HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Գիտե՞ք, թե Սողոմոնին ինչի են իմաստուն կոչել»

Ամուր ողնաշար, նյարդեր ու տարածության մեջ կողմնորոշվելու հմտություն պետք է ունենաս Ողջի-Մեղրաշատ-Բյուրակն ճանապարհը բարեհաջող հաղթահարելու համար:

Գազելի վարորդն ամեն փոսն ընկնել-ելնելուց քթի տակ որոշակի ուղերձ է հղում «ճանապարհ սարքողի» հասցեին ու կարծես իրեն արդարացնելով՝ փնթփնթում. «Ըբը ըսիկ ճամփա՞ է, ես քու ճամփա ըսողի, մարդու կողերը կջարդին մինչեւ տեղ կհասնի»: Գյումրիից ուղեւորված միկրոավտոբուսում 8 հոգի են: Առավոտյան ժամը 10:00-ն է ու հավանաբար պատճառներից մեկն էլ դա է, որ երեք գյուղ սպասարկող տրանսպորտը կիսադատարկ է: Այդ ժամերին գյուղացին սովորաբար շտապում է քաղաք` ինչ-ինչ հոգսեր հոգալու: Երթուղայինում հիմնականում կանայք են: Խոսում են տարբեր թեմաներից, անգամ՝ քաղաքականությունից:

Ես միակ ուղեւորն եմ, որ իջնում եմ Բյուրակն գյուղում: Մինչեւ համայնքապետարան հասնելն՝ անցնում եմ ադրբեջանական գերեզմանատան մոտով: Շատ լավ պահպանված գերեզմանաքարերը վկայում են գյուղում ապրողների բարեխիղճ վերաբերմունքի մասին: Բյուրակնի համայնքապետ Սեյրան Սարգսյանը խոստովանում է, որ ադրբեջանցիների հեռանալուց հետո մինչեւ օրս ոչ մի գերեզմանաքար չի վնասվել: «Ի՞նչ մեղք ունեն հողի տակ գտնվող մարդիկ,- ասում է Սեյրան Սարգսյանը,- ես դեմ եմ, որ ավիրեն, քանդեն, գերեզման է, էլի, թող իրա համար մնա: Ի՞նչ կապ ունի, թե ինչ ազգության մարդ է թաղված: Գյուղի բնակիչները ձեռք չեն տալիս գերեզմանաքարերին»:

Շիրակի մարզի Ամասիայի նախկին վարչատարծքում գտնվող Բյուրակն գյուղը նախկինում կրել է Գյուլիբուլաղ անունն ու բնակեցված է եղել ադրբերջանցիներով: 1988թ.-ին պատկերը փոխվում է՝ ադրբեջանցիները հեռանում են, գյուղը վերաբնակեցվում է Գյումրիից, Ջավախքի գյուղերից եւ Բաքվի կոտորածներից մազապուրծ փախած ընտանիքներով: Գյուղը Բյուրակն վերանվանվել է 2006թ. հունվարին: «Մինչ այդ դիմել էինք, որ գյուղի անունը դնեն Հայակերտ՝ նկատի ունենալով, որ այն արդեն հայերի ձեռքով է կերտվում, էն էլ ասին Հայաստանում էդ անունով էլի գյուղ կա, ուրիշ բան մտածեք,- պատմում է Սեյրան Սարգսյանը,- 1997թ-ին առաջարկեցինք Բյուրակն: Էլի երկար ժամանակ չէր ընդունվում՝ մեզ անհասկանալի պատճառներով, ի վերջո անվանափոխեցին, էդպես դարձանք բյուրակցի»:

Բյուրակնում 172 ընտանիք է ապրում, 65 ընտանիք հաշվառված են, սակայն արտագաղթել եւ բնակվում են ՌԴ տարբեր քաղաքներում: Փակ դռների պակաս այս գյուղում կարծես թե չի զգացվում: Համայնքապատկան 1115 հա-ից չի մշակվում 120 հա-ը: Համայնքապետն ասում է, որ հիմնականում բացակայողների հողաբաժիններն են մնում անմշակ, թեպետ գյուղի անապահով բնակիչներն եւս հակված են հողը պարապուրդի մատնելու: Բյուրակնում 16 ընտանիք նպաստառու է:

5 մլն դրամ սեփական եկամուտի հավաքագրում ապահովող եւ այդքան էլ պետական աջակցություն ստացող համայնքի ղեկավարի համար թերեւս դժվար է զարգացման ծրագրերի մասին խոսելը: Սեյրան Սարգսյանը համայնքապետի պաշտոնում վերընտրվել է 2012թ.-ին եւ գյուղի զարգացման ռազմավարական ծրագիրը կազմելիս խուսափել է ծրագրերի ժամկետներ եւ անհրաժեշտ գումարներ նշելուց:

«Գրել ենք խնդիրներն ու նպատակները, որովհետեւ մեր ունեցած սուղ գումարներով դժվար է ինչ որ մի մեծ կամ թեկուզ փոքր ծրագրի համար կոնկրետ թվեր ու ժամկետներ նշելը,- բացատրում է Սեյրան Սարգսյանը,- երբ նշում ես ու հետո դրանք չես կարողանում իրականացնել, մեղադրում են, թե վատ ես աշխատում: Մոտ 5 մլն դրամը գնում է աշխատավարձին, էն 5 մլն-ով էլ շատ բան չենք կարողանում անել»:

«Հիլֆսվերք Ավստրիա Ինթերնեյշնլ» կազմակերպությունը մարզի Արեգնադեմ, Բյուրակն եւ Ողջի համայնքներում «Հարավային Կովկասում կանանց կարողությունների զարգացման եւ կայուն գյուղատնտեսության ապահովման համար» ծրագիրն է իրականացնում: Բյուրակնում դասընթացներին մասնակցել է 12 կին: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Աննա Գրիգորյանը, ով դասընթացի մասնակիցներից մեկն է եղել, հույս ունի, որ գյուղում իրենց ուժերով առաջիկայում վերամշակման փոքրիկ ձեռնարկություն կհիմնեն:

«Կազմակերպությունն ուսումնասիրություններ էր անցկացրել եւ պարզել, որ համայնքներում տարվա կտրվածքով հիմնականում կանայք են մնում՝ տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, դրա համար էլ ծրագիրն անցկացվեց կանանց համար,- բացատրում է 27-ամյա Աննան,- ես արդեն 8 տարի է աշխատում եմ ու լավ ծանոթ եմ համայնքի խնդիրներին: Որոշեցի ընդգրկվել խմբում, որ օգնեմ կարիքների գնահատման հարցում: Մի քանի առաջարկ ունենք, չգիտեմ, որը կընտրենք առաջինը, սակայն ավելի հակված ենք չրեղենի արտադրամաս հիմնելու ծրագրի իրականացմանը»:

Բյուրակնի տարածքում դեռեւս խորհրդային տարիներից պահպանված 5 հա խնձորի ու տանձի այգի կա: Գյուղում շատերը սալորի, դեղձի ու ծիրանի ծառեր ունեն: Տարին, եթե բարենպաստ է լինում, մեծ քանակությամբ միրգ են հավաքում ու կանգնում իրացման խնդրի առաջ: «Հիմա որոշվել է Արեգնադեմում կաթի վերամշակման արտադրամաս ստեղծել, մեր գյուղում էլ առայժմ կհիմնենք միջոցառումների անցկացման կենտրոն, հաջորդ քայլը հավանաբար կլինի չրերի արտադրամասի հիմնումը»,- հույս է հայտնում զրուցակիցս:

Սեյրան Սարգսյան Աննա Գրիգորյան

Համայնքի կյանքում կանանց ներգրավվածությունն ակնառու է: Ավագանու 5 անդամներից երկուսը կանայք են՝ Էլլա Բաղրամյան եւ Անժելա Գրիգորյան: Կին ավագանիները, երբ երկու տարի առաջ թեկնածություն էին առաջադրում, հաղթելու հույս գրեթե չունեին: Զարմացան, երբ պարզվեց, որ բյուրակցիները նախկին հին ավագանիներից գերադասել էին իրենց: Այդ առիթով համայնքապետ Սեյրան Սարգսյանը կատակում է. «Գիտե՞ք, թե Սողոմոնին ինչի են իմաստուն կոչել, որովհետեւ 600 կին է եղել կողքի հետ ու ամեն մեկն էլ, որ մի խորհուրդ տար, անհնար էր, որ դիմացինը չիմաստնանար: Դե, մեր գյուղացիք էլ որոշեցին, որ գյուղի կառավարման գործին պիտի կանայք անպայման մասնակցեն ու ընտրություն կատարեցին նախորդ ավագանու անդամ տղամարդկանց ու առաջադրված երկու կին թեկնածուների միջեւ»:

Բյուրակնի ավագանու անդամ Էլլա Բաղրամյանին մտահոգում է գյուղի գազիֆիկացման հարցը, ասում է, թե կապույտ վառելիքի բացակայությունը կենցաղում շատ են զգում, ամեն ամիս գազի բալոն են տանում քաղաք լիցքավորելու: «Ես չեմ ասում, թե հենց ունենանք, տները գազով ենք ջեռուցելու, էլի փայտ ու աթար ենք վառելու, պլիտա ենք վառելու, բայց գոնե կենցաղային հոգսերը կհոգանք գազով ու վրեքս էլ շատ թանկ չի նստի: Չնայած կարող է լինեն մարդիկ, որ գյուղում նաեւ ջեռուցումը կազմակերպեն գազով»,- ասում է ավագանու անդամը:

Առանց պետական աջակցության գյուղում գազիֆիկացման հարցը լուծելն անհնարին կլինի, համոզված է համայնքապետը: «Հարեւան Մեղրաշատը գազ ունի, որովհետեւ մինչեւ երկրաշարժն էլ ներքին ցանց է ունեցել: Գազատարը Մեղրաշատից գալիս, մեր գյուղի տակով անցնում գնում է Ամասիա: Էդ պարագայում գյուղը չգազիֆիկացնելը ճիշտ չէ, բայց մեր բյուջեի չնչին գումարներով դա անհնար է: Որոշակի ֆոնդային գումարներ ունենք խնայած, որ ներդրում անենք, բայց աջակցության կարիք հաստատ կունենանք՝ գյուղի տարածքը 50 հա է, ռելիեֆը բավական բարդ»,- նկատում է Սեյրան Սարգսյանը:

Բյուրակնում դրական են գնահատում խմելու ջրի ցանցը համայնքային ենթակայության տակ պահելը: Խողովակներ փոխելը, վթարների վերացումն իրականացվում է սեփական եկամուտների հաշվին: Բնակիչներն օգտագործած ջրի դիմաց չեն վճարում: «Դա էլ մեր նվերն է մեր բնակիչներին»,- պարծենում է համայնքապետը:

Համայնքի համար մյուս կարեւոր նվերը գյուղի կենտրոնում վեր խոյացող եկեղեցին է: Բյուրակնի նախկին բնակիչներից մեկն, ով ներկայում ապրում է ՌԴ-ում, սեփական միջոցներով ձեռնամուխ է եղել հայրենի բնակավայրի եկեղեցաշինությանը: «Հույս ունենք, որ մի քանի ամսից գյուղի տարածքում կղողանջեն նորակառույց եկեղեցու զանգերը: Տարիներ շարունակ հարեւան երկրից մոլլի, դրանց աղոթքի կանչող ձայները լսելուց հոգնել ենք, թող հիմա էլ իրենք մեր եկեղեցու զանգերի ձայնը լսեն»,-զրույցն ամփոփում է Սեյրան Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter