HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հայտնի է միայն անօթեւանների համար նախատեսված 430 բնակարանի կառուցման ավարտը, բայց ոչ սկիզբը

Գյումրու Մուշ-2/2 թաղամասում անօթեւանների համար նախատեսված 430 բնակարանի շինաշխատանքները կարելի է համարել ձախողված: Տպավորությունն այնպիսին է, որ անցած տարի այդպես էլ չմեկնարկած շինարարությունն այս տարի էլ չի սկսվի: «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանը խնդրի վերաբերյալ բազմիցս ահազանգել է, նամակներ ուղղել քաղաքաշինության նախարարությանն ու ստացել հուսադրող «շինաշխատանքների ժամանակացույցը փոփոխվել է, սակայն անպայման կառուցապատում կլինի» պատասխանը:

«Մեր վերջին հարցումն ուղղված էր ընդամենը մեկ խնդրի պարզաբանմանը. ե՞րբ են, ի վերջո, սկսվելու 430 անօթեւանների համար նախատեսված շենքերի շինարարական աշխատանքները Գյումրիում եւ մարզի գյուղական համայնքներում: Հարցումն ուղղել էինք երկրի նախագահին, վարչապետին եւ քաղաքաշինության նախարարին: Երեք տեղից էլ եկել է նույն պատասխանը, որ մտահոգված են շինարարության ժամկետների ձախողման առնչությամբ, կարգավորման նպատակով ներկայումս քաղաքաշինության նախարարությունը ֆինանսների նախարարության հետ համատեղ իրականացնում է ուսումնասիրություններ, որոնց արդյունքների մասին տեղյակ կպահեն լրացուցիչ»,- «Ասպարեզ» ակումբում հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Վահան Թումասյանը:

Պատասխան գրությունը Վ. Թումասյանը ստացել է այս տարվա մարտի 6-ին: Երկու նախարարությունների` արդեն մեկ ամսից ավելի տեւած ուսումնասիրությունների արդյունքը պարզ չէ նամակն ուղարկած կառույցի ղեկավարին, հատկապես շինարարությունը սկսելու ժամկետների առումով: «Իմ հարցմանը պատասխանել են, որ անօթեւանների համար նախատեսված շենքերի կառուցումը կավարտվի 2014թ. վերջին, բայց թե ե՞րբ կսկսեն՝ նշված չէ: Բայց ինչ-որ բան ավարտելու համար պիտի նախ սկսեն»,- տարակուսում է բանախոսը:

Գյումրեցի անօթեւաններն անհանգստացած են եւ թերահավատ, որ երբեւէ կստանան իրենց այդքան սպասված բնակարանները: Շինարարության ձգձգումը խուճապային տրամադրություն է ստեղծել նրանց մոտ: Վահան Թումասյանն ասաց, որ համբերությունը հատած անօթեւաններն այս անգամ չեն լռելու եւ կդիմեն բողոքի ընդունված ձեւերին ու մեթոդներին՝ իրենց ձայնը տեղ հասցնելու նպատակով:

«Ինձ գրեթե ամեն օր զանգում են բնակարանաշինության հարցով, սակայն ես մարդկանց կարող եմ փոխանցել միայն այն, ինչ գիտեմ, իսկ դա հուսադրող պատասխան չէ: Ես դեռ էն առաջին էտապի ձախողված շինարարության ժամանակ էի ասել, որ «Գլենդել հիլզ»-ից պետք է վերցնել պատվերը եւ տալ այլ շինկազմակերպության: «Գլենդել հիլզը»-ը երկու հազարից ավելի բնակարան է կառուցել, եւ բոլորն էլ` որակական խնդիրներով»,- ասաց «Շիրակ կենտրոն»-ի ղեկավարը:

Ասուլիսին մասնակցում էին նաեւ Մուշ-2/2 թաղամասի շինհրապարակի անվտանգության 4 աշխատակիցները, ովքեր տեղեկացրին, որ արդեն 6-րդ ամիսն է` «Գլենդել հիլզ» կազմակերպությունից աշխատավարձ չեն ստացել եւ մեկ շաբաթ է, ինչ գործազուրկ են: «Մոտ մեկ շաբաթ առաջ մեզ ազատել են աշխատանքից առանց վերջնահաշիվ տալու,- ասում է Վահիկ Շահնազարյանը,- կոնկրետ ինձ մոտ 440 հազար դրամ պարտք են: Մենք վեց ամիս աշխատել ենք առանց գումարի ու ոչ մեկի մտքով չի անցել, թե ինչպես պետք է մեր ընտանիքները պահենք»:

Անվտանգության արդեն նախկին աշխատակիցներին առաջարկել են շինհրապարակում կուտակած ամրանները վաճառել եւ վերցնել իրենց հասանելիք գումարը: «Էն ամրանները, որոնք պիտի օգտագործեին շինարարության մեջ, կառաջարկեին ծախել, բայց էդ էլ էր սուտ: Աշխատել ենք օգոստոսի 30-ից, երկու ամիս աշխատավարձ ենք ստացել ու վերջ, դրանից հետո մի կոպեկ չենք ստացել: Իմ ընտանիքը վեց անձից է բաղկացած, թոշակառուներ կան, ես միակ աշխատողն եմ ու, փաստորեն, վեց ամիս է` աշխատավարձ չեմ ստացել»,- ասում է Վ. Շահնազարյանը:

Անվտանգության չորս աշխատակիցներն էլ աշխատանքային պայմանագիր կնքել են «Գլենդել հիլզի» հետ, սակայն իրենց պատկանող օրինակը չունեն եւ չգիտեն` դատարան դիմելու դեպքում արդյո՞ք կարողանալու են ապացուցել, որ աշխատել են եւ չեն վարձատրվել:

Տեղեկությունը, թե «Գլենդել հիլզ»-ը սննկացման գործընթաց է սկսում, Վահան Թումասյանը չհաստատեց, միայն ասաց, որ նման լուրեր իրեն էլ են հասել, սակայն քանի դեռ պաշտոնապես որեւէ բան չի հայտարարվել, դժվար է ասել, թե նոր ձեւավորվող կառավարությունն ինչ որոշում կընդունի շինկազմակերպության եւ ձգձգվող շինարարության վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter