HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Եթե ես չանեի այն, ինչ անում եմ, այսքան երիտասարդ չէի մնա

Սկիզբը

“Led Zeppelin”-ի վաղ շրջանում ամսագրերից մեկին տված հարցազրույցում 26-ամյա Ռոբերտ Փլանթն ասել էր, որ ինքը ծերանալու իմաստը չի հասկանում: 36 տարի անց, անդրադառնալով այդ մտքին, հաստատեց. «Այո, նա ճիշտ էր. կարծում եմ՝ դա ավելի շատ ոգուն է վերաբերում, քան ժամանակագրությանը: Եթե ես չզբաղվեի այն ամենով, ինչն իմն էր, ես այսպես երիտասարդ չէի մնա, ինչպես հիմա եմ: Ես երգում եմ, այնպես չէ՞, կյանքեր չեմ փրկում, ոչ էլ ոռոգման ջրի համակարգ եմ փորում: Ես երգում եմ և պետք է խաղաղ ու երջանիկ անցնեմ ինձ տրվածի միջով, շատ աշխատեմ և չնայեմ այս ամենին իբրև բացառիկ շնորհի: Ինչ խոսք, մեծ նվեր է այն ունենալը, բայց եթե ես երկար ժամանակ դոփեմ նույն տեղում, հավանաբար կկորցնեմ այն»: 

1975թ. Փլանթը կնոջ՝ Մորինի հետ Հունաստանում ավտովթարի ենթարկվեց: Լուրջ վնասվածքների պատճառով նա երկար ժամանակ չէր կարողանում աշխատանքի մեջ ներգրավվել, ուստի մեկ տարով հետաձգվեց խմբի համերգային գրաֆիկը, իսկ 7-րդ՝ “Presence” ալբոմի ձայնագրությանը երգիչը մասնակցեց անվասայլակին նստած: Անձնական խնդիրների շարքը գագաթնակետին հասավ ընտանեկան ողբերգությամբ. 1977թ. ստամոքսի ինֆեկցիայից մահացավ Փլանթի հնգամյա որդին՝ Կարաքը: Փլանթն այդ օրերին ԱՄՆ-ում համերգային շրջագայության մեջ էր, լուրը քիչ մնաց խելագարության հասցներ նրան: Ամիսներ շարունակ, չկարողանալով համակերպվել կորստի հետ, նույնիսկ հարցականի տակ էր դրել իր ապագան: Կարաքի մահը հետագայում ներշնչեց Փլանթին գրելու "All My Love" երգը:

1980թ. թմբկահար Ջոն Բոնհեմի անակնկալ մահով դադարեց խմբի գործունեությունը: Որոշ ժամանակ անց երաժիշտներից ամեն մեկը որոշեց զբաղվել անհատական գործունեությամբ, Փլանթը` ևս: «Ես չեմ կարող ինձ ամբողջովին սահմանափակել երգչի շրջանակում. լինել ռոքնռոլի երգիչ` այդքան էլ մեծ աշխատանք չէ»,- ասում է նա: 

Արդյունքում ծնվեցին բազմաթիվ երգեր, կատարումներ, ալբոմներ, համերգներ՝ լավագույն երաժիշտների հետ համագործակցելով, այդ թվում` Ջիմի Փեյջի։ Այս ժամանակաշրջանը բացահայտեց Փլանթ-արտիստի տարբեր նախասիրությունները երաժշտության այլ ոճերում և այլ ժանրերում։ 1982թ. Փլանթ երաժշտի անհատական գործունեությունը մեկնարկեց  “Pictures at Eleven” ալբոմով, որը մեծ հաջողություն ունեցավ: Մեկ տարի անց  թողարկվեց նոր՝ “ The Principle of Moments” ալբոմը, որի  ամենահայտնի երգը  “Big Log” սինգլն էր:

1984թ. ձայնագրվելով Փեյջի, կիթառահարներ Ջեֆ Բեքի և Նայլ Ռոջերսի հետ` Փլանթը որպես մեներգիչ հանդես եկավ “The Honeydrippers, Vol. 1” նախագծում: Այն ներկայացնում էր “Atlantic Records” ընկերության այն ժամանակվա տնօրենի՝ Ահմեդ Էրթեգունի՝ 50-ականներից սկսած հայտնի ու սիրված տարբեր երգերի ընտրանին: Ի սարսափ Ռ. Փլանթի՝ “Sea of Love”  սինգլը շռնդալից հաջողություն ունեցավ՝ դառնալով ռադիոկայանների ամենից շատ հաղորդված և մինչ այդ ամենից շատ վաճառված կատարումը: Այս անակնկալ վերելքը մտահոգեց երգչին: Նա մտավախություն ուներ, թե այսուհետ հանդիսատեսն իրեն կարող է ճանաչել  առավելապես իբրև շանսոնիե, քան ռոքնռոլի երգիչ:

Փլանթը հյուսիս-աֆրիկյան ֆոլք երաժշտության մեծ երկրպագու էր: Նա առաջին անգամ Մարոկկոյում հայտնվեց դեռևս 1972թ.՝  ”Led Zeppelin”-ի մյուս անդամների հետ: Այս ազդեցությունը առավել բացահայտ արտահայտվեց նախ՝ “For fate of Nations” ՝ 1993թ. թողարկված ստուդիական 6-րդ ալբոմում, ապա` մեկ տարի անց՝ Ջիմի Փեյջի հետ վերամիավորման արդյունքում ծնված  “UnLedded”-ով (90 րոպեանոց ակուստիկ շոու նախագիծ՝ ձայնագրված Մարաքեշում, Ուելսում և Լոնդոնում): Հետագայում նրանք թողարկեցին նաև զեփելինյան դասական գործերից մի քանիսը, որոնք ներկայացված էին նոր ոճով և ձևավորմամբ՝ կրելով արևելյան, մասնավորապես` արաբական տարրեր: "City Don't Cry", "Yallah" (or "The Truth Explodes"), "Wonderful One", and "Wah Wah".

«Բոլոր մեծ ու փոքր դրսևորումներով՝ գեղեցիկ երաժշտությունն իր կողքին ունի հոգևոր մի տեսակ, ավելի ճիշտ` սուրբ մի տարածք, որի ներսում, ինչպես ամուր պահպանվող գաղտնիքում, հանդիսատեսն ու երաժիշտը դառնում են մեկ հոգի. դա հիմարություն է, բացարձակ հիմարություն: Երաժշտությունը մոլորակի վրա քայլող յուրաքանչյուր մարդու համար է: Վերջիվերջո, եթե  այն հասնելու լինի ձեզ, կհասնի»,- ասում է Փլանթը: 

2001- 2007թթ. Փլանթը շրջագայում էր ԱՄՆ-ի և Եվրոպայի տարածքում “Strange Sensation” նախագծով, որն ընդգրկել էր և՛ զեփելինյան և՛ անհատական շարքի մեծ թվով հայտնի երգեր՝ նոր գործիքավորմամբ: 14 ալբոմ` ստուդիական, անհատական և համերգային համագործակցություններ, շրջագայություններ, համերգային մեծ նախագծեր: Այս ամենը դեռ շարունակվում է Ռոբերտ Փլանթ- արտիստի կյանքում. երաժշտի սոլո կարիերան հաջողությամբ շարունակվում է մինչ օրս։

2009թ. հուլիսին երաժշտության մեջ ունեցած ներդրման համար Արքայազն Չարլզը Բուկինգհեմյան Պալատում նրան շնորհեց Բրիտանական Կայսրության Պատվո Շքանշան՝ Ասպետի կոչումով: 2006թ. “Hit Parader “ ամսագիրը Փլանթին ճանաչեց որպես «Պատմության լավագույն մետալ ոճի վոկալիստ», 2008թ. “Rolling Stone”-ի հարցման արդյունքում «Բոլոր ժամանակների լավագույն երգիչներ» շարքում նա 15-րդն էր, սակայն 3 տարի անց ամսագրի ընթերցողները նրան առաջին տեղը հատկացրեցին «Լավագույն առաջատար երգիչներ»-ի ցանկում: 2009թ. “Planet Rock” ռադիոկայանի հարցումներով` Փլանթը «Ռոքի լավագույն ձայն» է ճանաչվել, իսկ ահա բրիտանական “New Musical Express” ամսագրի տվյալներով` բոլոր ժամանակների լավագույն երգիչների ցանկում նա զբաղեցրել է 7-րդ տեղը: 

2013 թ. օգոստոսի 8-ին լեգենդար երգիչը պաշտոնապես հայտնվեց թվային դարում՝ միանգամից գրանցվելով սոցիալական մի քանի առաջատար ցանցերում՝ Twitter, Google Plus, Instagram:Twitter -ում գրանցվելուց հետո նա գրառեց՝ «Գնացի՞նք», ստորագրեց՝ «Ռ. Փ.», և ընդամենը 24 ժամվա ընթացքում նրան հետեւց ավելի քան 25 հազար մարդ: Միևնույն ժամանակ թարմացվեց և նոր տեսքով ու ձևավորմամբ վերագործարկվեց նրա կայքէջը, որում տեղ գտան բացառիկ արխիվային նյութեր, հարցազրույցներ և այլն: 

Տարբեր տարիների Փլանթը մի քանի հատուկ նախագծերով միավորվել էր «Լեդ Զեփելին»-ի կազմում. աննկարագրելի արձագանքներ, սպասումներ և մեծ ցանկություն` նորից միասին հանդես գալու: Եվ չնայած այս ամենին՝ նա ձախողում էր շարունակությունը. մերթ հնարավոր էր համարում, մերթ էլ բացառում խմբի վերամիավորումը՝ այն համարելով փակված էջ իր կյանքում:

Սակայն 2013թ. ակնարկեց, որ առաջիկայում՝ հենց 2014-ին, հնարավոր է համարում վերամիավորումը, քանի որ այս տարվա համար այլ ծրագրեր չունի: Նա նաև խոստովանեց, որ ինքն է խմբի «քուն մտնելու» պատճառը: Իսկ Ջիմի Փեյջը և բասիստ Ջոն Փոլ Ջոնսը այդ մասին լռում են, որովհետև «նրանք ըստ աստղակերպի նշանի Այծեղջյուր են և պարփակված են իրենց առանձին աշխարհում: Այդ պատճառով իմ վրա են թողել հայտարարությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter