HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Մրցակիցը» երկրորդ քայլից հանձնվում է. առանձնատների գյուղը

Մեր այցելության օրը Նոր Արտամետի համայնքապետարանը համայնքային հողերի աճուրդ-վաճառք էր իրականացնում. միանգամից 60 լոտ: Համայնքապետարանում եռ ու զեռ էր, հերթ էր գոյացել, մեքենաները արագ սլացքով մարդկանց էին տեղափոխում, համայնքապետն արագ ընդունում-ճանապարհում էր աճուրդի մասնակիցներին:

Նոր Արտամետի համայնքապետ Յուրա Հովհաննիսյանն ասում է, որ համայնքային սեփականության հողերի աճուրդ-վաճառքներից գոյացած գումարով իրենք կարողանում են լուծել գյուղի առաջնահերթ խնդիրները: «Ասֆալտամպատման, գերեզմանոցի պարսպապատման, արտաքին լուսավորության աշխատանքներ»,- թվարկեց համայնքապետը: Անցած տարվա՝ 2013թ. աճուրդների գումարով առաջնահերթ է համարվել հանդիսությունների սրահի կառուցումը: Գյուղում որեւէ մշակութային օջախ չկա, եւ այս շենքը, Յ. Հովհաննիսյանի խոսքով, լրացնելու է այդ բացը:

Նորակառույց շենքը գյուղացիների նկարագրությամբ, «ուրախ եւ տխուր առիթների» համար է (նկատի ունեն՝ հարսանիքներն ու թաղումները): Համայնքապետը վստահեցնում է, որ արարողությունների ժամանակ աշխատած գումարը ծախսվելու է համայնքի համար: «Դեռ որեւէ արարողություն տեղի չի ունեցել այնտեղ, որովհետեւ գույք չկա: Աճուրդներից գոյացած գումարով պետք է փորձենք նաեւ գույքի հարցը լուծել: Առաջիկայում, եթե կարողանանք գույք ձեռք բերել, արդեն որոշում կկայացնենք, թե արարողությունների ժամանակ ինչքան գումար պետք է վճարվի, եւ այդ գումարը, իհարկե, կմուծվի համայնքի բյուջե»,- ավելացրեց համայնքապետը:

Գյուղում 2013թ.-ին տեղի ունեցած աճուրդների արձանագրությունների ուսումնասիրությունից պարզվեց, որ դրանք բոլորը կայացել են 2 մասնակցով եւ գնորդները հիմնականում տեղացիներ չեն: Յուրա Հովհաննիսյանն ասաց, որ իրենք ապահովել են օրենքով սահմանված հրապարակայնությունը եւ այդքան հայտ են ստացել:

«Ես չեմ կարող ասել, թե ինչու երկու մասնակից: Երբ մենք աճուրդի մասին հայտարարություն ենք տալիս «Հայաստանի Հանրապետություն» թերթում, դրան իրավունք ունի մասնակցելու Հայաստանի ցանկացած քաղաքացի: Մի լոտի համար, եթե կոնկրետ երկու հոգի է հայտ ներկայացրել, դա քաղաքացու ցանկությունն է: Իրենք են կոնկրետ այդ ցանկությունը հայտնել. հայտը ներկայացրել են, եւ միասին էլ գալիս են՝ իրար հետ մրցելու»:

Այս գյուղում անցած տարի շատ հողեր օտարվել են նաեւ ուղղակի վաճառքով եւ հողի կադաստրային արժեքը չգերազանցող գնով: Երկու մասնակցով աճուդների ժամանակ հողամասի գինը սակարկության արդյունքում մեկնարկային գնից բարձրացել է առավելագույնը երեսուն հազար դրամով (քայլի չափը սահմանվել է 10,000 դրամ): Համայնքապետի խոսքով՝ աճուրդների ժամանակ մրցակիցը երկու-երեք քայլից հրաժարվում է ավելացնել գումարը:

Նոր Արտամետ գյուղում ամեն քայլափոխի վաճառվող այգիներ են՝ մշակված եւ նորատունկ ծառերով: «Վաճառվում է այգի» հայտարարություններն այնքան հաճախ են հանդիպում գյուղում, որ թվում է, թե բոլոր գյուղացիները որոշել են արտագաղթել: Այս գյուղի բնակչության հիմնական մասը 1990-ական թթ. ԼՂՀ Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղից բռնագաղթածներն են: Հենց նրանք էլ պատմեցին, որ համայնքային սեփականության հողերը գնում են հիմնականում «քաղաքից եկած հարուստները», իսկ հետո վաճառում են: Այդ այգիների մեծ մասը, նրանց խոսքով, հենց աճուրդով ձեռք բերված հողերն են:

Գյուղացիները պատմեցին, որ իրենք ժամանակին տեղեկանում են աճուրդի դրված հողերի մասին, բայց կարողանում են մասնակցել միայն տնամերձ փոքր հողակտորների աճուրդ-վաճառքներին, վարելահողեր ձեռք բերելու հնարավորություն չունեն: Արդյունքում, գյուղի հողերը դառնում են «քաղաքի հարուստ դաչնիկների» բաժինը, որոնք հողը ձեռք են բերում գրեթե կադաստրային արժեքով եւ վաճառում շուկայական գներով: «Որ բարձրանաք, կտեսնեք, մեր հողերը սետկայով են ցանկապատված, նրանցը` քարերով: Մարդը որ հնարավորություն չունի քար շարի, էլ որտեղից վարելահող վերցնի»,- ասաց Լիդա Վարդանյանը:

Համայնքապետարանում աճուրդների մասնակիցների մեջ այդ օրն էլ կային ոչ տեղացիներ, ովքեր որոշել էին հողամաս ձեռք բերել գյուղում` «դաչա» կառուցելու նպատակով: Նոր Արտամետի աճուրդի դրված հողերը պահանջարկ ունեն, բայց աճուրդների ժամանակ մասնակիցների թիվը երկուսից չի ավելանում: Երեւանից 13 կմ հեռավորության վրա գտնվող Նոր Արտամետը նորակառույց առանձնատների գյուղ է դարձել: Այստեղ բնակչության հիմնական զբաղմունքը, ըստ  պաշտոնական տվյալների, այգեգործությունն է եւ անասնապահությունը: Տղամարդիկ այստեղ այլ աշխատանք էլ ունեն. նրանք «դաչնիկների»  առանձնատներն են  կառուցում:

Թեեւ համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում նշեց, որ աճուրդների գումարով գյուղի փողոցները շարունակաբար ասֆալտապատում են, բայց գյուղացիները ճանապարհները բարեկարգելու համար իրենց գրպանից են վճարել: Լիդա Վարդանյանը պատմեց, որ իրենց փողոցի բնակիչները վերջերս գումար են հավաքել, 30 հազար դրամով մեքենա են վարձել, որ քարով ու հողով մի քիչ հարթեցնեն խորդուբորդ ճանապարհը: «Թե չէ, էստեղ պարզապես քայլել չէր լինի: Լրիվ էս փողոցի բնակիչներն են արել: Հույս ունենք, որ էդ աճուրդների գումարով մեր փողոցներն էլ կսարքեն»,- ասաց նա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter