HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Բյուրեղավանի «գերխնդիրները» և 15 միլիոնանոց ծառայողական «Հունդային»

-Լսում եմ ձեր առաջարկությունները,- ասաց Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը` դիմելով աճուրդի եկած երկու մասնակիցներին:

-Ես հրաժարվում եմ, հնարավորություն չունեմ, գումարս քիչ է,- ասաց մասնակիցներից մեկը` Վալյա Գալստյանը:

«Բա էլ ինչո՞ւ ես հայտ ներկայացրել»,- արձանգանքեց քաղաքապետը՝ շնորհավորելով  «հաղթողին»՝ Լիանա Ղուկասյանին: Վերջինս ինքն իր հետ «սակարկեց»` կատարելով պահանջված նվազագույն մեկ քայլը եւ աճուրդի դրված հողատարածքը ձեռք բերեց 115 հազար 500 դրամով:  Վալյա Գալստյանն ու Լիանա Ղուկասյանը նույն շենքի բնակիչներ են` հարևաններ:

«Աճուրդների կարգը կատարելագործման կարիք ունի: Ցանկացած աճուրդի էլ որ մասնակցեք, գնորդները նախապես իրար հետ երեւի պայմանավորվում են: Քո թիկունքում պայմանավորվում են: Ես տեղյակ էլ չեմ` ինչ պայմանավորվեցին»,- ասաց քաղաքապետ Հակոբ Բալասյանը:

Նա կարծում է, որ քաղաքապետարանը ապահովում է աճուրդների հրապարակայնությունը. օրենքով սահմանված կարգով հայտարարություն է տալիս azdarar.am-ում, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, համայնքի կայքում: «Հետո փոքր քաղաք է, չես էլ կարող թաքուն անել: Մեկ է, իմանում են, գիտեն, ի՞նչ իմաստ ունի թաքցնելը»,- ավելացրեց քաղաքապետը:

Բյուրեղավանում այդ օրը հինգ լոտի աճուրդ պետք է կայանար, որից միայն երկուսի համար էին հայտեր ներկայացվել, յուրաքանչյուրի համար` երկու հայտ: Եղել են դեպքեր, պատմեց քաղաքապետը, երբ 5-6 հայտ են ունեցել մեկ լոտի համար: Այնուամենայնիվ, քաղաքապետարանը չի կարողանում վաճառել տարեսկզբին ավագանու որշմամբ հաստատված օտարման ենթակա ողջ գույքը:

2013թ. աճուրդներից Բյուրեղավանի ֆոնդային բյուջե պետք է մուտքագրվեր մոտ 22 մլն դրամ: Այդ գումարը, ըստ նախատեսվածի, պետք է գոյանար քաղաքապետարանի ենթակայության մոտ 4 մլն դրամի անշարժ գույքի իրացումից, մոտ 5 մլն դրամի շարժական գույքի իրացումից և մոտ 13 մլն դրամի հող օտարելուց: Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի ղեկավար Լիդիա Պողոսյանի խոսքով` ֆոնդային բյուջե աճուրդներից նախատեսված 22 մլն դրամից մուտքագրվել է մոտ 13 մլն դրամ:

Ինչպե՞ս է ծախսվել 2013թ. աճուրդներից գոյացած գումարը

Բյուրեղավանի 2013թ. ֆոնդային բյուջեն կազմել է մոտ 25 մլն դրամ, որից 4,5 մլն դրամը տարեսկզբի ազատ մնացորդն է եղել, մոտ 7,5 մլն դրամ վարչական բյուջեից է տեղափոխվել ֆոնդային բյուջե, իսկ մոտ 13 մլն-ը եղել է աճուրդներից գոյացած գումարը: Լիդիա Պողոսյանը չհստակեցրեց, թե ինչի վրա են ծախսվել հենց աճուրդներից մուտքագրված գումարները, քանի որ դրանք «խառնվում են» համայնքի ֆոնդային բյուջեում, որտեղից էլ դուրս են գրվում համայնքային որևէ ծրագրի համար:  

Ֆոնդային բյուջեի 25 մլն դրամը ծախսվել է փողոցների լուսավորության, քաղաքի բարձրահարկ շենքերի վերելակների վերանորոգման, մանկապարտեզի համար գույք ձեռք բերելու և քաղաքապետարանի համար ծառայողական մեքենա գնելու համար:

Թվարկածներից առաջին երեք ծրագրերի համար ծախսվել է մոտ 10 մլն դրամ, իսկ մնացած գումարով, որը կազմել է մոտ 15 մլն դրամ (մոտ 36 հազար դոլար), Բյուրեղավանի քաղաքապետարանի համար ձեռք է բերվել «Հյունդայի» մակնիշի ծառայողական ավտոմեքենա:

Բյուրեղավանը Կոտայքի մարզի յոթ քաղաքներից միակն է, որ մինչ այժմ չունի գլխավոր հատակագիծ: Այս ամսվա ընթացքում քաղաքի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքը քաղաքապետարանը նախատեսում է ուղարկել քաղաքաշինության նախարարություն: «Շատ անհրաժեշտ են այդ փաստաթղթերը, օրենքով էլ սահմանված է, որ մինչեւ 2016թ. բոլորը պետք է ունենան»,- ավելացրեց քաղաքապետը:

Գլխավոր հատակագիծ ունենալու համար նվազագույնը 7 մլն դրամ է անհրաժեշտ, որ քաղաքապետը պատրաստվում է հոգալ աճուրդների` այս տարվա գումարով: Մյուս առաջնահերթ ծրագիրը մշակույթի տան վերանորոգումն է:

«Հիմա ձեզ մի քիչ տխրեցնեմ»,- ասում է Հակոբ Բալասյանը ու համակարգչով ցույց է տալիս մշակույթի տան չգործող շենքի լուսանկարները: Իսկապես տխրելու լուսանկարներ են: Քաղաքապետարանը վերջին անգամ 2010թ. է այս շենքում վերանորոգման աշխատանքներ կատարել՝ թեք տանիքն է կառուցել, որպեսզի շենքն ամբողջությամբ չքայքայվի:

«Հիմա վերակառուցման ծրագիր ենք մշակել: Մի հատված էլ պետք է ավելացնենք, արվեստի դպրոցը տեղափոխենք այնտեղ: Մեր գերխնդիրը մշակույթի տան շենքը վերակառուցելը եւ արվեստի դպրոցն այնտեղ տեղափոխելն է»,- ասաց Սամվել Բալասյանը` ավելացնելով, թե երբեք հնարավորությունները չեն հերիքում ցանկություններն իրականացնելու համար:  

Այդ դեպքում, արդյոք, անհրաժե՞շտ էր 15 մլն դրամ արժողությամբ ծառայողական մեքենա գնել, քաղաքապետը պատասխանեց. «Ես շատ անկեղծ կասեմ, կարող է  չհավատաք էլ, բայց ավագանին է ավելի շատ պարտադրել: Նախորդ մեքենան շատ էր հնացել, օտարեցինք, բնական է, նոր մեքենա պետք է գնեինք: Էնպես որ, մեզ մոտ ամեն ինչն ընդհանուր է որոշվում: Ավագանու ցանկացած անդամի հետ որ խոսեք, իրենք ամեն ինչից տեղյակ են, ամեն ինչ գիտեն: Ավտոյի պատմությունն էլ, եթե հարցնեք՝ կասեն, որ մենք ենք պարտադրել: Վերջին հաշվով, դա քաղաքապետի մեքենան չէ, քաղաքապետարանի մեքենան է: Տեղեր կան, որ պետք է նորմալ կարգավիճակով երեւալ, էդպես է հասարակությունն ընդունում»:

Բյուրեղավանի որոշ փողոցներ ասֆալտապատման կարիք ունեն. դրանց անսարքությունը կարող է վնասել մեքենաները, այդ թվում` «Հյունդային»:

Իսկ արվեստի դպրոցը, որը քաղաքապետարանը նախատեսում է տեղափոխել մշակույթի տուն, առայժմ քաղաքի հինգհարկանի շենքերից մեկի առաջին` կիսանկուղային հարկում է:


Այստեղ, քաղաքապետի փոխանցմամբ, 123 լավ աշակերտ է սովորում,  նրանցից ոմանք նաեւ միջազգային մրցույթների են մասնակցում:

Առաջին լուսանկարում` Բյուրեղավանի չգործող մշակույթի տունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter