HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի նախակրթարանները վերանորոգվում են համաֆինանսավորմամբ

Քրիստինե Հայրապետյան

Գորիս համայնքի քառամյա զարգացման 2013-2016 թթ. ծրագրով նախատեսված է   վերանորոգել համայնքային ենթակայության մի շարք հիմնարկներ, այդ թվում՝  քաղաքի  նախակրթական ուսումնական հաստատությունները (ՆՈՒՀ):

2013թ.-ին մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել քաղաքի նախակրթական ուսումնական հաստատություններում: Չնայած բոլոր 7 նախակրթարանները կապիտալ կամ մասնակի վերանորոգման կարիք ունեն, սակայն զարգացման   ծրագրում չեն ընդգրկվել թիվ 2 եւ 6 նախակրթարանների շենքերը: Ծրագրից դուրս, 2013թ.-ին քաղաքապետարանը 2,3 մլն  դրամ է հատկացրել քաղաքի թիվ 2 ՆՈՒՀ-ի՝ քամուց  վնասված  տանիքը վերանորոգելու համար, իսկ ջեռուցման երկրորդ պոմպը ձեռք բերելու, եվրոպատուհան տեղադրելու համար գումարը ծախսվել է մանկապարտեզի նախահաշվից: Նախակրթարանը  նաեւ համալրվել է գույքով` «Կամրջակ» բարեգործական հասարակական կազմակերպությունը 12 մահճակալ եւ 40 աթոռ է նվիրել:

Քաղաքի նախադպրոցական շենքերի շահագործման տարեթվերը տարբեր են, ամենահին շենքը թիվ  1 նախակրթարանինն է, որը 1931թ. կառույց է, իսկ  «ամենանորը»,՝ թիվ 2 եւ 7-ը (1982թ. եւ 1987թ.-ի կառույցներ են): Նախակրթարանները հիմնականում վերանորոգվում են համաֆինանսավորմամբ` հիմնադրամների եւ տարբեր բարեգործական կազմակերպությունների ծրագրերով: Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի խոսքով՝ ֆինանսավորող կազմակեպություններն իրենք են ընտրում այն նախակրթարանը, որի հետ ցանկանում են  համագործակցել:

Գորիս քաղաքային համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման 2013-2016թթ. ծրագրի ժամանակացույցի համաձայն` թիվ 1 նախակրթական ուսումանական հաստատությունը վերանորոգելու համար 2013-2016թթ. -ին նախատեսված է 30 մլն դրամ, իսկ 2013թ.-ի համար` 2 մլն, սակայն 2013թ.-ին այս ուսումնական հաստատությունը վերանորոգելու համար քաղաքապետարանը փոխանցել է 4 մլն դրամ, Սյունիքի մարզպետարանը`6.9 մլն դրամ, իսկ շենքի տանիքի վերանորոգման համար` «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը 5 հազար դոլլար արժողությամբ 700 քմ թիթեղ է տրամադրել, եւս   500 հազար դրամ տրամադրել է քաղաքապետարանը`պահեստի տանիքը վերանորոգելու համար: 

Թիվ 5-րդ եւ 7-րդ նակակրթարաններից յուրաքանչյուրի համար 2013-2016թթ.-ին նախատեսված է 20 մլն-ական դրամ, 2013թ.-ին  5-րդ եւ 7-րդ նախակրթական ուսումնական հասատություններում  ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոնի» ԾԻԳ-ը նախադպրոցական կրթության միկրոծրագրով վերանորոգել է մեկ խմբասենյակ:

Վերոնշյալ ծրագրի շրջանակներում կարեւորվում է հատկապես նախադպրոցական ավագ տարիքային խմբի` 5-6 տարեկան երեխաների տարրական կրթության արդյունավետ նախապատրաստելու հիմնախնդիրը: Թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատությունում  նախահաշվային արժեքը կազմել է 6 մլն 730 հազար դրամ, որից 3 մլն 200 հազարը վարկային ներդրումն է, իսկ համայնքի ներդրումը`3 մլն 300 հազար դրամ, նախակրթարանի բարեկարգման աշխատանքներին 800 հազար դրամով աջակցել է նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը խմբասենյակը ոչ միայն վերանորոգել է, այլեւ համալրել անհրաժեշտ գույքով, վերապատրաստվել են նաեւ այդ խմբասենյակներում աշխատող դաստիարակները:

Քաղաքի Նոր Վանքի տափ թաղամասում գտնվող թիվ 7 մանակապարտեզի խմբասենյակներից մեկը եւս նույն ծրագրով վերանորոգվել է: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է  6 մլն  940 հազար դրամ, որից 4 մլն  100 հազարը վարկային ներդրումն է,  2 մլն 300 հազար դրամը` համայնքի ներդրումը, իսկ 795 հազար դրամը մարզպետ Վ. Հակոբյանի համաներդրումն է: Թիվ 7 նախակրթարանի տնօրեն Կարինե Մինասյանը եւս գոհ է այդ  ծրագրի շրջանակներում արված աշխատանքներից: Վերանորոգվել է 5-6 տարեկան երեխաների խմբասենյակը, ննջասենյակն  ու սանհանգույցը: Խմբասենյակը համալրվել է անհրաժեշտ գույքով, տեխնիկական միջոցներով, խաղալիքներով: Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո էլ սկսվել են ուսումնական ծրագրերը:

2011թ.-ին երկու ՆՈՒՀ-երի՝ թիվ 2 եւ 3-ի խմբասենյակները եւս վերանորոգվել են  ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի միջոցներով, այսինքն, նույն միկրոծրագրով վերանորոգվել են Գորիսի 4 ՆՈՒՀ-երի 4 խմբասենյակներ:

 Քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի խոսքով` նախակրթարաններից հրատապ վերանորոգման կարիք ունի թիվ 3-ը, եւ Գորիս քաղաքային համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման 2013-2016թթ. ծրագրում ամենամեծ ներդրումը նախատեսված է այս  մանակապարտեզի համար` 45 մլն դրամ: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter