HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի ավագանին քաղաքապետին պատժում է ոչ թափանցիկ աշխատաոճի համար

«Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի տվյալ տարվա բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը համայնքի ավագանու որոշմամբ կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման կամ չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով: Առաջնորդվելով օրենքի այս դրույթով, Գորիսի համայնքային իշխանությունը ընթացիկ տարվա փետրվարի 25-ին հրավիրված ավագանու նիստի քննարկման էր ներկայացրել համայնքի 2014թ. բյուջեում փոփոխություն կատարելու մասին հարցը, ըստ որի առաջարկվում էր 72 մլն 583 հազար դրամ տարեսկզբի ազատ  մնացորդն ուղղել ֆոնդային բյուջե` համայնքային տարբեր խնդիրների լուծման նպատակով:

Նույն նիստի օրակարգում ընդգրկված էր նաեւ 2013թ. բյուջեի հաշվետվության հաստատումը: Ավագանու ութ անդամ, սակայն, մինչեւ նիստի հայտարարված օրը, իրենց առարկություններն էին ներկայացրել նշված երկու հարցերի առթիվ եւ ըստ նրանց, բավարար պատասխան չստանալով, բոյկոտել այն: Հաջորդ` այս անգամ արտահերթ նիստը հրավիրվեց մարտի 7-ին, որտեղ, սակայն, ավագանին չհաստատեց 2013թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ինչպես նաեւ դեմ քվեարկեց բյուջեի փոփոխությանը: Ավագանիները չմասնակցեցին նաեւ ապրիլի 15-ին հրավիրված ավագանու նիստին: Ընդհանուր առմամբ, վերջին 5 ամսվա ընթացքում Գորիսի ավագանու նիստը քվորումի պատճառով չի կայացել արդեն 6-րդ անգամ:

«Մեր անհամաձայնությունը կապված չէ քաղաքապետի անձի հետ, կարիք չկա դա որպես բոյկոտ ընդունել: Դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին ավագանու ութ անդամով դիմեցինք համայնքի ղեկավարին` խնդրելով մի շարք տեղեկություններ տրամադրել ավագանու հերթական նիստի օրակարգային հարցերի մասին: Դա կարծես թե անակնկալի բերեց քաղաքապետին, որովհետեւ սկսվեց մեղադրանքների, հանդիմանանքների մի շարք: Ենթատեքստեր էլ գտան, մեր գործունեությունը համայնքի ղեկավարի առաջիկա ընտրությունների հետ կապեցին: Մինչդեռ, մենք ընդամենը տեղեկություններ ենք ուզում ստանալ այն մասին, թե ինչպես է ծախսվել 2013թ. բյուջեն: Այո, հիմնավորումների, փաստաթղթերի էինք սպասում, որ կտրամադրվեին, բայց պատասխանեցին, թե պահանջվող փաստաթղթերն իբր գտնվում են քննչական մարմիններում եւ իրենց իրավասությունից դուրս են: Մարտի 7-ին կայացած նիստում գործընկերներիցս մեկը հարցրեց, թե արդյոք աուդիտի՞ չի ենթարկվել բյուջեն, եւ չեն կարող մեզ տրամադրել արդյունքները: Սակայն սպառիչ պատասխան այդպես էլ չստանալով, մենք չմասնակցեցինք նաեւ ապրիլի 15-ին հրավիրված նիստին»,- ասում է ավագանու անդամ Հրայր Յոլյանը:

Նրա խոսքով՝ ավագանիների եւ համայնքի ղեկավարի տարաձայնությունների մյուս պատճառը կապված է բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը քաղաքի ասֆալտապատմանն ու փողոցների բարեկարգմանն ուղղորդելու առաջարկի հետ: Ավագանիների կարծիքով, համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգումն ավելի հրատապ խնդիր է: «2013թ. տեղական հասարակական կազմակերպություններից մեկի առաջարկով ավագանու քննարկմանը ներկայացվեց նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող սոցիալապես անապահով ընտանիքների մինչեւ երեք տարեկան երեխաների վարձավճարների փոխհատուցման համար բյուջեից հատկացումներ կատարելու մասին հարցը: Համայնքի ղեկավարն ընդդիմացավ, պատճառաբանելով, որ բյուջեն նման հնարավորություն չունի, այդ դեպքում որտեղի՞ց է առաջացել այդ մնացորդը, մանավանդ, որ ակնկալվող գումարը շատ ավելի փոքր էր, քան` մնացորդը: Միտում ենք տեսնում, որ այն նախատեսում են օգտագործել իրենց իսկ առաջարկած նպատակների համար»,- ասում է Հ. Յոլյանը:

Ավագանու անդամ Ռուստամ Ակլունցը եւս հաստատում է, որ իրենց մտահոգություններն անձնական ուղղվածություն չունեն եւ անկախ նրանից, թե ով կընտրվի առաջիկա ընտրություններում, իրենք հետամուտ են, որպեսզի տեղական իշխանությունները թափանցիկ գործելակերպ որդեգրեն եւ համայնքային բյուջեի միջոցներն արդյունավետ ծախսվեն: «Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը 14 մլն դրամ արժողությամբ ծառայողական ավտոմեքենա է ձեռք բերել: Ավագանու անդամները դժգոհեցին, որ առանց իրենց համաձայնության է դա արվել: Իրականում ձեւակերպված էր՝ ավտոպահեստամասեր, բայց բյուջեի ընդհանրացված տարբերակն էր ներկայացվել ավագանու անդամներին, սա մոլորության մեջ գցելու փորձ էր ենթադրում, այդպես էլ եղավ: Հենց այստեղից էլ սկսվեց անհամաձայնությունը»,- նշում է ավագանու անդամ Ռուզաննա Տոռոզյանը` շեշտելով նաեւ, որ այժմ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ցանկացած առաջարկ մեղադրանքների հարթություն է տեղափոխվում:

Նրա հետ համակարծիք է նաեւ ավագանու մեկ այլ անդամ` Գոռ Տիգրանյանը` ասելով, որ համայնքի ղեկավարը համագործակցության որեւէ նախաձեռնություն հանդես չի բերում, որեւէ հարցի շուրջ իրենց կարծիքը չի հարցնում: «Անհասկանալի է, որ միշտ թաքուն են գործում, մեր հարցերին երբեւէ սպառիչ պատասխան չի տրվում»,- ասում է նա: Այն իրավիճակը, որ համայնքային իշխանության եւ ավագանիների միջեւ երկխոսություն չի կայանում, որի արդյունքում կազմալուծվել է ավագանու աշխատանքը, ըստ ավագանու անդամ Արշակ Մկրտչյանի, ստեղծվել է նաեւ այն պատճառով, որ համայնքային սեփականության տարածքներն օտարելու մասին որոշման նախագծերը գրեթե չեն քննարկվում ավագանու նիստերի ընթացքում, դրանք ներկայացվում են թռուցիկ, առանց կից համապատասխան քարտեզների:

«Փոքր քաղաք է, որտեղ գրեթե բոլորը ճանաչում են միմյանց, այդ առիթից օգվելով համայնքի ղեկավարը հաճախ փորձում է բարոյական ճնշման միջոցով քվերակությունն անցկացնել: Բացի այդ, առանձին տարածքների համար, կապված ապագա սեփականատիրոջից, օտարման տարբեր գներ են նշվում»,- ասում է Արշակը: Վերջինս նաեւ շեշտում է, որ ավագանիների նկատմամբ արհամարհական վերաբերմունք է ձեւավորվել, որովհետեւ տարիներ շարունակ ավագանին մշտապես միաձայն որոշումներ է ընդունել, որոշ դեպքերում փորձելով անգամ «աճպարարության հնարքներով կողմ քվեներ պոկել»:

ՏԻՄ օրենքի 69-րդ հոդվածը նախատեսում է, որ «Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում համայնքի ավագանին, օրենքով սահմանված կարգով, կարող է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն ներկայացնել՚: Ավագանու անդամները, սակայն, վկայակոչելով օրենքի այս դրույթն, այնուամենայնիվ, նշում են, որ նման մտադրություն չունեն, քանի որ մի կողմից՝ անվստահություն հայտնելու գործընթացը երկար ժամանակ է պահանջում, իսկ 1,5 ամսից համայնքի ղեկավարի նոր ընտրություններ են, մյուս կողմից՝ իրենց գործունեությունն ուղղված է համայնքային իշխանության թափանցիկ գործունեության ավանդույթի ձեւավորմանը եւ ոչ թե կոնկրետ անձի:

«Քիչ ժամանակ է մնացել համայնքի ղեկավարի ընտրությանը, չեմ կարծում, որ մենք այդ ընթացքում կկարողանանք ստանալ այն տեղեկությունները, որոնք պահանջում ենք, այսինքն 2013թ. բյուջեի ծախսերը հաստատող փաստաթղթերը եւ ոչ էլ կհամոզենք համայնքի ղեկավարին, որ քաղաքի ասֆալտից ու հաճախակի կատարվող փոսային աշխատանքներից կարեւոր այլ խնդիրներ կան, որոնց լուծմանը պետք է ուղղել նախորդ տարվա բյուջեի մնացորդը, ուստի այս իրավիճակը կշարունակվի մինչեւ նոր իշխանության ձեւավորում»,- նշում է Հ.Յոլյանը: Ռուզաննա Տոռոզյանի կարծիքով` խնդիրն այնքան է հասունացել, որ անձնական վիրավորանքների շրջանակն ամեն անգամ մեծանում է, բայց պետք է երկխոսության, փոխադարձ զիջումների գնալ, որպեսզի այս իրավիճակից համայնքը չտուժի:

Այս առումով Գորիս համայնքի ղեկավար Նելսոն Ոսկանյանի համար վերջին վեց ամիսների ընթացքում ավագանու գործունեության իրական կազմալուծումը կարծես թե օրակարգային չէ, քանի որ նա առաջնորդվում է ՏԻՄ օրենքի վերոնշյալ հոդվածի մեկ այլ դրույթով, ըստ որի՝ «Եթե համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն չի ներկայացվում, կամ կառավարությունը ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկությունն օրենքով սահմանված կարգով ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված»:  Այս պարագայում նրան եւս, ինչպես ավագանիներին, մնում է «ժամանակի վրա խաղալ»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter