HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Ճանապարհային ոստիկանությունում օրենքի իմացության պակաս կա

Հազիվ թե գտնվի մի վարորդ, ով չի շփվել Ճանապարհային ոստիկանության տեսուչների հետ: Լինում են գրագետ տեսուչներ, լինում են` ոչ այնքան, լինում են ծառայությանը նվիրվածներ, լինում են նաև վարորդի գրպանին նայողներ… Փորձենք հասկանալ, թե որքանով է ՃՈ-ն իրավագրագետ և գործին նվիրված` որպես ամբողջություն:

Նշանները

Մենք բազմիցս ենք խոսել այն մասին, որ տարբեր նշաններ, գծանշումներ և լուսաֆորներ իրավախախտում ծնող հանգամանքներ են… Ավելի պարզ ասած` վարորդներին դրդում են խախտման: Սակայն ճանապարհային ոստիկանությունը օրերս սկսեց է́լ ավելի փայլել:

Այսպես` Դավթաշեն վարչական շրջանում ՃՈ-ն տեղադրել է գոյություն չունեցող 10 նշան… Այո, նշան, որը որևէ երկրում չես հանդիպի, Հայաստանի օրենսդրությամբ գոյություն չունի, և պարզ չէ, թե ինչ է ցուցանում:

Սա յուրովի ստեղծագործական միքս է, որը հավանաբար ծագել է «Երթևեկությունը դեպի աջ» և «Արգելքի շրջանցումն աջից» նշանների կոլլաժից:

Նույն կերպ որոշ շինարարական աշխատանքներից առաջ երբեմն հանդիպում ենք այսպիսի մի նշանի, որը «Արգելքի շրջանցումը ձախից» նշանի յուրովի «ռեմիքս» է:

Արդեն մի քանի տարի է, ինչ ճանապարհային նշանների տեղադրման պատասխանատուն ճանապարհային ոստիկանությունն է (նախկինում քաղաքապետարանն էր): Եվ պարզվում է, որ օրենքները չիմացող ու խախտող վարորդներին տուգանողները իրենք էլ չգիտեն օրենքները ու խախտում են դրանք (իսկ ՃՈ տեսուչների օրինախախտումներին մենք բազմիցս ենք անդրադարձել):

Աչքերը` վարորդների դրամապանակների՞ն

Սակայն սխալ ու գոյություն չունեցող նշանների այս խնդիրը վկայում է նաև այլ բանի մասին: Երևանում ամեն քայլափոխի կարելի է տեսնել ճանապարհային ոստիկանության պարեկային մեքենա… Եվ այդ մեքենայում գտնվող տեսուչների աչքից չի վրիպի, եթե դուք անգամ մի չնչին խախտում անեք:

Բայց արի ու տես, որ հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների վրա տեղադրված անհեթեթ նշանները չեն գրավել տեսուչների ուշադրությունը: Կարելի է վստահաբար ասել, որ այդ նշաններից յուրաքանչյուրի մոտով շաբաթներ շարունակ յուրաքանչուր օր անցել են տասնյակ պարեկային մեքենաներ, սակայն տեսուչները, որոնք, կարծես, տեսողության խնդիր չունեն, ղեկավարությանը չեն զեկուցել գոյություն չունեցող նշանների մասին:

Ավելին, որևէ պատասխանատվության չեն կանչվել թե́ գոյություն չունեցող նշաններ տեղադրողները, թե́ դրանց կողքով պարեկություն անող և սխալի մասին չզեկուցած ՃՈ տեսուչները:

Ակնհայտ է, որ տասնյակ սխալ նշաններ տեղադրելը և տեսուչների կողմից նշանները տեսնելու ու չզեկուցելու փաստը պայմանավորված է միայն այն հանգամանքով, որ ճանապարհային ոստիկանությունը որպես համակարգ, ներեցեք, «թքած ունի» նշանների ու դրանց օրինականության վրա, քանի որ նշանի ճիշտ լինելը իրենց արտաբյուջետային ֆոնդ գումար չի բերի, իսկ մի երկու տաքսիստի մի երկու մանր խախտման համար տուգանելը կբերի:

Խնդրի խորությունը

Եթե գոյություն չունեցող նշանների այս պատմությանն ավելացնենք բոլոր այն սխալ աշխատող լուսաֆորները, իրարամերժ գծանշումները (որոնց առաջիկայում կանդրադառնանք) և ծառերի հետևում թաքնված նշանները, որոնք վարորդներին դրդում են խախտման, կստացվի, որ Հայաստանում ճանապարհային կարգավորման ոլորտը սոսկալի վիճակում է, ինչն, ավաղ, ձեռնտու է Ճանապարհային ոստիկանությանը, քանի որ բոլոր խախտումների տուգանքները փոխանցվում են հենց այդ մարմնի արտաբյուջետային ֆոնդ…

Որքան շատ սխալ նշաններ, այնքան շատ խախտումներ, այնքան մեծ արտաբյուջետային ֆոնդ, այնքան մեծ աշխատավարձեր տրամաբանական շղթան հակապետական է, քանի որ պետությունը պետք է առաջնորդվի «որքան լավ ես աշխատում, այնքան մեծ աշխատավարձ» սկզբունքով և ոչ հակառակը:

Լուծումը պարզ է` հարկավոր է ճանապարհային կարգավորման ֆունկցիան ՃՈ-ից հանձնել մեկ այլ մարմինի (օրինակ` տեղական ինքնակառավարման մարմիններին, տրանսպորտի նախարարությանը և այլն), որոնք, իրենց բոլոր թերություններով հանդերձ, չեն ունենա խախտումեր «ծնելու» շահագրգռություն:

Մեկնաբանություններ (1)

Բագրատ Խաչատրյան
Լիովին համաձայն եմ: Ավելացնեմ` իսկ գոյություն ունեցող ճանապարհային նշանները հաճախ տեղադրվում են օրենքի խախտմամբ: Նույնը կարելի է ասել գծանշունմերի մասին: Ոլորտը հիմնականում կարգավորվում է ԳՕՍՏ Ռ 51256-99 և ԳՕՍՏ Ռ 52289-2004, որոնք ինչպես կանոն անտեսվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter