HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Աճուրդ. խաղ` գյուղացիների և գյուղի ղեկավարի համար

Համայնքային սեփականության «ամենամրցակցային» աճուրդը, հավանաբար, տեղի է ունեցել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հարություն Բելլույանը ժպտալով պատմում է, թե քիչ էր մնում միանգամից 10 մլն դրամ մուտքագրվեր համայնքի բյուջե, ընդամենը` 98 ք/մ հողատարածքի վաճառքից: Սակայն այս «բացառիկ» սակարկությունը պարզապես միմյանց հետ կռված երկու հարևանների պայքարի արդյունք էր:

Երկուսն էլ գումար չեն ունեցել հողը ձեռք բերելու համար, յուրաքանչյուրն ամեն հաջորդ քայլով բարձրացրել է հողի արժեքը, որ դիմացինը չկարողանա գնել: Արդյունքում հողի գինը հասել է մինչեւ 10 մլն դրամ, և գյուղացիներն, իրենց պայքարից գոհ, հեռացել են համայնքապետարանից` այդպես էլ չգնելով հողը: 

Մայիսի 19-ին համայնքապետարանում, ըստ նախապես հայտարարվածի, պետք է տեղի ունենար հերթական աճուրդը: Ժամը 11:00-ին` հայտարարված ժամին, աճուրդի դրված հողատարածքի համար հայտ ներկայացրած երկու մասնակիցներից ոչ մեկը չներկայացավ: Համայնքապետ Ջիվան Քամալյանը ասաց, որ նրանք ներկայանալու են, պարզապես ուշանում են: Անցավ մոտ կես ժամ, համայնքապետն ու աշխատակազմի ղեկավարն այդ ընթացքում պատմում էին, թե ինչպես են ծախսել անցած` 2013թ. աճուրդներից գոյացած գումարները: Ավարտեցին, բայց այդ օրվա աճուրդի մասնակիցները դեռ չկային:

«Աճուրդի մարդիկ հարևաններ են,- սկսեց բացատրել աշխատակազմի քարտուղարը,- սաղին գարաժի տեղ ենք հատկացրել, էդ մեկը դուրս է մնացել: Հիմա մեր աճուրդը կարանք հաշվենք, որ կայացել է: Էդ հողակտորը, մեկ է, էդ մարդկանցն է, իրենք պիտի տնօրինեն, էդ տղան, ով որ աճուրդին հաղթող է դուրս գալու, զանգեց ասաց, որ սրոչնի բան է պատահել, կարող է մի քիչ ուշանա էլի: Աճուրդ հասկացությունը, ասենք, էս սաղ թղթերը ճիշտ-օրենքով անում ենք, բայց նաև լինում են սենց պահեր, երբ իրանք են ուզում, բերում են երկու հայտ, երկու հարևան` իրար հետ: Համայնքի բյուջեն էլ գումար է գալիս»:

Արձանագրությունների գրանցամատյանում հերթականությամբ դասավորված են նախորդ աճուրդների հետ կապված բոլոր փաստաթղթերը, ամեն ինչ արվել է օրինական, և եթե աճուրդի ժամին չլինես համայնքապետարանում, այդպես էլ չես իմանա, որ աճուրդները համարվում են կայացած առանց կայանալու:

«Հիմա մենք մարդկանց պետք է ընդառաջենք: Հայտատուները ժամը 11:00-ին չեն ներկայացել, բայց զգուշացրել են, որ գալու են, հիմա չսպասե՞նք նրանց, եթե ուրիշ հայտ չկա»,- ասաց աշխատակազմի քարտուղարը:

 Այս անգա՞մ էլ են օրենքով թղթերը ճիշտ լրացնելու, թե՞ աճուրդը համարելու են չկայացած` համաձայն օրենքի, գյուղապետը նայեց աշխատակազմի քարտուղարին եւ ասաց. «Ճիշտը որ ուզում ես իմանաս, պիտի հիմա թազա արձանագրություն կազմվի, որ չկայացավ աճուրդը: Նորից պիտի էթանք հայտարարություն տանք: Կամ էլ թե չէ ձեւակերպենք, գնա էլի, ուրիշ բողոք չկա, բան չկա»:

Աճուրդը համայնքապետարանում դարձել է խաղ, այն խաղալու համար պետք է նվազագույնը երկու հոգի: Աճուրդի մասնակիցները միշտ էլ նախապես պայմանավորված են լինում` նշում է աշխատակազի քարտուղարը, ու գիտեն, թե ով է լինելու հաղթողը:

Տարվա ընթացքում հողի օտարումից` աճուրդներից և ուղղակի վաճառքներից, համայնքի ֆոնդային բյուջեում գոյացել է 6 մլն 326 հազար 360 դրամ: Վարչական բյուջեից փոխանցվել է 3 մլն 900 հազար դրամ: 4 միլիոն 596 հազար 800 դրամ կազմել է նախորդ տարվա մնացորդը:Ընդհանուր առմամբ, ֆոնդային բյուջեում 2013թ. եղել  է մոտ 14 մլն դրամ, որով, ըստ համայնքապետի, 1550ք/մ  ասֆալտամպատման աշխատանքներ են իրականացվել:

Գյուղում մոտ 350-400 հա սեփականաշնորհված այգիներ չեն մշակվում: Հիմնական պատճառը համայնքապետի խոսքով` ոռոգման ջրի թանկ լինելն է:

«Գյուղացին չի կարողանում այնպիսի եկամուտ ստանալ, որ ծախսերը կարողանա փակել: Հո մենակ ջուրը չի, պարարտացումը, սրսկումը, թրթուրը սաղ յոնջեքը կերել է: Ես իմ յոնջեքը սրսկեցի, կողքինը չի սրսկել, մի սրսկումը 30-40 հազար դրամ է, ինչքան էլ սրսկես, չես կարողանում դեմն առնել»,- ասում է համայնքապետը:

Այս տարի համայնքապետարանը ստացել է գյուղացիներից մեկի հողից հրաժարվելու առաջին դիմումը. հերթական արտագաղթողը համայնքին է հանձնել իր 4 չմշակվող հողամասերը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter