HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Պատերազմը շարունակվում է լուռ խրամատներում (վիդեո, ֆոտո)

Դեպի առաջնագիծ տանող խորդուբորդ ճանապարհին անընդհատ ինձ բռնացնում էի այն մտքի վրա, որ այլեւս հետաքրքրված չեմ պատերազմներով, էլ ոչ մեկին չեմ ատում, թշնամիներ չունեմ ու այդպես ավելի տխուր է։ Մայրաքաղաքում հողի հոտը մոռանալը հեշտ է, մանավանդ երբ անընդհատ բախվում ես քաղաքական թեմաներով թարմացվող ասֆալտին։ Ամեն բախումից հետո ավելի ու ավելի ես հիասթափվում ու հեռանում հողից…

Իմ այս մտքերը դեռ երկար կշարունակվեին, եթե մեզ տեղափոխող զինվորական վիլիսը կանգ չառներ խրամատների մոտ՝ փոշու եւ լռության մեջտեղում։ Սահմանը պահող զինվորներն արդեն զգուշացված էին լրագրողների ժամանման մասին, բայց ի տարբերություն մայրաքաղաքի ասֆալտը հսկողների՝ խուճապի չէին մատնվել։ Նրանք ամեն օր սեփական ուժերով են փորում հողը, հարդարում խրամատները, կարգի բերում տարածքն ու փորձում ձայներ որսալ դանդաղ քամու միջից։

Առաջին գծում զինվորներն ապրում են 14 օր։ Սուր լսողություն ձեռք բերելու եւ վախերից ազատվելու համար նրանք գոնե երկանգամյա դիրքեր բարձրանալու փորձ պիտի ունենան։ «Առաջին անգամ հեշտ չի՝ գիշերը մանավանդ, բայց երբ սովորում ես, դիրքերից զորամաս չես ուզում իջնել»,- պատմում է արարատցի Խաչատուր Ինջոյանը, ով 8 ամիս է` ծառայում է Ասկերանի շրջանում։ Խաչատուրն արդեն 4-րդ անգամն է, ինչ դուրս է գալիս առաջնագիծ: Նրա դասընկերը պատահաբար նույն զորամասում է ծառայում եւ միասին կողք-կողքի հենակետեր են պահում:

Պաշտպանության բանակի բարեփոխումներից  մեկն էլ առաջնագծում մարտական հերթապահության նախկին 2 ժամի փոխարինումն է  4 ժամի:

4 ժամ խրամատը հսկելուց հետո հաջորդ 4 ժամը նրանք հանգստանում են. «Հանգստի ժամին հիմնականում քնում ենք, բայց ցերեկը նաեւ աշխատում ենք, խրամատներն ենք թարմացնում: Իսկ եթե գործ չկա, շախմատ, շաշկի ենք խաղում. ուրիշ բան չկա անելու»,- ասում է Խաչատուրը:

«Խրամատում հերթապահության ժամանակ հիմնականում մտքերով ես լինում: Ճիշտ է, անընդհատ ուշադրությունդ լարված է, ձայնի է սպասում, բայց միեւնույն ժամանակ մտքովդ տարբեր բաներ են անցնում. մանավանդ գիշերը: Նոր զորակոչված ժամանակ անընդհատ ընտանիքիդ մասին ես մտածում, շատ ես կարոտում: Հետո երբ հարմարվում ես, հասկանում ես, որ երկու տարի պիտի այստեղ ապրես, արդեն էստեղի կյանքիդ մասին ես մտածում: Մեկ-մեկ մտածում եմ, որ վերջացնեմ ծառայությունը, ինչ պիտի անեմ. տարբեր մտքեր եմ ունենում»,- պատմում է Դավիթ Դավթյանը, ով Մասիսից է զորակոչվել Արցախ եւ 3 ամսից զորացրվելու է տուն:

Դավիթը նույնպես հաստատում է, որ դիրքերում ավելի հետաքրքիր է, քան զորամասում. «Առաջնագծում ավելի լավ ես հասկանում ծառայության կարեւորությունը, զգում ես, որ քեզնից հետո քո ընտանիքն է, իրենց հույսը դու ես… լավ է, որ եկա ծառայության. ծառայելուց ավելի շատ բան ես հասկանում կյանքում»,- ասում է Դավիթը:

Ասկերանի զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ Արա Քամալյանը  20 տարի եւ 7 ամիս  ծառայում  է Պաշտպանության բանակում: Նա ասում է, որ այդ տարիների ընթացքում եկել է եզրահանգման, որ հասարակության գաղափարական հասունացումը կարող է լավ բանակի երաշխիք հանդիսանալ:

«Ստիպողաբար ոչ մի զինվոր լավ չի ծառայի, մենք ավելի շատ ձգտում ենք ոգեշնչել, օրինակներ բերել: Էն հողը, որն իրենք փորում են, խրամատ են սարքում մեր տղաների արյունն է կրում իր մեջ, ու ամեն նոր ծառայողի մենք էդ մասին ասում ենք: Բազմաբնույթ միջոցառումներ ենք կազմակերպում, ազատամարտիկների հետ հանդիպումներ՝ հենց մարտական դիրքում, որ իրենք հասկանան ծառայելու կարեւորությունը»,- ասում է հրամանատարի տեղակալը:

Առաջնագծից վերադառնալու հաջորդող օրերին տեղեկացանք 3 զինվորների մահվան մասին: Նրանք զոհվել էին սահմանը հսկելու ժամանակ՝ թշնամու դիվերսիոն գործողությունների արդյունքում: Հետո ԼՂՀ ՊՆ-ն հաղորդեց նաեւ հայկական կողմի հակահարվածի եւ ադրբեջանական զոհերի մասին:

Օպերատոր՝ Սարո Բաղդասարյան

Լուսանկարիչ՝ Նարեկ Ալեքսանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter