HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մրջյուններն օգնեցին ինձ փախչել

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից

Անցած 18 տարիներին, ինչպես գիտեք, խցակցիս՝ Արցախյան ազատամարտի մասնակից Սողոմոն Քոչարյանի հետ երկու անգամ փախուստ ենք կատարել երկու բանտերից: Առաջին անգամ՝ 2004 թ-ին (ազատության մեջ մնացի 11 օր, Սողոմոնը մոտ մեկ ամիս), իսկ երկրորդ անգամ՝ 2009 թ-ին (ազատության մեջ մնացի 21 օր, մեկ օր անց բռնեցին նաև Սողոմոնին): Ազատության մեջ մեր կողմից չի կատարվել ոչ մի զանցանք կամ օրինախախտում: Ինչո՞ւ ենք դիմում փախուստի: Հարց, որի պատասխանը գտնելու փոխարեն, մեր ցմահ ազատազրկման մեջ կլանվեց ևս 15 տարվա պատժաչափ: Այս ամենի մասին գրել եմ իմ երկու գրքերում: Փախչում եմ Սողոմոնի հետ, որովհետև նա էությամբ հանցագործ չէ: Մենք փախչում էինք, քանի որ մեր ձայնը այս պատերից դուրս չէր գալիս: Իսկ մահապատժից անցումը ցմահ դատապարտման (արագ մահը փոխեցին դանդաղ մահով) լցրեց համբերության բաժակը:  

Երկաթե ծանր, մեծ դռները բացվեցին, և ցմահ դատապարտյալներով լցված «վոռանոկը» (դատապարտյալներին տեղափոխող մեքենան է) մտավ Գորիսի բանտ: Երբ կալանավորներին կամ դատապարտյալներին, անցկացնելով զինված հսկիչների շարքի միջով, նստեցնում են այդ բեռնատարների մեջ, որ տեղափոխեն այլ կալանավայր կամ էլ դատարան տանեն, հաճախ կարող ենք լսել հետևյալ արտահայտությունը՝ «վե՛րջ, բարձեցինք»: Կարծես մարդիկ կարտոֆիլ կամ ինչ-որ ապրանք լինեն: Իրար կպած կռացած (առաստաղը թույլ չի տալիս ուղիղ կանգնել) մի կերպ հասանք Գորիս, հենց ճանապարհին էլ ծանոթացա Սողոմոնի հետ: Չնայած ի՞նչ կա զարմանալու՝ մեզ մոտ նույնիսկ ազատության մեջ ապրող քաղաքացիներն  են երթևեկում կռացած, մարդու արժանապատվությունը նվաստացնող վիճակով:   

Հայտնվեցի 2-րդ հարկի համար 23 խցում, որտեղ արդեն տեղավորել էին 3 ցմահ դատապարտյալի: Առաջինին ճանաչում էի. մոտ 2 տարի նստել էի նրա հետ, երկրորդը Սողոմոնն էր, երրորդին չէի ճանաչում: Մի քանի ամիս առաջ մահապատժի դատապարտվածներ էին, այժմ՝ ցմահ: Ըստ էության, ոչինչ չէր փոխվել: Գորիսի բանտում բաժանեցին ամառային բարակ սև սպեցովկաներ, և բոլորիս տվեցին նույն չափի մեծ կոշիկներ՝ առանց կապիչների: Ձմեռը նոր էր վերջացել, դեռ շատ ցուրտ էր: Զբոսանքի համար նախատեսված խցերում ձյունն առատորեն նստած էր ճաղապատ տանիքից: Մեր քաղաքացիական հագուստը վերցրել էին, նույնիսկ սվիտեր չունեինք: Երբ տարան զբոսանքի, ցրտից դողում էինք, վազելը չէր օգնում: Աշխատակիցները ծայրահեղ զգուշությամբ էին մեզ վերաբերվում, քանի որ բոլորիս ներկայացրել էին իբրև «մարդակեր գազանների»: Սակայն մեկ-երկու ամիս անց բանտապահները հասացան, որ այդ ամենը իրականության հետ ոչ մի կապ չունի: Քիչ թե շատ ծանոթանալով դատապարտյալների գործերին՝ նրանք ևս համոզվում էին, որ ցմահ բանտարկյալի կարգավիճակում կարող են հայտնվել նաև չափազանցված պատիժ ստացած կամ բացառապես անմեղ մարդիկ:

Ես 18 տարի է՝ բարձրաձայնում եմ, որ չեմ կատարել սպանություն ու, անարդար դատապարտված լինելով, բանտի 4 պատերի մեջ բնականաբար փնտրել ու փնտրում եմ ելք՝ ազատություն վերադառնալու համար:

Գորիս ժամանելուց հետո, մի քանի օր անց սկսեցի նստել լուսամուտագոգին և աննկատ փորփրում էի պատը երկու ճաղերի արանքում, շաքարաջուր էի լցնում այնտեղ, զբոսահրապարակից մրջյուններ էի հավաքում ու լուցկու տուփի մեջ լցրած բերում էի խուց, բնակեցնում փորածս տեղում, որտեղ նրանք մանր անցքեր-ճանապարհներ էին ստեղծում, ինչը ամիսների  ընթացքում թուլացնում էր պատի ամրությունը այդ հատվածում:           

Անցավ մի քանի ամիս, և օրերից մի օր Սողոմոնին պետական ինչ-որ կառույցից մի բարձրաստիճան պաշտոնյա այցելեց: Երբ Սողոմոնը վերադարձավ խուց, լուռ էր: Հաջորդ օրը հասկացրեց, որ զբոսանքի չգնամ, որպեսզի երկուսով մնանք խցում: Ասելու բան ուներ: Նրա խոսքերով՝ իրեն այցելած պաշտոնյան զրույցի ժամանակ հետաքրքրվել էր նաև իմ գործով, ասել, որ լավ գիտի 1996 թ-ին ինձ ներկայացված մեղադրանքի կեղծ լինելու մասին: Իմացա նաև, որ այդ նույն պաշտոնյան Սողոմոնի մահվան դատավճռից առաջ խոստացել էր որոշ ժամանակ անց լուծել նրան ներում շնորհելու հարցը: Բայց անցել էր 9 տարի, ոչ մի ներում չկար: Դրանից հետո Սողոմոնն ասաց, որ այլևս ոչ մի բանի չի հավատում, որ պետք է փախչել:

Փախուստի պատմությունը կշարունակեմ իմ հետագա հրապարակումներով:

 

 

 

Մեկնաբանություններ (7)

Angela
Mher jan, chgitem vonc ognem qez. Karcum em, vor shat-shatern en havatum qo anmexutyan@. Barer chem gtnum bnutagrelu Hayastani hanrapetutyan@. Mer yerkrin qo nman xelaci u graget mardik petq chen.
karine
2.es arotum em ko ev ko anmer @nkerneri hamar.ko pajkaric erevuma vor anmer es.es chgitem inchov karox em ognel kez.kjankum hasnes azatutjan.
hasmik
կեցցե հհ դատարանը, աշխարհի անենաարդար դատարանը, որը զբաղված է դատաբիզնեսով, որի արդյունքում հազարավոր անմեղ է հայտնվում բանտերում, իսկ որ թուրք սպանելու համար Սողոմոնը ցմահ է դատապարտված, միայն հհ դատարանը կանի, երկու մլն հայ սպանելու համար ոչ մի թուրքի չդատեցին, կեցցե արդար սեռժիկը, աղվան թայլաթ փաշան...
LAURA
MHER JAN QORANA NRA ACHQERY,OV QEZ DATELA,ANITSVI LAV OR CHTESN IR KYANQUM HAVATUM EM QO ANMEGHUTYANY.....
Armine
isk ramil safarovin hay spanelu hamar herosi kochum tvecin.
ANI
....Երանի չուշանա այն օրը, երբ դու վերջապես ազատության մեջ կլինես.....Երանի....
ՀԱՅՈՒՀԻ
Մարդիկ ի՞նչ անենք որ նման բանտարկյալների ճակատագիրը փոխվի։ Ասեք, էլ չեմ դիմանում նման բաներ կարդալով։ Էսքան անխիղճ կարելի է լինել, թուրքը որ նման բաներ է անում, հասկացանք, նա իր տեսակետից ճիշտ է անում, բայց հայանուն թուրքերը դեռ ինչքան պիտի շարունակեն իրենց սև գործը ու մենք էլ դիմանանք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter