HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Դուք ձեր սերմի գինը գուզե՞ք, մենք էլ մեր վար ու ցանքի գինը գուզենք»

Դատական կարգով գումարի բռնագանձման վերաբերյալ ծանուցագրերը Շիրակի մարզի Այգաբաց համայնքի ղեկավար Սասունիկ Վանեցյանը չի շտապում տրամադրել պարտք ունեցող համագյուղացիներին, թեպետ որպես վճարման վերջնաժամկետ նշված է այս տարվա հունիսի 10-ը: «Դե, կասենք, կմուծեն էլի, մարդիկ ձեռքերը փող չունեն»,- արդարացավ համայնքապետը: Գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին Այգաբաց համայնքի մոտ 50 բնակիչ 1,4 մլն դրամ է պարտք:

«Բայց պիտի բերք ստանայինք, չէ՞, որ վճարեինք»,- տարակուսում է Այգաբացի բնակիչ Արիստակես Չալոյանը: Նրա փոխանցմամբ` գյուղի 70%-ը 2011թ. օգտվել է այդ ծրագրից ու հիմնականում տուժել՝ ցորենի սերմնացուն վատորակ է եղել: Հողին պահ տված սերմի ծլողունակության, կենսունակության եւ, իհարկե, բերքատվության մասին հողագործը կարծիք է կազմում, երբ բույսը որոշակի բարձրության է հասնում: Սերմը տրամադրելիս ասել են` «լավն է»: Այգաբաց համայնքում 2012թ. ցորենի նորմալ բերք ոչ ոք չի ստացել:

Արիստակես Չալոյանի պարտքը «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին 64 հազար դրամ է: Թեեւ բերք չի ստացել, այնուամենայնիվ, գումարի կեսը՝ 24 հազար դրամ, Արիստակեսը մուծել է: «Բերք չէի հավաքել, բայց որոշեցի գոնե սերմի փողը տալ, բայց ինչի՞ պիտի էն մյուս կեսը տայի՝ անհասկանալի է: Հա, սաղս էլ գիտենք, օր կառավարության էդ ծրագրով վերցրած սերմացուի դիմաց կրկնակին պիտի վերադարձնենք, բայց ո՞վ պիտի պատասխան տա մեր վրա անորակ սերմացու ծախելու համար: Չի ծլել էդ սերմը, բերք չի դարձել, հետո մենք էլ մեր հերթին ենք ծախս արել, ո՞վ պիտի էդ ծախսերը հատուցի»,- հարց է տալիս զրուցակիցս:

Վերջին երկու տարին ավելի հաջող է սերմի ձեռք բերման առումով: Արիստակեսի ասելով` գնել են, ցանել են, լավ էլ բերք են ստացել, գումարներն էլ ժամանակին վճարել են: Այգաբացի մեկ այլ բնակչի՝ Հովիկ Գեւորգյանի կարծիքով հողագործությամբ զբաղվողների համար «բախտ» ունենալն այսօր ավելի արդիական է, քան մյուս գործոնները:

«2013թ. 350 կգ ցորենի սերմ եմ վերցրել՝ կգ-ը 160 դրամով: Հողը մշակել եմ, վարել եմ, ցանել եմ, բայց նորմալ բերք չեմ ստացել: Ես անցած շաբաթ գնացի դաշտ, տեսա, օր հեչ լավ սորտ չի ընձի բաժին ընկել, արդեն բույսի աճից հայտնի է, օր նորմալ բերք չեմ հավաքելու: Ես գյուղապետին ըսել եմ էդ մասին: Գյուղապետի տեղակալն էլ ըսեց, թե բերած 40 տոննա սերմի 20 տոննան ուրիշ որակ է ունեցել, մյուս կեսը՝ ուրիշ: Փաստորեն, ընձի վատ որակի սերմն է բաժին հասել»,- դժգոհում է Հովիկ Գեւորգյանը:

Զրուցակիցս համոզված պնդում է, որ մեղավորը քարոզչություն իրականացնողներն են: Էլիտար սերմը ներկրում են, տալիս են ֆերմերներին, որ ցանեն, իսկ առաջին վերարտադրության սերմը բաժին է հասնում հասարակ գյուղացուն: «Ռեկլամ են անում, թե լավն է, լավն է, վերցրեք, ցանեք, գյուղացիներ, մենք էլ վերցնում ենք, որովհետեւ ուրիշ տարբերակ էլ չկա, իրանք էլ, օգտվելով առիթից, թացը չորի հետ խառնած` տալիս են: Կըսեն` սպասե, օր բդի վերցնեն, էս վատ սերմն էլ տամ, ու էդ աչքակապությունից կտուժե գյուղացին: Մենք ի՞նչ գիտենք, թե պարկի մեջ սերմն ինչ որակի է, կցանենք, հետո նոր կերեւա»,- ասում է Հովիկ Գեւորգյանը:

Զրույցին մասնակից Ֆլորա Աթոյանն էլ իր հերթին է շեշտում, թե կառավարություն-ֆերմեր-գյուղացի եռակողմ պայմանավորվածության ամենաթույլ օղակը գյուղացին է: Միշտ հասարակ հողագործն է տուժում, որովհետեւ բանկն իրենն է ուզում, ֆերմերն՝ իրենը, կառավարությունն էլ իր հասանելիքը:

«Եթե ըդպես է, ուրեմն թող պետությունը մեզ փոխհատուցե մեր վարի, ցանքի, վառելիքի համար տված փողերը: Գյուղացին լավ թանկով կվարե, 30-35 հազար դրամ մեկ հա-ի վարն է, 15 հազար կուտանք կուլտիվացիային, 10 հազար՝ ցանքին, հետո` պարարտանյութ, հետո` էս, հետո` էն, ջրի վարձ, ու երբ վերջում էլ բերք չես հավաքե, կստացվի, օր գյուղացու բաժինը մենակ էրած էշությունն է»,- նեղսրտում է Աթոյան Ֆլորան ու առաջարկում,- դուք ձեր սերմի գինը գուզե՞ք, մենք էլ մեր վար ու ցանքի գինը գուզենք, հաշվեք, մեր էրած ծախսը դուրս եկեք, մենք էլ ձեր սերմի գինը դուրս գանք»:

Այգաբաց համայնքի ղեկավար Սասունիկ Վանեցյանը նույնպես օգտվել է 2011-12թթ. գյուղ բերված 17 տոննա ցորենի սերմացուից եւ 160 հազար դրամ պարտք կուտակել: Ցանել է 3 հա, սակայն հավաքել մեկ տոննայից էլ պակաս բերք, թեպետ հույս է ունեցել ստանալ առնվազն 6 տոննա բերք: «Կարելի է ասել` 600 կգ զիբիլ եմ հավաքել, ոչ թե կրկնակի, այլ մի քանի անգամ եմ տուժել ու հիմա 160 հազար դրամ պիտի տամ: Ծրագիրը նոր էր, գյուղացիները հավատացին, վերցրին, ու ոչ մեկը բերք չստացավ: Պարտք գումարի 50%-ը հավաքել եմ, բայց մնացած գումարը գյուղացիները հրաժարվեցին տալ»,- ասում է համայնքապետը:

Մարզխորհրդի հունիսի 10-ի նիստի ժամանակ սպառնալիքի նման հնչեցրած ԴԱՀԿ-ի միջոցով գյուղացիներից գումարի բռնագանձման հայտարարության դեմ որեւէ համայնքապետ չարտահայտվեց, չեղավ նաեւ հարցադրում, թե առանց դատարանի վճռի ինչու՞ է գործն անմիջապես հանձնվել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը:

Այգաբացը մարզի միակ համայնքը չէ, որ պարտք է կուտակել սերմերի տրամադրման կառավարության ծրագրի շրջանակներում: Մարզխորհրդի նիստում հրապարակվեցին նաեւ մյուս համայնքների անուններն ու պարտքի չափը: 2011-2012թթ. համայնքների կողմից չի հավաքագրվել շուրջ 29.6 մլն դրամ, 2012-2013թթ.` 21 մլն դրամ, այդ թվում Մարմաշեն՝ 1.16 մլն դրամ, Հովունի 0.88 մլն դրամ, Հոռոմ 0.8 մլն դրամ, Սպանդարյան 1.4 մլն դրամ, Վարդաքար 1.4 մլն դրամ, Փոքր Մանթաշ 1.4 մլն դրամ, Աղին 0.64 մլն դրամ, Իսահակյան 3.2 մլն դրամ, Լուսաղբյուր 0.7 մլն դրամ, Հայկաձոր 1.7 մլն դրամ, Ձիթհանքով 0,7 մլն դրամ, Սարակապ 1 մլն դրամ, Ողջի 1.2 մլն դրամ, Զույգաղբյուր 2.5 մլն դրամ, Փոքր Սարիար 0.32 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter