HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Պատվերով» աճուրդը Բջնիում ձախողվեց

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի վերջին էջում մանր տառերով զետեղված հայտարարությունը տեղեկացնում էր, որ մայիսի 26-ին Կոտայքի մարզի Բջնի գյուղում տեղի է ունենալու 8 լոտ հողամասի աճուրդ-վաճառք: 2013թ. ընթացքում այս համայնքում որևէ աճուրդ չի եղել: Բջնիի ֆոնդային բյուջեն, որը պետք է համալրվի համայնքային սեփականության գույքի աճուրդ-վաճառքներից, չի գերազանցել 3 մլն դրամը: 8 հողամասի աճուրդ-վաճառքը Բջնիի համար սեփական եկամուտներն ավելացնելու հնարավորություն էր, սակայն պարզվեց, որ այն չի հետաքրքրում ոչ համայնքապետին, ոչ էլ հայտ ներկայացրած մասնակիցներին:

Աճուրդի ժամին համայնքապետ Արմեն Մաթևոսյանը տեղում չէր: Մեզ փոխանցեցին, որ նա գնացել է Կոտայքի մարզպետի մոտ խորհրդակցության (նշենք, որ Կոտայքի մարզպետը, ըստ http://kotayk.gov.am/-ի, այդ օրը խորհրդակցություն չի անցկացրել-Մ.Մ.):

Աճուրդին մասնակցության հայտ ներկայացրածները, ովքեր այդ գյուղի բնակիչներ են, նույնպես չներկայացան: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Բալաբեկյանն ասաց, թե աճուրդի հայտատուները հավանաբար զգուշացրել են համայնքապետին, որ չեն գալու, այլապես վերջինս չէր գնա խորհրդակցության: Աճուրդի ներկայացված 8 հողամասից 6-ի համար ներկայացվել էր երկուական հայտ, մեկի համար՝ մեկ հայտ, լոտերից մեկի համար ոչ մի հայտ չէր ներկայացվել: Ստացվում է, որ 13 հոգի հայտ էր ներկայացրել աճուրդին մասնակցելու համար, սակայն վերջին պահին հրաժարվել էր մասնակցությունից:

Մեր ենթադրությամբ` աճուրդի մասնակիցները վստահ էին, որ առանց աճուրդը կայանալու էլ հողերը ձևակերպվելու են նախապես իրենց հայտնի «հաղթողների» անուններով, այդ պատճառով էլ չէին ներկայացել: Աշխատակազմի քարտուղար Անահիտ Բալաբեկյանի ասաց, որ աճուրդը համարելու են չկայացած մասնակիցների չներկայանալու պատճառով, և ինչպես նախատեսում է օրենքը, նոր հայտարարություն են տալու:

Համայնքապետարանի գլխավոր գյուղատնտես Արմեն Անդրեասյանը թվեց լոտերի համար հայտ ներկայացրածների անուն-ազգանունները: Պարզվեց, որ մրցակիցները հիմնականում ունեն նույն ազգանունները՝ Արտակ Սահակյան-Սպարտակ Սահակյան, Արմեն Մովսիսյան-Գեւորգ Մովսիսյան, Վարդան Վարդանյան-Ստյոպա Վարդանյան ... :

«Դե, հիմնականում որ գյուղացի են իրար հետ, երկու ախպեր գալիս, իրար հետ հայտ են գրում»,- ասաց Արմեն Անդրեասյանը: Պարզ է, որ եթե աճուրդը կայանար էլ, միևնույն է, սակարակությունը մեկ քայլից չէր անցնելու:

Աշխատակազմի քարտուղար Անահիտ Բալաբեկյանն ասում է՝ առաջ այսպես չէր, շատ հայտեր էին ունենում, հողի գինը մի քանի քայլով սակարկվում էր և գյուղի բյուջե զգալի գումար էր մտնում, իսկ հիմա «քար ու քարափ» հողերը ոչ ոք չի ուզում գնել:

Բջնիի գյուղատնտեսական վարելահողերը, համաձայն հողային հաշվեկշռի, կազմում են 1170 հա, որից այժմ միայն մոտ 1010 հա է սեփականաշնորհված, 18 հա-ը տրված է վարձակալության, մնացածը համայնքինն է: Ինչո՞ւ այս հողերի համար աճուրդներ չեն կազմակերպվում մեր հարցին, Արմեն Անդրեասյանը պատասխանեց. «Ժողովուրդը հետարքրքրությունը կորցրել է հողի հանդեպ: Իրենց սեփականաշնորհած հողերը չեն մշակում նույնիսկ»: Բջնիի դաշտերում ոռոգման ցանց չի անցկացվել, հողերի նկատմամբ հետաքրքրության պակասը, նրանց ասելով, հենց սա է: Այնուամենայնիվ, այդ օրը աճուրդի դրված հողերի համար ներկայացված հայտերը հուշում էին, որ վիճակն այնքան էլ անհույս չէ, ինչպես ներկայացրին համայնքապետարանում: Լոտերից մի քանիսը հենց գյուղատնտեսական նշանակության հողեր էին, որոնց համար հայտատուները պատրաստ են վճարել ու գնել:

Աճուրդների կանոնակարգի համաձայն՝ ավագանին հաստատում է վաճառվող լոտերի ցանկը, հայտարարում աճուրդի կայացման օրն ու ժամը, ընդունում հայտերը և նշանակված օրը աճուրդ է իրականացնում: Նպատակը` ֆոնդային բյուջեն համալրելն է ու գյուղի խնդիրները լուծելը: Բջնիում գործընթացն իրականանում է հակառակ ուղղությամբ. եթե որևէ մեկը ցանկանում է հող ձեռ բերել, դիմում է համայնքապետարան: Նրա դիմումը քննարկվում է ավագանու հերթական նիստի ժամանակ, հայտարարվում է աճուրդ: Եթե դիմումատուի «բախտը չբերի», ապա աճուրդի հայտարարությունը կտեսնեն նաև այդ պահին տվյալ հողով հետաքրքրված այլ անձինք ու կգան նրա հետ մրցելու, իսկ եթե նա «հաջողակ» լինի, ապա կլինի միակ հայտատուն:

Համայնքապետարանը այսպիսով ոչ թե աճուրդ է կազմակերպում, այլ ինչ-որ մեկի դիմումին է ընթացք տալիս «աճուրդ»  անվան տակ:

«Հիմա մենք օդի մեջ չենք ուզում աճուրդ անենք, որովհետեւ ավելորդ ծախսեր են լինում: Էդ հողը, եթե պիտի դնենք աճուրդի, բայց չօտարենք, ստացվում է՝ համայնքապետարանը ծախսեր է անում ու էդ ծախսերը մնալու են մեզ վրա»,- պատճառաբանեց Արմեն Անդրեասյանը:

Այսպիսով, համայնքապետարանը նվազագույնի է հասցնում հողի համար սակարկության հնարավորությունը: Աճուրդի կայանալու պայման է երկու մասնակցի առկայությունը: Բնական է` ով դիմել է հող ձեռք բերելու համար, որպես «մրցակից» բերելու է իր բարեկամին, սակարկելու է մեկ քայլ և գնելու է հողը գրեթե մեկնարկային գնով՝ համայնքի ֆոնդային բյուջեն թողնելով նույն դատարկ վիճակում:

2013թ. ֆոնդային բյուջեում եղել է ընդամենը 2 մլն 600 հազար դրամ, որով համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստ Սաշա Սահակյանի խոսքով, գյուղում կարողացել են ընդամենը փողոցային լուսավորություն  անցկացնել և համայնքապետարանի համար գնել վեց հատ համակարգիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter