HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Արգելում գյուղացիներն իրենց հողերի տեղը չգիտեն

«Արգելի (նախկին Լուսակերտ) բնակիչների մեծ մասն իրենց հողերի տեղերը չգիտեն»,- ասում է համայնքապետ Մաթևոս Ավագյանը: Նրա ասելով` գյուղացիները երբեք չեն մշակել սեփականաշնորհման ժամանակ ստացած գյուղատնտեսական հողերը, որովհետեւ ոռոգելու հնարավորություն չունեն: Ջրագիծը հասցվել է մինչև գյուղ, իսկ ոռոգման ներքին ցանց անցկացնելու համար գյուղացիներն իրենք պետք է գումար հավաքեն: Սա ասաց համայնքապետը` նշելով, որ ուրիշ տարբերակ չկա. գյուղը բյուջե չունի:

Նա ցույց տվեց Արգելի դեռևս չսեփականշնորհված հողերի ցանկը: Դրանք հիմնականում գյուղատնտեսական նշանակության հողեր են, որոնք վաճառելու համար համայնքապետարանը պատրաստվում է սեփականության վկայականներ հանել և աճուրդ-վաճառքի միջոցով օտարել: Գյուղի բյուջեն համալրելու միակ տարբերակը համայնքային սեփականության վաճառքն է, սակայն հարց է` արդյոք չոռոգվող հողակտորները գնորդ կունենան, թե ոչ:

Մայիսի 29-ին նույնպես համայնքապետարանում պետք է կայանար 5 տարբեր հողատարածքների աճուրդ-վաճառք, բայց այն համարվեց չկայացած, քանի որ լոտերից որևէ մեկի համար հայտ չէր ներկայացվել: Լոտերից 3-ը բնակավայրի նշանակության հողեր էին, 2-ը` գյուղատնտեսական:

Գյուղատնտեսական նշանակության հողերի համար հայտ չներկայացնելը, եթե համայնքապետը հիմնավորում է ոռոգման ցանցի բացակայությամբ, ապա բնակավայրի նշանակության հողատարածքները, ըստ նրա, անտեր են մնում բնակիչների սոցիալապես անապահով լինելու պատճառով:

«Թերթում հայտարարում ենք աճուրդը, ավագանու միջոցով էլ տարածում ենք, մի երկու տեղ գյուղի բանուկ վայրերում փակցնում ենք աճուրդի հայտարարությունը, բայց էլի հայտեր չենք ունենում»,- ասաց համայնքապետը: Նրա խոսքով` հիմա շատերը հող մշակելու փոխարեն նախընտրում են արտագնա աշխատանքը: Արգելը 3500 գրանցված բնակիչ ունի, որոնց 10%-ից ավելին Մ. Ավագյանի խոսքով` գյուղում չեն:

2013 թ. Արգելում կայացել է համայնքային սեփականության հողերի 13 աճուրդ, սակայն դրանց մեծ մասի ժամանակ վաճառվել են ոչ թե գյուղատնտեսական, այլ բնակավայրի նշանակության հողեր: Վերջիններս, համայնքապետի խոսքով, նախկինում վարձակալված ավտոտնակների կամ կրպակների տարածքներն են: Դրանք սեփականաշնորհելու համար գյուղացիները դիմում են համայնքապետարան: Աճուրդ կազմակերպելը, գործող օրենսդրությամբ, այս տարածքներն օտարելու միակ տարբերակն է համայնքապետարանի համար:

Համայնքապետը նշում է, որ նույնիսկ որևէ լոտի համար հայտեր լինելու դեպքում, հայտատուն որպես աճուրդի երկրորդ մասնակից հիմնականում բերում է իր ծանոթին կամ բարեկամին, որ հողը կարողանա էժան գնել: Այսպես, 2013թ. աճուրդներից 11-ը կայացել են երկու մասնակցով, 2-ը` երեք: Սակայն նույնիսկ երեք մասնակցի առկայության դեպքում հողերի համար սակարկություն գրեթե տեղի չի ունեցել: 

Երեք մասնակցով կայացած աճուրդներից մեկի ժամանակ հողի գինը մեկնարկային 166 հազար 854 դրամից բարձրացել է մինչև 186 հազար 854 դրամ, ընդամենը` 20 հազար դրամով: Ըստ արձանագրության` աճուրդի ժամանակ մասնակցի քայլի չափը եղել է 10 հազար դրամ, իսկ սա նշանակում է, որ երեք մասնակիցներից մեկը քայլ չի արել:

Նույնն է պատկերը երկու մասնակցով կայացած աճուրդներից մեկի ժամանակ. հողի գինը 70566 դրամից բարձրացել է 80566 դրամ, կատարվել է մեկ քայլ, այսինքն՝ երկրորդ մասնակցի առկայությունը աճուրդը կայացնելու ձևական և օրենսդրությանը համապատասխանեցնելու պայման է: Արդյունքում Արգելի ֆոնդային բյուջեն 2013թ. չի գերազանցել 2 մլն դրամը:

Այս գումարով, ըստ համայնքապետարանի փոխանցած տվյալների`փողոցային լուսավորություն է անցկացվել, մասնակի վերանորոգվել են միջհամայքային և ներհամայնքային ճանապարհները, մանկապարտեզը և մշակույթի տունը:

Համայնքապետ Մաթևոս Ավագյանը չհստակեցրեց, թե թվարկածներից կոնկրետ ինչի վրա է ծախսվել գյուղի ֆոնդային փոքր բյուջեն` 2 մլն դրամը: Համենայնդեպս, աճուրդներից` համայնքային սեփականության վաճառքից գոյացած գումարից հատկացում չի արվել գյուղի ամենակարևոր հիմնախնդրին` դաշտերում ոռոգման ցանց անցկացնելուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter