HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Շալանդը հավաքագրում է բոլոր ուժերին. Հայաստան-ԱՄԷ՝ 4-3

Երեկ կայացած Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ ֆուտբոլային ընկերական հանդիպումը չնայած ընկերական խաղին բնորոշ հաշիվ ունեցավ՝ 4-3, արդյունքն ամենեւին էլ մրցամարտի բնույթի հետ կապ չուներ: 7 գոլերն առաջին հերթին կողմերի հարձակողական եւ կիսապաշտպանական գծերի ակտիվության ու պաշտպանների սխալների արդյունք էին:

Բեռնար Շալանդն իր առաջին խաղում փորձարկման նպատակով մի շարք նորեկների էր հրավիրել, սակայն մեկնարկային կազմում տեսանք միայն Ռումյան Հովսեփյանին: Խաղի ընթացքը ցույց տվեց, որ թիմի ամենաթույլ օղակը շարունակում է մնալ պաշտպանությունը: Իսկ կոնկրետ այս խաղում ամենախոցելին աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանն էր, ում եզրից արաբները շարունակ գրոհներ էին ձեռնարկում: Հենց առաջին րոպեներից մի քանի սպառնալից պահեր եղան Կասպարովի դարպասի մոտ, ու բոլորն էլ՝ Համբարձումյանի եզրից: Պատահական չէ, որ երբ նրան փոխարինեց Տարոն Ոսկանյանը, մրցակցի ձախ եզրային գրոհայինը փոխեց դիրքը, քանի որ մի քանի անգամ մենապայքարներում պարտվեց Ոսկանյանին: Ըստ էության, Համբարձումյանին կարելի էր ավելի շուտ փոխարինել, քանի որ նրա դիրքի թուլությունն ակնհայտ էր:

Եթե վնասվածք չունենար Կամո Հովհաննիսյանը, պաշտպանությունն ավելի նախընտրելի տեսք կունենար, քանի որ այս խաղացողը ունիվերսալ է՝ կարող է հանդես գալ թե աջ, թե ձախ եզրերում, արագավազ է, սիրում է միանալ գրոհներին ու հաջող անցումներ է կատարում: Հանձին շարք վերադարձած Լեւոն Հայրապետյանի ու Կամոյի՝ ունենք ուժեղ եզրային պաշտպաններ, որոնք չնայած աճելու տեղ ունեն, բայց նաեւ հիմնական կազմի կայուն խաղացողներ են: Արտակ Եդիգարյանն ու Հրայր Մկոյանը եզրերում դեռեւս զիջում են այս երկուսին: Մկոյանի խնդիրն այն է, որ նա ավելի շատ կենտրոնական դիրքի ֆուտբոլիստ է:

Մեր առաջին գոլը հենց Հայրապետյանի արագավազության արդյունքում ծնվեց. փոխանցում ստանալով Մխիթարյանից, ապա պատ խաղարկելով Մովսիսյանի հետ՝ նա առաջ անցավ պաշտպաններից ու 37-րդ րոպեին դարպասապահի ոտքերի արանքով գոլ խփեց՝ 1-0: Սա Լեւոնի առաջին գոլն էր հավաքականում:

Չնայած Մկոյան-Հարոյան զույգը առաջին հայացքից վատ չի դիտվում, երկուսն էլ ամուր խաղացողներ են՝ կոշտ պայքարի միտված, բայց արաբների հետ հանդիպումը ցույց տվեց, որ կենտրոնում «անցքեր» շատ ենք ունենում: Թե նրանք, թե Ռոբերտ Արզումանյանը լավ են խաղում գլխով, բայց երեկ մենք երկու գոլ բաց թողեցինք անկյունայինների իրացումից՝ գլխով կատարած հարվածներից հետո: 40-րդ րոպեին բարձրահասակ Իսմայել Ահմեդը բոլորից, այդ թվում՝ դարպասապահ Կասպարովից, բարձր ցատկեց: Վերջինս սխալ դուրս եկավ իր տեղից եւ չկարողացավ հասնել գնդակին, իսկ Կառլեն Մկրտչյանը զիջեց Ահմեդի հետ պայքարում՝ 1-1:

ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում ԱՄԷ-ն 67-րդն է, մեր թիմը՝ 33-րդը: Ճիշտ է՝ թվերը ոչինչ չեն որոշում, բայց որոշ առումով խոսում են հավաքականների կարգի մասին: Հաղթանակը միակ պահանջվող արդյունքը պիտի լիներ Շալանդի սաներից: 42-րդ րոպեին Մովսիսյանը ձախ եզրով առաջ նետվեց, փոխանցում կատարեց կենտրոնով առաջացող Մխիթարյանին, որի համար այդ դիրքից գոլ խփելը որեւէ դժվարություն չէր ներկայացնում՝ 2-1:

Հետաքրքիր պատկեր էր. մերոնք խփում էին, արաբները՝ պատասխանում: 52-րդ րոպեին Օմար Ամդուլռահմանը օգտվեց մեր պաշտպանների թողտվությունից, որոնք կրկին ճեղք տվեցին աջ եզրում. Համբարձումյանի սխալից հետո գնդակն անարգել հայտնվեց մրցակցի կենտրոնական գրոհայինի մոտ եւ նա գրավեց Կասպարովի դարպասը՝ 2-2: Այս անգամ մեր դարպասապահը որեւէ կերպ մեղավոր չէր:      

Եթե պաշտպանական գիծը կաղում էր, ապա կիսապաշտպաններն ու Յուրա Մովսիսյանը առջեւում բավականին ակտիվ էին ու մրցակցին շարունակ լարված էին պահում: Խաղի ընթացքում հիշվեցին Գեւորգ Ղազարյանի եւ Արասի հարվածները, որոնցից հետո դարպասաձողը օգնեց մրցակցին: Իսկ Յուրան 67-րդ րոպեին կատարեց իր երրորդ գոլային փոխանցումն այս խաղում: Նախ Արասը առաջ պոկվեց աջ եզրով, գնդակը փոխանցեց Յուրային, վերջինս էլ մեկ հպումով այն հասցեագրեց Հենրիխին, որը թափանցեց տուգանային հրապարակ ու դարպասապահի վրայով գնդակը նետեց ցանցը՝ 3-2: Կոմբինացիան շատ գրագետ ու գեղեցիկ էր կազմակերպված: Այս դրվագում զգացվեց Արասի, Յուրայի ու Հենրիխի բարձր կարգը: Ընդ որում, Մխիթարյանը ազգային թիմում խփեց իր 14-րդ գոլը, ինչը լավագույն ցուցանիշն է մեր ընտրանու պատմության մեջ:

71-րդ րոպեին անկյունայինի իրացումից հետո գլխով գոլ խփեց Ռումյան Հովսեփյանը՝ 4-2: Հենց առաջին խաղում Ռումյանը ոչ միայն գոլով աչքի ընկավ, այլեւ լավ խաղով: Կարելի է ասել, որ հենակետային կիսապաշտպանությունում մենք լավ նոր կադրեր ունենք՝ հանձին Կարեն Մուրադյանի եւ Ռումյան Հովսեփյանի: Վերջինս բարձրահասակ է, պայքարող խաղացող է, չի խորշում ընդհարումներից:

Խաղի վերջին գոլը խփվեց 85-րդ րոպեին. անկյունայինից փոխանցումը գլխով եզրափակեց Մոհանադ Սալեմը՝ 4-3: Կասպարովն առաջին գոլի դրվագում սխալվելուց հետո այս անգամ դուրս չեկավ տեղից, բայց զարմանալի էր, որ օդային պայքարում զիջեց Վարազդատ Հարոյանը, որը ցատկունակ է եւ գրագետ պաշտպանվել գիտի: Այս գոլն ինչ-որ տեղ նաեւ մեր ֆուտբոլիստների անփութության, հանգստության արդյունք էր, քանի որ 2 գնդակի առավելություն ունեին ու վստահ էին իրենց ուժերին:

Խաղի ընթացքում տեսանք, որ թիմը չի կորցրել իր խաղաոճը՝ գետնամերձ կարճ ու միջին փոխանցումներ, արագ հակագրոհներ եզրերով: Շալանդի համար շարունակում է խնդիր մնալ պաշտպանությունն ու գուցե նաեւ դարպասապահի դիրքը: Բերեզովսկին օգոստոսին կբոլորի 40-ը, եւ, բնականաբար, նրա դիրքին այս պահին առաջնահերթ հավակնում է հենց Կասպարովը, որը նույնպես երիտասարդ չէ՝ 33, չնայած այս դիրքի ֆուտբոլիստի համար նորմալ տարիք է համարվում: Կասպարովը փորձառու խաղացող է, խաղացել է արտերկրում, միջազգային փորձ ունի, բայց երբեմն անվստահ է խաղում, մասնավորապես, օդից եկած գնդակների համար պայքարում (համեմատության համար ասենք, որ Բերեզովսկու հասակը 190 սմ է, իսկ Գեւորգինը՝ 182): Պաշտպան Ալեքսին ու հարձակվող Մաուրո Գեւգեոզյանին գնահատական տալը դեռ վաղ է. կոնկերտ այս խաղում նրանք առանձնապես աչքի չընկան: Սակայն բրազիլացուն գիտենք «Միկայում» ելույթներից, իսկ Գեւգեոզյանն ակնհայտ լավ տվյալներ ունի, ֆիզիկապես ամուր է, բարձրահասակ:

Ներքին առաջնությունում խաղացող ու լեգեոներ նորեկների հրավերքը հավաքական նպատակ ունի բոլոր օղակներում փորձարկումներ կատարելու եւ պահեստայինների երկար նստարան ապահովելու, չնայած այս անգամ կարողացանք առավել հստակ պատկերացում կազմել միայն Հովսեփյանի մասին:

Լավ է, որ Շալանդը շեշտը դրել է հնարավորինս մեծ թվով կադրեր խաղացնելու վրա, որոնք գործի մեջ երեւում են հենց նույն ընկերական հանդիպումներում: Հուսանք, որ մայիսի 31-ին եւ հունիսի 6-ին Ալժիրի ու Գերմանիայի դեմ խաղերում նորեկներն ավելի վստահ հանդես կգան՝ անկախ այն բանից, որ կոլեկտիվին հարմարվելու, մերվելու ճանապարհ պիտի անցնեն համատեղ խաղերում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter