HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի անտառահատումներին տեղյակ են ոստիկանությունը, դատախազությունը, մարզպետը և նախարարը

Լոռու մարզի Ձաղիձոր-Լորուտ ճանապարհահատվածը գտնվում է Մոտկորի  անտառները ապօրինի հատողների վերահսկողության տակ: Այստեղ գործում է ապօրինի անտառահատողների  կազմակերպված խումբ:

Մարցի գյուղացիները վստահ  են, որ Մոտկորի  անտառների ապօրինի հատումներին տեղյակ են Թումանյանի ոստիկանությունը, Լոռու մարզի դատախազը, մարզպետը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ն ու բնապահպանության նախարարությունը:

«Վերևից ա տենց: Ինչ-որ էս կառավարությունը ստեղծվել ա, էնա անտառը կտրում են ու կտրում: Հիմա բոլորը`Թումանյանի ոստիկանությունն  էլ գիտի,  Լոռու մարզի դատախազն էլ գիտի, մարզպետն էլ գիտի, կառավարությունն էլ գիտի, բնապահպանության նախարարն էլ գիտի:  Կտրում են, փողն էլ դնում են ջեբներին: Ժողովուրդը բանվորություն է անում, իշություն է անում, իրա փողն առնում»,-բացատրեց Մայիս Գևորգյանը:

Երեկ` մայիսի 12-ին, ժամը 12-ի սահմաններում  Մարց գյուղի տակ, ճանապարհաեզրին` անտառի մեջ մխրճված, կանգնած էր 81 VC 800 համարանիշով  մեծ բեռնատարը: Վարորդը բացակայում էր: Ավտոմեքենայի մոտ թափված  փայտի մնացորդները վկայում էին, որ  տարածքը  բեռնատարների փայտով բարձելու կայանատեղի է: Ավտոմեքենան լուսանկարելուց հետո,  երբ  մեր տաքսին շարժվեց,  38 OL 882  համարանիշով  «Վիլիսը»  հավասարվեց տաքսիին: Վերջինիս վարորդը  իր ավտոմեքենայից ձգվեց և նայեց տաքսիի ներսը: Ապա արագ ընթացքով պոկվեց տեղից: «Վիլիսի» վարորդը  բջջսյինով խոսում էր:  Ճանապարհի ոլորաններից  մեկում «Վիլիսը» մի պահ կորավ մեր տեսադաշտից: Մի քանի րոպե անց այն նորից հայտնվեց: «Վիլիսը» կանգնած էր փայտով բեռնված մի բեռնատարի մոտ: «Վիլիսի» վարորդը  բեռնատարի վարորդին ինչ-որ բան էր ասում: Ու մինչ  կմոտենայինք` բեռնատարը շարժվեց տեղից և մեծ արագությամբ սլացավ մեր կողքով: Հասցրեցի լուսանկարել արդեն բավականին հեռու գտնվող փայտով բեռնված ավտոմեքենան, փայտի վրա  երկու երիտասարդ էին նստած:

Բարձրացանք Մարց գյուղ, որտեղ էլ մեզ սկսեց հետեւել 35 DL 227  համարանիշով  «Վիլիսը»:  Վերջինս դանդաղ անցավ տաքսիի  կողքով, շուրջ 50 մետր հեռավորության վրա շրջադարձ կատարեց, մի փոքր ժամանակահատված հետևեց մեզ, ապա հեռացավ: Տաքսիի վարորդը նկատեց, որ մեզ հեռվից հետևում է նաև կարմիր գույնի մի «Ժիգուլի»:

«Շատ լայն թափով են անտառը հատում: Հիմա դեռ անտառումն են, իրիկուներն են բարձում, ժամը 4-5-ին նոր գալու են բարձելու: Գոմի վերևն էլ  են բարձում:  Միանգամից ավտոյից ավտո են փայտը բարձում: Իքատակում էլ են բեռնատարներ բարձում: Երեք անտառապետություն է»,- ասաց Մարցի նախկին գյուղապետ Հրաչիկ Հովհաննիսյանը:  

Երբ պատմեցի մեզ հետևող ավտոմեքենաների մասին, նա բացատրեց. «Հեռախոսով իրար տեղեկացնում են»:  

«Էս մեր  ջահելները գնում են անտառում գռուզչիկություն են անում, ուրիշ գործ չկա: Ջահել տղերք են 35-40 տարեկան` հարսանիք չի լինում: Չեն ամուսնանում, վախենում են, որ երեխա ունենան ոնց պահեն, իրենց գլուխը զոռով են պահում, աղքատություն է էլի,- պատմեց Մայիս Գևորգյանը: 

Վերջինս հայտնեց, որ ապօրինի անտառահատումների մասին թերթում  գրելուց մի երկու օր հետո նույն պատմությունը շարունակվում է:

«Մեր` գյուղացիներիս ձեռքին բան չկա, մեզ մարդատեղ դնող չկա: Անտառը մեզական չի»,- ավելացնում է Սուսաննան: 


Դսեղում գյուղացիները նույնպես պատմեցին հատվող անտառների մասին: Գյուղի տարբեր հատվածներում բեռնատար մեքենաներ են կանգնած:

«Դրանք հենց հատատեղերից փայտ հանողներն են»,-ասում է գյուղացիներից մեկը:  


Փորձեցինք հանդիպել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառտնտեսության պետ Վահե Քառյանին: Նա այս անգամ էլ տեղում չէր: «Գլխավոր անտառապետն ու հաշվապահը Երևանում են, պետն էլ մի 5 րոպե առաջ դուրս եկավ»,- ասաց աշխատանքային ժամին անտառտնտեսության դատարկ շենքում նստած միակ աշխատողը` հաշվետարը: 

Վերջինիցս նույն պատասխանը ստացել էինք նաև մեր նախորդ այցելությանը:  Հաշվետարն ասաց, որ վարչական շենքի բակում կուտակված փայտը   վաճառքի համար է: Մի քանի րոպե անց Վահե Քառյանը զանգահարեց և ասաց, որ կես ժամ հետո կարող է հանդիպել ինձ: Երբ հեռախոսով հարցրեցի մեքենաների, անտառահատումների մասին, ասաց՝ տեղյակ չեմ, կճշտեմ կասեմ: Դսեղում էլ գյուղացիներն ասացին, որ Մոտկորի 12 հազար հեկատար անտառների պատասխանատուն՝ Վահե Քառյանը շարունակում է Վանաձորից հեռախոսով ղեկավարել իրեն վստահված անտառտնտեսությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter