HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժամանակն է, որ մեկն էս պետության ականջներից բռնի, վերեւ բարձրացնի»

Կոռնիձոր այցիս նպատակն էր ուսումնասիրել համայնքի զարգացման հնարավորություններն ու այդ ուղղությամբ համայնքային իշխանության նախաձեռնությունները: Հարցաշար էլ ունեի, նաեւ՝ որոշակի տեղեկություն, որ համայնքի բյուջեն սեփական եկամուտների մասով բավարար մուտքեր չի ապահովում: Պլանավորել էի, որ նախ՝ համայնքի ղեկավարին կհանդիպեմ, որպեսզի լսեմ նրա պատասխանը, թե ի՞նչ պատճառաբանությամբ հող օգտագործողները չեն վճարում հարկը, եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում գանձելու ուղղությամբ:

Առաջին հարցիս համայնքի ղեկավար Արկադիա Խաչատրյանը հարցով պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ տան. ես երես չունեմ, որ նրանցից հարկ պահանջեմ, խոսքը չունենալուն չի վերաբերում: Էսօր մեր ժողովուրդը վատ չի ապրում, բայց գյուղի մի փողոցից վերջին երեք-չորս տարում 56 մարդ մեկնել է: Սա չի կարող չազդել մյուսների վրա: Տպավորություն է ստեղծվել, թե մարդը վատ ապրելու պատճառով է գնում, չէ՞, հոգեբանորեն մարդիկ ընկճված են, անպաշտպան, խաղալիք են դարձել քաղաքական ինտրիգների ձեռքին: ժողովուրդը չի դիմանում, մարդիկ պատրաստ չեն էն քաղաքականությանը, որն իրականացվում է»:

Համայնքապետի խոսքով՝ «աբսուրդ» է, որ Արցախյան պատերազմի ընթացքում գրեթե 80%-ով ավերված գյուղում, որը 38 զոհ է տվել, երկու ընտանիք առեւանգվել է ազերիների կողմից, երիտասարդը տնամերձ հող ստանալու ցանկություն հայտնի, որ տուն կառուցի՝ տարածք չտան, որովհետեւ 600 հազար դրամ չի կարող վճարել:

«Կոռնիձոր համայնքը պետական պահուստային 180 հա հող ունի, որը, եթե օրենքով թույլ տրվի, 5 րոպեի գործ ա, որ հատկացնեմ, օրինակ, 4 երեխաներ ունեցող երիտասարդ ընտանիքի կամ այլ կարիքավորների, բայց ինչ-որ մեկն օրենք ա գրել, որ Կոռնիձորում 1 քմ-ր հողի համար 528 դրամ պիտի վճարեն: 1988թ.-ից հետո գյուղում տուն չի կառուցվել, ստացվում ա, որ պետությունը սահմանափակում ա գյուղի զարգացումը, էս մթնոլորտում մարդը ո՞նց շարունակի ապրել»,- ասում է համայնքի ղեկավարը:

Նա կարծում է, որ սահմանամերձ, ծայրամասային գյուղերում պետությունը պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերի, սակայն կոնկրետ Կոռնիձորում մարդիկ որեւէ արտոնությունից չեն օգտվում, ինչո՞ւ պիտի հարկ վճարեն: Ըստ նրա` գյուղը չլքելու համար պետությունն է պարտավոր իր ներդրումն ունենալ, որ գյուղերն ամրապնդվեն. «Ի վերջո, էդ տունը հո հետները գերեզման չեն տանելու»:

Այն հարցին, թե երբեւէ իշխանություններին դիմե՞լ է նշված խնդրով, համայնքապետը պատասխանում է, թե օրենքի դեմ չի կարող բողոքել, քանի որ ինքը կոչված է նաեւ օրենքը պաշտպանելու, բայց եւ չի ժխտում, որ 50%-ով էլ պարտավոր է համայնքի մարդկանց շահերը հաշվի առնել: Ասում է, թե համաձայն չէ, որ «ամեն դեպուտատ 20 օգնական ունի, բայց օրենքները գրվում են մեկ մարդու համար»: Նույն համատեքստում նա թյուրիմացություն է համարում պարտադիր կուտակայինի չարչրկված օրենքը` ասելով, թե իր աշխատակազմի որոշ աշխատակիցների համար սկզբում վճարել են, բայց հիմա հորդորում է նրանց,  որ համապատասխան դիմումներ ներկայացնեն հետագայում պահումներ չկատարելու համար: «Պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ եմ, 67 հազար դրամ թոշակ եմ ստանում, թող մի պատգամավոր գոնե 3 օր դրանով ապրի, էդ օրենքը գրողն ի՞նչ երաշխիք ունի, որ 40 տարի հետո ակնկալվելիք թեկուզ 100 հազար դրամ թոշակն արժեք է ունենալու:

Խոսելով «կյանքից դուրս» մշակված օրենքներից` համայնքի ղեկավարը տարօրինակ է համարում, օրինակ, որ «վերեւներում» նստածներն օրենք են ընդունել այն մասին, որ նախկինում Կոռնիձոր համայնքին պատկանող 1140 հա արտոավայրերը, գրչի մի հարվածով, Կառավարության որոշմամբ հատկացվել են Գորայքին: Այն դեպքում, երբ Կոռնիձորում 2000-ից ավելի խոշոր եղջերավոր անասուն կա, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված չափորոշիչների համաձայն` 2,5 հա արոտավայր է անհրաժեշտ, իսկ այդ որոշման արդյունքում Կոռնիձորին մնացել է ընդամենը 114 հա:

«Մենք` որպես պետական այրեր, եթե չենք մտածում, որ պայմաններ ստեղծենք հասարակ մարդկանց համար, էս երկիրը չի կառուցվի, երկիրը կառուցողը հասարակ մարդն ա, բայց երկրի բարիքներից օգտվում ա վերնախավը, էսպես երկիր չի լինի, էսպես պետություն չեն կառուցում: Մարդուն կանգնելու համար ոտքեր են պետք, էս երկրի ոտքերը հասարակ, աշխատող ժողովուրդն ա, բայց դե Հայաստանը դարձրել են քաղաք-պետություն` Երեւանն իր շրջակայքով»,- ասում է Արկադիա Խաչատրյանը:

Ստեղծված վիճակը շտկելու միակ միջոցն, ըստ համայնքի ղեկավարի, երկրում համակարգային փոփոխություններն են թե՛ կադրային, թե՛ իրականացվող քաղաքականության առումով: Նա անընդունելի է համարում դրսի` այս կամ այն միության անդամակցությունը` ասելով, որ «եթե խոտանոցդ վառվում ա, նախ պիտի դու ճար անես, հետո մտածես «պաժառնի» կանչելու մասին:

Համայնքապետին անհասկանալի են, թե ինչպես է հնարավոր այսօրվա պայմաններում վարկային միջոցներ ներգրավելով` տնտեսություն զարգացնել, քանի որ գյուղատնտեսական վարկերը գյուղացին մեծ մասամբ օգտագործում է մեկ այլ բանկի վարկը փակելու համար: Նրա կարծիքով՝ մարդիկ, մասնավորապես` գյուղատնտեսության ոլորտում վարկային միջոցներ ներգրավողները, պատանդ են բանկերի ձեռքին: «Հարցնող լինի` ո՞ւմ հաշվին են օր-օրի սնկի նման նոր բանկեր հիմնադրվում, որոնք բոլորն էլ շենքային շքեղ պայմաններ ունեն, բարձր աշխատավարձ են վճարում աշխատակիցներին, նշանակում է ցածր տոկոսադրույքներով ֆինանսներն իրացնում են անհամեմատ մեծ տոկոսներով: Եվ եթե երկրի տնտեսության ոչ մի ճյուղ 20-25% շահույթ չի ապահովում, արդյոք չի՞ նշանակում, որ բանկային մենաշնորհ գոյություն ունի:

Նրա համար անհասկանալի է, երբ գյուղնախարարը հայտարարում է, թե երկրի գյուղատնտեսությունում  6,2% աճ է արձանագրվել: «Եթե, իրոք, այդպես լինի, ես` որպես  հողի սեփանակատեր, պիտի առնվազն «Լեքսուսով» ման գամ, ֆետիշացված թվեր են: Մեր գյուղի դաշտերում դեռ այսօր էլ չպայթած ականներ կան, կուզես իմանաս, պետությունը պիտի գյուղացու վնասը հատուցի, երաշխավոր լինի, որ շարունակի ապրել վտանգավոր տարածքում»,- ասում է Արկադիա Խաչատրյանը: Նշում է, որ 1995թ.-ից սկսած` Հայաստանում հացահատիկի գինը չի փոխվել, բայց վառելիքի, մշակության ծառայությունների գները 3-4 անգամ բարձրացել են: Հողի սեփականաշնորհման արդյունքում ամենքին 2,2 հա հողակտոր են տվել, որի վրա ոչ այգի կարող են հիմնել, ոչ բանջարանոց, ստիպված են հացահատիկ ցանել: Դա նշանակում է, որ արդեն վնասով են աշխատում, քանի որ շահույթ ստանալու համար հացահատիկի մշակության դեպքում նվազագույնը 45 հա  հողատարածք պիտի ունենալ:

Մյուս կողմից՝ գյուղացին 6% շահույթ ապահովելով` ինչպե՞ս կարող է 20-24%-ով վերցրած վարկ մարել, քանի որ ցածր տոկոսադրույքներով վարկերը կամ գյուղացուն չեն հասնում, կամ բանկը նրանց հետ պայմանագիր չի կնքում՝ ժամկետանց  վարկերի պատճառով:

Վարկային միջոցների փոխարեն, ըստ համայնքապետի, հատկապես գյուղական բնակավայրերում պետությունը կարող է արտոնյալ պայմաններ ապահովել փոքր բիզնեսի զարգացման համար, այն հաշվով, որ եթե նույն գործունեության համար մայրաքաղաքում ակնկալվող շահույթը 15% է կազմում, գյուղում հասնի մինչեւ 20-25%-ի:

Կոռնիձոր համայնքի ղեկավարի համար Հանրապետական կուսակցության անդամ լինելն էական չէ իր դժգոհությունն արտահայտելու առումով: Ըստ նրա՝ դա պատճառ չէ չմտահոգվելու, որ դպրոցի աշակերտների թիվը 450-ից նվազել է մինչեւ 130, իսկ ուսուցիչների մի մասը  հարկադրված է պարբերաբար բաց թողնել դասերը, որովհետեւ պետությունն այնքան չի վճարում, որ նա  հերթափոխով  գյուղի նախիրը շաբաթը 3 օր արոտի չտանի: «Ի՞նչ կապ ունի Հանրապետական կուսակցությունը, ես էս երկրի քաղաքացի եմ, իմ երկրի համար կռվել եմ, արյուն եմ թափել, մենք պիտի կառուցենք, ոչ թե ռուսը, ամերիկացին, այլ հասարակ մարդը, գյուղացին, եթե սա մենք չհասկացանք, երկիր չենք դառնա»,- ասում է Արկադիա Խաչատրյանը:

Նա չի դժգոհում, որ տեղական բյուջով հնարավոր չէ համայնքային կարիքները հոգալ: Համայնքի ղեկավարի խոսքով` տարբեր նախաձեռնությունների շրջանակներում մեկ տարվա ընթացքում գյուղում շուրջ 500 մլն դրամի աշխատանքներ են իրականացվել: Բայց միեւնույն է` սոցիալական անարդարության պատճառով չեն վստահում պետությանը, իշխանավորներին: Անգամ այն փաստը, որ սուղ բյուջեից տարեկան 8 մլն դրամ է ներդրվում 50 երեխա հաճախող մանկապարտեզի համար, մարդկանց չի ոգեւորում, որովհետեւ հուսահատության, անվստահության իրավիճակ է ստեղծվել երկրում: «Ժամանակն է` մեկն էս պետության ականջներից  բռնի, վերեւ բարձրացնի, հակառակ դեպքում կվերադառնան 90-ականների այն ժամանակները, երբ պատերազմող Կոռնիձորում մարդիկ օրերով քաղցած էին մնում, որովհետեւ բերանից կտրում էին, բանակին տալիս, իսկ ամբարները դատարկ էին»,- ասում է Կոռնիձորի համայնքապետը:

Մեկնաբանություններ (2)

Օլիմպիա Ղազարյան
Կանգնելու համար ոտքեր են պետք...Սկզբունքային Մարդ ,ով երբեք չդավեց իր ներքին ձայնին և մնաց իր հայացքների ,իր գաղափարների անմնացորդ կրողն ու ջատագովը:Անկեղծ և շահագրգիռ վերաբերմունք՝ իր համայնքի բնակչի տքնաջան աշխատանքի և դառն ապրուստի նկատմամբ:Կարդացեք և սովորեք ապրել մարդավայել,ինչպես ապրում են ձեր կողքին նման խիզախ մտածելակերպ ունեցող մարդիկ:Հարցազրույց,որ ուսանելի է այսօրվա ստրկամիտ չինովնիկների համար:Շնորհակալություն ,հրաշալի մարդ,հայի ազնվագույն տեսակ...
hm
ոնց որ սաղին առել են, սրանց արածից էտ ա երեվում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter