HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Հայ ավետարանչական ընկերակցության ներկրած մանկական կերերի ներմուծումն արգելվել է

«Similac» ապրանքանիշի «Isomil» մանկական սնունդը, որի մոտ 2,7տ խմբաքանակի ներմուծումը սահմանային հսկիչ կետում արգելվել է, Հայաստան էր ներկրում ԱՄՆ-ի Հայ ավետարանչական ընկերակցությունը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) հրապարակել էր տեղեկատվություն, համաձայն որի` արգելափակվել է Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով ԱՄՆ-ից բարեգործական նպատակներով ներկրված «Similac» ապրանքանիշի 2787,84 կգ սոյայի հիմքով մանկական սննդի ներմուծումը:

Ապրանքը, ըստ ՍԱՊԾ-ի, մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) և խմորասնկեր ցուցանիշների մասով չի համապատասխանել ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի մարտի 10-ի N06-Ն հրամանով հաստատված մանկական սննդամթերքի սննդային արժեքին և անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներին:

ՍԱՊԾ մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը հրաժարվեց ասել, թե որ ընկերությունն էր փորձում ներկրել տվյալ խմբաքանակը` նշելով, թե դա առևտրային գաղտնիք է: Նրանք «առևտրային գաղտնիք» են համարում ոչ կոմերցիոն նպատակներով մանկական սննդի ներկրում իրականացրած կազմակերպության` ԱՄՆ-ի Հայ ավետարանչական ընկերակցության անունը:

ՍԱՊԾ-ի հաղորդագրության մեջ նշված չէր նաև, թե ինչ անվանում կամ ապրանքային տեսք ունի «Similac» ապրանքանիշի այն սնունդը, որի ներմուծումն արգելափակվել էր: Դա շփոթության մեջ է գցել առհասարակ այս ապրանքանիշը սպառողներին, նրանք տեղյակ չէին, որ խոսքը «Similac»-ի` սոյայի հիմքով «Isomil» անունը կրող մանկական կերի մասին է:

«Երեկվանից հազար անգամ զանգել են, ասում են` բա մենք այդ սնունդն ենք գնում: Հերթով բոլորին ստիպված պատասխանում եմ, որ խոսքը մեր ընկերության ներկրած և դեղատներում վաճառվող «Silimac»-ի մասին չէ»,- ասաց արտասահմանյան Abbott դեղագործական կազմակերության «Similac» ապրանքանիշի Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ, «Բեյբի Սիմ» ընկերության տնօրեն Դավիթ Ղուկասյանը:

Հայ ավետարանչական ընկերակցությունը, նրա խոսքով, արդեն մոտ 15 տարի շարունակ ԱՄՆ-ից բարեգործական նպատակներով գնում է «Similac» մանկական սննդի սոյայի հիմքով «Isomil» կերերը, ներկրում Հայաստան և իր բարեգործական ծրագրի շրջանակներում բաժանում երեխաներին: Ավետարանչական ընկերակցությունը, ինչպես նշեց Դավիթ Ղուկասյանը, մանկական սնունդը գնում է վերավաճառողից ու բեռնափոխադրում է նավով` խախտելով Abbott-ի հաստատած փոխադրման պայմանները: 

«Այդ ապրանքը 60 օր գալիս է նավով, իսկ տվյալ ապրանքատեսակն ունի փոխադրման հատուկ ռեժիմ` 0-25 ջերմաստիճան, և 75 տոկոս օդի խոնավություն, ոչ ավել: Նրանք խախտում են այդ պայմանները: Մենք իրենց դիմել ենք բազմիցս, բայց իրենք պարզաբանում են, որ ոչ մի խնդիր չեն տեսնում: Հետևաբար, մենք դիմեցինք Abbott-ի` արտադրող ընկերության գլխամասային գրասենյակին տվյալ խնդրով, ու իրենք հետաքննություն սկսեցին»,- ասաց Դավիթ Ղուկասյանը:

Abbott դեղագործական ընկերության (տարեկան շրջանառությունը` 35 մլրդ ԱՄՆ դոլար) գլխամասային գրասենյակն ԱՄՆ-ում է: Նրանք ուսումնասիրել են Հայ ավետարանչական ընկերակցության կողմից մանկական սնունդը փոխադրելու պայմանները, այնուհետև դիմել են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն` Բագրատաշենի անցակետում ապրանքի ներմուծումը կասեցնելու համար:

Abbott-ի` եվրոպական շուկայի համար նախատեսված ապրանքի համար պատասխանատու է Հոլանդիայի մասնաճյուղը, որտեղից էլ «Բեյբի Սիմ-ը» ներկրում է «Similac» ապրանքանիշի մանկական սնունդը: Դավիթ Ղուկասյանը նշում է, որ իրենք ունեն իրենց կողմից ներկրվող «Silimac»-ի, այդ թվում` «Isomil» կերերի անվտանգությունը հաստատող բոլոր փաստաթղթերը (1,2,3):

Abbott-ի` ԱՄՆ-ի գլխամասային գրասենյակ դիմելու և Հայ ավետարանչական ընկերակցության ներմուծած սնունդն արգելափակելու առիթը եղել է բարեգործական ծրագրով «Similac»-ի «Isomil» ստացածներից մեկի դժգոհությունը:

«Սննդի բանկան ուռել էր: Ֆոտո արեցինք և ուղարկեցինք ԱՄՆ-ի գլխամասին, որից հետո իրենք հետաքննություն սկսեցին»,- ասաց Դավիթ Ղուկասյանը` նշելով, որ այդ խնդիրն առաջացել է տաքությունից` բեռնափոխադրման ոչ պատշաճ պայմանների հետեւանքով:

ԱՄՆ Հայ ավետարանչական ընկերակցության արտաքին կապերի պատասխանատու Լուսինե Օհանյանը նշեց, որ «Similac» ապրանքանիշի սոյայի հիմքով «Isomil» մանկական սնունդը Հայաստան է ներկրվել` սկսած 1991թ.-ից: Լուսինե Օհանյանը նշեց, թե իրենք ունեն «համապատասխան փաստաթղթեր` տրված գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից», իսկ այժմ սպասում են լրացուցիչ փորձաքննության արդյունքներին` վտանգավոր համարված խմբաքանակի համար:

«Սննդամթերքը երկար ճանապարհ է անցնում փոխադրման, կարող են և́ եղանակային և́ տեղափոխման պայմաններից որոշակի խնդիրներ առաջանալ»,- ասաց Լ.Օհանյանը: «Isomil» կերերը մինչ այժմ ընկերակցության բարեգործական ծրագրի շրջանակներում բաժանվել են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Գորիսում և Ղարաբաղում:

Առաջին լուսանկարը` ԱՄՆ-ի Հայ ավետարանչական ընկերակցության կայքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter