HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կադաստրային խառնաշփոթ Տեղ գյուղում

Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղի 667 տնտեսության 10%-ից ավելին տնամերձերի չափագրման, քարտեզագրման հետ կապված խնդիր ունի: «Դեմիրճյանից մինչեւ նախորդ վարչապետ դիմել ենք, խնդրել, որ նորից չափագրեն, անգամ էդ առթիվ դասընթաց են կազմակերպել, ասում են` կգանք, բայց հետեւող չկա: Մարդ կա՝ երեք կտոր հող ունի, «դակումենտ» չունի, մեկը` հող չունի, բայց «դակումենտ ունի»,- ասում է Տեղ համայնքի ղեկավարի օգնական Սլավիկ Զեյնալյանը, ով նաեւ համակարգում է գյուղատնտեսության հարցերը:

Հողերի քարտեզագրման վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնում նաեւ համայնքի բնակիչ Աշոտ Ավետյանը, ով դժվարությամբ համաձայնվեց ներկայանալ, ասելով, թե անունս գրես` կգան, ինձ կբռնեն: «Առանց էն էլ լավ պան չկա, անասունը սատկեց, պանի տեր չես, կարկուտը թխեց, պանի տեր չես, էս հողերն ալ վեր սխալ են չափում, հաշվի թա հողիդ տերն ալ չես, էգուց մի շուն շանորդի կարա կա` ասի, էդ հողը իմն ա, հինչ պետի անես, ուժեղի դար ա»,- ասում է Աշոտը: Վերջինիս ասելով` հողի սեփականաշնորհման ժամանակ իր 6 շունչ ունեցող ընտանիքին ընդամենը 2 հա հող են տվել, քանի որ «բարեկամ-ծանոթով էին հողերը տալիս, ինքը մեջքին մարդ չուներ», շատ տեղեր է բողոքել, բայց` անօգուտ:

Սաղաթել Գալստյան Սլավիկ Զեյնալյան

Տեղ գյուղի բնակիչ Ռուբիկի կարծիքով` հողերի քարտեզագրումից առավել տուժել է հենց ինքը: Նա, սակայն չցանկացավ հայտնել ազգանունը, ասելով, որ գյուղում բոլորը գիտեն, որ քարտեզագրման ամենաակնառու սխալը հենց իր տնամերձում է:

Համայնքի ղեկավար Սաղաթել Գալստյանը հաստատում է, որ բնակիչների դժգոհությունը տեղին է, եւ մարդիկ համայնքային իշխանությանն ավելի հաճախ այդ խնդրով են դիմում: «Գուցե հիմա «ընդհանուր օգտագործման» հողամասերի համար միմյանց հետ լուրջ վեճեր չկան, բայց արդարացի է: Մարդիկ պահանջում են ճիշտ չափագրումներ կատարել, վերաքարտեզագրել տնամերձերը, որովհետեւ, հնարավոր է, որ եկող սերնդի մեջ տարաձայնություններ սկսվեն»,- ասում է համայնքապետը:

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի մարզային հողային պետական տեսչության պետ Մուշեղ Կոստանդյանը նշում է, որ տնամերձերի քարտեզագրումն իրականացվել է 2002-05 թվականներին: Յուրաքանչյուր համայնքում հայտարարություն է տարածվել այդ մասին եւ համայնք առ համայնք չափագրումներ են կատարվել, այնուհետեւ  ժամանակ է տրվել հողի սեփականատերերին, իրենց դիտարկումները հայտնելու համար: «Հնարարավոր է, որ այդ ընթացքում կամ` մարդիկ հետեւողական չեն եղել, կամ` իրավական հիմքեր չեն ունեցել»,- պարզաբանում է տեսչության պետը: Վերջինիս ասելով` խնդրի լուծման միակ տարբերակն այն է, որ  մարդիկ իրենց համայնքի ղեկավարից պետք է վերցնեն հողի սեփականության մասին իրավական հիմքերը, դիմեն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

Նախկինում քարտեզագրումը, եթե անվճար էր իրականացվում, ապա այժմ դրա դիմաց հողի սեփականատերերը պետք համապատասխան վճարումներ կատարեն: Տեղի համայնքապետի կարծիքով, սակայն, ամեն ինչ այնքան հեշտ չէ, ինչպես ներկայացվում է, նրա խոսքով հարցի լուծումն ավելի աշխատատար է, ծախսատար, իսկ այս ամենը համակարգելու համար իրենք բավարար ռեսուրսներ չունեն նաեւ մասնագետների առումով:

Հողերի, մասնավորապես, արոտավայրերի վերաբերյալ Տեղ համայնքում առկա մյուս դժգոհությունը կապված է դրանց անօրինական օգտագործման հետ: «Խոշոր սեփականատերեր կան, ովքեր առանց պայմանագրի, ինքնակամ իրենց անասունները կարող են օրեր շարունակ արածացնել ուրիշների արոտավայրերում, որի պատճառով լուրջ ընդհարումներ են լինում: Չգիտես որ կողմին սաստես, բնականաբար, մարդկանց արոտավայրերն անօրինական են օգտագործվում, բայց ի՞նչ անեմ, միլիցիա՞ կանչեմ, ախր էն մի կողմն էլ զորբաներ են, 100 մարդ է միջնորդում»,- ասում է համայնքի ղեկավարը:

Այս հանգամանքը, արդյոք, համայնքում հողի հարկի հավաքագրման ցածր ցուցանիշի` ընդամենը` 32%, պատճառներից մեկը չէ՞, մեր հարցին, համայնքապետը պատասխանում է, որ դա որոշիչ չէ: Ըստ նրա, ցածր ցուցանիշը կապված է նախ` մարդկանց սոցիալական վիճակի, ապա նաեւ այն փաստի հետ, որ ժամանակ առ ժամանակ հողի հարկի ապառքների զեղչերն  առանձնապես դրական արձագանք չեն գտնում պարտաճանաճ հարկատուների շրջանում: Ավելին, վերջիններս հաջորդ տարի հայտնվում են չվճարողների ցանկում, ասելով, որ «մեկ ա, էդ պարտքերը հեչ են անելու»:

«Պատահում է, բարձրաստիճան պաշտոնյաները համայնքի ղեկավարներիս մեղադրում են այն բանում որ վարչական միջոցներ չենք կիրառում հողի հարկի հավաքագրման համար, իբր այն պատճառաբանությամբ, որ մտածում ենք, թե ընտրություններին մեր օգտին են քվեարկել: Չեմ թաքցնում, դա էլ կա, բայց, եթե տեսնում եմ, որ հեկտարը տարեկան 20 հազար դրամով վարձակալությամբ տալիս է ուրիշին, ես դրանից ի՞նչ հարկ գանձեմ, երկու պարկ ալյուրի փող էլ չի անում»,- ասում է Սաղաթել Գալստյանը: Նա նաեւ շեշտում է, որ Տեղ համայնքը մարզում ամենամեծ հողատարածք ունեցողներից մեկն է, 9,5 մլն  հողի հարկ,  2 մլն վարձակալության գումարներ հավաքագրելը, ըստ նրա, «հանաք բան չէ»: 2014թ. առաջին 5 ամիսներին կարողացել են տարեկան եկամուտների ընդամենը 30%-ն ապահովել, բայց, ամեն ինչ պիտի անեն, որ  տարեվերջին  «մի կերպ պիրեն ծիգեն»:

Մարդկանց սոցիալական վիճակը բարելավելու, նաեւ հարկերի հավաքագրման գործը կազմակերպելու գործում կարեւոր դեր կարող էր խաղալ, եթե գյուղը գոնե մասնակի կամ գրաֆիկով ապահովված լիներ ոռոգման ջրով: Թե' տնամերձերը, թե' այգիները ջրելու միակ միջոցը անձրեւներն են: «Ջրաչափով աղբյուրից անասունին ջուր տալ կլինի՞»,- հարցնում են  բնակիչները:  Գյուղի 15 հազարից ավելի խոշոր եղջերավոր անասունները ստիպված հիմնականում գյուղի տարածքից դուրս են պահում: Համայնքի ղեկավարի խոսքով, եթե անգամ 100%-ով կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, միեւնույն է, այդ միջոցներով ոռոգման ջրի հարց լուծել չի լինի: Հազիվ «ծանոթ-բարեկամ խառնելով» տարեկան մի փողոց են խճապատում:

Տեղում նաեւ երկու մանկապարտեզ են պահում, որտեղ 100-ից ավելի երեխա է հաճախում: Երկու նախակրթարանների ֆինանսավորումը համայնքի ղեկավարը կարեւորում է, իսկ այն, որ մշակույթի տունը հիմնովին նորոգել են, երեք հաստիք են պահում, բայց ամիսներով որեւէ միջոցառում չի կազմակերպվում, նրա կարծիքով անիմաստ է, դրա փոխարեն, կարելի էր ոռոգման ջուր բերել գյուղ, որ մարդիկ հնարավորություն ունենային իրենց եկամուտներն ավելացնել, դրանով նաեւ հարկային պարտավորությունները ժամանակին կկատարեին կամ էլ՝ ոռոգման հարցը լուծեին, որ 21-րդ դարում մարզի ամենամեծ համայնքներից մեկում գոնե կենցաղային նվազագույն պայմաններ ապահովվեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter