HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Օձունի վանքի քահանան գյուղի լավագույն այգեգործներից է

Օձունի վանքի քահանա Տեր Վրթանեսն իր 4 երեխաների եւ կնոջ հետ արդեն 8 տարի ապրում է վանքի հարեւանությամբ գտնվող տանը: Նա զբաղվում է հողագործությամբ, մեղվաբուծությամբ, իսկ երբ տեղացի կամ արտասահմանցի հյուրեր են ժամանում, ժպիտով դիմավորում է նրանց, պատմում վանքի պատմական արժեքների եւ գյուղի կենսակերպի մասին: Օձունցիները վանք են գալիս ոչ միայն հոգեւոր սնունդ ստանալու, այլեւ Տեր Վրթանեսի հետ իրենց առօրյա խնդիրների մասին խոսելու: Քահանան ակտիվորեն մասնակցում է գյուղի մշակութային, կրթական կյանքի զարգացմանն ուղղված ծրագրերին:

«Մինչ Օձուն գալը Վանաձորում էի ծառայում, հոգեւոր սպասավոր էի բանակում: Երբ նշանակվեցի Օձունի վանքում ծառայության, շատ ուրախացա, քանի որ ինձ համար շատ կարեւոր է այս վանքի պատմամշակութային արժեքների պահպանությունը: Բացի հիմնական վանքը` գյուղում կան նաեւ այլ եկեղեցիներ, խաչքարեր, որոնց պետք է մեծ ուշադրություն դարձնել: Տարիների ընթացքում, ապրելով գյուղում, ինձ համար ավելի ու ավելի է կարեւորվում գյուղացին: Եթե սկզբում եկել էի զուտ այն նպատակով, որ նպաստեմ այստեղի պատմամշակութային արժեքների պահպանությանը, ապա այժմ հասկանում եմ, որ այդ արժեքները ստեղծող գյուղացին ամենակարեւորն է, ում հպարտությամբ եմ ծառայում»,- ասում է Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:

Քահանայի երեխաները հաճախում են գյուղի արվեստի դպրոցը, իսկ կինն աշխատում է Օձունի հանրակրթական դպրոցներից մեկում:

Երեխաներից երկուսը՝ Սողոմոնն ու Մարիամը, ծնվել են Օձունում: Նրանք ազատ ժամանակ նկարում են իրենց գյուղի բնությունը, ձորերը, վանքն ու մարդկանց: Սողոմոնը սիրում է գյուղը, իրեն ավելի ապահով է զգում այստեղ: Նա պատրաստվում է քահանա դառնալ եւ հոր գործը շարունակել. «Երեւանում մեքենաները շատ են, դրա համար էլ էդքան ավարիաներ են լինում, իսկ մեր գյուղում շատ քիչ մեքենա կա ու ավարիա չի լինում»,- ասում է Սողոմոնը:

Գյուղում գործում են կարատեի, գեղանկարչության, պարարվեստի խմբակներ եւ արվեստի դպրոց:

«Գյուղում ապրելով՝ կարողանում ենք նաեւ մեր երեխաների զարգացման, կրթություն ստանալու գործը չանտեսել: Վերջին շրջանում Օձունում մեծ առաջընթաց կա. եկեղեցու վերակառուցումը, մշակույթի տան վերանորոգումը, երկու գլխավոր փողոցների ասֆալտապատումը: Ճանապարհի վերանորոգումից հետո վանքը հարյուրավոր զբոսաշրջիկ-այցելուներ է ունենում, ինչի հետեւանքով հյուրատներն են զարգանում գյուղում: Գիշերային լուսավորում ունենք, աղբահանության հարցը վերջերս կարգավորվեց: Ես հույս ունեմ, որ շուտով նաեւ աղբի վերամշակման ծրագիր կիրականացվի, եւ այդ վերամշակումից այնպիսի եկամուտ կլինի, որ որեւէ բնակավայր առանց աղբահանության չմնա»,- ասում է Տեր Վրթանեսը:

Ամեն կիրակի Օձունի վանքում քահանան պատարագ է մատուցում մոտ 200-500 մարդու մասնակցությամբ: Նա կարծում է, որ պատարագի այցելուների թիվը բավարար չէ, քանի որ կազմում է գյուղի բնակչության մոտ 10 տոկոսը: Տեր հայրը նշում է, որ նախորդ տարիների համեմատ արտագաղթը գյուղում նվազել է:

«Հիմա այդքան արտագաղթը չէ խնդիր գյուղի համար, որքան արտագնա աշխատանքը: Ընտանիքներով այլեւս չեն մեկնում, բայց տղամարդիկ դեռ շարունակում են գնալ, ամիսներով աշխատել: Ես կարծում եմ՝ մարդը պետք է թեկուզ իր չնչին աշխատավարձով կարողանա իր երկրում ապրել, աշխատել, ստեղծել: Ընտանիքները պիտի չքայքայվեն այդ պատճառով: Ես շատ եմ ուզում, որ երիտասարդներն իրենց աշխատանքի եւ կեցության խնդիրները կարողանան գյուղում լուծել: Փառք Աստծո, այդ տեսանկյունից եւս առաջընթաց կա: Գյուղի ջրագծերն էին փոխվում, երիտասարդներն աշխատում էին, կենտրոնական հատվածում՝ ճանապարհի վրա, խանութներ են ավելանում»,- ասում է Տեր Վրթանեսը:

Օձունի հիմնական խնդիրը բնամթերքի իրացումն է. գյուղացին չի կարողանում վաճառել կամ փոխանակել մթերքը: Առատ սալորից հիմնականում օղի են ստանում, որն էլ չեն կարողանում վաճառքի հանել: Տեր Վրթանես քահանան բնամթերքի իրացման իր պատկերացումն ունի: Նա համարում է, որ սալորից ավելի ձեռնտու է չրեր եւ պահածոներ պատրաստել, քան օղի: Օձունը, հարեւան 8 այլ ենթաշրջանների հետ, մասնակցում է թեյերի արտադրման մի ծրագրի, որի շրջանակներում պատրաստվում են հավաքել տարբեր ծաղիկներ եւ թեյեր, ուղարկել Ֆրանսիա՝ վաճառքի:

«Երբ իրացում չի լինում, գյուղացին էլ չի ցանկանում մշակել: Ես ինքս Մուսալեռ գյուղում եմ ծնվել, մեծացել, տեղյակ եմ հողագործության ու անասնապահության խնդիրներից: Անհրաժեշտ է փոքրիկ արտադրություններ ունենալ գյուղում, քանի որ ձմռան ամիսներին տղամարդկանց եւ կանանց հիմնական մասը աշխատանքի խնդիր ունի եւ պատրաստ է նաեւ էժան աշխատուժ հանդիսանալ: Եթե ներդրողները խելացի լինեն, կարող են գյուղերում կտորի կամ կարի արտադրամասեր հիմնել, որտեղ գյուղացին ձմռան ամիսներին կարող է աշխատել: Եւ́ ներդրողի համար շահութաբեր կլինի, եւ́ գյուղացու զբաղվածության հարցը կլուծվի»,- ասում է քահանան:

Տեր Վրթանեսն ունի սեփական այգի, որտեղ ազատ ժամերին զբաղվում է հողագործությամբ եւ մեղվաբուծությամբ: Տեր հայրը կնոջ օգնությամբ բերքը պահածոյացնում է, հյուրասիրում կամ չորացնում: Օձունցիները հաճախ զարմանում են, որ Տեր հոր այգու պտուղներն ավելի շատ են, քան իրենցը: Տեր Վրթանեսը ժպիտով է արձագանքում. «Տեր հոր այգու պտուղների շատ լինելու գաղտնիքն ընդամենը լավ մշակելու մեջ է: Ծառերը էտման, բուժման, խնամքի եւ սնուցման կարիք ունեն: Եթե այդ ամենը ճիշտ կազմակերպես, լավ արդյունք կարող ես ստանալ: Այգում մի ծառ անգամ չունեմ, որի վրա բերք չլինի»,- հպարտանում է Տեր հայրը:   

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (13)

Գրետա
Բախտ եմ ունեցել մեկ օր հյուրընկալվել Տեր Վրթանեսին և նրա ընտանիքին: Հրաշալի կին, ջինջ ու պայծառ երեխաներ: Իսկական հայեր, օրինակելի ընտանիք, որը հիմքն է մեր ազգի, պետության, ամուր հավատքի և մշակութային արժեհամակարգի: Հայաստանը միայն Երևանը չէ. Հայաստանը նաև մեր հեռավոր բնակավայրերն են` այնտեղ ապրող և արարող հայերով, իրենց բացառիկ դիմագծով, ապրելակերպով և ապագա հանճարների ծնունդով:
Suren
Բարության և մարդկության վառ օրինակ, մեծատառով մարդ և իր գործին նվիրված Քահանա, ես ուրաղ եմ նրան ճանաչելու և երբեմն շբվելու համար:
Կարինե
Հրաշալի հայ մարդ;Բախտ է վիճակվել շփվելու։
Լուսինե
Չի կարելի մարդուն ,մանավանդ Տեր Վրթանեսի նման բարի անձնավորությանը սրա-ով դիմել: Ամոթ է:
Karen
Շեն մնաք Ձեր ընտանիքով: Ի բարօրություն մեր ազգի և պետության:
Exo.M
Ete duq Ter Brtanesi daraxov qar tashel@ tesneiq ,apa ayd masun kgreyiq .Ter hayr@ Hanlet Hakobyanic voch pakas qar e tashum .
Exishe
Ete Ter hayri qar tashel@ tesneiq,apa ayt masin kgreyiq.Ter Vrtanes@ Hamlet Hakobyani pes qar e tashum.
GB
Աստված օրհնի քահանային:
Naira
Ես կխոսեմ փաստով: Քահանա Տեր Վրթանեսն այն մարդն է, ով ամռանը Օձուն գյուղի եկեղեցու բակում այսպես կոչված ամառային ճամբար էր կազմակերպում այն երեխաների համար, ովքեր հնարավորություն չունեին գյուղից դուրս գալու: Դրանով իսկ երեխաներին զերծ պահելով այդ գյուղում բարձր տեմպերով զարգացող աղանդավորական երևույթներից: Իսկ մի անգամ անապահով ընտանիքի երեխաներին տարել էր Սևան: Անձամբ եմ լսել երեխաների պատմածը և տեսել նրանց աչքերի հրճվանքը: էին տեսել......
ruzan
Աստված պահապան Ձեզ Ձեր ընտանիքի հետ միասին:Աստված պահապան ողջ Հայ ժողովրդին:
Կարեն Մկրտչյան
Եկեղեցու վիճակը այնքան վատ է, որ սենց բանը նյութի առարկա է դարձել: -Վաայ......... աշխատող տերտեր: Բեր սրա վրով նյութ գրեմ: Սրանք ե*րբ սկսեցին իրենց վաստակաձով ապրել:
Lilit Yolchyan
Bravo mer Hogevor hayrin ....Ta Astvac uj u karoxutyun...Ter Hayr jan...erani dzer nman nvirakaner shat linen ....Astvac pahi pahpani dzer @ ntaniq@
Տեր Վրթանես
Ես շատ ուրախ եմ, որ ինձ առիթ ընձեռնվեց հանդիպել Անիին, Սարոյին և Նարեկին: Շնորհակալ եմ Կարինեից և Լարիսայից բարի խոսքերի համար: Աստված օրհնի ձեզ և ամենքիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter