HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Երեւանի գունավոր «շորերը», կամ ինչպես են ծախսվում քաղաքացիների փողերը

Նախորդ տարվանից սկսած՝ Երեւանի քաղաքապետարանը լվանում եւ ներկում է քաղաքի կենտրոնական փողոցների վրա գտնվող շենքերի ճակատային հատվածները: Ներկված շենքերի մեջ որեւէ գույն չի գերակշռում. կան մուգ մանուշակագույն, օխրայի երանգներ, դեղին, մոխրագույն, շագանակագույն` գազարագույնի հետ:

Գործընթացը սկսվել է Գագիկ Բեգլարյանի պաշտոնավարման ժամանակ: Նախորդ տարի ներկվել եւ լվացվել է 30 շենք` միայն Մաշտոցի պողոտայի շենքերից: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը «Հետքին» ասաց, որ աշխատանքների համար Երեւան քաղաքի համայնքային բյուջեից հատկացվել է 176 մլն դրամ:

 Ըստ կանոնակարգի` աշխատանքներն իրականացնելու համար հայտարարվում է տենդեր, հաղթած նախագիծը ներկայացվում է Երեւանի քաղաքապետի հաստատմանը` քաղաքաշինության ու ճարտարապետության վարչության եւ գլխավոր ճարտարապետի խորհրդով, իսկ գործընթացը վերահսկում է քաղաքի գլխավոր դիզայները:

Նախորդ տարվա տենդերը շահել էր «Երեւաննախագիծ» ինստիտուտը, նախագծի հեղինակը դիզայներ Աշոտ Մայիլյանն է:

Ինչպես նշում է Արթուր Գեւորգյանը, արված աշխատանքը դրական արձագանքի է արժանացել, ուստի 2010-ին այս տարվա բյուջեն հաստատելիս գումար է նախատեսվել ավելի մեծ ծավալի աշխատանքների համար:

Այս տարի իրականացվել է 250 շենքի ներկում եւ լվացում, քաղաքային բյուջեից ծախսվել է 1 մլրդ 300 մլն դրամ: Նախագծի հեղինակը դարձյալ Աշոտ Մայիլյանն է, ով արդեն ներկայացնում է այս տարվա տենդերում հաղթած «Դի ար գի շին» ՍՊԸ-ն:

Առաջին հայացքից տպավորություն է, որ հրաշալի գործ է արվում: Եվ, իսկապես: Վերջապես ուշադրություն է դարձվում տարիներ շարունակ անխնամ վիճակում գտնվող շենքերին. մաքրվում են կեղտից ու փոշուց, ներկվում են, քաղաքի տեսքը թարմանում է:

Այլ հարց է, թե աշխատանքի ընթացքում որքանո՞վ է գործում տվյալ դաշտը կարգավորող օրենքը: Քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին այս հարցին պատասխան ունի. «Չի սխալվում նա, ով գործ չի անում»: Սակայն «սխալվելիս» խախտվել է «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասին» ՀՀ օրենքը:

Այդ շենքերի մի մասն ընդգրկված է պետության կողմից պահպանվող անշարժ հուշարձանների ցանկում, եւ ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Հուշարձանների պահպանության գործակալության գիտամեթոդական խորհրդի հետ:

Գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը «Հետքին» ասաց, որ նախորդ տարի բավական հաջող աշխատել են «Երեւաննախագիծ» ինստիտուտի հետ, սակայն այս տարի շատ հարցերում իրենք տարաձայնություններ են ունեցել:

«Թումանյան-Մաշտոց հատման խաչմերուկում գտնվող նախկին Կարապի գաստրոնոմը, որը հայտնի է որպես Իլյիչի շենք, երկու միասնական շենքեր են, որոնք ուզում էին ներկել տարբեր գույներով,- ասաց նա,- սակայն այդ հարցում մենք համաձայնության եկանք»:

Այվազյանը նշում է մի քանի շենքեր, որոնց շուրջ իրենք համաձայնություն չեն տվել, սակայն փոփոխություններն, այնուամենայնիվ, կատարվել են:

Խոսքը Նալբանդյան 41, Նալբանդյան 41/1, Նալբանդյան 23, Տերյան 62, Նալբանդյան 23, Նալբանդյան-Թումանյան խաչմերուկի եռահարկ շենքերի մասին է: «Մենք դեմ էինք, որ Բունիաթովի շենքը (Նալբանդյան 41-ը) ներկվի,- ասում է Այվազյանը,- բայց ներկվեց: Որոշ շենքերի հարցում մեր հետ հաշվի չնստեցին. օրինակ՝ անատոմիկի շենքը, որը ներկվել է կարմիր, սակայն մենք ասացինք, որ սյունաշարը պետք էր սպիտակ ներկել: Այս շենքերի հարցը պետք է անպատճառ քննարկվի»:

Այվազյանը հատուկ ընդգծում է Մոսկովյան-Տերյան խաչմերուկի վրա գտնվող Տերյան 62 շենքը, որը պատված էր դեկորատիվ ավազով. «Մենք ասացինք, որ ներկել պետք չէ, սակայն դա ներկեցին առանց մեր թույլտվության: Հիմա ներկը հանելը ավելի դժվար կլինի, բայց այդ հարցը մենք անպատճառ պետք է բարձրացնենք»:

Ներկի գոյությունը երաշխավորված է 15-17 տարի, դրանք սիլիկատային ծագման են, հիմնականում` գերմանական արտադրության:

Երեւան քաղաքի ճարտարապետությանը քիչ թե շատ ծանոթ մարդը պատկերացում ունի, թե շենքերից որոնք որ ժամանակաշրջանին են պատկանում: Նալբանդյանի նշված շենքերը, որոնք ներկվել են օխրա գույնով, ի սկզբանե եղել են սպիտակ, որովհետեւ Բունիաթյանը, երբ նախագծում էր այդ շենքերը, ուղղակի օխրայի գույնի շենքեր չեն եղել. եղել են սպիտակ:

«Այո,- հաստատում է Ամատունին,- կոմունիստների ժամանակներից մնացած շենքերը գունավորում չեն ունեցել, որովհետեւ այն ժամանակ գունավորում չի եղել, եւ քանի որ նրանք հիմա փոփոխվում են, նոր գույներ են տրվում: Հիմա բազմազան որակյալ ներկեր կան, ինչո՞ւ չփոխել: Սկզբից դա շատ տարօրինակ ու անբնական կարող է դիտվել, սակայն որոշ ժամանակ հետո մարդու աչքը սովորում է»:

Իսկ նախագծի հեղինակ Աշոտ Մայիլյանը «Հետքին» մատնացույց է անում գոյության տարիների ընթացքում այդ շենքերում կատարված արտաքին միջամտությունները:

«Դրանք 30-ականների շենքեր են, եւ այս ընթացքում բնակիչներից մեկը դուռ է բացել, մյուսը իր օբյեկտին հարմար գույնով է ներկել,- պատճառաբանում է նա,- ո՞ւր էին նրանք, դե թող արգելեին, երբ սալիկներով երեսպատում էին, իսկ մենք աշխատանքների ընթացքում բազմաթիվ վերանորոգումներ ենք կատարել. շատ տեղերում ճարտարապետական էլեմենտները քանդած ու կոտրված են եղել, պատշգամբները նույնությամբ վերականգնվել են»:

Նույն Նալբանդյան 41 շենքի մասին Մայիլյանը նշում է, որ առաջին հարկում վարսավիրանոցի սեփականատերը իր տարածքը սալիկով երեսպատել ու ներկել էր իր ուզած գույնով:

«Սալիկապատված հատվածը չի քանդել, մնացած հատվածը բերված է սալիկի գույնի, իսկ նախկինում այն եղել է սպիտակ,- ասում է նա,- տարբեր շենքեր արված են տարբեր ճարտարապետական լուծումներով, հաշվի է առնված ճարտարապետական էլեմենտների առկայությունը.  խոյակներ, քիվեր, սվաղված հատվածներ: Նույն շենքում եղել է քարով սվաղված մասեր, կամ մի մասը` սեւ, մի մասը` վարդագույն քար, այդ բոլոր էլեմետները հաշվի են առնված»:

Գույների ընտրությունը կատարվել է՝ կախված լույսի հետ շենքի ունեցած  ճակատային դիրքից. այն շենքերի համար, որոնց ճակատը նայում է դեպի հյուսիս, եւ լուսավորությունը քիչ է, ընտրվել են պայծառ գույներ:

Այդուհանդերձ, Մայիլյանը չկարողացավ պատճառաբանել, թե ինչ հիմքով անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկված շենքերում փոփոխություններ կատարելիս հաշվի չի առնվել Հուշարձանների պահպանության գործակալության դիրքորոշումը:

«Շենքեր կային, որոնցից ոմանց վրա ցեմենտ էր, եւ սկզբնականը չէր լինում պահպանել, այդ պատճառով ինչ-որ կերպ պետք է ներկվեր` հնարավորինս պահպանելով հուշարձանի գեղարվեստական ու ճարտարապետական արժեքը»,- պատասխանից խուսափում էր նա:

Բացի այդ` ներկված եւ վերականգնված շենքերի մեջ կային այնպիսիները, որոնց հեղինակները կենդանի են, իսկ այդ դեպքում ցանկացած` այդ թվում գունային փոփոխության դեպքում պետք է լինի նախագծի հեղինակի համաձայնությունը:

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը «Հետքին» ասաց, որ Նալբանդյան-Թումանյան խաչմերուկի անկյունում գտնվող «Ստեֆանիել» խանութի շենքը, որը նախագծել է Բունիաթյանը, վերակառուցվել է իր նախագծով` 2006 թ., որը հաստատվել է քաղաքապետարանում:

«Սակայն այնտեղ փոփոխություն անելիս ոչ ոք ինձ հետ ոչինչ չի համաձայնեցրել»,- ասում է նա:

Ի պատասխան այս հարցադրման` Մայիլյանն ասաց, որ իրենք ոչ մի բողոք չեն ստացել. «Եթե բողոքներ կային, թող դիմեին»: Խնդիրն այն է, որ աշխատանքային խումբը փորձ չի էլ արել պարզելու, թե վերականգնվող շենքերի մեջ կա՞ն, արդյոք, այդպիսի շենքեր, որոնց հեղինակները կենդանի են: «Ենթադրաբար, այո, կլինեն»,- միայն ասաց Մայիլյանը` նշելով, որ իրենք մեծ դժվարություններ են ունեցել քաղաքացիների հետ աշխատելիս, որոնք կարծում են, թե շենքի ճակատը իրենց սեփականությունն է:

Այս տարի աշխատանքներն արդեն ավարտվել են. 250 շենքերը հիմնականում ընդգրկում են քաղաքի կենտրոնական փողոցները, սակայն Արշակունյաց պողոտայով  ծավալվել են մինչեւ Գ. Նժդեհի հրապարակ:

Արթուր Գեւորգյանն ասում է, որ ծրագիրը, ամենայն հավանակությամբ, շարունակական կլինի,  այս անգամ՝ կենտրոնից հեռու համայնքներում: «Ամեն տարի շենք չեն լվանում,- ասաց նա,- մյուս տարի կընդգրկվեն այն շենքերը, որոնց վիճակն ավելի վատ է»: Ճարտարապետ Պետրոսյանը այս բացթողումները շատ լուրջ չի համարում` քաղաքում առկա լուրջ ճարտարապետական խնդիրների ֆոնին:

«Այն մի քանի տարի հետո կարելի է փոխել,- ասում է նա,- սակայն ներկելը հսկայական գումարների ծախս է, որը գոյանում է իմ եւ այլ երեւանցիների վճարած հարկերից, մինչդեռ այն կարելի էր քննարկել մասնագիտական հանրության հետ եւ ավելի ճիշտ լուծման հանգել»:                                       

Մեկնաբանություններ (3)

[email protected]
Երևանը նախկինում անվանում էին վարդագույն քաղաք: Պարզ է, թե ինչու: Ներկայումս հավանաբար որոշ դալտոնիկների կապրիզների պատճառով Երևանը կդառնա մոդեռն ոճ հիշեցնող մի մեծ խզմզոց: Շենքերը դրսից սովորաբար ներկվում են այնպիսի կլիմայական գոտիներում, որտեղ դրա անհրաժեշտությունը կա: Մեր երկրում, որտեղ արևը շողում է տարվա ընթացքում 270 և ավելի օրեր, դրա կարիքը չկա: Բնակլիմայական պայմանները հյուսիսային գոտում թելադրում են դրսից սալիկապատել շենքերը 1 - 1.5 մետր բարձրությամբ: Հավանաբար պետք է սպասել, որ մեր քաղաքում նույնպես շենքերը շուտով կսկսեն արտաքնոց կամ լոգարան հիշեցնել:
samvel
Շատ լավ կլիներ,որ այդ ահռելի գումարները ծախսվեին կարիքավոր մեր հայրենակիցների համար բնակարան ձեռք բերելու,շենքերը ամրացնել և շատ այլ կարևոր խնդիրներ լուծելու համար:Ես մի բան չեմ կարող հասկանալ չինովնիկությունը ինչու է ատում այսքան այս ժողովրդին չէ որ մեր վզին են նստած...
Արսեն
Ախար Գագան տենց խելոք-խելոք կարծիքներ հայտնելու համար արդյո՞ք ունի գոնե սկզբնական մասնագիտական ճարտարապետական կրթություն, ախար աշխարհի ո՞ր քաղաքում են նման կարեւոր կարեւոր հարցերը /քաղաքի կերպարի կտրուկ փոփոխման, հուշարձանների պահպանության եւ այլն/ լուծում մեկ-երկու հոգի, էն էլ դիզայներ-նկարիչներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter