HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Սիրիայում ամուսնացած հայուհին փորձում է նոր կյանք սկսել սեփական երկրում

Միգրացիայի ձևերից մեկը, որի մասին ընդհանրապես չի խոսվում, ամուսնանալով երկիրը լքելն է, որն Անիի դեպքում մատնվեց անհաջողության: Իր խոսքով՝ «Աստված պատժեց իրեն», ու Սիրիա մեկնելուց մոտ 5-6 ամիս հետո բռնկվեց քաղաքացիական պատերազմը:

«Տալերս ինձ կատակով ասում էին, թե ոտս խերով չէր,- «Հետքին» պատմում է 25-ամյա Անի Մկրտչյանը,- էդ ձմեռ շատ ծանր էր. սենյակը սալյարկայով էինք տաքացնում, ու ամուսինս ժամերով հերթ էր կանգնում դրա համար:Մութ ու լույսի տարիները ես Հայաստանում չեմ տեսել, բայց տեսա Սիրիայում»: 

Անիին հարազատ գյուղում «կամ» էին տեսել սիրիահայ Ազատի համար, ով եկել էր Հայաստանից աղջիկ տանելու: Անին էլ անհաջող սիրավեպ էր ունեցել ու կյանքից հիասթափված էր, ցանկանում էր դուրս գալ գյուղից, ու Սիրիայում ամուսնանալու միտքը նրան փրկության պես մի բան էր թվում:

«Մեզ հորաքրոջս աղջիկը ծանոթացրեց, ու հավանեցի: Ես միշտ ուզել էի տարիքով մեծ տղամարդու հետ ամուսնանալ,- պատմում է նա,- մի քիչ շատ էր մեծ՝ 15 տարի, բայց չէր երևում»:

Հետո Անին պարզելու էր, որ սիրիահայ աղջիկները ձգտում են երկրից դուրս ամուսնանալ ու գնալ Եվրոպա, որի պատճառով էլ տեղացի տղաները գնում են Հայաստանից աղջիկ բերելու:

«Էնտեղի աղջիկները լավ կյանքի են սովոր ու ավելի լավի են ձգտում,- մեկնաբանում է նա,- երբ գնում են աղջիկ ուզելու, հարցնում են` տուն ունե՞ս, աշխատանք ունե՞ս: Հիմնականում չեն ուզում  տեղացի տղայի հետ ամուսնանալ, իսկ եթե ամուսնանում են, ուրեմն` հարուստ տուն»:

Անին իրենց գյուղում միակը չէ, ով ամուսնացել ու գնացել է Սիրիա: «Կամ տեսնելու» ավանդույթը, որ Հայաստանում դեռևս գործում է, հայ աղջիկների աչքին ոսկե ձկնիկի պարգևած հնարավորության պես մի բան է երևում: Բայց այն երբեմն կանգնեցնում է կոտրված տաշտակի առաջ:

Ծանոթության 9-րդ օրը եկեղեցում պսակադրությունից հետո Անին ամուսնու հետ մեկնեց Սիրիա՝ Հալեպից մոտ 700 կմ հեռու, Թուրքիայի սահմանին գտնվող Ղամիշլի, որտեղ կրկին հարսանիք արեցին՝ այս անգամ սիրիական ձևով:

«Ոտքիդ առաջ կուժ են կոտրում, երեք անգամ համբուրում են, հետո շալակում՝ դնում են ուսերին. շատ տարբեր էր մեր հարսանիքից ու անակնկալ, ինձ չէին էլ զգուշացրել»,- ասում է Անին, որի դժկամ տոնից ակնհայտ էր, որ մշակութային տարբերությունների պատճառով խնդիր է ունեցել:

Նրան Ղամիշլիում դժվար կյանք էր սպասվում, անգամ եթե պատերազմը չլիներ: Գավառական սիրիական քաղաքում կենցաղը շատ տարբեր է Հայաստանից, առաջին հերթին՝ այլ կրոնական միջավայրի պատճառով:

Թեպետ մինչև պատերազմի սկսվելը Ղամիշլիում մոտ 12 հազար հայ է ապրել, այդուհանդերձ, Ղամիշլիում գերակշռում են արաբներն ու քրդերը, որոնց շրջանում Անին չէր կարող հագնվել այնպես, ինչպես սովոր էր. «Նույնիսկ կիսաթև շոր չէի կարողանում հագնել՝  նայում էին»:

Անին ընտանեկան պայմաններից չէր դժգոհում. ամուսնու ընտանիքը ցորենի արտ ուներ, որից տարեկան 20 հազար դոլար եկամուտ էին ստանում, ինչպես նաև` խանութ, որը պատերազմից հետո վաճառեցին, որպեսզի այդ գումարով ապրեն:

«Բայց էնտեղ հարսին ոնց որ տանեն եփել-թափելու ու տունը հավաքելու համար: Բաղնիքից հետո անգամ իրենց ներքնաշորերը չէին հավաքում ու էդպես գետնին շպրտած էր,- ասում է նա,- ճիշտ է, լվացքի մեքենա կար, բայց տհաճ է ուրիշի կեղտոտ ներքնաշորերին կպնել»:

Անիին նաև չափազանց զարմացրել էր ավանդապաշտությունը, մուսուլման-քրիստոնյա հարաբերություններն ու վերաբերմունքը աղջկա կույս լինելուն, որի նկատմամբ առանձնահատուկ խիստ մոտեցում կա:

«Կույս լինելը շատ մեծ խնդիր է, ու պատահել է, որ Հայաստանից եկած աղջկան այդ պատճառով հետ են ուղարկել,- ասում է նա,- իրենք իրենց ընտանիքն ավելի վեր են դասում, քան կինն ու երեխաները: Չնայած իմ ամուսինն ինձ շատ է սիրում, բայց քանի անգամ երեսիս ասել է, թե քրոջս ու ախպորս լավ կվերաբերվես, թե չէ՝ հետ կգնաս հորդ տուն»:

Նա պատմում է, որ շրջանառության մեջ բազմաթիվ լուրեր են եղել, որ ամուսնական դավաճանության համար եղբայրը քրոջն ուզեցել է սպանել, իսկ արաբի հետ կապ ունեցող հայ աղջկանից ընտանիքը հրաժարվում է:

Իրանագետ Աննա Գևորգյանն ասում է, որ իսլամի դրույթներով` մուսուլման տղամարդուն թույլատրվում է ամուսնանալ ցանկացած կրոնի հետևորդ կնոջ հետ, որովհետև ամուսնությունից հետո կինը կրոնափոխ է լինում, դա նույնիսկ խրախուսելի է, քանզի մեկ անդամով ավելանում է իսլամական համայնքը:

«Իսկ մուսուլման կնոջն արգելված է ամուսնանալ այլադավան տղամարդու հետ, որովհետև իսլամում ընտանիքի գլուխ կանգնած է տղամարդը, և այդ դեպքում ստացվում է, որ կինը ստորադաս դիրք է գրավում ընտանիքում, իր հետ միասին ստորադաս դիրք է ունենում նաև իսլամը, ինչն անընդունելի է»,- «Հետքին» ասում է նա:

Քանի որ այս ավանդույթը քաջ հայտնի է, ինքնապահպանության բնազդից ելնելով` հայկական համայնքները փորձում են ամեն կերպ մեկուսանալ և զերծ մնալ նման շփումներից, որպեսզի բացառվեն խառնամուսնությունները:

«Իրանի հայկական համայնքի 400-ամյա պատմությունում, որ ավելի հին է, քան սիրիականը, հատուկենտ դեպքեր կարելի է նշել, երբ հայ կինը կարողացել է այդ քաջությունն ունենալ և ամուսնանալ մուսուլման տղամարդու հետ»,- ասում է Գևորգյանը:

Անին հարս էր գնացել բազմանդամ գերդաստան. ամուսինը 4 եղբայր ուներ և երեք քույր: Թեպետ քույրերը բոլորն էլ ամուսնացած էին, ինչպես նաև մի եղբայրը, այդուհանդերձ, նա ապրում էր սկեսրայրի և երեք տեգրերի հետ: Իսկ Ղամիշլի հասնելուց ուղիղ տասն օր հետո Անիի` մասնագիտությամբ խառատ ամուսինը նորահարսին թողնում ու գնում է Լիբիա, որտեղ աշխատում էր:

Անիին շատ փորձություններ էին սպասվում, որովհետև անսպասելի անկողին է ընկնում սկեսրայրը, որին պետք էր խնամել, իսկ հարսի նկատմամբ ընդունված կեցվածքը նրան դուր չէր գալիս:

«Բայց ես հասկանում էի, որ էդ վերաբերմունքը ոչ թե կոնկրետ իմ նկատմամբ էր, այլ ուղղակի էնտեղ էդպես էր տան դրվածքը,- մեկնաբանում է նա,- իրենք ինձ շատ լավ էին վերաբերվում ու սիրում էին, բայց մեկ է՝ անտանելի էր»:

Անիի սկեսրայրը մահանում է, ու ամուսինը հետ է վերադառնում Լիբիայից: Հետո ծնվում է որդին, որից հետո Անին մեկ ամսով վերադառնում է Հայաստան՝ ծնողներին տեսակցելու: Դա 2012թ. հուլիսն էր:

«Մեզ մոտ դեռ հանգիստ էր, մենք լսում էինք, որ Հալեպում է վատ վիճակը, ու ես ոչնչի ականատես չեմ եղել,- ասում է նա,- իմ տոմսը հետադարձով էր, բայց էդ մի ամսվա ընթացքում վիճակը վատացել էր, իսկ Հալեպից պիտի ավտոբուսով գնայի Ղամիշլի, բայց էդ ճանապարհը շատ վտանգավոր էր, ու հետ չգնացի»:

Անիի երկրորդ կյանքը Հայաստանում

Անիին միանում է ամուսինը, հետո` տագրն ու մի տալը, ու ապաստան հայցելու համար նրանք դիմում են Միգրացիոն պետական ծառայություն: Նրա մի տագրը մնում է Ղամիշլիում, որպեսզի տանը տեր կանգնի:

Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն ՀԿ նախագահ Լենա Հալաջյանն ասում է, որ շատ սիրիահայեր դիմեցին ապաստան հայցելու համար՝ կարծելով, թե մեծ օժանդակություն պիտի լինի, բայց այդպես չեղավ:

«Հետո ՄԱԿ-ն ուզում էր վրաններ սարքել, նկարել այդ ամենն ու քաղաքական ենթատեքստ դնել այդ ամենի մեջ, սակայն պետությունը դրա հետ համաձայն չեղավ՝ ասելով, որ մարդն իր հայրենիքում փախստական չի կարող համարվել,- «Հետքին» ասում է նա:- Մոտ մի տարուց ավել իրենք ոչ մի բան չարեցին (նկատի ունի՝ ՄԱԿ-ը), մինչդեռ  միլիոնավոր դոլարներ էին գնում Լիբանան, Հորդանան: Հետո սկսեցին օգնել, ու հիմա 400 հոգու բնակվարձ են տալիս: Բայց սիրիահայերը չեն վստահում ՄԱԿ-ին, որովհետև այն կողմնակալ կառույց է»:

Ըստ Միգրացիոն ծառայության տվյալների՝ 2010-2013թթ. ապաստան ստանալու խնդրանքով Հայաստան է դիմել 1040 անձ, որից մոտ 800-ը սիրիահայեր են:

Անիին ամուսնու հետ կացարան է տրամադրվում ապաստարանում, որը ՄԱԿ Փախստականների գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) միջոցներով բոլորովին վերջերս վերանորոգվել է: Այդուհանդերձ, Անին ասում է, որ սենյակում պայմաններն այնքան վատ էին, որ երեխան երկու անգամ թոքաբորբով հիվանդացավ. «Շատ խոնավ էր, մատրասները ջուր էին լինում, որովհետև կիսանկուղային հարկ էր»:

Անին ամուսնուն թողնում է կացարանում ու 7 ամիս բնակվում գյուղում՝ ծնողների հետ, որպեսզի երեխան առողջանա: Այդ ընթացքում ամուսինը ժամանակավոր գործ էր գտել Աբովյանի ճանապարհին գտնվող դարբնոցներում, որտեղ աշխատում էր շաբաթվա 6 օրը, իսկ կիրակի օրը գնում գյուղ՝ կնոջն ու երեխային այցելության:

Ապաստարանը Երևանի կենտրոնից հեռու գտնվող բարձրահարկ շենքերից մեկի առաջին մի քանի հարկը զբաղեցնող բնակելի տարածք է: Անիի խոսքով՝ ավելի վաղ եկած սիրիահայերից ոմանց այդ շենքի բարձր հարկերում բնակարաններ են տրամադրել, իսկ կացարան է համարվում ներքևի երկու հարկը, որտեղ փոքր՝ մոտ 13-14 քմ տարածքով սենյակներ են:

«Քանի որ ես երեխա ունեի, դրա համար ինձ տուալետ-բաղնիքով սենյակ տրամադրեցին, բայց սենյակն էնքան փոքր էր, որ պահարանը դրել էինք բաղնիքում, որպեսզի երեխան խաղալու տեղ ունենա»,- ասում է նա:

Կացարանի նախկին բնակիչը պատմում է, որ միայն առաջին հարկում գտնվող սենյակներում սանհանգույց կա, փոխարենը այդ հարկում տաք ջուր չկա, թեպետ ջեռուցման կաթսաներն առկա են, և բոլորը ստիպված լողանում էին երկրորդ հարկի ընդհանուր օգտագործման լոգարանում. «Ու միայն չորեքշաբթի և շաբաթ օրերը կարող էինք լողանալ»:

Սնունդը ապահովել է ՄԱԿ ՓԳՀ-ն, որ ստացել են տասն օրը մեկ: «Անձի գլուխ էինք ստանում. պանիր, հավ, ձուկ, 3 հատ սմետան, 5 հատ ձու, մակարոնեղեն և այլն, ու լրիվ բավարար էր,- ասում է Անին,- բայց վատն էն էր, որ 2.5 ամիս հետո մեր սնունդը կտրեցին»:

Երբ անձը դիմում է միգրացիոն ծառայություն, նա նախ համարվում է ապաստան հայցող և օգտվում կացարանի ծառայություններից, իսկ երբ հայցը բավարարվում է, և նա ստանում է փախստականի կարգավիճակ, տրվում է անձնագիր, և նա դառնում է փախստականի մանդատ ունեցող այլ կազմակերպությունների շահառու:

Տվյալ դեպքում Անիի ընտանիքի համար ՄԱԿ ՓԳՀ կողմից ֆինանսավորվող «Առաքելություն Արևելք» ՀԿ-ն մոտ 8 ամիս վճարելու է նրանց բնակվարձը, քանի որ նրանք դուրս են եկել կացարանից ու մեկ սենյականոց բնակարան վարձել, որտեղ Անին ապրում է ամուսնու, երեխայի և տագերոջ հետ:

«Չնայած էլի փոքր է, բայց շունչս վերջապես բացվեց»,- ասում է նա:

Անիի ընտանիքը որոշել է մնալ Երևանում, որովհետև մեծ քաղաքում հեշտ է գործ գտնել. «Հետո, երբ օգնություն է լինում, մի հատ էլ պիտի էդ արկղերը տաքսիով տանենք, որը էլի ծախս է»: 

Անցյալ տարի ձմռան շեմին Անիի ամուսինն իր սիրիահայ ընկերների հետ գնացել է Մոսկվա` աշխատելու, գործը լավ էր. երեք ամսում երեք հազար դոլար էր վաստակել: «Բայց ձմեռը հետ եկավ, հետո սիրիացիների մուտքը ՌԴ արգելեցին»,- ասում է Անին:

Հիմա էլ մեկ այլ խնդիր է ծագել. ծանր ֆիզիկական աշխատանքի հետևանքով ամուսնու ողնաշարի դիսկերից երկուսը խախտվել են, հիմա կամ պիտի ծանր աշխատանքը թողնի, կամ էլ` վիրահատվի:

«Էս երկու տարվա մեջ աչքիս առաջ ծերացավ, չգիտենք` ինչ պիտի անենք, չգիտենք` ինչ է լինելու,- բացակայող հայացքով կրկնում է Անին,- ես տեղի հայ եմ ու սովոր եմ մեր պայմաններին, մի կերպ կհարմարվեմ, բայց ամուսինս չի հարմարվում»:

Անին թեպետ սիրում է ամուսնուն, սակայն ներքուստ զղջում է, որ ամուսնացել է Սիրիայում: Թեեւ կարծում է, որ արդեն ստացված բան է ու պետք է հաղթահարի դժվարությունները, մինչև «մի լույս կծագի»:

«Ամուսինս արդեն 40 տարեկան է ու ուզում է, որ երկրորդ երեխան ունենանք, բայց ես հարցնում եմ, թե ո՞նց ենք պահելու,- մրմնջում է նա,- էն երկու կոպեկը, որ Ռուսաստանից բերել է, դրանով ենք ապրում, որ վերջանա՝ բա ի՞նչ ենք անելու»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter