HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տեխնոսարքը» քանդում են. այն ոչ ադամանդ արտադրեց, ոչ էլ ջրաչափ

Վանաձորի «Տեխնոսարք» գործարանի թիվ 1 արտադրական մասնաշենքը քանդվում է: Քանդելու թույլտվությունը կայացրել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը` 2010թ.-ի ապրիլի 6-ին: 26,405 քմ մակերեսով արտադրական մասնաշենքի 20,000 քմ տարածքն արդեն քանդվել եւ շինանյութը վաճառվել է: «Տեխնոսարք» կամ ինչպես վանաձորցիներն են ասում` ռոբոտների գործարանը, կառուցվել է 1985-1986թթ.-ին: Գործարանի նախկին աշխատակից Սպարտակ Թոմասյանն ասում է, որ գործարանն սկսել է աշխատել 1987թ.-ից եւ մինչեւ 1996թ.-ը արտադրանք է տվել:  

Դեռեւս 1988թ. երկրաշարժի օրերին գործարանում աշխատել են 359 վանաձորցիներ: Այդ ժամանակ նորակառույց գործարանը գործողություններ կատարող հաստոցներ է արտադրել` մյուս արտադրամասերը  նախապատրաստելով  գործարկման: Խորհրդային Միության փլուզումից հետո  «Տեխնոսարքի»  արտադրանքը չի իրացվել:  Այստեղ 1996 թ.-ին որոշել են արտադրել ադամանդ: «Տեխնոսարքի» երկու մասնաշենքերի բազայի վրա  առանձնացել է «Շափյուղա» ընկերությունը: Ադամանդի արտադրության համար «Շափյուղան» ներդրումային վարկեր չի կարողացել հայթայթել: Ձախողվել է նաեւ ձեռնարկության փորձերը ջրաչափի արտադրության գործում:

Աշոտ  Հովհաննիսյան Սպարտակ Թոմասյան

«Շափյուղան» պետական կարգավիճակով 2007 թ.-ին սնանկ է ճանաչվել: Վերջինիս գույքը, այդ թվում նաեւ «Տեխնոսարք» գործարանից տրամադրված մասնաշենքերը դատարանի որոշմամբ վաճառվել են: «Ես 2011 թ.-ին մասնակցել եմ աճուրդներին ու գնել եմ 8000 քմ տարածք»,- ասում է վանաձորցի  Աշոտ  Հովհաննիսյանը: Թե ինչ ներդրումային ծրագիր է իրականացնելու իր սեփական տարածքում` Աշոտ Հովհաննիսյանը պատասխանեց. «Փողից է կախված»: Այստեղ տարածք է գնել նաեւ «Շափյուղա» ընկերության տնօրեն Սպարտակ Թոմասյանը: Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս Էդիկ Թումանյանը, ով «Տեխնոսարք» գործարանի տնօրեն է աշխատել 2004-05 թթ.-ին, ասում է, որ տնօրենի պաշտոնն ընդունելիս «Տեխնոսարքն» ունեցել է 120 մլն դրամ կենսաթոշակային պարտք, ունեցել է նաեւ աշխատավարձի եւ այլ պարտքեր: Պարտքերի պատճառով գործարանը սնանկ է ճանաչվել:

Է. Թումանյանը 2005թ.-ի սեպտեմբերի 15-ին կայացած աճուրդով 93 մլն դրամով գնել է «Տեխնոսարք» գործարանի հիմնական միջոցները` շենք-շինությունները եւ մեքենասարքավորումները: «Երբ գործարանում սկսել եմ աշխատել, դեռեւս եղել են փաթեթավորված նոր սարքավորումներ: Դրանք ԴԱՀԿ-ն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի հանձնարարությամբ ծախել է պարսիկներին եւ թուրքերին:   Վաճառված սարքավորումների փողով աշխատավարձի մասը բավարարում էին, մնացածը` դնում գրպանները: Էդ վաճառքի ակտերը ԴԱՀԿ-ում են»,- ասաց Է. Թումանյանը:

Այսուհանդերձ, աճուրդի ժամանակ գործարանի տնօրեն Է. Թումանյանը վճարել է աճուրդային գույքի 93 մլն դրամի 5%-ը` իբրեւ նախավճար եւ խնդրել է ժամանակացույցով վճարել մնացած գումարը, որը, սակայն չի հաջողվել մարել: ՀՀ տնտեսական դատարանի  20.03.2007 թ. վճռով Էդիկ Թումանյանը սնանկ է ճանաչվել: «Սնանկ ճանաչելու պահին  93 մլն դրամից արդեն 63 մլն դրամը մուծած եմ եղել, մնացել էր 37 մլն դրամի պարտք»,- ասում է նա: Է. Թումանյանը դատարանին 28.06.2007 թ. ներկայացրել է ֆինանսական առողջացման ծրագիր, այդ թվում 200 աշխատատեղ ապահովող արտադրության 2 ծրագիր, որը դատարանը չի ուսումնասիրել եւ չի քննարկել` 20 օր ուշացնելու պատճառաբանությամբ: Թիվ 1 արտադրական մասնաշենքը համարվում է Էդիկ Թումանյանի սեփականությունը:  

«Շենքը չնչին գներով իրացնում են որպես շինանյութ: Դրա հետեւանքով իմ ունեցած պարտքերը նվազելու փոխարեն ավելանում են»,- ասում Է. Թումանյանը:  Դա փաստում են նաեւ մասնաշենքի առուվաճառքի պայմանագրերը: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.03.2009 թ. որոշման հիման վրա Է. Թումանյանի  սնանկության գործով կառավարիչ Արտակ Հովհաննիսյանի եւ Գյումրի քաղաքի բնակիչ  Արա Մովսիսյանի միջեւ կնքված պայմանագրով Արա Մովսիսյանը թիվ 1 արտադրական երեք հարկանի մասնաշենքը գնել է 7 մլն դրամով, այդ թվում` մասնաշենքի  առաջին հարկի 2226,5 քմ տարածքը 3 մլն դրամով, երկրորդ հարկի 2226,5 քմ տարածքը` 4 մլն դրամով: Գնորդը գույքի գնման դիմաց որպես նախավճար վճարել է 295,269 դրամ: Իսկ մասնաշենքի գնի մնացած մասը` 6,7 մլն դրամը, ըստ պայմանագրի, պարտավորվել է վճարել տարաժամկետ վճարումներով:

Պայմանագրի հիմքում դրվել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի տրված թիվ 1 արտադրական մասնաշենքը քանդելու մասին N 40 թույլտվությունը: Էդիկ Թումանյանն ասում է որ սեյսմիկ ուսումնասիրությունները փաստել են, որ 4-րդ կարգի վթարային է միայն արտադրական մասնաշենքի 3-րդ հարկը, 1-ն եւ 2-րդ հարկերը տեխնիկապես ամուր են եւ քանդման ենթակա չեն: Նա Վանաձորի քաղաքապետի` մասնաշենքը քանդելու թույլտվությունը համարում է անօրինական:

Վանաձորում 1990-ակաների սկզբին աշխատել է 33 արդյունաբերական ձեռնարկություն: Դրանց մեծ մասի շենքերն արդեն քանդված են: «Դարպաս գյուղի ճալում լրիվ գործարաններ էին, հիմա դրանց պատերն էլ չի մնացել»,- ասում է գործարար Աշոտ Հովհաննիսյանը:  «Տեխնոսարք» գործարանը քանդելը վանաձորցիների զայրույթն է հարուցել:  «Ի՞նչ են թողել սարքին վիճակում, որ «Տեխնոսարքը» թողնեին: Մանվածքային  գործարանում եմ աշխատել, որ հիշում եմ, թե ինչ գործարան էր դա, էդ էլ քանդեցին: Երբ անցնում եմ գործարանի տարածքի կողքով, ուզում եմ արտասվել»,- ասաց  վանաձորցի  Նվարդ Ավետիսյանը:

«Մարդկանց Վանաձորից հեռանալու մեղավորը ղեկավարությունն է: Ես ու եղբայրս հայրենիքի համար կռվել ենք: Եղբայրս` Գերասիմ Հովսեփյանը, 1992թ.-ին Քելբաջարում զոհվել է, ես էլ վիրավորվել եմ: Բա՞ կռվել ենք, որ մեր երեխեքը գնան Ռուսաստանում հացի փող աշխատեն: Կողքներս երկու կողմից թուրքերը նստած են: Մենք չենք կարող Մայդանի ճանապարհով գնալ: Իրենք շատ լավ հասկանում են դա ու հա կտցում են ժողովրդին»,- ասաց ազատամարտիկ Գագիկ Հովսեփյանը:

«Տեխնոսարք» գործարանի վարչական շենքում 1999թ.-ից տեղավորված է Վանաձորի թիվ 7 դպրոցը: Դպրոցի տնօրեն Լուսիկ Սարգսյանը ցավով խոսեց քանդվող գործարանի մասին: «Ես այս գործարանը տեսել եմ իր ողջ հզորությամբ աշխատելիս: Չպիտի թույլատրվեր, որ այսպես քանդեին: Արդեն գետնի տակից կոմունիկացիոն խողովակներն են հանում, վաճառում: Որպես վանաձորցի ուղղակի շատ վատ եմ զգում, որովհետեւ ամեն ինչ իմ աչքի առաջ է կատարվել: Ինչը` ինչի վերածվեց»,- ասաց տնօրենը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter