HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆիլմ, որը չեն տեսել Հայաստանի դատավորները, դատախազներն ու քննիչները

Անմեղ մարդը՝ մեքսիկական բանտում 

2005 թվական, Մեխիկո: Իրավապահները փողոցից բերման են ենթարկում Անտոնիո Սունյիգային՝ սպանության կասկածանքով, ապա ձերբակալում, ամիսներ անց դատապարտում 20 տարվա ազատազրկման: Տոնիոն պնդում է, որ անմեղ է, սակայն դատարանը հաստատված է համարում նրա մեղքը:  

Երկու երիտասարդ փաստաբաններ, երիտասարդ Տոնիոյի կինը (ամուսնանում են բանտում), լրագրող ու ակտիվ քաղաքացիներ որոշում են փրկել Տոնիոյին, հավաքել նրա անմեղությունն ապացուցող փաստեր: Պայքարի ողջ պրոցեսը փաստաբանները, ովքեր կինո նկարելու փորձառություն երբևէ չեն ունեցել, նկարահանում են տեսախցիկով՝ գիտակցելով, որ խնդրի հանրայնացումը կօգնի մարդկանց ու համակարգին ցույց տալ դատական սխալը: Երեք տարի անց փաստաբանները կարողանում են մեքսիկական դատարանում ապացուցել իրենց պաշտպանյալի անմեղությունը:

Ես պատմեցի ռեժիսորներ Ռոբերտո Էռնանդեսի և Ջեֆրի Սմիթի «Ենթադրյալ մեղավորը» վավերագրական ֆիլմի համառոտ սյուժեն, որի համար որպես հումք են ծառայել փաստաբանների նկարահանված բացառիկ կադրերը: Բազմաթիվ մրցանակների արժանացած «Ենթադրյալ մեղավորը» ֆիլմը իրական պատմություն է դատական համակարգի սխալի մասին: Այն ավարտվում է անհատի հաղթանակով, արդարադատության հաղթանակով ու Տոնիոյի վերադարձով հասարակություն: Առաջին կադրը սկսվում է մեքսիկական բանտի զբոսահրապարակում հերոսի յուրահատուկ պարով, նա ասում է, որ պարը նման է փախուստի և, որ պարելով նա փորձում է փախչել դեպի ազատություն: Իսկ վերջին կադրում Տոնիոն դուրս է գալիս բանտից, ուր իրեն սպասում են հարյուրավոր մարդիկ ու նրա կինը՝ նորածին երեխան գրկին:

«Սոցիալական փոփոխությունների կինո» 

Ֆիլմը դիտելու հնարավորություն հայ հանդիսատեսը ստացավ շնորհիվ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կազմված «Սոցիալական փոփոխությունների կինո» ծրագրի: Դրան հետևեց քննարկում, որին մասնակցեցին լեհ լրագրող, «Գազետա Վիբոռչա» թերթի գլխավոր խմբագիր, հասարակական գործիչ, 6 տարի բանտարկյալի կարգավիճակում եղած Ադամ Միխնիկը, կինոգետ, պրոֆեսոր, կինոքննադատ Ռիչարդ Պենյան, «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը, «Տրտու» ՀԿ նախագահ, նկարիչ Թեմիկ Խալափյանը: «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» նախագահ Նունե Սարգսյանը, ով վարում էր քննարկումը, հարցրեց Ռիչարդ Պենյային, թե ինչու են հենց այս ֆիլմը ընտրել ու խնդրեց մի փոքր պատմել ֆիլմի ստեղծման պատմության մասին:

«Տոնիոյի նման հազարավորներն են հայտնվում բանտերում՝ լինելով անմեղ»

Ռիչարդ Պենյա՝ կինոգետ, պրոֆեսոր

«Ամեն երկիր ունի իր դատաիրավական համակարգը և այդ համակարգի չարաշահումները՝ տարբեր չափերով: Մեքսիկայում այդ չարաշահումներից մեկն այն է, որ երբ մարդուն ձերբակալում են, նա պետք է սկսի ապացուցել իր անմեղությունը: Անմեղության կանխավարկած հասկացողություն չկա: Իսկ ժողովրդավարական երկրներում ամրագրված է, որ անձի պարտավորությունը չէ ապացուցել իր անմեղությունը, դա պետք է համակարգերն անեն անձերի փոխարեն: Ու պատկերացրեք, թե որքան դժվար է հերոսի՝ Տոնիոյի պես աղքատ ընտանիքի տղային պաշտպանվել: Ցավն այն է, որ Տոնիոյի նման հազարավորներն են հայտնվում բանտերում՝ լինելով անմեղ: Ֆիլմը դժվար է եղել ստեղծել, դժվար է եղել տեսախցիկ մտցնել բանտ, հարցազրույց անել բանտարկյալի հետ, բայց համառության արդյունքում ամեն ինչ ստացվեց, թեպետ որոշ ժամանակ ֆիլմը արգելվել է ցուցադրել Մեքսիկայում: Սովորաբար վավերագրական ֆիլմերը լայն ժողովրդականություն չեն վայելում, սակայն «Ենթադրյալ մեղավորը» ֆիլմը կոտրեց մինչ այդ գոյություն ունեցող պատկերացումները վավերագրական ֆիլմերի մասին. կարճ ժամանակում այն դիտեցին միլիոնավոր մարդիկ»,-պատմեց կինոգետ Ռիչարդ Պենյան:

«Կուզեի այս ֆիլմը նայեին մեր դատավորները, դատախազներն ու քննիչները»

Ձախից՝ Թեմիկ Խալափյան և Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց, որ ֆիլմն իրեն հուզեց, բայց չզարմացրեց, քանի որ հայաստանյան իրականության շատ մոտ երևույթներ կան ֆիլմում. «Օրինակ՝ երբ հերոսն ասում է, որ բանտային կյանքի մասին չի կարելի խոսել, այսինքն՝ բողոքելը ընդունված չէ: Հայաստանում ևս չեն բողոքում դատապարտյալները, թերևս միայն մեզ հետ անհատական զրույցներում: Չգրված օրենք կա՝ բարձրաձայն չբողոքել: Նման էին պայմանները՝ գերբեռնված վիճակը, սնունդը… Կուզեի այս ֆիլմի դիտմանն ու քննարկմանը հրավիրված լինեին մեր դատավորները, դատախազներն ու քննիչները, քանի որ չնայած մեզ մոտ դե յուրե ամրագրված է անմեղության կանխավարկածը, այդուհանդերձ այն չի գործում մեծ հաշվով: Եթե դու ձերբակալվում ես, ապա համակարգը քեզ դիտում է որպես մեղավորի»: Իրավապաշտպանը նկատեց, որ հերոսի անմեղությունը ապացուցվեց շնորհիվ մի խումբ նվիրյալների: Նրա կարծիքով, Հայաստանում նույնպես հնարավոր է նման ֆիլմ նկարահանել: Ինչ վերաբերում է բանտեր մտնելու արգելքին, ապա Իշխանյանը նկատեց, որ համառության շնորհիվ «Հետքին» հաջողվել է վերջին շրջանում բազմաթիվ մերժումներից հետո մտնել բանտ ու հարցազրույցներ վարել մի քանի ցմահ բանտարկյալի հետ: Իրավապաշտպանը համոզված է, որ ֆիլմը փոփոխությունների հիմք կարող է դառնալ, այնպես ինչպես եղավ «Երկուսը քաղաքում» ֆրանսիական ֆիլմից հետո, երբ Ֆրանսիան հրաժարվեց մահապատժից:

«Բանտը իդեալական վայր է ինտելեկտուալների համար»

Ադամ Միխնիկ՝ լրագրող, հասարակական գործիչ

Լրագրող, հասարակական գործիչ Ադամ Միխնիկը պատմեց, որ իրեն ծանոթ է ֆիլմի հերոսի՝ Տոնիոյի վիճակը, քանի որ եղել է բանտարկյալի կարգավիճակում իր համոզմունքների համար. «Բանտը իդեալական վայր է ինտելեկտուալների համար. այնտեղ չկա ալկոհոլ, չկան կանայք, չկա հեռախոս: Բայց մարդը հաճախ չի կարողանում պայքարել պետական մեքենայի դեմ: Անգամ իմ երկրում, որտեղ ժողովրդավարություն է, և պաշտոնապես հակակոմունիստական է իշխանությունը, այդուհանդերձ ստալինյան մենթալիտետը դեռ մեր դատարաններում է: Մեզ այլ բան չի մնում անել, քան պաշտպանել մարդուն»,-ասաց Ադամ Միխնիկը:

«Happy end-ը շատ կարևոր է»

«Տրտու» ՀԿ նախագահ, «Աբովյան» ՔԿՀ-ում կանանց ու երեխաների հետ գեղագիտական աշխատանք տանող Թեմիկ Խալափյանը նշեց, որ արտ-թերապիայով կարելի է փոխել մարդուն թե՛ բանտում, թե՛ բանտից դուրս. «Քրեական օրենսգրքում չկա մի հոդված, որ մարդուն վատից կդարձնի լավը: Ես դա փորձեցի անել արվեստի միջոցով: Պատկերացրեք՝ արդյունքները մեծ են… Ֆիլմը դրական էմոցիաներ է տալիս, շատ գեղագիտական կադրեր կան, դժվար է երբեմն հավատալ, որ դոկումենտալ կադրեր են դրանք, իսկ երջանիկ ավարտը շատ կարևոր է, որ նման իրավիճակում գտնվող մարդիկ չնահանջեն ու պայքարեն»,-ասաց Թեմիկ Խալափյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter