HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Վարդերի ջերմոցը Գողթի բնակիչներին հանել է նպաստառուների ցանկից

«Հարստություն պետք չի, խելք է պետք: Ղարիբյան Արամը հո հարուստ չի, ուղղակի հասկացավ մեխանիզմը»,- ասում է Գողթի համայնքապետ Արտավազդ Հակոբյանը: Արամ Ղարիբյանը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականն է, ով Գողթում ջերմոցներ է հիմնել: Համայնքապետը համոզված է, որ նրա բիզնեսը Գողթն առաջիկա տարիներին կդարձնի Հայաստանի ամենազարգացած գյուղը:

Գողթում մեր այցելության օրը պետք է կայանար համայնքային սեփականության 19 լոտ հողատարածքների աճուրդ-վաճառք: Աճուրդների հիմնական մասնակցիները «Էկոտոմատո» եւ «Արմյանսկիյ Ուրաժայ» ընկերություններն են, որոնց համահիմնադիրն է Արամ Ղարիբյանը:

Իրենց ջերմոցների տարածքների մի մասն ընկերությունները ձեռք են բերել գյուղացիներից, իսկ մասնավոր տարածքների միջև ընկած համայնքային սեփականության հողատարածքները` աճուրդով:


«Էկոտոմատո» ՓԲԸ-ի հիմնած վարդերի ջերմոցը

Աճուրդը կայացնելու համար, ինչպես նախատեսում է աճուրդի կանոնակարգը, անհրաժեշտ է նվազագույնը երկու մասնակցի առկայություն: Համայնքապետարանը «Էկոտոմատո» ՓԲԸ-ի եւ «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ի համար ապահովում է «մրցակիցներ», և հողերը ձեռք են բերվում գրեթե մեկնարկային գնով: Թե ինչու համայնքապետարանը չի օգտվում «առիթից» և ապահովում սակարկություն համայնքային հողերի համար, որպեսզի հողի գինը բարձրանա, Արտավազդ Հակոբյանը պատասխանեց, որ նրանք գյուղապետարանին բացի հողատարածքի գնից վճարում են նաև դրա` կատեգորիան փոխելու գումարը:

2013թ. համայնքային հողերի աճուրդ-վաճառքներից Գողթի ֆոնդային բյուջե է մուտքագրվել մոտ 40 մլն դրամ: Այս գումարը գոյացել է ոչ միայն աճուրդի դրված հողերի օտարումից, այլև դրանց գործառնական նշանակությունը փոխելու ժամանակ համայնքի բյուջե կատարված մուծումներից: Տարածքները, որոնք «Էկոտոմատոն» և «Արմյանսկիյ Ուրաժայը» ձեռք են բերել աճուրդային կարգով, գյուղատնտեսական նշանակության արոտավայրեր են: Դրանք կառուցապատման նպատակով օգտագործելու համար, ջերմոցային տնտեսության հիմնադիրները մուծումներ են կատարում համայնքապետարանին` հողի նշանակությունը դարձնելով գյուղարտադրական: Գյուղատնտեսական նշանակության 1 ք/մ հողատարածքի նշանակությունը փոխելու համար բյուջե է վճարվում 810 դրամ:

Ընկերությունները Գողթ համայնքում ներդրում անելու պայմանագրային պարտավորություն չունեն: «Բանավոր պայմանավորվածություն է լինում»,- ասում է համայնքապետն ու ավելացնում, որ գուցե շուտով դա փաստաթղթային լինի: «Անցած տարի «Էկոտոմատոն» 6 մլն դրամ հատկացրեց գյուղում ջրագիծ անցկացնելու համար: Հիմա «Էկոտոմատոյում» աշխատում է 160 մարդ, եւ էս թիվը մինչեւ ամսվա վերջ կդառնա 180: Ես չեմ հաշվում նաեւ այն հանգամանքը, որ հենց հիմա, էս պահին 300 մարդուց ավել աշխատում է նոր ջերմոցի շինարարությունում: Մինչեւ տարեվերջ էս կառույցը 500 աշխատողի կարիք կունենա»,- ասաց Արտավազդ Հակոբյանը: «Էկոտոմատո» ՓԲԸ-ն հոլանդական վարդերի ջերմոցը հիմնել է 2011թ.:


«Փարոս ստացողների ցուցակը տարել եմ, դրել տղերքի դեմը: Ասել եմ` բոլորին ընդունեն աշխատանքի: Ամենացածր աշխատավարձը 150 հազար դրամից է սկսվում: Էն մարդիկ, ովքեր ջերմոցում արդեն երկրորդ տարին են աշխատում, հիմա իրենց տներում լուրջ փոփոխություններ կտեսնես` պատեր են շարում, տուն են սարքում»,- ասաց Արտավազդ Հակոբյանը:

Հոլանդական վարդերի մշակությունը, նրա խոսքով, գյուղում նպաստառու չի թողել, բոլորն աշխատանք ունեն: Աշխատանքի ընդունելիս ընկերությունում, նպաստառուներից բացի, նախապատվությունը, ըստ գյուղապետի, տրվել է միայնակ մայրերին:


Համայնքի ղեկավարի հետ զրույցում պարզվեց, որ ջերմոցային տնտեսությունը դեռևս ընդլայնվելու է և գուցե սպառի Գողթի համայնքային սեփականության բոլոր հողերը: «Արմյանսկիյ Ուրաժայը» դեռեւս չի ավարտել մոտ 27 հա տարածք զբաղեցնող բանջարեղենի (վարունգ, լոլիկ) ջերմոցի շինարարական աշխատանքները: Ըստ Արտավազդ Հակոբյանի՝ դեռեւս 100-120 հա տարածությամբ ջերմոցային տնտեսություններ են նախատեսում կառուցել, որից 60-70 հա-ը կլինի Գառնի գյուղի տարածքում: 

Մեկնաբանություններ (3)

Մարատ
Հարստությունը տեսնես ինչի հետ են:
Varoujan
Finally something we can all smile about, and thankfully those people with money are realizing that one of the best resources Armenia has is its people!
Թկատինցի
Իսկ Հետքը արդյոք խոսե՞ց աշխատավորների հետ: Ի՞նչ աշխատավարձ են ստանում. ի՚նչ են աշխատանքի պայմամերը: Միայն քաղաքապետի հետ խոսելը հանգեցրեց միակաղմանի վերլուծություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter