HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Նկարիչ Սամվել Պողոսյան. «Ամեն մարդ ի՛ր հեքիաթը պիտի ունենա»

Գյումրեցի նկարիչ Սամվել Պողոսյանի կտավներում գերիշխում են կանայք՝ մարմնի լիքը ուրվագծերով, հյութեղ ու ոչ երկրային դիմագծերի մեղմիկ արտահայտությամբ: Հին հունական լեգենդներից ու անտիկ դիցաբանությունից ազդված նկարիչն ապրում է իր իսկ վրձնած հեքիաթում: «Ամեն մարդ ի՛ր հեքիաթը պիտի ունենա,- ասում է Սամվել Պողոսյանը,- ես իմ հեքիաթը վաղուց եմ գտել: Իմ կտավներում ագրեսիա չկա, կա սեր, համերաշխություն ու բարություն»:

Արվեստանոցում կտավների մի մասը կախված են, մյուսները՝ շարված գետնին՝ դեմքով դեպի պատը: Շուրջբոլորս նայելուց հետո հասկանում եմ, որ տարածքը հնարավորինս կոկիկ տեսքի է բերված՝ այցիս հետ կապված: Ամեն դեպքում նկարիչներին բնորոշ խառնաշփոթը բացակայում է: Սամվելը հերթով ցուցադրում է կտավները՝ սկսելով գրաֆիկական աշխատանքներից, որոնցում գերակշռում է միստերիան: «Սամվել Պողոսյանի աշխատանքներում նկատվում է փախուստ իրականությունից,- մի առիթով նկատել է արվեստաբան Արաքսյա Մարգարյանը,- նա կարծես «երեխա» լինի, ով դեռ չի հագեցել հեքիաթներից, ով շարունակում է ապրել ոչ մերօրյա, այլ գրքային կյանքով ու կերպարներով»:

Նկարչի յուղաներկով աշխատանքներում մինասյան գույների ազդեցությունն եմ զգում՝ հյութեղ կարմիրը միախառնված կապույտի երանգներին: «Իմ համար հայ նկարիչներից թիվ մեկ մեծություններ են Մինաս Ավետիսյանն ու Երվանդ Քոչարը, իսկ օտարազգիներից՝ Ռաֆայելը»,- խոստովանում է զրուցակիցս: Արվեստանոցում նկատում եմ նաեւ աշխատանքներ կերամիկայից: «Ես ինձ հիմնականում համարում եմ գրաֆիկ եւ խեցեգործ, թեպետ զբաղվում եմ նաեւ գեղանկարչությամբ եւ քանդակով»,-ցածրաձայն տեղեկացնում է զրուցակիցս՝ շարունակելով դասավորել արվեստանոցում առկա կտավները դիտելիության առումով առավել հարմար բարձրության վրա:

Սամվել Պողոսյանը նկարել սկսել է երեք տարեկանից: Մանկապարտեզի դաստիարակչուհին ծնողներից շուտ էր նկատել երեխայի շնորհքը եւ նկարչության դասերին ամեն անգամ երկու մեծ թուղթ էր տալիս Սամվելին՝ նկարազարդելու համար: Մանկապարտեզը Գյումրու Լոկոմոտիվային դեպոյի դիմաց էր գտնվում եւ պատուհանից երեւում էին անցնող գնացքները: Սամվել Պողոսյանը լավ է հիշում՝ առաջին մանկական «լուրջ» աշխատանքը շոգեքարշի մատիտանկարն էր:

Հետո արդեն՝ նկարչական դպրոց, այնուհետեւ՝ Գյումրու գեղարվեստի ուսումնարանի խեցեգործության բաժին, շուրջ կես տարի՝ ազատ ունկնդրի կարգավիճակ Սանկտ Պետերբուրգում (Լենինգրադում), հետո՝ ուսումնառության տարիներ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժնում: Ստացել է ակադեմիական կրթություն: Համոզված է՝ ցանկացած նկարիչ պետք է ստանա բազային այդ կրթությունը, որը կոչվում է ակադեմիական: «Դրանից հետո արդեն կարող ես ընտրություն կատարել, թե որ ուղղությամբ ես ցանկանում շարունակել՝ աբստրակտ, կլասիկա եւ այլն: Եթե հիմք չունես, որոշ ժամանակ անց մեկ է, դեմ ես առնելու պատի»,- ասում է զրուցակիցս:

Լենինգրադից վերադառնալուց հետո որոշում է աշխատանքի անցնել Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայում, որպես նկարիչ-ձեւավորող: «Պլակատներ էի գրում՝ «Փառք ՍՄԿԿ», «Հնգամյակը չորս տարում», «26-րդ համագումար» եւ այլն, էն տարիներին մինչեւ ինստիտուտ ընդունվելը ստաժ էր պետք,- Սամվելը ծիծաղում է,- բայց երկար չաշխատեցի: Մի օր գործարանի տնօրենը կանչեց ինձ ու ընկերոջս, թե ձեզ գործ ունեմ հանձնարարելու, պիտի կանգառի տրուբեքը ներկեք: Պարզվեց աշխատանքից ազատել է ներկարարներին ու որոշել, որ էդ գործը մենք պիտի անենք: Ես ու ընկերս դիմում տվեցինք, դուրս եկանք: Որովհետեւ այդ պարագայում ավելի հեշտ էր դիմում գրելը, քան էդ մարդուն մալյարի ու նկարչի տարբերությունը բացատրելը»:

Սամվել Պողոսյանը վերջին 13 տարին Գյումրու Գեղարվեստի ակադեմիայում դասավանդում է «Գծանկար, գունանկար եւ կոմպոզիցիա» առարկան: Չի կարողանում համակերպվել ներկա սերնդի ալարկոտության հետ: Հիշում է, թե ինչպես էին 1987-88 թթ.-ին երեք ընկերով Գյումրիում առանձին բնակարան վարձել, որտեղ օրեր, ժամեր շարունակ նկարում էին, երազում, վիճում, ձգտում առավելագույնն անել: Ինտերնետային այս դարում ինչ-որ մի բան հաստատ այն չէ, նկատում է զրուցակիցս ու հավելում, որ գուցե այս նոր սերունդն է ավելի ճիշտ, գուցե իր սերունդն է սխալ ապրել:

Սամվելը կեսկատակ-կեսլուրջ պատմում է, թե ինչպես էին լուծում մերկ բնորդ գտնելու հարցը ուսումնարանում սովորելու տարներին: «Մեր բնորդները Գյումրիում գործող հասարակական բաղնիքի այցելուներն էին: Պապկաները դնում էինք թեւերիս տակ ու վազում բաղնիք: Գնում էինք «օբշչի զալը»՝ ընդհանուր սրահ, որտեղ մենակ դուշեր (ցնցուղ) էին, մեջտեղում՝ ազատ տարածք, ու կարող էինք ոչ մեկին չխանգարելով նստել-նկարել: Չնայած լինում էր դեպքեր, որ վռնդում էին: Մարդ կար, ասում էր, դե լավ, ի՞նչ է էղել, էրեխա են, թող մնան, նկարեն, բայց կային, որ չէին հանդուրժում մեր ներկայությունը, երեւի ամաչում էին: Մոռացա ասել, բնականաբար, տղամարդկանց բաժին էինք մտնում ու էն էլ մեծ դժվարությամբ»,- նկարչի աչքերում չարաճճի կայծեր են հայտնվում:

Դիցաբանական պատկերների շարք ստեղծելու գաղափարը մտահղացել է դեռեւս ուսանողական տարիներին: Առաջին կուրսում, երբ կուրսային աշխատանքն էր պատրաստում, հարազատ ծննդավայրը ծածկվեց փլատակներով: Ողբերգական դեպքերը ստիպեցին Սամվելին փոխել որոշումը եւ շատ կարճ ժամանակում ներկայացնել մեկ այլ աշխատանք՝ ազդված 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ողբերգությունից:

«Հանձնաժողովը աշխատանքիս հետ կապված բաժանվել էր երկու մասի: Մի կեսն ուզում էր ինձ 2 գնահատել, մյուս կեսը՝ 5,-Սամվելը 26 տարով հետ է գնում,- իրանց ապշեցրել էր այն դինամիկան, որ կար իմ կտավում: Պատկերներ չկային, բայց կար այն ամբողջ ցավն ու ողբը, որ տեսել էի այդ օրերին ու այդ ամենը շարժման մեջ էր ներկայացված: Հետո, արդեն երկրորդ կուրսից, տարվեցի հին հունական լեգենդներով, սկսեցի նկարել այն ամենն ինչ կարդում էի ու պատկերացնում: Դա էլ հենց դարձավ իմ այցեքարտը գրաֆիկայի աշխարհում: Մեկ-մեկ էլ մտածում եմ, կարո՞ղ է նախկին կյանքում հույն եմ եղել»:

Տեղափոխություները, երկրներ այցելելը, տարբեր մշակույթների հետ շփվելը անչափ կարեւորելով հանդերձ՝ զրուցակիցս ինքն էլ ներկայում ունի այդ բացը լրացնելու կարիք: Շատ կուզենար լինել Հունաստանում եւ Աֆրիկայի հասարակածային գոտու պետություններում: Աֆրիկյան մայրացամաքը նկարչին ձգում է բնության անաղարտությամբ:

«Հիմի ուսանողները բավարարվում են տուն-ակադեմիա, ակադեմիա-տուն գնալ-գալով: Մեր ժամանակ էլի լավ էր, Մոսկվա էինք գնում, Լենինգրադ, հիմա շատ քիչ կան երիտասարդ նկարիչներ, որ կարողանում են եվրոպական երկրներ այցելել: Գումարների հարց է, որովհետեւ վստահ եմ, որ բոլորն էլ ցանկության դեպքում կուզենային դուրս գնալ: Տարին մեկ, երկու անգամ ուսանողներիս տանում եմ Երեւանի պետական պատկերասրահ, բերանները բաց նայում են: Գյումրիում 20 տարի է՝ մի պատկերասրահ չունենք, որ ուսանողը գնա, նստի կտավներից կոպիաներ անի, որ էլի շատ կարեւոր է: Չկա մի տեղ, որտեղ գյումրեցի նկարիչներն իրենց գործերի ցուցադրությունը կազմակերպեն»,- մտահոգվում է զրուցակիցս:

Մի քանի ցուցահանդեսների Սամվել Պողոսյանն իր աշխատանքներով մասնակցել է, ունեցել է նաեւ անհատական ցուցադրություն: Ստեղծագործությունները վաճառելիս, եթե իր սիրելի կատվներն են, դժվարությամբ է բաժանվում: Լինում են դեպքեր, երբ նվիրում է ոչ միայն կտավներից, այլեւ կերամիկական աշխատանքներից:

«Եղել են դեպքեր, որ տեղ են հրավիրել, մտածել եմ իմ գործերից նվիրեմ, տարել եմ ու հետո հասկացել, որ գուցե էն խռուստալից վազը, որ չէի առել, որպես նվեր, ավելի տեղին կլիներ,- Սամվելը բարեհոգի ժպտում է,- մի անգամ մեկին կերամիկայից պատրաստած գործերիցս նվիրեցի, հաջորդ օրը, երբ հանդիպեցինք, ասեց՝ էս հետ վերցրու, չեմ ուզում, ես էլ ասի՝ սիրով: Սկզբում մտածեցի գետնին խփեմ կոտրեմ, հետո էլ բարկությունս արագ անցավ, նույնիսկ ուրախացա: Մարդը չէր կարողացել գնահատել իրեն տվածը, հիմա ինչ կարող ես անել, իրանցը խռուստալն ու մադոննա սերվիզն է»:

Երկու զավակներից աղջիկն ընտրել է իր ճանապարհը: Զավակի մասնագիտության ընտրության հարցում արգելք չի հանդիսացել: Միակ ցանկությունն այն է, որ աղջիկը կարողանա ճիշտ քայլերով առաջ գնալ: «Հիմա երիտասարդները շատ են ձգտում ժամանակակից արվեստ կոչվածին՝ մերժելով դասականը,- նկատում է Սամվել Պողոսյանը,- կոմունիստների ժամանակ դա չկար: Իմ կարծիքով այն արհեստականորեն ներմուծված է, որ քայքայեն մեր ունեցածը: Ի՞նչ է նշանակում վերցնել մի հատ պռովոլկա, ծռել ու ասել սա արվեստի գործ է: Երբ վեճ է լինում, արտ-արվեստի կողմնակիցները դասական նկարչությունը համարում են հնացած: Ես շատ եմ ջղայնանում նման կարծիքներ լսելուց: Ախր դասականն էնքան նոր արվեստ է... Քանի տարի է անցել Վերածննդի դարաշրջանից, բայց ինքը շարունակում է շնչել, ապրել, մարդկանց դաստիարակել, ինչու ոչ, նաեւ՝ ապշեցնել: Դասական նկարչությունը չի կարող հին լինել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter