Ստեփանակերտի նախկին «Ղարմետաքսկոմբինատը», որը պատերազմից հետո դադարեցրել էր աշխատանքը, կրկին լցվել է հաստոցների ձայներով: Այստեղ վերակառուցվել եւ գործում են կարի եւ գործվածքի արտադրամասերը:
1988-ից հետո արտադրամասերը մի քանի անգամ վերաբացվել եւ փակվել են, սակայն այս անգամ ներդրողները լուրջ են տրամադրված: Մեր այցելության ժամանակ արտադրամասերը փորձնական գործարկման փուլում էին. նախապատրաստվում էին գործարանի բացմանը:
Այս պահին արտադրանքն իրացվում է Պաշտպանության բանակի համար, իսկ մինչ տարվա վերջ նախատեսում են մոդելավորել եւ կարել նաեւ քաղաքացիական հագուստներ: Գործվածքի արտադրամասի ինժեներ-տեխնոլոգ Անյա Հակոբջանյանը «Ղարմետաքսկոմբինատի» ամենահին աշխատողներից է: Նա կրկին մեծ եռանդով վերադարձել է արտադրամաս՝ հավատով, որ այն կընդարձակվի եւ էլ ավելի շատ ղարաբաղցիներ հնարավորություն կունենան աշխատել:
«Այս պահին նախկին կոմբինատի մեր հին աշխատողներն են վերականգնվել աշխատանքի, քանի որ իրենք գիտեն՝ ինչպես հաստոցներն աշխատեցնել: Բայց նաեւ երիտասարդների են աշխատանքի ընդունում, ովքեր դեռ սովորում են, մինչեւ կսկսեն երկու հերթով աշխատել արդեն: Բանվորները շատ լավ են աշխատում՝ իմանալով, որ ժամանակին աշխատավարձ են ստանալու»,- ասում է Անյա Հակոբջանյանը:
Ջուլհակուհիները մոտ 80 հազար դրամ են վարձատրվում, իսկ ենթավարպետներն՝ ավելի շատ: Արտադրությունը հունի մեջ ընկնելուց հետո պատրաստվում են գործավարձային պայմանով վարձատրել. ըստ գործվածքի մետրի կամ կարած հագուստի քանակության: Կտորի հաստոցները նոր չեն. գնվել են պատերազմից առաջ, բայց դեռ շարունակվում են գործարկվել: Երբեմն-երբեմն փչանում են եւ կրկին վերանորոգվում:
Կարի արտադրամասը նույնպես հիմնադրվել է անցած տարի եւ իրականացնում է պատվերներ՝ բանակի համար: Հիմնականում կարում են կիսավարտիքներ, շապիկներ եւ սպիտակեղեն: Այստեղ աշխատում են 26 հոգի, վարձատրվում գործավարձային սկզբունքով՝ ըստ արտադրատեսակի եւ քանակի: Միջին աշխատավարձը մոտ 70 հազար դրամ է կազմում:
Հագուստի մոդելավորմամբ եւ դիզայնով զբաղվում է արտադրամասի ինժեներ-դիզայներ Նունե Բաղդասարյանը: Նա անընդհատ աշխատում է նոր մոդելների ստեղծման ուղղությամբ: «Մենք շուտով պիտի տեղափոխվենք նոր արտադրամաս, որն այս պահին վերանորոգվում է: Հենց այնտեղ էլ արդեն կունենանք երկու բաժին՝ զինվորական եւ քաղաքացիական: Մեկը կաշխատի զինվորական հագուստի արտադրությամբ, մյուսը՝ քաղաքացիական»,- ասում է դիզայները:
Լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի
Օպերատոր՝ Սարո Բաղդասարյան
Երաժշտ.՝ Տիգրան Համասյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել