HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

7 դատավոր «Հետքին» համոզում էր, որ Իջեւանի քաղաքապետը կապ չունի «Սպիտակ ջուր» ջրամբարի հետ

Իջեւան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Սպիտակ լիճ» ջրամբարը, որը 40 տարով վարձակալության էր տրվել մի ընկերության, Վճռաբեկ դատարանի այս տարվա փետրվարի 19-ի որոշումով վերադարձվել է քաղաքապետարանին:

Աղստեւ գետի վրա կառուցված ջրամբարը՝ տեղի բնակիչների երբեմնի ժամանցի եւ հանգստի վայրը, երկար տարիներ վերածվել էր ավազահանքի: Իջեւան քաղաքում բոլորը գիտեին, որ քաղաքի հաշվեկշռում գտնվող ջրամբարն իբրեւ ավազահանք շահագործում էր նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, չնայած այն հարկային դաշտում գրանցված չէր եւ շահույթ էր ապահովում միայն շահագործողների համար:

2011թ.-ի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրության ժամանակ Իջեւանի երկարամյա քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը պարտվեց մրցակից թեկնածուին, սակայն մինչեւ պաշտոնը նորընտիր քաղաքապետին հանձնելը օրինականացրեց ավազահանքի շահագործումը:

Նրա առաջարկությամբ համայնքի ավագանին 2011թ.-ի նոյեմբերի 28-ի թիվ 50 որոշմամբ համայնքի սեփականությունը հանդիսացող ջրամբարը 40 տարի ժամկետով հատկացրել էր «Իջեւան տուրիզմ ընդ բիզնես» ՍՊԸ-ին: Այնուհետեւ, Վ· Ներսիսյանը 2011թ· դեկտեմբերի 8-ի թիվ 389 որոշումով «Սպիտակ լիճ» ջրամբարն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել էր հիշյալ ընկերությանը: Ընկերության տնօրենը Վարուժան Ներսիսյանի բարեկամ, Իջեւանի նախորդ ավագանու անդամ Կարեն Ներսիսյանն է, սակայն իջեւանցիները պնդում են, որ ընկերության փաստացի տերը հենց Վ· Ներսիսյանն է:

Ջրամբարը մասնավոր ընկերությանն անհատույց հանձնելու որոշումը նա հիմնավորել էր «ջրամբարի բնապահպանական իրավիճակը որոշ չափով շտկելու» անհրաժեշտությամբ: Արհեստական լճի ջրթողման համակարգի չգործելու պատճառով տարիների ընթացքում ջրամբարը լցվել էր ավազով եւ տիղմով: Որոշումը կայացնելիս պատճառաբանվել է, որ ջրամբարի հնարավորինս մաքրումը գետի բերուկներից խիստ կարեւոր եւ օրախնդիր է, կապված է մեծ ներդրումների հետ, որի հնարավորությունը համայնքային բյուջեն չունի:

Իջեւանի ներկայիս քաղաքապետ Վարդան Ղալումյանը հայտնել էր, որ Իջեւանի չվերընտրված քաղաքապետն իրավունք չուներ համանքային սեփականություն հանդիսացող եւ ամբողջ Իջեւանի ազգաբնակչությանը ծառայող հանրային նշանակություն ունեցող լիճն անհիմն պատճառաբանությամբ, այն էլ անհատույց տրամադրել ընկերությանը:  Քաղաքապետը դիմել էր դատարան՝  Իջեւանի քաղաքապետարանի եւ «Իջեւան Տուրիզմ ընդ Բիզնես» ՍՊԸ-ի միջեւ կնքված 2011թ. դեկտեմբերի 16-ի անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը եւ որպես հետեւանք, ընկերության անվամբ 2011թ.-ի դեկտեմբերի 20-ին իրականացված անշարժ գույքի իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով:

Վերաքննիչ դատարանը 2013թ·-ի դեկտեմբերի 27-ին կայացրած որոշումով բավարարել է Իջեւանի քաղաքապետարանի պահանջը եւ
վաղաժամկետ լուծել է Իջեւանի քաղաքապետարանի եւ «Իջեւան Տուրիզմ ընդ Բիզնես» ՍՊԸ-ի միջեւ կնքված 2011թ. դեկտեմբերի 16-ի անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը: Քաղաքապետարանի եւ ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրի անվավերությունը դատարանը հիմնավորել է  պայմանագրային պարտավորությունների կատարումն ստուգելու նպատակով Իջեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի աշխատակիցների՝ ջրամբարի վիճակի ուսումնասիրության արդյունքներով:

2012թ. օգոստոսի 16-ին նրանք ուսումնասիրել են ջրամբարի փաստացի վիճակը եւ պարզել, որ ընկերությունն ընդհանրապես չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները: «Մասնավորապես` ջրամբարը չի մաքրել գետի բերուկներից, որի հետեւանքով այն ճահճացել է` ստեղծելով անբարենպաստ բնապահպանական իրավիճակ: Նույնիսկ թույլ է տվել նախկին վիճակի վատթարացում: Կատարվածով խախտվել է պայմանագրի 2..2 եւ 2.4.4 կետերը, ըստ որի` վարձակալը պարտավոր էր գույքն օգտագործել դրա նպատակային նշանակությանը համապատասխան եւ կատարել գույքի ընթացիկ եւ հիմնական բարելավում»,- ասված է ուսումնասիրության մեջ:

«Սպիտակ լիճ» ջրամբարից ապօրինի ավազահանմանը «Հետքն» անդրադարձել է 2008թ· մայիսի 5-ին: Որ ավազի ապօրինի արդյունահանում է կատարվում նշված վայրում, եւ այն բավականաչափ գրավիչ բիզնես է որոշ անձանց համար` նկատի ունենալով տարածքում աշխատող տեխնիկայի քանակությունն ու արդյունահանվող ավազի ծավալները, ոչ ոք չէր ժխտում: Սակայն Իջեւանի այն ժամանակվա քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը հերքում էր «Սպիտակ լիճ» ջրամբարի՝ քաղաքի հաշվեկշռում գտնվելու փաստը, հետեւապես չէր ընդունում, որ որպես քաղաքապետ ինքն է արհեստական լճի բնապահպանական վիճակի պատասխանատուն:

Քաղաքապետը թերթի դեմ դատական հայց ներկայացրեց հրապարակման մեջ տեղ գտած այն արտահայտության համար, որ քաղաքում շրջող խոսակցությունների համաձայն՝ այն պատկանում է քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: Ավելի քան յոթ դատավոր երկու տարուց ավելի տեւած դատական նիստում ջանում էին ապացուցել, որ «Սպիտակ լիճ» արհեստական ջրամբարը քաղաքի հաշվեկշռում չէ, չնայած այդ մասին կար Կառավարության որոշում, եւ որ ջրամբարը, որպես ավազահանք շահագործողը Վարուժան Ներսիսյանը չէ: Դատական վեճն իր հանգուցալուծումը գտավ 2010թ. դեկտեմբերի 27-ին, եւ դատարանը թերթին պարտավորեցրեց հերքել Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի պատիվն ու արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, փոխհատուցել նրան պատճառված վնասը` 450 հազար դրամ փաստաբանական ծախսը

Դատարանի «գթասրտությունը» ոչնչով չէր հիմնավորվում, թե ինչու նվազեցրեց Իջեւանի քաղաքապետարանի` 930 հազար դրամ որպես փաստաբանական ծախս ներկայացված պահանջը, երբ քաղաքապետը համայնքի բյուջեից 1 մլն դրամ էր հատկացրել դատական ծախսերին եւ այն դատարանին ներկայացրել էր փաստաթղթային հիմնավորումներով: Նախկին քաղաքապետը համայնքի ավագանուն հավաստիացրել էր, որ բյուջե կվերադարձնի այդ գումարը, սակայն չգիտես ինչու, նա իր «գթասրտությամբ» ետ չմնաց վերաքննիչ դատարանից եւ հրաժարվեց թերթից ստանալ 450,000 դրամը:

Դատարանի որոշումից մոտ մեկ տարի հետո չվերընտրված քաղաքապետը «Սպիտակ լիճ» ջրամբարն անհատույց հանձնեց մասնավոր ընկերությանը՝ շարունակելով Իջեւան համայնքի բյուջեն զրկել եկամուտներից, որով հնարավոր էր նաեւ վերականգնել հանգստի գոտին: Փոխարենը եւս երեք տարի շահույթ ստացավ ավազահանքի վերածված ջրամբարը շահագործելուց:

Մեկնաբանություններ (1)

Վ. Առաքելյան
7-ին էլ, կամ ավելի ճիշտ բոլոր դատավորներին էլ անհրաժեշտ է կեղծ վճիռների դիմաց դատել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter