HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խորհրդարանական լսումներ՝ «Ֆեյքերի» դեմ օրինագծի շուրջ. կարծիքներ եւ գնահատականներ

Ազգային ժողովում այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը «Վիրավորանքը եւ զրպարտությունը համացանցում. առկա հիմնախնդիրները եւ առաջարկվող օրենսդրական լուծումները» թեմայով խորհրդարանական լսումներ էր կազմակերպել: Քննարկման առիթը պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Թեւան Պողոսյանի, Էլինար Վարդանյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արմեն Ռուստամյանի, Ստեփան Դեմիրճյանի, Էդմոն Մարուքյանի, Գագիկ Ջհանգիրյանի եւ Հեղինե Բիշարյանի հեղինակած «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն էր, որը հասարակության շրջանում հայտնի դարձավ «ֆեյքերի» դեմ պայքարի օրինագիծ անվամբ:

Քննարկմանը մասնակցում էին մոտ մեկ տասնյակ մասնագետներ տարբեր ոլորտներից:

Հիշեցնենք` օրենսդրական նախաձեռնության հեղինակները պնդում են, որ վերջին շրջանում լայն տարածում է ստացել  սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի՝ «ֆեյքերի» միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության տարածումը, որը խախտում է անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, արժանապատվության իրավունքը եւ այլն: Հենց այս մտահոգությամբ էլ պատգամավորներն առաջարկում են պատասխանատվություն սահմանել այն լրատվական միջոցների նկատմամբ, որոնք տարածում են կեղծ օգտատերերի հրապարակումները եւ մեկնաբանությունները:

Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախագծից հանվել են որոշ դրույթներ, որոշ դրույթներ էլ ավելացվել են: Մասնավորապես` հանվել է հետեւյալ դրույթը. «Լրատվական գործունեություն իրականացնողը ազատվում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը վերարտադրելու համար պատասխանատվությունից, եթե ներկայացնում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղակատվության հեղինակին նույնականացնող տվյալներ»:

Հանվել է նաեւ անհայտ հեղինակի սահմանումը, այն էր՝ «Տեղեկատվության հեղինակը համարվում է անհայտ, եթե շահագրգիռ անձը, գործադրելով ողջամիտ ջանքեր, չի կարող նույնականացնել հեղինակին՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղ գտել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը»:

Նախագծի հեղինակ պատգամավորները լրամշակված տարբերակում առաջարկում են. «այն դեպքում, երբ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, հացվորը տեղեկատվությունը հրապարակային ներկայացնողի կամ լրատվական գործունեություն իրականացնողի դեմ կարող է դատարան դիմել միայն այն դեպքում, երբ ապացուցում է, որ անհնար է եղել գտնել վիրավորանք կամ զրպարտություն տարածած անձի դեմ դատարան դիմելու համար բավարար տվյալներ»:

Լրամշակված տարբերակում հեղինակները ավելացրել են ձեւափոխված մեկ այլ դրույթ, ըստ որի՝ «Լրատվական գործունեություն իրականացնողը պատասխանատվություն է կրում էլեկտրոնային կայքում տեղ գտած վիրավորանք կամ  զրպարտություն պարունակող մեկնաբանությունների համար, եթե վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնելու վերաբերյալ պահանջ ներկայացնելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ քան 12 ժամվա ընթացքում, չի հեռացնում կամ հրաժարվում է հեռացնել այն»:

Մասնագետների գերակշիռ մասը դեմ է նախագծին

Լսումներին ներկա գտնվողների գերակշիռ մասը քննադատեց նախագիծը` այն համարելով սպառնալիք հիմնականում ԶԼՄ-ների համար:

Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով` այս օրինագիծն ընդհանրապես պետք է հանվի շրջանառությունից, քանի որ առաջարկվող լուծումներն անիմաստ են: Ըստ նրա՝ այս օրինագիծը վտանգավոր է լրատվամիջոցների համար, եւ ակնկալվող լուծումները կամ սպասելիքները, խնդիրները, որ օրենքի հեղինակները մատնանշել են հիմնավորումների մեջ, կարելի է կարգավորել գործող օրենսդրությամբ: Մասնավորապես՝ վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունների դեպքում այսօր էլ կարելի է դիմել խմբագրություն՝ պահանջելով հեռացնել այն, իսկ եթե չհեռացվի՝ դիմել դատարան:

Ինչ վերաբերում է ընդհանրապես համացանցի կարգավորմանը, ապա Աշոտ Մելիքյանն այստեղ հարցեր տեսնում է, սակայն նույնիսկ Եվրոպայում այդ հարցերի լուծումը չեն գտել եւ առաջին քայլերն են կատարում այդ ուղղությամբ: «Միգուցե իմաստ ունի առայժմ սպասենք, տեսնենք ինչ արդյունքներ կլինեն: Թող սխալվեն այնտեղ, այդ փորձը մենք կօգտագործենք, բայց մենք շտապում ենք»,- ասաց Ա. Մելիքյանը:

Նա էլ է համաձայն, որ վիրավորանքի ու զրպարտության դեմ պետք է պայքարել, բայց մյուս կողմից` պետք է նաեւ դիտարկել, թե ինչպես են տարբեր քաղաքական գործիչներ, հասարակության այլ ներկայացուցիչներ օբյեկտիվ քննադատությունն ընկալում որպես վիրավորանք եւ զրպարտություն եւ դիմում դատարան: Որպես օրինակ նա նշեց գործարար Խաչիկ Խաչատրյանն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի դատական գործը:

Ա. Մելիքյանն ասաց, որ այն մարդիկ, ովքեր քննադատությունն ընդունելու են որպես վիրավորանք կամ զրպարտություն, խմբագրություններից պահանջելու են հեռացնել, իսկ եթե խմբագրությունը չհեռացնի, միանգամից դիմելու են դատարան: Սա այն դեպքում, երբ ընկալումը տարբեր է, եւ խմբագրություններն առավոտից երեկո պիտի զբաղվեն մեկնաբանությունները հեռացնել-չհեռացնելու գործով՝ մտավախություն ունենալով դատարանում հայտնվելու հանգամանքից: Մի բան, որ հանգեցնելու է ինքնագրաքննության:

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ այս նախաձեռնության մտահղացումը պատկանում է լրատվամիջոցներին: «Ինձ` որպես նախկին լրագրողի, դիմել են իմ կողմից շատ հարգարժան, շատ հարգված լրագրողներ (կարծում եմ, եթե իրենք այստեղ են, կխոսեն եւ կասեն, ես չեմ տա իրենց անունները) եւ խնդրել են մեզ՝ պատգամավորներիս, որ տեսնում եք նման անհրաժեշտություն կարգավորելու այս դաշտը: Առաջին իմպուլսը, ազդակը եկել է շատ հարգարժան լրատվամիջոցներից, եւ ես կարծում եմ, որ անպայման նրանք այստեղ այդ դիրքորոշումը կհնչեցնեն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ելույթ ունեցողներից Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկինում` մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ) գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը ցանկացավ տեսնել այդ լրագրողներին եւ լսել նրանց փաստարկները, սակայն այդպես էլ պատասխան չհնչեց:

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ ղեկավար Սուրեն Դեհերյանը նշեց, որ այս պահին օրինագծի անհրաժեշտությունը չկա: Նա շահագրգիռ կողմերին կոչ արեց միավորվել հիմնարար նախաձեռնությունների շուրջ, ինչպիսին է, օրինակ՝ ցանցային չեզոքության հիմնարար սկզբունքների ապահովումն ու բաց կառավարման զարգացումը եւ այլն: «Այսինքն` մեր ջանքերը պետք է ավելի շատ ուղղված լինեն համացանցում տեղեկատվության ազատ տարածմանն ու հասանելիությանը, ոչ թե անհայտների բացահայտմանն ու պատժամիջոցներին: Անշուշտ, համացանցը շատերի համար անհարմարություն է ստեղծել, եւ այս պարագայում կարելի է ասել, որ անհարմարություն հիմնականում ստեղծում է հանրային անձանց համար, ովքեր բավարար ռեսուրս չունեն վերահսկելու ողջ դաշտը: Կարծում եմ` դրա անհրաժեշտությունն էլ չկա»,- ասաց Ս. Դեհերյանը:

Նրա կարծիքով` համացանցին վերաբերող ցանկացած նախաձեռնություն չպետք է ունենա բացասական կամ ռեգրեսիվ բնույթ: Սուրեն Դեհերյանը տարածաշրջանի օրինակով ցույց տվեց, որ արգելափակումները, պատժամիջոցները գործի են դրվում այն ժամանակ, երբ օգտատերերը կառավարության դեմ ուղղված արտահայտություններ են անում:

Նախագծի ընդունման դեպքում «վտանգավոր ապագա» կանխագուշակեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը եւ հավելեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն արագ են զարգանում եւ մինչեւ քննարկման ավարտը կարող է նոր բան փոխվել, դրա համար պետք չէ շտապել: Պատգամավորը վերջում խորհուրդ տվեց, որ եթե վիրավորական արտահայտություններ են տեսնում, ավելի լավ է դրանք չկարդալ:

«Տեղեկատվական վեճերի խորհրդի» անդամ, միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանն էլ ասաց, որ ի սկզբանե դեմ է եղել այս նախաձեռնությանը, քանի որ ինտերներտը մի ոլորտ է, որտեղ իրերը շատ արագ են փոփոխվում: Նրա կարծիքով, այս պահին ունենք խնդիրը կարգավորող` Վճռաբեկ դատարանի առնվազն երկու նախադեպային որոշում, եւ իրավական որոշակիությունն ապահովված է:

Իրավաբանի խոսքերով՝ վիրավորական կամ զրպարտչական մեկնաբանությունները հեռացնել-չհեռացնելու ծանրությունը պետք է թողնել լրատվամիջոցի վրա, որպեսզի ինքը որոշի` մտնի ռիսկի տակ, թե ոչ: Արա Ղազարյանը պատճառաբանեց, որ եթե օրենքով է լրատվամիջոցին պարտավորեցվում ծանուցվելու դեպքում հեռացնել նմանատիպ մեկնաբանությունը, չհեռացնելն ինքնին հանգեցնում է պատասխանատվության: Նա առաջարկեց այդ ձեւակերպումը հանել եւ փոխարինել լայն մտքով: Ա. Ղազարյանը կողմնակից է, որ նախադեպային իրավունքը ձեռք-ձեռքի տված քայլի օրենսդրության հետ եւ առաջարկում է հարցը կարգավորել լայն օրենսդրությամբ:

Բանախոսներից շատերը եւս դեմ արտահայտվեցին, այդ թվում` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Վերջում Դավիթ Հարությունյանն ասաց, որ դեռ քննարկումներ կկազմակերպվեն, եւ արծարծված հարցերը մանրամասն կուսումնասիրվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter