիում կան տներ, որոնք ամբողջությամբ դատարկ են: «Գյուղից վերջին տարիներին 500 տղամարդ է մեկնել Ռուսաստան, 200-ն այնտեղ հաստատվել են, 300-ը` գնում-գալիս են»,- ասաց  համայնքապետը: Վերջինս այս առումով կարեւորեց գյուղում աշխատատեղերի ստեղծումը: Աքորիում տարեկան գրանցվում է 14 ծնունդ, 42 մահ:  Հրահատ Սիմոնյանը 2013թ.-ի համայնքի բյուջեի սոցիալական տողով նախատեսված 1,9 մլն դրամից 1մլն դրամը  տրամադրել է գյուղի հանգուցյալների հարազատներին`մահվան արարողությունների համար: Ծնելության եւ մահացության թվերը մտահոգում են համայնքապետին: «Ես մտածում եմ, եթե մի 10 տարի, Աստված ոչ անի, էս տեմպով ծնունդներն ու մահերը շարունակվեն, գյուղը կվերանա»,- ասում է նա: 

Ծնելիությունը խրախուսելու նպատակով Հրահատ Սիմոնյանը համայնքի 2014թ. բյուջեի բնապահպանական վճարներից  900  հազար դրամ է  նախատեսել գյուղի հղի կանանց սննդով ապահովելու համար: Աքորիի համայնքապետը դժգոհում է, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական  գործարանի ծխնելույզը  Կոշաբերդ սարի գագաթը տեղափոխելուց հետո գործարանի արտանետումները շատ են վնասում աքորեցիներին: «Կոշաբերդում խողովակը Աքորիին հավասարացրել են, քամին փչում է, մեկ էլ տեսնում ենք գյուղը թաղվում է ծխի մառախուղի մեջ»,- բացատրում է նա: Գյուղը գործարանի արտանետումներով աղտոտելու համար 2014թ.-ին պետբյուջեից համայնքի բյուջեին 28 մլն դրամ բնապահպանական սուբվենցիա է վճարվել: 

Հ. Սիմոնյան Վ.Սիմոնյան

2014թ.-ի  բյուջեի նախատեսված եկամուտները կազմում են  79,4 մլն դրամ, որից  47,2 մլն դրամը կազմում են պաշտոնական տրանսֆերտները: Համայնքապետ Հրահատ Սիմոնյանը  մարտի 14-ին Աքորիի սոցիալական վիճակը շատ ծանր համարեց եւ «Հետքին» հայտնեց, որ աքորեցիներն ապրում են արտագնա աշխատանքով ու անասնապահությամբ: 

Հողագործությունը Աքորիում գրեթե վերացվել է: Գյուղի 210 հա վարելահողերից ոչ մի հեկտար չի մշակվում` ոռոգման ջրի պատճառով: Աքորիի վարելահողերը ոռոգելու համար 2004-2009թթ.-ին կատարվել են 73 մլն դրամի ներդրումներ: «Փրկեք երեխաներին» միջազգային կազմակերպության նվիրաբերած 43 մլն դրամով եւ համայնքի բյուջեի 12 մլն դրամ ներդրումով 2004թ.-ին կառուցված «Չափրելաձոր-Աքորի» ոռոգման ջրատարը կառուցման օրից ոռոգում է ընդամենը գյուղի Սեդվի թաղամասի մի քանի տնամերձերը: Այստեղ 2008թ.-ին պետբյուջեից հատկացված 6,8 մլն դրամով կառուցվել է ոռոգման նոր ջրագիծ`գյուղի «Տափի դուզ» հանդամասի ոռոգման համար, որն այդպես էլ հանդամասի 40 հա վարելահողերին չի հասել: Պետբյուջեի  9,7 մլն դրամով իբր թե վերանորոգվել են գյուղի ոռոգման ներքին ջրագծեր, որոնք իրականում գոյություն չունեն: 

Այսուհանդերձ, Հ. Սիմոնյանն ասում է, որ Աքորիի ամենացավոտ հարցը  ոռոգման ջուրն է: Հիշեցնենք, որ «Հետքը» ահազանգել գյուղի ոռոգման ջրի համար հատկացված ֆինանսական միջոցների փոշիացման մասին: Հրապարակման փաստերով Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ հարուցվեց, որը սակայն հետեւանք չունեցավ: Ոռոգման ջրի պատճառով «Տափի դուզ» հանդամասի 40 հա բարեբեր հողերը դարձել են խոտհարքներ: Հրահատ Սիմոնյանը հանդամասի ոռոգման ջրի խնդիրն սկսել է լուծել 0-ից: Նա 2014թ. համայնքի բյուջեից 2 մլն դրամ է հատկացրել գյուղի ջրատարից դեպի հանդամաս գնացող ջրագծերը վերականգնելու համար: «Եթե ոռոգման ջուր լինի`գյուղացիներն այդ հանդամասի վարելահողերը կմշակեն, մեր ժողովուրդն աշխատող ժողովուրդ ա»,- ասում է նա:  Հողի  մշակման գործում համայնքապետը կարեւորեց նաեւ նոր գյուղտեխնիկայի ձեռքբերումը: 

Աքորիի շատ հիմնախնդիրներ տեղ չեն գտել գյուղի զարգացման 2013-2016թ.-ի քառամյա ծրագրում:  Հ. Սիմոնյանը քառամյա ծրագրով նախատեսել է հիմնանորոգել համայնքապետարանը, դպրոցը, համայնքային կենտրոնը: Ի դեպ, համայնքի վարչական շենքը վատ վիճակում չէ, իսկ դպրոցի շենքի վերանորոգման պատասխանատվությունը կրում է մարզպետարանը: Քառամյա ծրագրից դուրս են մնացել գյուղի արտագաղթը կանխելու կարեւորագույն խնդիրները: Աքորիի զարգացման քառամյա ծրագիրը չի բխում գյուղացիների շահերից եւ ձեւական փաստաթուղթ է: 

Աքորիի արտագաղթի հետեւանքներից «Հետքին» դժգոհեցին գյուղամիջում կանգնած տարեց աքորեցիները: «Ջահելները գնում են Ռուսաստան, որը գնում է ավարիա տալի, որը ինվալիդ դառած գալի: Ինձ նմաննին էլ թոշակ են առնում, չալիշ են գալիս, որ հացն էլ նիսյա չանեն: Ես հլա ստիպված ծխելս էլ եմ թողել: Խմեի`էդ էլ եմ բոշացրել: Բա խեղճ ջահելն ի՞նչ անի»,- դժգոհեց Վանիկ Սիմոնյանը:

Մեկնաբանություններ (2)

lerno
Tikin larisa duk tencel chhaskacak vor voreve harc hamankapetn chi voroshum ail avakanu andamnern isk giuxapetn aid voroshumnern uxaki i katar e acum vori hamar ka hstak orensgirk vorn el kochvum e tim orenk
Լարիսա Փարեմուզյան
Պարոն Լեռնո, քանի որ դու շատ հասկացող ես, ստիպված եմ քեզ խորհուրդ տալ, որ կարդաս ՀՀ տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 34 հոդվածով սահմանված ֆինանսական բնագավառում համայնքի ղեկավարի գործունեությանը: Ըստ վերոնշյալ հոդվածի համայնքի ղեկավարը կազմում և ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի բյուջեի նախագիծը, դրանում առաջարկվող փոփոխություններն ու ապահովում է բյուջեի կատարումը: Լեռնո~,նույն հոդվածի 5-րդ կետով համայնքի ղեկավարը տնօրինում է համայնքի բյուջեի միջոցները , ապահովում է դրանց նպատակային օգտագործումը և այլն: Համայնքի ղեկավարը ավագանու հաստատման է ներկայացնում նաև համայնքի զարգացման ծրագիրը: Մնացածը դու կարդա Լեռնո: Հիմա դառնամ օրենքի 16 հոդվածով սահմանված ավագանու իրավասությանը : Ավագանին հաստատում է համայնքի զարգացման ծրագիրը, հաստատում է համայնքի բյուջեն, վերահսկում է համայնքի բյուջեի կատարումը և այլն: Հիմա քո կարծիքով բյուջեի կամ գյուղի զարգացման մասին մենք խոսելու էինք բյուջեի պատասխանատուի հետ, թե վերահսկողի հետ: Կյանքն առջևում է, Լեռնո, երբ կհայտնաբերեք բյուջեի յուրացումներ կամ անօրինականություններ, այն ժամանակ էլ կխոսենք բյուջեն վերահսկողների հետ: Հուսով եմ հասկացար , Լեռնո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter