HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 բանաձևը. կանանց ներուժի զարգացումն ու խաղաղաշինությունը

Ղարաբաղյան կոնֆլիկտի 25-ամյա պատմությունից ի վեր, առաջին անգամ Հայաստանի ՀԿ դաշտի ջանքերով փորձ է արվում խոսել կոնֆլիկտի՝ կանանց վրա թողած ազդեցության մասին:

«Ցավոք սրտի, պետության կողմից ոչ մի ուսումնասիրություն չի արվել պարզելու կոնֆլիկտ- գենդերային հիմքով բռնություններ կապը, որպեսզի հասկանալի լինի, թե Ղարաբաղյան կոնֆլիկտն ինչպես է ազդել բռնության աճի վրա,- ասում է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ նախագահ Աննա Նիկողոսյանը,-այդ դինամիկան ուսումնասիրված չէ, չկա վիճակագրություն»:

Կոնֆլիկտների ժամանակ ամենախոցելին խմբեր են համարվում ներքին տեղահանվածները, փախստականները, սեռական բռնության ու բռնաբարության ենթարկված խմբերը, և, ընդհանուր առմամբ, կանայք, քանի որ պատերազմների ժամանակ բոլոր հոգսերն ընկնում են կանանց վրա, ինչպես նաև նրանք կրում են մարտից հետ վերադարձած զինվորների ֆիզիկահոգեբանական հետևանքների ազդեցությունը:

ԱԳՆ աշխատակից Հասմիկ Սիմոնյանը, սակայն, առարկում է, որ Սումգայիթի և Բաքվի ջարդերի հետ կապված՝ Սուրեն Զոլյանի հեղինակությամբ փոքր բրոշյուր կա հրապարակված, որտեղ նկարագրված են վայրագության և բռնաբարության տեսարաններ, և այդ տեղեկատվությունը հասանելի է գլխավոր դատախազության կայքէջում, ընդսմին, նաև բոլոր քրեական գործերի վերաբերյալ՝ ներառյալ սեռական բռնությունները:

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ նախագահ Լարա Ահարոնյանն էլ հակադարձում է, որ պատկան մարմիններից տեղեկություն ուզելու դեպքում՝ չի տրամադրվում. «Բայց երբ հրավիրում ես կլոր սեղանների՝  ամեն ինչ ասում են»:

Խաղաղաշինությամբ զբաղվող հայկական 8 ՀԿ-ներ 2013թ. ընթացքում պատրաստել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի վերաբերյալ մշտադիտարկման զեկույց, որը Նյու Յորքում հրապարակվելուց հետո, քննարկվեց նաև Հայաստանում:

1325 բանաձևը առանձին փաստաթուղթ չէ. լրացվում է մի շարք այլ բանաձևերով, հիմնականում վերաբերվում է կանանց՝ անդամ պետություններին կոչ անելով, որպեսզի ապահովվի կանանց գործուն մասնակցությունը հակամարտությունների կանխարգելման ու  հաղթահարման գործընթացում, բանակցություններում և որպեսզի կանայք մասնակից լինեն որոշումների կայացմանը՝ հանրային ամենատարբեր օղակներում:

ԱԳՆ ներկայացուցիչ Հասմիկ Սիմոնյանը նշում է, որ զեկույցում օգտագործված է Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտ եզրը, որպիսին ըդնունված չէ գործածել և փոխարենը բոլոր միջազգային և տեղական փաստաթղթերում գործածվում է ԼՂՀ հակամարտություն եզրույթը:

«Հետագա համագործակցություն ակնկալելիս գոնե ինչ-որ չափով կարելի էր կարծիք հարցնել, կարող էիք ուղարկել զեկույցը, մենք կնայեինք ու կարծիք կհայտնեինք,- ասում է նա,- մենք բաց ենք համագործակցության համար»:

ՀԿ-ներից կազմված աշխատանքային խումբն առանձնացրել է որոշ ցուցանիշներ՝  կառավարման մեջ կանանց մասնակցություն, բանակցություններում, արդարադատության և խաղաղապահ առաքելության, գենդերային հիմքով բռնության և այլն, կատարել իրենց ուսումնասիրություններն, ապա միավորել մեկ միասնական զեկույցում: Այդ ցուցանիշները տարբեր երկրների համար կարող են լինել տարբեր:

Թեպետ Հայաստանի բնակչության 52 տոկոսը կանայք են, սակայն կանանց ներկայացվածությունը չափազանց ցածր է բոլոր օղակներում, բացառապես ՀԿ սեկտորի: 2012թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում, որին նախորդել էր Ընտրական օրենսգրքում գենդերային քվոտան մինչև 20 տոկոս, կանանց մասնակցությունը կազմում է  մոտ 10 տոկոս:

«Մոտ 10 տարիներին ընթացքում ԱԺ-ում գրանցվել է կանանց ներգրավվածության 7 տոկոսանոց աճ և այս տեմպերով շարժվելու դեպքում մեզ անհրաժեշտ կլինի մոտ 25 տարի, որպեսզի հասնենք այդ 20 տոկոսանոց ցուցանիշին»,- ասում է «Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ աշխատակից Քնարիկ Մկրտչյանը:

ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանություն, ԶԻնված ուժեր կառույցների ղեկավար պաշտոններից որևէ մեկը չի զբաղեցնում կինը: Սակայն կան կին դատավորներ:

Մկրտչյանը փաստում է, որ Մինսկի խմբում նույնպես գենդերային բալանսը խախտված է, որովհետև կանայք այնտեղ ներգրավված են միայն ադմինիստրատիվ աշխատանքներում, իսկ որոշումների կայացման հարցում բացարձակապես կանայք չկան: Թեպետ, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը անուղղակիորեն մասնակցել է խաղաղասիրական գործընթացների:

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ինչքան շատ է լսվում կանանց ձայնը, այնքան լավ է ներկայացվում խնդիրը»,- ասում է Ք.Մկրտչյանը:

Ամենածանր տվյալները սեռով պայմանավորված պտղի հեռացման ցուցանիշն է, որում Հայաստանն աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը, իսկ մարզերի կտրվածքով՝ առաջին տեղը:  Աշխարհում ընդունված 102-106 տղա 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը Հայաստանում 114/100 է, իսկ մարզերում ՝ 124/100:

Զեկույցի հեղինակները նշում են, որ որոշակի առաջընթացներ կան, մասնավորապես գենդերային ոլորտում ընդունված գենդերային հավասարության օրենքն ու գենդերային քաղաքականության հայեցակարգն ու ռազմավարական ծրագիրը:

«Սա նշանակում է, որ երևույթը պետական մակարդակով գիտակցվել է և որոշ քայլեր ձեռնարկվել են,- ասում է Նիկոսողյանը,-ըստ այդ հայեցակարգի՝ գենդերային կրթությունը անպատճառ պետք է ներդրվի ուսումնական պլան, ստեղծվել է աշխատանքային խումբ ՀԿ և պետական սեկտորի կողմից և արդեն մեծ քայլեր են իրականացվում»:

Գենդերային կրթությունը դասագրքերում ներառելու մասին մի փոքրիկ հետազոտություն արդեն արվել է, որը ոչ միանշանակ է ընդունվել ոչ միայն հանրային տարբեր շերտերի, այլև ՀԿ սեկտորի կողմից:

1325 բանաձևի զեկույցը հրապարակող խումբն առաջարկում է ստեղծել ՀԿ սեկտոր-կառավարություն-միջազգային կազմակերպություններ պլատֆորմ, որի շրջանակներում կարելի է աշխատել և ստեղծել Ազգային ծրագիր, որպիսին Հայաստանը չունի:

2012թ. Վրաստանը այն ստեղծել է:

ԱԳՆ ներկայացուցիչ Հ.Սիմոնյանն ասում է, որ այս ոլորտում կառավարությունից շատ բան ակնկալել հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ այդ ուղղությամբ ոչինչ անել:

1325 բանաձևի կիրարկումը պարտադիր չէ, որ իրականացվի հակամարտության մեջ գտնվող երկրների կողմից, և կոնֆլիկտից զերծ որոշ երկրներ այն իրագործում են իրենց երկրներում:

Լ.Ահարոնյանն էլ ասում է, որ Ազգային պլանը անիմիջական կարող է կապված չլինել  Ադրբեջանի հետ, քանի որ 1325 բանաձևն ունի բազմաթիվ շերտեր, որոնք կապված են կանանց ներուժի զարգացման և որոշումների կայացման ոլորտում կանանց ներգրավվածության հետ:

Նիկողոսյանն էլ հավելում է, որ ուսումնասիրելով Վրաստանի և Բոսնիա Հերցոգովինայի պլանները՝ հանգել է եզրակացության, որ դա այնքան էլ բարդ չէ:

«Կարելի է սկսել մի պարզ փաստաթղթից, որտեղ կլինեն, ասենք, սեռական բռնության կոմպոնենտն ու որշումների կայացման հարցում կանանց ներգրավվելուն, այսինքն կարող ենք կանանց ներուժը մեծացնել, իսկ հետագայում կարելի է արդեն ընդյայնվել նաև բանակցությունների մասով»,- ասում է նա:

Աշխատանքային խումբն այս տարվա աշխատանքներում ընդգրկել է նաև ղարաբաղյան կողմին և հաջորդ տարվա զեկույցում ներկայացված կլինի նաև Ղարաբաղը:

Թեպետ Հայաստանը այս կամ այն ոլորտում հայեցակարգ ընդունելով և մշակելով ռազմավարական պլան՝ առաջընթաց է գրանցում, սակայն դրանցից շատերը մնում են թղթի վրա: Զորօրինակ, ըստ գենդերային ռազմավարական պլանի՝ «Ընտանեկան բռնության մասին» օրենքը պետք է ընդունված լիներ 2012թ., սակայն այն մինչև հիմա դեռևս մուտք չի գործել ԱԺ:

Համաձայն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան մի հետազոտության արդյունքների՝ «Նախարարությունների կայքերում բայերն օգտագործվում են «ապառնի ժամանակով»  և բացակայում է «անցյալ ժամանակը»»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter