HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ընկերությունն աշխատեցնելու համար անձնական միջոցներս եմ ներդնում` ճագար եմ պահում, խոզ, վարկ եմ վերցնում ...»

Գորիսի քաղաքապետարանը քաղաքում աղբահանություն կազմակերպելու, փողոցները լվանալու, ձյունը, եզրառուները մաքրելու, գիշերային լուսավորության ցանցը սպասարկելու, թափառող շներին ոչնչացնելու եւ կոմունալ ոլորտում այլ աշխատանքներ իրականացնելու համար 2014թ.-ին համայնքային բյուջեից  «Գորիստնտ» ՓԲԸ-ին հատկացրել է 32 մլն 40 հազար դրամ: Նշված գործառույթների իրականացմանն են ուղղվում նաեւ աղբահանության, ինչպես նաեւ սեփականաշնորհված բազմաբնակարան շենքերի սպասարկման դիմաց գանձվող վարձավճարները:

«Գորիստնտ» ընկերության տնօրեն Սեյրան Գեւորգյանի խոսքով` այդ գումարով հնարավոր չէ որակյալ ծառայություններ իրականացնել: «Հաճախ են քննադատում, թե Գորիսում բավարար չափով աղբահանություն չի կազմակերպվում, ձմռանը փողոցների ձնածածկույթը չի մաքրվում, բայց ոչ ոք չի հարցնում, թե մեր ընկերության ֆինանսական եւ տեխնիկական հնարավորությունները թույլ տալի՞ս են ավելին կատարել»,- նշում է նա:

«Գորիստնտ» ՓԲԸ-ի 2014թ. պլանի համաձայն` ֆինանսական միջոցների առույծի բաժինը` 10 մլն 170 հազար դրամը, նախատեսված է փողոցների եզրառուները մաքրելու, աղբը տեղափոխելու համար, եւս 7,6 մլն դրամն ուղղվում է մայթերի, հրապարակների մաքըմանը, 2,6 մլն դրամ հատկացվում է քաղաքի կենտրոնական աղբավայրի մաքրմանը, հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանը: Նշված ծախսերը ներառում են թե’ նախատեսվող ծառայությունների համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցները, եւ թե’ իրականացվող աշխատանքների դիմաց կատարվող աշխատավարձի վճարումները:

Ներհամայնքային աղբահանությունը կազմակերպելուց բացի, ընկերությունը քաղաքի կենտրոնական աղբավայր է տեղափոխում նաեւ «Տաթեւեր» ճոպանուղու, Վերիշեն, Ակներ,  Քարահունջ, Հալիձոր, Տաթեւ, Շինուհայր գյուղերում կուտակված աղբը,  եւ, ըստ Ս. Գեւորգյանի, դրա դիմաց նշված համայնքները չեն կատարում պայմանագրով ստանձնած պարտավորությունները, կամ նախատեսված վճարումները եռամսյակից եռամսյակ են տեղափոխում:

«Շաբաթական 7-8 մեքենա աղբ ենք տեղափոխում այդ համայնքներից, ընդ որում, Հալիձորի հարակից համայնքներից մեկ ուղերթի համար 39 հազար դրամ ենք հաշվարկել: Ընդհանուր հաշվով, օրական 16-17 տոննա աղբ է կուտակվում քաղաքի կենտրոնական աղբավայրում, եւ մոտ 5 հա տարածքը շաբաթական մեկ անգամ մաքրվում է, որի համար ամսական նախատեսվում է ընդամենը 222 հազար դրամ, ինչը բավարար չէ անգամ վառելիք ձեռք բերելու համար»,- ասում է ընկերության տնօրենը:

Քաղաքի առանձին թաղամասերում աղբահանության տարբեր գրաֆիկ է գործում: Որոշ փողոցներում այն կազմակերպվում է շաբաթը երկու անգամ, քաղաքի ծայրամասում, օրինակ, Արեւշատ թաղամասում` մեկ անգամ, իսկ կենտրոնական փողոցում` գրեթե ամեն օր: Մի շարք հեռավոր թաղամասերում, ինչպես Այգեստանում, աղբահանություն չի իրականացվում: Նման գրաֆիկ կազմելու համար, թե ինչ հանգամանքներ են հաշվի առնվել, ընկերության տնօրենը չի մեկնաբանում: Նրա խոսքով` ամսվա կտրվածքով աղբահանության դիմաց բնակչությունից հավաքագրվում է մոտ 800 հազար դրամ, եւս 150-200 հազար դրամ վճարում են իրավաբանական անձինք` հյուրանոցները, խանութներն ու սննդի կետերը: Չնայած գանձումները (մեկ շնչի համար ամսական 150 դրամ) կատարվում են 50-60%-ով, այնուամենայնիվ, ընկերությունն ավելացված արժեքի հարկ վճարում է նաեւ չգանձված 40-50%-ի համար:  

«Անկախության փողոցից, որը ձգվում է քաղաքի երկայնքով, եւ որտեղ երկկողմանի առանձնատներ են, ամսական գանձվում է ընդամենը 24 հազար դրամ, որը բավարար չէ անգամ ամսական կտրվածքով մեկ ուղերթի վառելիքի համար»,-ասում է Ս. Գեւորգյանը: Նրա ասելով` պատճառը մարդկանց արտահոսքն է, բնակչության թիվը տարեցտարի կրճատվում է, բայց նախահաշիվ կազմելիս այս հանգամանքը հաշվի չի առնվում: Նույն պատճառով չի հավաքագրվում նաեւ բազմաբնակարան շենքերի սեփականատերերից գանձվող վարձավճարները, ինչը 1 քմ համար նախկինում ավագանու սահմանած 6 դրամի փոխարեն եռապատկվել է, եւ յուրաքանչյուր ամիս վճարումները կատարվում են 5-6%-ով, մինչդեռ այս դեպքում եւս հարկերը վճարվում են 100%-ի հաշվարկով:

Մինչեւ 2012թ. «Գորիստնտ» ընկերությունը չէր համարվում ԱԱՀ վճարող, քանի որ նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեuակների մաuով մատակարարված ապրանքների եւ մատուցված ծառայությունների իրացումից հասույթը` առանց ԱԱՀ-ի, չէր գերազանցում 58,35 մլն դրամը: Սակայն վերոնշյալ հաշվարկի արդյունքում, ինչպես նաեւ այն պատճառով, որ 2012թ.-ին հիմնադրի` համայնքային իշխանության պատվիրած ծառայությունների շրջանակներում փոխեցին Գետափնյա թաղամասի բազմաբնակարան շենքերի դռները, «Գորիստնտի» իրացման շրջանառությունը 2013 թ.-ին  գերազանցեց սահմանային նիշը` 58,35 մլն դրամը, եւ նա դարձավ ԱԱՀ վճարող: Այսպիսով ընկերությունը պարտավորվեց ԱԱՀ վճարել մատուցված բոլոր ծառայությունների համար, ինչն այսօր արդեն ֆինանսական էական դժվարությունների առաջ է կանգնեցրել նրան:  

Հարկային պարտավորությունների իրականացումից բացի, քաղաքի կոմունալ տնտեսության առաջնային խնդիրներից մեկը մնում է տեխնիկական հագեցվածությունը: Ընկերությունը վերջին քառասուն տարվա ընթացքում ձեռք է բերել ընդամենը 2 անուն տեխնիկա: Ձյուն մաքրող միակ մեքենան ծառայում է նաեւ փողոցները լվանալուն: «Գիշերը ռեմոնտ ենք անում, որ ցերեկն աշխատենք, բա կոմունալը մի գրեյդեր, էքսկավատոր չի՞ ունենա»,- դժգոհում է Սեյրան Գեւորգյանը:

2014թ. համայնքային բյուջեով «Գորիստնտ» ՓԲԸ-ին  հատկացված ֆինանսական  միջոցներից 2 մլն 30 հազար դրամը նախատեսված է մայիսից մինչեւ սեպտեմբեր` ամսական 325-460 հազար դրամ` փողոցները լվանալու համար: Եվս 2,5 մլն դրամ` ամսվա կտրվածքով 213 հազար դրամ, պլանավորվում է թափառող շների ոչնչացման համար: Գրեթե նույնքան գումար նախատեսվում է ծախսել քաղաքի փողոցների գիշերային լուսավորության ցանցը սպասարկելու համար: Նշված երեք հոդվածներն էլ, ըստ էության, կարծես թե կոչված են քաղաքային տնտեսության առողջացմանը: Թե որքանով են դրանք պլանավորված ըստ կարեւորության, մանավանդ, որ  քաղաքը շարունակում է խարխափել խավարի մեջ, առանց այն էլ տեղումներով առատ բնակավայրում ջրցան մեքենան վաղուց հիշողության գիրկն է անցել, և վերջապես, այն, որ շնասպանության համար նախատեսվում է բյուջից  ակնկալվող գումարի մոտ 8 տոկոսը (2 մլն 550հազար), արդյոք վկայո՞ւթյունն է այն բանի, որ թափառող շների առկայությունը համայնքի հրատապ խնդիրների ցանկում է:

Մյուս կողմից, ըստ ընկերության տնօրենի, շրջակա միջավայրի աղտոտման համար երբեւէ չի օգտագործվում վարչական տուգանքներ կիրառելու մեխանիզմը, քանի որ փոքր քաղաքում «անպայման միջնորդող մեկը գտնվում է»: Վճարումներ չեն գանձվում նաեւ քաղաքի երեք գերեզմանոցներում հողհատկացման կամ սգո այլ ծառայություններ մատուցելու դիմաց: Մինչդեռ նշված եւ այլ սպասարկումների ցանկը համալրելու դեպքում հնարավոր կլիներ որոշակիորեն ավելացնել ընկերության բյուջեն: Զարմանալիորեն միջազգային կամ տեղական դոնոր կազմակերպություններից ներդրումներ չեն ներգրավվում:

«Գորիստնտ» ընկերությունում աշխատում է 28 հոգի` գրասենյակային աշխատակիցներ, 10 վարորդ, 4 պահակ, աղբահանություն իրականացնողներ, հավաքարարներ, որսորդ եւ այլն: Պարբերաբար հայտարարություններ են տրվում փողոցն ավլողների աշխատանքի ընդունելու համար: Կիսելով տնօրենի այն մտահոգությունը, որ այդ աշխատուժով գրեթե անհնար է լիարժեք իրականացնել ընկերության ստանձնած պարտականությունները (994թ. աշխատակիցների թիվը հասնում էր 160-ի), այն ծառայությունները, որոնք նախատեսվում են հիմնադրի հետ կնքված պայմանագրում, այնուամենայնիվ, անհասկանալի է, թե ընդամենը 32 մլն  դոտացիա եւ մոտ 10 մլն սեփական եկամուտներ ունեցող տնտեսությունն ինչպես է կարողանում եւ’ աշխատավարձ վճարել, ե’ւ այլ ծառայություններ մատուցել: Մոտավոր հաշվարկներով,  անգամ նվազագույն  աշխատավարձի վճարման դեպքում (չնայած տնօրենի խոսքով միջին աշխատավարձը կազմում է 70-80 հազար դրամ), ներառյալ եկամտային հարկը, 28 աշխատողի համար անհրաժեշտ է տարեկան մոտ 20 մլն 60 հազար դրամ: Այսպիսով, մնացած ծառայությունների իրականացման համար մնացորդ գումարը կազմում է ընդամենը 22 մլն դրամ:

Մնում է ենթադրել, որ կամ` ընկերության տնօրենը չէր կատակում, երբ ասում էր, թե ընկերությունն աշխատեցնելու համար «անձնական միջոցներս եմ ներդնում` ճագար եմ պահում, խոզ, վարկ եմ վերցնում, կամ`արդարացի է այն քննադատությունը, որ Գորիսի կումունալ տնտեսությունը մահամերձ վիճակում է: Փրկությունը ոչ միայն ֆինանսական բավարար միջոցների ներգրավումն է, տնտեսության բնականոն աշխատանքներն ապահովելու համար ֆոնդահայթայթման քաղաքականություն իրականացնելը, այլեւ` եղած միջոցների իրատեսական պլանավորումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter