HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Վերաքննիչ դատարանը հակասում է ինքն իրեն՝ բռնաբարության գործով կայացրած որոշման մեջ

Այսօր բռնաբարության գործով տուժող Հասմիկի փաստաբաններից Նոնա Գալստյանը ՀՀ վճռաբեկ դատարան է ուղարկել բողոք՝ ընդդեմ ՀՀ վերաքննիչ դատարանի այս տարվա մայիսի 21-ի որոշման:

Հիշեցնենք, որ, ըստ Հասմիկի հաղորդման , 2012թ-ի մայիսի 9-ին «Վալենսիա» հյուրանոցային համալիրում  նա ենթարկվել է ծեծի եւ բռնաբարվել 32-ամյա Արմենի կողմից (անունները փոխված են)։ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում եւ Երեւանի քննչական վարչությունում բռնաբարության այս գործը մի քանի անգամ արդեն կարճվել է։  Հասմիկը դիմել է դատարան, որտեղ նրա պահանջը՝ քրեական գործը վերսկսելու մասին, բավարարվել է։ Ավան եւ Նոր Նորք, այնուհետեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններն իրենց որոշման մեջ արձանագրել են, որ նախաքննական մարմինն անտեսել է գործի հետ կապված մի շարք փաստեր եւ իրականացրել միակողմանի, ոչ օբյեկտիվ քննություն։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը վերացրել է Երեւանի քննչական վարչության գործը կարճելու մասին որոշումը եւ պահանջել վերաբացել այն։

Ոստիկանության Երեւանի քննչական վարչությունը՝ ի դեմս դատախազ Շուշանիկ Իսրայելյանի, բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ընդդեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշման։ Վերաքննիչ դատարանը, դատավոր Գ. Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, 2014թ-ի մայիսի 21-ի որոշմամբ՝ բավարարել է դատախազի բողոքը։

«Հետքի» հետ զրույցում Հասմիկը պատմեց, որ քրեական գործի նախաքննության փուլում դատախազ Շուշանիկ Իսրայելյանը հանդիպել է իրեն եւ ասել, թե ինքն իզուր է փաստաբանի վրա գումար վատնում:  «Մեր հանդիպման ժամանակ ասաց, որ իզուր եմ փաստաբան վարձել։ Դրա փոխարեն՝ ավելի լավ է վստահեմ քննիչին, ընկերություն անեմ քննիչի հետ։ Այդպես ավելի լավ կլինի»,- պատմում է Հասմիկը։  

Ի տարբերություն Հասմիկի՝ կասկածյալ Արմենը հետեւել է այս խորհրդին եւ ընկերական հարաբերություններ է ունեցել իր գործը քննող քննիչ Ա. Կավեյանի հետ, ինչի մասին վկայում են միմյանց ուղարկված sms հաղորդագրությունները:

Այս մասին Հասմիկը հաղորդում է տվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետ Վ. Ժ. Մուրադյանը մերժել է տուժողի բողոքը՝ նշելով. «Ինչ վերաբերում է քննիչ Ա. Կավեյանի եւ կասկածյալ Արմենի միջեւ եղած հեռախոսային կարճ հաղորդագրություններին, ապա դրանք կապված չեն եղել գործի քննության հետ, այլ դեռեւս 2012թ-ին, երբ գործը քննվել է քննիչ Ա. Կավեյանի վարույթում, վերջինս, տեղեկանալով ավտոմեքենաների նկատմամբ Արմենի նախասիրությունների մասին, խնդրել է պարզել իր ավտոմեքենայի արտադրության ստույգ տարեթիվը՝ դրա անհատականացման համարով: Այդ նպատակով Ա. Կավեյանը կարճ հաղորդագրությամբ Արմենին է ուղարկել իր ավտոմեքենայի անհատականացման համարը, որով ճշտվել է ավտոմեքենայի ստույգ տարեթիվը»:

Փաստորեն՝ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնված է կասկածյալների նախասիրություններով հետաքրքրվող քննիչների կողմից իրականացրած հարցաքննությունների եւ փորձաքննությունների վրա։ Ի դեպ՝ Վերաքննիչի որոշման հիմք են հանդիսացել Արմենի միմյանց հակասող ցուցմունքները, իսկ տուժող Հասմիկի ցուցմունքները նախաքննությունը համարել է ոչ արժանահավատ: Դատախազ Շուշանիկ Իրայելյանի բողոքը բավարարելիս՝ վերաքննիչը հաշվի չի առել մի շարք նախաքննական հակասություններ եւ դրանք նույնությամբ տեղադրել է իր որոշման տեքստում։ 

Հակասություն 1 .

Հղում անելով Երեւանի քննչական վարչության նախաքննությանը՝ Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ գրում է. «2012թ. մայիսի 9-ին բազմաթիվ հեռախոսազանգերը կասեցնելու նպատակով Արմենը ստիպված զրուցել է Հասմիկի հետ, ով պահանջել է հանդիպել, ապա խոստացել է մեկ անգամ սեռական հարաբերություն ունենալուց հետո այլեւս իրեն չանհանգստացնել»։

Նույն նախաքննությամբ՝ վերծանվել են Արմենի՝ մայիսի 9-ին բջջային հեռախոսից կատարված ելքային զանգերը, որտեղ հստակ երեւում է, որ դեպքի օրը մեղադրյալ Արմենը ինքն է բազմաթիվ զանգեր կատարել Հասմիկի բջջային հեռախոսին՝ սկսած գիշերը 03:27-ից։

Կարմիրով ընդգծված զանգերից բացի՝ մյուս բոլոր ելքային զանգերն ուղղված են Հասմիկի հեռախոսահամարին:

Հակասություն 2.

Վերաքննիչ դատարանի որոշման 4-րդ էջում նշված է. ««Վալենսիա» հյուրանոցային համալիրում վերջիններիս կամքով տեղի է ունեցել սեռական հարաբերություն, որից հետո Հասմիկը եւ Արմենը բաժանվել են եւ տարբեր տաքսի ավտոմեքենաներով հեռացել»։  

Վերաքննիչի նույն որոշման տեքստի 8-րդ էջում ներկայացվում է տաքսու վարորդների հարցաքննությունները, որտեղ նշվում է, որ մայիսի 9-ին ժամը 17։14-ին հյուրանոց է մուտք գործել եւ 17։15-ին այնտեղից դուրս եկել Ա/Ձ Արմեն Երեմյանին պատկանող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան։ Դեպքի օրը այդ մեքենան վարած Արտյոմ Ասլանյանն իր ցուցմունքում նշել է, որ իր կողմից հյուրանոց տեղափոխած զույգերի միջեւ տարօրինակ դեպք չի հիշում։

Նույն օրը 17։40-ին հյուրանոց մուտք գործած եւ 17։43-ին դուրս եկած տաքսու վարորդ Սպարտակ Առաքելյանը նույնպես իր ցուցմունքում գրել է, որ իր կողմից հյուրանոց տեղափոխած զույգերի միջեւ կոնֆլիկտ, վեճ, կռիվ եւ բռնություն տեղի չի ունեցել։ Եթե զույգերին հյուրանոց է բերել վարորդ Արտյոմ Ասլանյանը, իսկ դեպքը տեւել է մոտ 30 րոպե, հետեւապես 17:43-ին հյուրանոցից դուրս եկած վարորդ Սպարտակ Առաքելյանը նրանց դեպքից հետո տանող վարորդն է:

Նա չէր կարող ցուցմունք տալ իր կողմից տեղափոխած զույգերի միջեւ կոնֆլիկտի մասին, քանի որ, ըստ նախաքննության, նրանք հյուրանոցից հեռացել են տարբեր տաքսիներով: Այդ դեպքում ո՞վ է երկրորդ տաքսիստ Սպարտակ Առաքելյանը եւ ինչպե՞ս նա կարող էր բռնության, վեճի կամ կռվի ականատես լինել այն դեպքում, երբ ինքը «Վալենսիա» հյուրանոցից զույգերի չի տեղափոխել։

Տուժողի եւ կասկածյալի ցուցմունքները միմյանց չեն հակասում, սակայն փորձաքննության արդյունքները հակասում են նրանց երկուսի կողմից տրված ցուցմունքներին

Ըստ տուժողի հաղորդագրության՝ բռնաբարության դեպքից ամիսներ առաջ նույն «Վալենսիա» հյուրանոցում Արմենը ստիպել է Հասմիկին մերկանալ, այնուհետեւ տեսանկարահանել է նրան բջջային հեռախոսով: Այդ տեսանկարահանումով էլ վերջինս սպառնացել է տուժողին՝ իր կամքը չկատարելու դեպքում՝ հրապարակել:

Հասմիկը եւ կասկածյալ Արմենն իրենց ցուցմունքներում նշել են, որ այդ տեսանկարահանումը տեղի է ունեցել 2011թ.-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Նախաքննական մարմինը 2013թ-ի մարտի 22-ին առգրավվել է Արմենի «Iphone» տեսակի բջջային հեռախոսը, ենթարկել փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ տեսանկարահանումը կատարվել է 2012թ.-ի հունվարին:

«Հետքի» հետ զրույցում Հասմիկը պնդում է, որ փորձաքննությունը կեղծված է. «Ես միանշանակ կարծում եմ, որ այդ փորձաքննությունը կեղծված է, քանի որ մենք երկուսս էլ հիշում ենք ու մեր ցուցմունքներում նշել ենք, որ նկարահանումն իրականացվել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Ես հիշում եմ, որ նա արդեն տեսաձայնագրությունն ուներ, երբ դեկտեմբերին զանգում, ինձ ասում էր՝ ի՞նչ նվեր ես առնելու ինձ նոր տարուն»:

Կասկածյալ Արմենի՝ միմյանց հակասող ցուցմունքներից Վերաքննիչ դատարանն ընտրել է ամենահարմարը եւ դրա հիման վրա կայացրել որոշում

Դատավոր Գ. Մելիք-Սարգսյանի նախագահությամբ կայացված որոշման մեջ Վերաքննիչ դատարանը փաստել է, թե տուժողի հետ առերես հարցաքննության ժամանակ Արմենը հերքել է վերջինիս շանտաժի ենթարկելու եւ նրանից գումարներ պահանջելու հանգամանքները, մինչդեռ բողոքի դատական քննության ժամանակ Արմենն ընդունել է տուժողից պարբերաբար գումարներ պահանջելու հանգամանքը: Ինչո՞ւ վերաքննիչը հաշվի չի առել կասկածյալի միմյանց հակասող ցուցմունքները եւ հիմք է ընդունել ոչ թե դատարանում տրված ցուցմունքը, այլ նախաքննության փուլում առերես հարցաքննությունում ասվածը:

Հիշեցնենք, որ գործով տուժող Հասմիկն, այլեւս չվստահելով ՀՀ իրավապահ մարմիններին, դիմել է Եվրոմիության երկրների հայաստանյան դեսպաններին՝ արդար դատաքննություն իրականացնելու հույսով: «Հետքի» հետ զրույցում նա նշեց, որ չի պատրաստվում տեղի տալ եւ մինչեւ վերջին ատյաններ հասնելու է՝ իրեն հոգեպես եւ ֆիզիկապես ստորացրած անձին պատասխանատվության ենթարկելու համար. «Ես մինչեւ վերջ գնալու եմ: Ճիշտ է՝ այս պահին միայն մտածում եմ իմ մասին, բայց բացի իմ մասին մտածելը, ինչի՞ համար են մեր օրենքները: Եթե ես չեմ գնում դրսում ապրելու ու ընտրել եմ թեկուզ չնչին աշխատավարձով իմ երկրում ապրելը՝ միայն այն բանի համար, որ իմ տունը չթողնեմ, իմ մնալով երկիրը պաշտպանեմ, պիտի այսպես անե՞ն: Ես պայքարելու եմ»,- ասում է Հասմիկը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter