HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանի սպանության գործով դատարանում բանավիճում էին դատաբժիշկները

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով երեկ տեղի ունեցած դատական նիստում հարցաքննվեց Դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ, հանձնաժողովային փորձաքննության փորձագետ Արգամ Հովսեփյանը: Հիշեցնեք, որ նախորդ դատական նիստում դատարանը քննարկել է փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան երկու` առաջնային և հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացությունները:

ՀՀ դատաբժշկական գիտագործնական հանրապետական կենտրոնի Լոռու բաժնի վարիչ, դատաբժշկական փորձագետ Վարուժ Սաքանյանը նախորդ դատական նիստում հայտնել է, որ փաստաբան Սամվել Շարբաթյանի մահը կարող էր վրա հասնել նաև մեկ հարվածի արդյունքում: Արգամ Հովսեփյանն էլ դատարանին հայտնել է, որ փաստաբանի մահը վրա է հասել մի քանի հարվածների արդյունքում:

«Մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից և դրա հետ պատճառահետևանքային կապի մեջ են գտնվում անմիջական բոլոր այն վնասվածքները, որոնք կարող են բերել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարման»,- հայտնել է Արգամ Հովսեփյանը:

Մինչ վերջինիս հարցաքննությունը առաջնային փորձաքննության դատաբժիշկ Վարուժ Սաքանյանը դատարանին ներկայացրեց հայտարարություն: Նա հայտնեց, որ հանձնաժողովային լրացուցիչ փորձաքննության տվյալներին հնարավորություն չի ունեցել ծանոթանալ նախաքննության փուլում, ծանոթացել է միայն նախորդ դատական նիստին:

Առաջնային փորձաքննության փորձագետը հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունների վերաբերյալ դատարանին ներկայացրեց մի շարք առարկություններ: Վ. Սաքանյանը թիվ 13-0-458 հանձնաժողովային եզրակացության հետևությունների բաժնում նշված տուժողի ուղեղի թաղանթներում առկա արյունահավաքների մասին նշումներն անհիմն համարեց: Նշեց, որ հանձնաժողովային փորձագիտական եզրակացության մեջ նշված տուժողի ուղեղի թաղանթի արյունահավաքը որևէ տեղ չի նկարագրված, դա կատարվում է մանրադիտականի միջոցով: «Եթե մանրադիտակով էլ արյունահավաք չի հայտնաբերվել, այդ որտեղի՞ց է այդ արյունահավաքը եզրահանգումների բաժնում հայտնվել»,- ասաց Վ. Սաքանյանը: Իր հերթին Արգամ Հովսեփյանը փորձագետ Վարուժ Սաքանյանից բացատրություն պահանջեց իր կողմից կատարված ընդհանուր դիստալոգիայի մասին, ըստ որի՝ 2 փոքրիկ կտոր է վերցվել առաջնային փորձաքննության փորձագետի կողմից:

«Այդ ամբողջ գլխուղեղից ընդամենը 2 կտո՞ր»,- հարցրեց հանձնաժողովային փորձագետը և հավելեց, որ հանձնաժողովը լրացուցիչ միջնորդել է նախաքննության փուլում պարզել, թե որ հատվածից են վերցրված կտորները: Նշվել է, որ դրանք վերցրվել են ճակատային բլթերից, իսկ հանձնաժողովի եզրակացությամբ արյունով լցված են եղել ողջ քունքային բլթերը. «Առաջնային եզրակացության մեջ գրվում է, որ գալարները արտահայտված են նորմալ, իսկ նկարների մեջ ակնհայտ երևում է, որ գալարները արյունով լցված են, ընդհանրապես չեն էլ երևում»:

Արգամ Հովսեփյանը սա քրգործում առկա լուրջ փաստարկ համարեց: Վարուժ Սաքանյանը հանձնաժողովային փորձաքննության ղեկավարին հակադարձեց, որ ընդհանրապես օրգանների կտորները վերցվում են առավել աղտահարված տեղամասերից: «Այսինքն, եթե աղտահարված տեղամասերում արյունահավաքներ չկան, այդ ինչպես կարող է լինել սակավ արյունահարված տեղամասերում»,- հարցրեց նա:

Վ. Սաքանյանը նաև կարևորեց առանձնահատուկ բարդ փորձաքննություններին հատուկ մասնագետների մասնակցությունը: Նշեց, որ հանձնաժողովային փորձաքննության կազմի մեջ ընդգրկված են թվով 3 փորձագետներ` միայն դատաբժշկության բնագավառից: «Հետքաբան, լուսանկարչական տեխնիկական բնագավառի մասնագետ չի ներգրավված փորձաքննության խմբի մեջ»,- հայտնեց նա: Ըստ վերջինիս՝ առանց հետքաբանի՝ հանձնաժողովային փորձաքննության եզրակացության մեջ պարզաբանվում է, որ սպորտային կոշիկի հարվածով կարող էր կոնկրետ վնասվածք պատճառվել տուժողին:

Իր պատասխանում Արգամ Հովսեփյանը նշեց, որ առաջնային փորձաքննության հետազոտման օբյեկտ հանդիսանում են դիակը և նրանից վերցված հյուսվածքաբանական մասնիկները, նաև արյունը, մեզը և այլն քրեաիրավական փորձաքննության համար:

«Մենք իրականացրել ենք քրեական գործի նյութերով հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Հնարավոր հետազոտման մեթոդ կիրառել ենք դատահետակոչման մեթոդը, քանի որ մեզ առաջադրված է եղել հարց, թե վնասվածքները ստանալուց հետո ինչքան ժամանակ հետո է վրա հասել մահը»,- ասաց Ա. Հովսեփյանը: Դրա համար հանձնաժողովը միջնորդել է իրենց տրամադրել քրգործի տվյալները, հյուսվածքաբանական հետազոտման արխիվները, որպեսզի պարզեն, թե ուղեղի որ հատվածներից են վերցվել կտորները: Հանձնաժողովային փորձագետներին տրամադրվել է նաև քրեական գործի նյութերով ֆոտոլուսանկարների սկավառակը և քրգործում առկա դիակի մյուս լուսանկարների տվյալները:

«Բացի դիակի լուսանկարներից՝ սկավառակով ուղեղում տեսնում ենք արյունահավաքներ»,- հայտնեց փորձագետը: Վերջինիս հետ կապված Ա. Հովսեփյանը հայտնեց. «Մենք ասել ենք առավելապես ճակատ-քունքածոծրակային շրջաններում արյունազեղումների և արյունահավաքների մասին, մենք չենք գրել, որ գլխուղեղը արյունազեղված է»:

Արգամ Հովսեփյանը քրգործի լուսանկարների պատկերները անհերքելի փաստեր որակեց և նշեց, որ փորձաքննության ընթացքում փորձագետները պարտավոր էին դրանց վրա ուշադրություն սևեռել: Նշեց, որ արյունակուտակումները արձանագրել է հանձնաժողովային դիստոլոգը: Հանձնաժողովում ֆոտոլուսանկարային մասնագետի կամ հետքաբանին չընդգրկելը բացատրեց, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից հանձնաժողովին հարցադրում տրվել է զուտ դատաբժշկական ոլորտից:

«Մեզ առաջադրվել է` այդ կոշիկի տակով հարվածելով կարո՞ղ էր առաջանալ այնպիսի վնասվածք` որպես բութ առարկա, որը մտնում է մեր մասնագիտական խնդիրների մեջ»,- բացատրեց նա: Վերջինս լուսանկարների մասին հայտնեց, որ եզրակացության մեջ չկան լուսանկարչատեխնիկական մասնագետի վերլուծություններ, սակայն լուսանկարները փորձագետի ընկալումով որակվեցին որպես անհերքելի ապացույցներ:

Իր հիմնավորումներից հետո Արգամ Հովսեփյանը դատարանում պնդեց, որ քրգործի տվյալների հիման վրա հանձնաժողովային փորձաքննության տված եզրակացությունները լիովին համապատասխանում են իրականությանը: Դատարանում պաշտպանական կողմը 4 ժամից ավելի խաչաձև հարցեր ուղղեց Արգամ Հովսեփյանին: Հարցաքննությանը ամբաստանյալ Արտակ Վերանյանի շահերի պաշտպան, փաստաբան Մհեր Դավթյանը փորձագետ Արգամ Հովսեփյանին մեղադրեց հանձնաժողովային փորձաքննությունը կեղծելու մեջ: «Դու դրա համար պատասխան ես տալու»,- գոռալով ասաց պաշտպանը: Փորձագետը դատարանից պահանջեց կարգի հրավիրել փաստաբանին: 

Լուսանկարում՝ Վ. Սաքանյանը և Ա. Հովսեփյանը

Մեկնաբանություններ (1)

karen
«Դու դրա համար պատասխան ես տալու»,- գոռալով ասաց պաշտպանը: Es pashtpan@ bolor vkanerin vaxeznelov stipez poxel vkayutyunner@ hima el anzel e porzagetnerin. Ba mek@ chka sran vaxezni???

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter