HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Երեխաների խնամակալության ինստիտուտն անկատար է. ո՞վ պետք է ապահովի մոր տեսակցությունը որդու հետ

Մինչ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Հասմիկ Խաչատրյանի հայցը նախկին ամուսնու՝ Սարգիս Հակոբյանի դեմ, լուծված չէ նրանց երկու երեխաների խնամակալության հարցը: Նախկին ամուսինները անհամաձայնություն ունեն երեխաների շուրջ, և այդ հարցը նույնպես վիճարկում են դատարանում: Դատական պրոցեսը սկսվել է նախորդ տարվա հոկտեմբերից և ձգձգվում է:

Հասմիկը դատարանից պահանջել է, որ երկու երեխան էլ բնակվեն իր մոտ: Հիմա Հասմիկի մոտ բնակվում է միայն դուստրը՝ Վարսիկը, որին հայրը, Հասմիկի խոսքով, առանց նախապես զգուշացնելու կարող է դասից հետո վերցնել, տանել ու հետ բերել՝ երբ ցանկանա:

Երբ դատարանը որոշի, թե որ ծնողի մոտ է բնակվելու երեխան, մյուս ծնողը խնամակալության մարմնի կամ դատարանի միջոցով կարող է տեսակցության ժամեր վերցնել և տեսակցել իր երեխային: Սակայն, քանի դեռ ծնողների միջև վեճը դատարանով լուծված չէ, ծնողներից յուրաքանչյուրն իրավունք ունի տեսնելու իր երեխային, և օրենքը հավասար իրավունքներ ու պարտականություններ է սահմանում երկու ծնողների համար: Ըստ այդմ՝ Սարգիս Հակոբյանն օգտվում է օրենքի ընձեռած հնարավորությունից, սակայն մայրը չի կարողանում տեսակցել որդուն:

«Հայրը խոչընդոտում է, որպեսզի Հասմիկը տեսակցի որդուն,- «Հետքին» ասում է Խաչատրյանի փաստաբան Նոնա Գալստյանը,- մենք բազմաթիվ դիմումներ ենք ուղղել թե́ ՄԻՊ և թե́ հոգաբարձության մարմիններ, բայց դեռևս այդ տեսակցությունը չի ապահովվում»:

Հասմիկը նախորդ տարվա հունիսին փախել էր սկեսրոջ տանից եւ երկու երեխաներին էլ մինչև սեպտեմբեր չէր տեսել, մինչ եկավ Վարսիկին դպրոց տանելու ժամանակը:  

«Երբ զանգում էի, թե ուզում եմ երեխեքին տեսնեմ, հայհոյում էր, իսկ գյուղապետարանի հոգաբարձության խորհուրդն էլ ասաց, թե դա փակ տուն է, ոչ մեկ մուտք չունի այդ տուն, ու դա բարձր ատյանների գործ է»,- ասում է Հասմիկը:

Խնամակալության և հոգաբարձության մարմինները կցված են ՏԻՄ կառույցներին. Երևանում՝ թաղապետարաններին, մարզերում՝ մարզպետարաններին և գյուղապետարաններին: Որպես կանոն՝ նախագահը լինում է ՏԻՄ տվյալ կառույցի աշխատակազմի նախագահը, իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մի շարք մասնագետներ՝ մանկավարժ, իրավաբան, հոգեբան:

Սկզբնապես ամուսնու կողմն առաջարկել է, որ երկու երեխաներին էլ թողնեն մոր մոտ, սակայն դասերը սկսվելուն պես Հասմիկի մոտ թողնում են միայն դստերը: Վարսիկը լսողական և խոսքային խնդիրներ ունի, և քանի որ Գավառում այդպիսի դպրոց չկա, Վարսիկին բերել են Երևան, որտեղ էլ այժմ ապրում է Հասմիկը:

 «Դպրոցում աղջիկս կողքս կանգնեց, թե` գնում եմ մամայի հետ,- ասում է Հասմիկը,- աղջկաս չէր էլ կարող պահել, հիվանդ էր երեխաս, մազերն էլ կեղտոտ էին ու շորերը՝ գզգզված: Հերն էլ տղուս պլանշետով խաբեց ու տարավ, ինձ էլ հայաթում նորից խփեց ու տեսա, որ իրենց ասածներն ու արածները փուչ են, ու էս քաշքշուկը սկսվեց»:

Դատարանը երեխաների հետ կապված վեճը լուծելիս գործի քննությանը մասնակից է դարձնում երեխայի բնակության վայրին համապատասխան վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնին: Ըստ օրենքի՝ այդ մարմինը դատարանում եզրակացություն ներկայացնելու համար տեղեկություններ է հավաքում երկու ծնողների մասին:

«Բացի բնակարանային պայմաններից, այդ մարմինը պետք է տեղեկություններ հավաքի ծնողների բարոյահոգեբանական նկարագրի և կրթության, նյութական հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև նկատի ունենա երկու երեխաների միջև կապվածությունը ու նրանց կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի հետ»,- ասում է Գալստյանը:

Վեցամյա Համլետիկը չի ցանկանում բնակվել մոր հետ. Հասմիկի խոսքերով` հայրն է տրամադրում իր դեմ:

«Ինձ ասում ա, թե ես չեմ ուզում հարամ հաց ուտեմ, բա մամաս ո՞նց պիտի աշխատի, ռոբոտի նման ինչ ասել են՝ կրկնում ա,- ասում է նա,- աղջիկս որ մի օր գնում ա իրենց տուն՝ գալիս ու հասկացնում  է, թե մամ` ինչի՞ են միլիցեքը մեր պապային բռնել՝ դու ես ասել: Ես էլ ասում եմ, թե չե՞ս հիշում՝ ինձ ոնց էր ծեծում: Աղջիկս 6 ամսականից տակը մաքուր էր, բայց որ ինձ ծեծում էր՝ գիշերը վախից տակը կեղտոտում էր, իսկ տղես էլ՝ չիշիկ անում»:

Նոնա Գալստյանն ասում է, որ իր պրակտիկայում դեպքեր են եղել, երբ խնամակալության մարմինը բոլոր վերոնշյալ նախապայմաններից առաջնահերթություն է տվել միայն բնակարանային պայմաններին:

«Այսինքն` եթե տունը գազիֆիկացված է, հարմարավետ է, երեխայի համար  առանձին սենյակ կա, համարում են բավարար երեխայի բնակվելու համար,- ասում է նա,-  մինչդեռ չի բացառվում, որ այդ ծնողը, իսկ ես ունեցել եմ այդպիսի դեպք, ունենա լուրջ հոգեկան խնդիրներ և չունենա բարոյական նկարագիր, որպեսզի իր երեխայի համար նորմալ հոգևոր զարգացում ապահովի»:

Խնամակալության մարմնի եզրակացությունը խորհրդատվական բնույթի է, ու դատարանները որոշում կայացնելիս կարող են հաշվի չառնել տրամադրված եզրակացությունները: Սակայն, քանի որ իրենք հնարավորություն չունեն անելու այդ ուսումնասիրությունները, փաստաբանների խոսքով, հիմնականում հիմնվում են հենց այդ եզրակացությունների վրա, որոնք, փորձագետների խոսքով, չեն բխում երեխաների շահերից:

Գալստյանը կարծում է, որ խնամակալության ինստիտուտի առկայությունն առաջընթաց է: Ընտանեկան օրենսգիրքը շատ լայն է կարգավորում այդ ոլորտը, այլ խնդիր է, թե այդ տեսական կարգավորումն ինչքանով լավ է իրականացվում պրակտիկայում:

«Խնամակալության հանձնաժողովների կողմից ոչ պրոֆեսիոնալ մոտեցում կա աշխատանքին. իմ կարծիքով` հանձնաժողովի ցանկացած աշխատող պետք է ունենա երեխայի հետ շփվելու հատուկ գիտելիքներ և աշխատանքային փորձ, որը, ցավոք, չունենք,- ասում է նա,- շատ քիչ հանձնաժողովներ են, որ իսկապես բազմակողմանի և օբյեկտիվ են ուսումնասիրում և տալիս են այնպիսի եզրակացություն, որը բխում է հենց երեխայի շահերից: Իսկ օրենքը սահմանում է, որ երեխայի բնակության վայրը որոշելիս պետք է առաջնորդվել երեխայի լավագույն շահով»:

Քանի որ Հասմիկը դատարանից պահանջում է, որպեսզի որդին իր մոտ բնակվի, նախկին ամուսինը ևս հայց է ներկայացրել դստեր բնակության վայրի ուսումնասիրության համար: Հասմիկը վարձով է ապրում Կենտրոն համայնքում, իսկ նախկին ամուսինը՝ Նոր Նորք համայնքում:

Երկու երեխաների համար հոգաբարձության մարմինների հանձնաժողովներ են կազմվել համապատասխան ՏԻՄ կառույցներում, սակայն դատական հայցը վիճարկվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Արսեն Բաբայանի նախագահությամբ:

Կենտրոնի հոգաբարձության խորհուրդը տնայց է կատարել՝ ուսումնասիրելու նրա բնակարանային պայմանները, սակայն դեռևս եզրակացություն չի ներկայացրել: Հասմիկի հայրը արտագնա աշխատանքի է մեկնում ՌԴ, իսկ մայրը դերձակ է, այժմ էլ դստեր հետ խմորեղենի փոքրիկ արտադրություն են կազմակերպում: Հասմիկը մասնակցել է «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ կազմակերպած բիզնես թրեյնինգին, ծրագիր է ներկայացրել ու ստացել 335 հազար դրամ ֆինանսավորում՝ անհրաժեշտ սարքավորումներ գնելու համար:

«Հիմի արդեն գաթա ենք թխում ու երկու խանութ կա, որ տալիս ենք, ուղղակի էս դատերին գնալ-գալը շատ է խանգարում»,- ասում է նա:

Նոր Նորքի խնամակալության մարմինը ուսումնասիրություն է կատարել և դատարան եզրակացություն է ներկայացրել, որ Սարգիս Հակոբյանի բնակարանային պայմանները հարմար են երեխայի բնակության համար, սակայն տնայց չի կատարվել Հասմիկ Խաչատրյանի մոտ:

Խնամակալության մարմնի նախագահ Ռուբեն Խոջայանը խուսափեց պատասխանել հարցին, թե ինչու տնայց չի կատարվել Հասմիկի մոտ, փոխարենը հղում արեց, թե դա խնամակալության մյուս մարմնի աշխատանքն է: Խոջայանը նկատի ունի Կենտրոն համայնքի խնամակալության մարմնին, որը պետք է ուսումնասիրի Վարսիկի համար ներկայացված հայցը, սակայն օրենքը պահանջում է, որ յուրաքանչյուր երեխայի բնակության վայրը որոշելիս ուսումնասիրվեն երկու ծնողների պայմանները:

Այդուհանդերձ, դատարանը, բավարար չհամարելով միայն բնակարանային պայմանների մասին եզրակացությունը և նկատի ունենալով նախկին ամուսինների միջև լարված փոխահարաբերությունները, Նոր Նորքի խնամակալության մարմնից պահանջել է, որպեսզի հոգեբանի ուսումնասիրություն ևս արվի, որի համար հոգաբարձության նիստեր են հրավիրվել: Խոջայանն ասաց, որ տղայի հայրը մի քանի անգամ չի ներկայացել նիստերին, որի պատճառով էլ նիստերը հետաձգվում են. «Իրենք, փաստորեն, խոչընդոտում են նիստերի անցկացմանը, սակայն քանի որ իրենք չեն ներկայացել, մենք չենք կարող դիրքորոշում հայտնել»:

Սարգիս Հակոբյանի շահերը Նոր Նորքի դատարանում ներկայացնող փաստաբան Տարիել Մանուկյանը ժխտեց, թե իրենք խոչընդոտում են նիստերի անցկացմանը:

«Իրենց պատճառով է հետաձգվում (նկատի ունի Հասմիկ Խաչատրյանին),- «Հետքին» ասում է նա,- այդ կնոջ խնամակալությունը (նկատի ունի աջակցությունը –Ա. Մ.) վերցրել է գենդերային մի կազմակերպություն («Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ), որը պետության վենան է մտել ու ընտանիք է քայքայում»:

Հասմիկի կարծիքով՝ խնամակալության հետ կապված այս պատմությունը սկեսրայրի կողմը «սարքում» է քրեական գործի համար, որպեսզի ցույց տան, թե ինքը լավ մարդ է ու հոգ է տանում երեխաների մասին. «Ո՞նց կարա տենց մարդը հանցագործ լինի»:

«Այնինչ ժամանակին, երբ հերը տուն էր մտնում, երեխեքս գլուխները քաշում էին վերմակի տակ: Ինքն էլ ասում էր, թե նենց են նայում վրես (երեխաները՝ հորը), ոնց որ դուշմանի նայեն,- ասում է նա,- ասում էր` որ տուն եմ մտնում ինչի՞ չեք գալիս փաթաթվեք, այնինչ երեխեքս վախենում էին իրանից, իսկ հիմի ինքը խաղալիք է սարքել երեխաներին»:

Նոր Նորքի խնամակալության մարմնին՝ հոգեբանի մասնակցությամբ,  մեկ անգամ հաջողվել է հանդիպել երկու կողմերի հետ՝ Համլետիկի ներկայությամբ:

«Հոգեբանն ասավ, թե երեխան մորը չի ուզում տեսնի, ու դա պրոբլեմ է: Հերն էլ, ինչպես միշտ, ասել  է, թե ամբողջ օրը տելեվիզրով ելույթ է ունենում, տղեն էլ հիասթափվել է,- ասում է Հասմիկը:- Բայց հենց հերը մի կողմ է քաշվում ու հետս մենակ է մնում՝ մերվում է հետս:  Որոշվեց, որ մի որոշ ժամանակ հետս շփում լինի, որովհետև երեխայի հոգեկան վիճակը վատ է»:

Հոգաբարձության մարմնի անդամ հոգեբանի հանձնարարականով Հասմիկը որոշ ժամանակ պետք է հանդիպեր որդու հետ և շփվեր: Դա նաեւ օրենքի պահանջն է, սակայն տղային չեն բերում, որպեսզի մայրը տեսակցի:

«Սուտ են խոսում, թե թույլ չեն տալիս,- ասում է Հակոբյանի փաստաբան Տարիել Մանուկյանը,- իրենք են աղջկան փախցրել ու փակի տակ են պահում, իսկ տղան չի ուզում տեսնել մորը, ի՞նչ անենք, որ չի ուզում»:

Հասմիկն ասում է, որ սկեսրայրը ժամանակին միշտ կրկնել է, թե որդուց «բան չի հասկացել» ու իր հույսը թոռն է:

«Այսինքն` ազգի շարունակող են ուզում,- ասում է նա,- իսկ աղջկա մասին չեն էլ հիշում, այսինքն` հիշում են էն ժամանակ, երբ հոգաբարձության ժողովի օրերն են մոտենում»:

Դատական նիստերը հաջորդում են միմյանց, ու լուծումը դեռևս չի երևում:

«Եթե երեխաների բնակության վայրի հարցի լուծումը շատ երկարաձգվի, հնարավոր է, որ մի դատական հայց էլ ներկայացնենք, որպեսզի ապահովվի Հասմիկի տեսակցությունը որդու հետ»,- ասում է Նոնա Գալստյանը:

Մեկնաբանություններ (2)

Anna
Ակնհայտ է, որ այսքան ձգձգելը արդեն կաշառակերության ու կողմնակալության նշան է; այլապես հերիք է նայել էդ լակոտի երեսին /վերեւում/ ու հասկանալ որ դրան երեխա վստահելու չէ, անկախ կենցաղի պայմաններից: Ու բոլորս էլ լավ հասկանում ենք որ Հասմիկը ճիշտ է խոսում, այդ տանը եղել է ծեծի ու սարսափի մթնոլորտ, ու ամոթ նրանց ովքեր ամեն գնով պատրաստ են երեխային խլել մորից: Ամոթ դատարանին որ այսպես ձգձգում է այս ակնհայտ պատմությունը: Փոխանակ զբաղվեին այդ լակոտին զսպելով ու կապերն հավաքելով, էդ ծեծված աղջկան են քարշ տալիս դատարաններով, զրկելով նրան իր երեխայից. մի քանի չոռ կոպեկի դիմաց...Ամոթ դատարանին, գյուղապետին ու բոլորին, ովքեր կոծկում են այս բռնությունը եւ խաղում երեխայի ու մոր ճակատագրի հետ:
Gayane
Իսկ ինչ կասեք ԽՀՀ - կաշառվելու և իրենց միջոցով դատավորին կաշառելու մասին? Արդեն 1 տարի է մենք նույն խնդիրն ունենք:Այս երկրի ոչ միայն խնամակալության ինստիտուտն է անկատար, այլ արդարադատության համակարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter