HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հայտնի կավատը փոխել է ազգանունը

Ինչպես արդեն գրել ենք, հայտնի կավատներ Ամալյա Մնացականյանը (Նանո) եւ Մարիետա Մուսայելյանը 2006-ի նոյեմբերին կանանց նոր խմբեր են տարել Արաբական Միացյալ Էմիրություններ (Տես հոդվածը` «Բանտից դուրս գալուց հետո կավատները շարունակում են իրենց գործը»):

Ամալյա Մնացականյանը հետախուզվում էր Ինտերպոլով, եւ ԱՄԷ-ի ոստիկանությունը 2004թ. մարտի 10-ին նրան ձերբակալել ու արտաքսել է երկրից: ԱՄԷ-ի օրենքներով` Ամալյա Մնացականյանն այլեւս չի կարող մուտք գործել այդ երկիր: Նրա աչքի բիբը գրանցված էր նաեւ ԱՄԷ-ի միգրացիոն ծառայության համակարգչային բազայում` որպես անցանկալի անձ:

Ինչպե՞ս է այդ դեպքում Ամալյա Մնացականյանը հայտնվել Դուբայում:

Դուբայում նրա գործընկերները, կաշառք տալով Միգրացիոն գործակալության աշխատակիցներին, համակարգչային բազայից ջնջել են նրա աչքի բիբը: Երեւանում նա ձեւակերպել է կեղծ ամուսնություն եւ փոխել ազգանունը: Այժմ նրա ազգանունը Մատուլյան է: Դուբայ նա մեկնել է Մոսկվայով` Ամալյա Մատուլյան անուն-ազգանունով:

Երկու կավատները շարունակում են սեռական շահագործման ենթարկել հայ կանանց Դուբայում: Նրանց ենթակայության տակ գտնվող կանանցից երեքը կարողացել են փախչել նրանց մոտից` հոկտեմբերյանցի Արմինեն, էջմիածնեցի Արփինեն եւ երեւանցի, փախստական Դինուլիկը: Սրանցից մեկին ութ հարյուր դոլարով Նանոյին է հանձնել մայրը` իմանալով, թե ուր են տանում աղջկան: Կանանցից մեկը Դուբայի մեր աղբյուրներից մեկի միջոցով մեզ է ուղարկել մի գրություն` ակնկալելով օգնություն:

Նամակում Ա.-ն գրել է. «Մենք` Դուբայում Նանոյի եւ Մարիետայի ձեռքի տակ գտնվող գերիներս, պատանդներս, ստրուկներս, խնդրում եւ աղաչում ենք բոլոր իրավապահ, դատախազության, անվտանգության մարմիններին եւ բոլոր թերթերի խմբագրութուններին, թրաֆիկինգի դեմ պայքարի եւ այլ կազմակերպություններին, որպեսզի այս երկու դաժան դահիճներից մեզ ազատեն եւ այս ճահճուտից հանեն, եւ մենք` խաբվածներս, կարողանանք վերադառնալ»:

Նամակում այդ կինը նաեւ պատում է, թե ինչպես են իրեն խաբելով հասցրել Դուբայ, եւ ինչպիսի կտտանքների են ենթարկել իրենց այդ երկու կանայք եւ նրանց սպասարկող արաբները:

Հ.Գ. Քանի որ ԱՄԷ-ի կառավարությունը պաշտոնապես արգելափակել է «Հետքը» (Տես հոդվածը` «ԱՄԷ-ում «Հետքը» արգելափակված է»), այդ իսկ պատճառով այս հրապարակումը եւ լուսանկարները էլեկտրոնային փոստով ուղարկել ենք նաեւ Դուբայի ոստիկանություն: ԱՄԷ-ի ոստիկանությունը, հարգելով իր երկրի օրենքը, պարտավոր է նրանց կալանավորել, դատապարտել ազատազրկման կամ էլ արտաքսել երկրից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter