HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Տեխզննության բացակայության մասին

Բոլոր վարորդներս ամեն տարի մասնակցում ենք մի տարօրինակ արարողության` այցելում ենք բանկ և մոտ 8000 դրամ վճարի դիմաց ստանում ավտոմեքենայի տեխզննության կտրոն:  Ապա այն փակցնում ենք մեքենայի դիմապակուն:

Եթե ԱՊՊԱ-ի պայմանագիրը կնքելիս գիտենք, թե դրա իմաստը որն է, իսկ մեքենայի գույքահարկը վճարելիս հասկանում ենք, որ այն հարկ է, որը պիտի վճարվի, ապա նույնը չի կարելի ասել տեխզննության կտրոնը գնելու մասին:

Ինչպես է գործում

Ըստ մոտ 5  տարի առաջ ընդունված կարգերի` վարորդը պարտավոր է տեխզննության կտրոնը գնել բանկից, ապա գնալ տեխզննության ցանկացած կայան: Այստեղ մեքենան զննում են և սարքին լինելու դեպքում կտրոնի վրա դնում են կնիք (դրոշմ): Ապա կտրոնը փակցվում է դիմապակուն, որպեսզի ՃՈ տեսուչները տեսնեն, որ երթևեկող մեքենան գտնվում է տեխնիկապես անվտանգ վիճակում:

Իսկ տեխզննության կտրոնի համար վճարված գումարը փոխանցվում է այն կայանին, որտեղ մեքենան անցել է զննությունը:

Սակայն, այս պրոցեսը իրականությունից հեռու է: Սովորաբար, վարորդները բանկից հետո անգամ չեն այցելում տեխզննության կայաններ, այլ միանգամից կտրոնը փակցնում են դիմապակուն, իսկ ՃՈ տեսուչները ուշադրություն չեն դարձնում կտրոնի վրա դրոշմի առկայությանը:

Այս դեպքում կտրոնի համար վճարված գումարը մնում է բանկին (իմիջիայլոց, դա` շնորհիվ Տիգրան Սարգսյանի հեղինակած փոփոխության):

Առավել բարեխիղճ վարորդները բանկից հետո այցելում են տեխզննության կայաններ: Սակայն վերջիններս առանց որևէ զննություն անելու կտրոնի վրա դնում են դրոշմը: Նրանք գիտեն, որ եթե զննություն անեն, կվանեն առանց մեծ մոտիվացիայի իրենց այցելած վարորդին:

Ավելին, երբ տեխզննության կայանի աշխատակցին վարորդն ինքն է խնդրում մեքենայի որևէ մաս զննել (ինչը նա պարտավոր է անել անկախ վարորդի կամքից), պարզվում է, որ զննության համար նախատեսված սարքեր չունեն:

Այսինքն, թեև բոլորս վճարում ենք տեխզննության վճարը, այդ գումարը կամ բանկում է կորում, կամ տեխզննության կայանում, իսկ մեքենան մնում է չզննված:

Հարցի կարևորությունը

Շատերին թվում է, որ հարցը այդքան էլ կարևոր չէ: Սակայն արևմտյան երկրների վիճակագրությունը վկայում է այն մասին, որ որքան խիստ է երկրում տեխզննությունը, այնքան քիչ են վթարները:

Ավելին, այնպիսի երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Շվեյցարիան, տեխզննությունը այն աստիճան խիստ է, որ երբեմն մարդիկ ստիպված են հին մեքենան փոխարինել նորով, որպեսզի կարողանան անցնել հայտնի TUF-ը (Գերմանիայում մեքենաների տեխզննությունը այդպես է կոչվում):

Հայաստանում տեխզննության բացակայությունն ակներև է ցանկացած մարդու համար, ով երեկոյան դուրս կգա փողոց, քանի որ բազմաթիվ մեքենաներ երթևեկում են առանց լույսերի (կամ թերի լույսերով), ինչը հաճախ հանգեցնում է ողբերգական վթարների:

Բացի այդ, մեր երկրում կա ավանդույթ, որ վարորդները այնքան են բարձրացնում մոտահար լույսը (ближний свет), որ այն արդեն փաստացի դառնում է հեռահար (дальний): Այդ պատճառով հաճախ մեզ «քոռացնում են» դիմացից եկող անգամ մոտահար լույսով մեքենաները: Տեխզննության առկայության դեպքում վարորդները ստիպված կլինեն լույսերը պահել նորմայի սահմաններում:

Այսպիսով, ճիշտ աշխատող ղեկ ու արգելակման համակարգեր, ստանդարտներին համապատասխանող լույսեր և մի շարք այլ հարցեր այժմ թողնված են վարորդի պատասխանատվությանը: Իսկ եթե վարորդն անպատասխանատու է, ապա նա վտանգում է իր և երթևեկության մյուս մասնակիցների կյանքը… պետության լուռ համաձայնությամբ:

Լուծումը

Ստեղծված իրավիճակում, երբ մարդկանցից գումար են գանձում, իսկ տեխզննություն չեն անում, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ:

Ակնհայտ է, որ հարցը, որից կախված է երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը, չի կարող թողնվել միմյանց և բանկերի հետ մրցող մասնավոր կազմակերպություններին, այլ պետք է վստահվի պետական մի մարմնի այնպես, ինչպես համարյա ամբողջ աշխարհում է (և մինչև 2000-ականները ՀՀ-ում):

Եթե տեխզննությունն իրականացնի ճանապարհային ոստիկանությունը, ապա այն առնվազն կգործի: Միգուցե վատ, միգուցե կոռուպցիայի դրսևորումներով, բայց կգործի: Վարորդները կգան ՃՈ կայաններ և ստիպված կանցնեն տեխզննությունը:

Առավել ևս, որ այս տարիներին ՃՈ-ում բազմաթիվ փոփոխություններ են եղել, կոռուպցիայի լուրջ նվազում է գրանցվել:

Իսկ մինչ այդ, շարունակելու ենք անհայտ ծառայության համար բանկերում վճարել գումար, անհասկանալի բանի մասին վկայող մի թուղթ փակցնել դիմապակուն և երթևեկել փողոցներով, ուր կան մեր կյանքը վտանգող բազում անսարք մեքենաներ:

Մեկնաբանություններ (8)

Խաչատուր
Առաջին հերթին պետք է վերացնել այլանդակ ավանդույթը, որի համաձայն գույքահարկը պետք է վճարված լինի այդ պահին։ Ի՞նչ կապ ունի հարկը մեքենայի տեխնիկական վիճակի հետ։ Տպավորություն կա, որ պետությանը հետաքրքիր չե տեխ վիճակը, այլ հետաքրքիր է այդ պատրվակով հարկեր հավաքելը։
Arman
Հարգելի Դանիել, դուք ինչ՞ եք առաջարկում, վերադարձնել կոռուպցիան ՃՈ՞: Միգուցե՞ տեխ զննման կայաններից ուղղակի պահանջվի կատարել իրենց պարտականությունները: Նշեմ նաև, որ լույսերի բերված օրինակը ոչ պրոֆեսիոնալ է. լույսերը կարող են փչանալ ամեն օր, իսկ տեխզննումը լինում է տարին 1 անգամ: Սա հարցի լուծում չի... Չեմ հասկանում, դուք կոռումպացված ՃՈ աշխատող՞ եք եղել :)
traveler
Հարգելի Դանիել, ներկա հմակարգը լավն է, ի համեմատություն նախորդի, բայցև կան թերություններ: Ձեր առաջարկած լուծումները չեն կարող լավ գործել, ինչը և փորձով արդեն ապացուցվել է: Որպեսզի համակարգը գործի, անհրաժեշտ է օրենք, որը նախ անվավեր կճանաչի այն կտրոնները, որոնք ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում չեն կնքվել համապատասխան տեխզննում անցկացնող կազմակերպության կողմից: Երկրորդ, պետք է ստեղծվեն տեխզննում անցկացնող (մի քանի) կազմակերպություններ, որոնք շահագրգռված կլինեն նորմալ տեխզննում անցկացնել: Երրորդ, պետք է ստեղծվի դրանց վերահսկող մարմին, որը կհետևի նման կազմակերպությունների ճիշտ գործելուն և անհրաժեշտ տեխնիկապես հագեցվածությանը:
Երևանցի
Երբ տեխզննությունը իրականացնում էին ՃՈ-ում, ամեն անգամ գնում էինք տեխ-զննման կայան առանց ավտոմեքենան տանելու և մուծում էինք , ավելի ճիշտ ՄՈՒԾՎՈՒՄ ԷԻՆՔ 5000 դրամ և ստանում համապատասխան կտրոնը, դեռ մի 2000 տալիս էինք այսպես կոչված CO գազի արտանետման իբր ստուգման համար: Այդ տեխ ստուգատես ասածն իսկական ՓՈՒՉԻԿ Է, ինչ է նշանակում տարին մեկ ստուգել ավտոմեքենան, որն կարող է փշանալ մեկ րոպեի ընթացքում.
armengalstyan10
ոչ մեկի մտքով չի անցնում խոսել ճանապարհների վիճակից:Մեքենան փչանում է ճանապարհների ողբերգական վիճակից:Քսենոն լուսարձակների մասին էլ համեստորեն լռում ենք,որ ինչ անենք:Տեխ-զննությունն ինչ իմաստ ունի,երբ ճանապարհին հասատված ու պատկան մարմինների կողմից չնկատվող ամեն փոս ընկնելուց հետո նոր տեխզննում է անհրաժեշտ:
Dr. H
գումարը ամբողջությամբ չկորցնելու համար կարելի է կես կես անել տեխզննման կայանի հետ
Artyom
Ես առաջարկում եմ ուղղակի հանել այդ բեռը մեր վրայից ինչպես արվում է Վրաստանում: այսինքն եթե Ֆիկտիվ է ու ձևական ինչ իմաստ ունի փող գանձել մարդկանցից?
Artur
Ես համամիտ եմ Արմենի հետ . Մեր պայմաններում ինչ տեխզննում կուզես արա մի ամիսե տեվելու.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter