HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Չեն արտագաղթել, չեն կոտրվել և դեռ երեխաներ են լույս աշխարհ բերել

Դարպասը ճռռոցով բացվում է եւ հայտնվում ենք գյուղական աղքատիկ մի բակում: Տան շեմին նստած փոքրիկն  անծանոթներին նկատելով՝ վազում է ներս: Դրսում, պատի տակ մի հին մահճակալ է դրված՝ վրան պիտանի եւ անպիտան իրերի խառը դասավորությամբ: Մեր անակնկալ մուտքից վայրկյաններ անց բանջարանոցի կողմից հայտնվում է երիտասարդ մի տղամարդ՝ գոմաղբով լի դույլերը ձեռքին: Տան շեմին երեւում է տանտիրուհին, նրա հետեւից բակ են վազում չորս փոքրիկները՝ բոլորն էլ գրեթե մի հասակի:

«Բոլորը տղա՞ են»,-հարցնում եմ կնոջը: «Այո, աղջիկ էլ ունեմ, բայց տունը չէ, մեր բարեկամի տանն է»,-պատասխանում է զրուցակիցս ու փորձում բռնել ամենափոքրին, որն անընդհատ ճողոպրում է նրա ձեռքից՝ թաքնվելով եղբայրների թիկունքում: Տանտիրուհին մեզ հրավիրում է ներս մտնել եւ այդ պահին նրան հաջողվում է բռնել նաեւ փոքրիկին, բացատրում է. «նոր է քնից զարթնել, բայց չի թողնի օր շորերը փոխեմ»:

Դավթյանների բազմանդամ ընտանիքն ապրում է Շիրակի մարզի Մայիսյան գյուղում: Վեսմիրան եւ Արմենը հանդիպել ու ամուսնացել են 2004 թ-ին մայիսին: Ընտանիքում 5 երեխա է մեծանում՝ փոքրը 2, մեծը՝ 9 տարեկան է: 28-ամյա Վեսմիրան պատրաստվում է սեպտեմբերին լույս աշխարհ բերել եւս երկուսին:

«Բժիշկներն սկզբից հարցրեցին, թե ինչ սեռի երեխեք ունեմ, ասի համ տղա, համ աղջիկ, իրանք էլ ծիծաղելով ասին, թե հըմի երկուսից էլ բդի ունենաս: Գիտենք, օր ջեւիկ (զույգ) պիտի ծնվեն՝ տղա ու աղջիկ»,-ժպտալով պատմում է Վեսմիրան՝ ընթացքում փոխելով երկամյա տղեկի հագուստները:

Արմենը ներողություն խնդրելով՝ հեռանում է, ասում է ավելի ուշ կմիանա մեզ, հիմա պետք է հարեւանի գոմից գոմաղբ բերի, որ ձմեռվա վառելիքը պատրաստի: Դավթյաններն ապրում են ոչ սեյսմակայուն, 4-րդ վթարայնություն ունեցող տանը: Երկու սենյակներից մեկն ընդհանրապես չեն օգտագործում՝ վտանգավոր է, պատերի քարերը խարխլված են, տանիքը փլվելու պատրաստ: Խոհանոց, որպես այդպիսին չնկատելով՝ հարցնում եմ, թե որտեղ է Վեսմիրան ճաշ պատրաստում:

«Ըստեղ էլի,-ցույց տալով փոքրիկ նախասրահը, ասում է երիտասարդ կինը,-կուխնի չունինք, ըստեղ կենենք էփ ու թափը»:

Միակ օգտագործվող սենյակում տեղավորել են մահճակալները, բազմոցը, զգեստապահարանը, աթարի վառարանը եւ հաց եփելու համար գործածվող էլեկտրական վառարանը: Դրանք բոլորը հին են, պատկերավոր ասած՝ «դարն ապրած»: Միակ նոր իրը, որ նպաստի գումարներից խնայելով մեկ ամիս առաջ գնել է Վեսմիրան՝ կիսաավտոմատ լվացքի մեքենան է: Ասում է, որ հոգնել էր երեխաների հագուստները ձեռքով լվանալուց:

Դավթյանների հաջորդ ձեռքբերումն եւս մեքենա է, իհարկե ոչ նոր եւ ոչ էլ կենցաղային հոգսերը հոգալու համար: Արմենը չի ասում, թե որքան գումար է տվել «Զապորոժեց» մակնիշի բոսորագույն մեքենային, միայն նշում է, որ էժան է գնել՝ դաշտից կարտոֆիլ տեղափոխելու նպատակով:

«Դե մեկ էլ երեխեքին մեկ-մեկ քաղաք տանելու համար»,-բացատրում է նա: Ամեն մի իրը ձեռք բերելիս հարկ է լինում մի քանի ամիս, անգամ տարի խնայողություններ կատարել առանց այդ էլ ընտանեկան սուղ բյուջեից:

Դավթյանների տանը հյուրընկալվել ենք Մայիսյանի համայնքապետ Հակոբ Բաղդասարյանի հետ:  Համայնքապետն ասում է, որ այս ընտանիքի ամենամեծ երազանքը նոր բնակարան ունենալն է: Հաշվառված են երկրաշարժից անօթեւան դարձած բնակիչների ցուցակում: Վերջին երեք տարին սպասում են, թե երբ է «Գլենդել հիլզ» շինարարական կազմակերպությունը կառուցելու խոստացած առանձնատունը:

Այս ընտանիքի նկատմամբ պետությունն իր ստանձնած պարտավորությունը որերրորդ տարին է չի կատարում: Դավթյանների ընտանիքում 4 ապագա զինվոր է մեծանում, մեկն էլ շուտով ծնվելու է ու կարելի է ասել, որ նրանք իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ ամենայն բարեխղճությամբ են կատարել՝ չեն արտագաղթել, աղքատության ճիրաններում գտնվելով՝ չեն կոտրվել եւ դեռ երեխաներ են լույս աշխարհ բերել:

«Շատ երեխա ունենալն իմ ու Արմենի ցանկությունն է: Մեր ընտանիքում 9 երեխա է մեծացել՝ 8 աղջիկ եւ մեկ տղա: Ես սովոր եմ մեծ ընտանիքի»,-ասում է Վեսմիրան, ամուսինն էլ իր հերթին է հավելում, որ երեխաներն իր ուրախությունն ու երջանկությունն են:

31-ամյա Արմենը 3-րդ կարգի հաշմանդամ է: Զինվորական ծառայության ժամանակ վնասել է աչքը: Դավթյաններն ապրում են երեխաների համար տրվող 51 հազար ընտանեկան նպաստով եւ Արմենի 24 հազար դրամ թոշակով:

Արմենին գյուղում սիրում են: Մայիսյանցիները գովեստով են խոսում նրա մասին: Համայնքապետ Հակոբ Բաղդասարյանն ասում է, որ գյուղում ով չի հասցնում կատարել գյուղատնտեսական աշխատանքները՝ օգնության է կանչում Արմենին: «Վարձով գործեր է անում, բանվորական, գյուղատնտեսական ու շատ կոկիկ, բարեխիղճ աշխատող է: Ամեն ինչ անում է, որ մի քանի կոպեկ ավել գումար աշխատի՝ ընտանիքը պահելու համար: Շատ համեստ տղա է մեր Արմենը, բայց նաեւ շատ խիստ, մի քիչ էլ խանդոտ ու նաեւ թասիբով»,-ծիծաղելով ասում է համայնքապետը:

Հարցին, թե ինչի՞ կարիք ունեն Դավթյաններն եւ ինչ կցանկանային առաջնահերթ ձեռք բերել, ամուսինները մի պահ լռում են, հետո միաբերան ասում. «նոր բնակարան»: Փոքրիկ տղաներն եւս որեւէ ցանկություն չեն հայտնում, նոր խաղալիք չեն պահանջում: Նրանցից ամենափոքրը վազում ու սենյակից բերում է տանն եղած մի քանի խաղալիքը: Նկատում եմ, որ այնտեղ բացակայում են ժամանակակից խաղալիք մեքենաները, որոնցով սովորաբար սիրում են խաղալ այդ տարիքի տղեկները:

Մայիսյանցի բազմազավակ ընտանիքի ամենամեծ երազանքը՝ նոր բնակարանի տեսքով, այս տարի էլ իրականություն չի դառնա: Շիրակի մարզի Գյումրի քաղաքում եւ գյուղական համայնքերում «Գլենդել հիլզի» կողմից իրականացվելիք բնակարանաշինությունը դադարեցվել էր 2013 թ-ին: Չնայած ոչ այնքան հաճելի նորությանը, Դավթյանները հույս ունեն, որ երկվորյակների ծնունդով իրենց կյանքում նոր փոփոխություն կլինի, գուցեեւ տան տեսքով: 

Մեկնաբանություններ (1)

shahe
what a shame, people have palaces in Yerevan and they cannot fund a small apartment for these simple people. God Bless this family and if I can one day I will house you all. amot tsezi varnots joghovourt...yerevantsiner

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter