HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պղնձի նոր հանք` սողանքային գյուղում. շահագործման հարցը դեռ քննարկվում է

Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղը սողանքային է: Կաճաճկուտի գյուղապետ Մխիթար Թամազյանն ասում է, որ գյուղի սողանքային վիճակը վերջին անգամ արմատապես ստուգվել է 2004թ.-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից: Ստուգման եզրակացությամբ` Կաճաճկուտն ունի սողանքային վտանգավոր լեզվակներ: «Սողանքը խրոնիկ ցավ է մեզ համար: Ավելի շատ արդեն ոչ թե սարսափում ենք, փորձում ենք հարմարվել, ապրել: Այլ ճանապարհ չկա»,- ասում է գյուղապետը:

Հաշվի չառնելով Կաճաճկուտի սողանքային վտանգները` 2010թ. «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» ընկերությունը պղնձի հանքային նոր պաշարներ հայտնաբերելու նպատակով Կաճաճկուտում սկսել է իրականացնել լեռնահետախուզական աշխատանքներ, որը 2010թ. սեպտեմբերին  ընդհատվել է ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի` մանկապղծության մեղադրանքով ձերբակալվելուց հետ: Ըստ Մխիթար Թամազյանի` լեռնահետախուզական աշխատանքների արդյունքներով Կաճաճկուտի տարածքում հայտնաբերվել է պղնձի նոր հանք:

«Ընկերության ներկայացուցիչները դեռ այն ժամանակ ինձ տեղեկացրել են, որ մեր գյուղի պղնձի պաշարները Շամլուղի հանքի պաշարների նման հարուստ չեն, սակայն շահագործման պիտանի են»,- օրերս «Հետքին» հայտնեց գյուղապետ Մ.Թամազյանը: Հաշվի առնելով «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» ընկերությանը պատկանող Ախթալայի լեռնհարստացման կոմբինատի գլխավոր տնօրեն Ս. Ավետիսյանի  03.07.2014թ. գրավոր դիմումը` Կաճաճկուտի ավագանին 2014թ. ապրիլի 11-ին կայացրել է հետևյալ որոշումը. «Կաճաճկուտ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված` ներկայացված կոորդինատներով ու մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերում «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի երկրաբանական աշխատանքները կատարելուց, օգտակար հանածոյի պաշարները սահմանված կարգով հաստատվելուց և ընդերքի օգտագործման իրավունքը ձևակերպելուց հետո տալ նախնական համաձայնություն` հողի նպատակային նշանակության փոփոխման և վարձակալության պայմանագրի կնքման համար` այն պայմանով, որ ուսումնասիրման համար «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ն պարտավորվում է սահմանված կարգով կնքել հողի վարձակալության պայմանագիր»:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի` հուլիսի 22-ին Ճոճկանի պոչամբար կատարած այցը ճանաչողական պետք է դիտել հենց  «Մեթըլ Փրինս»-ի կողմից Կաճաճկուտում իրականացվող  լեռնահետախուզական աշխատանքների շրջանակում: Շրջանառվող լուրերի համաձայն «Մեթըլ Փրինսի» տնօրինությունը  պատրաստվում է ընդլայնել Ճոճկանի պոչամբարը: «Հետքը» հուլիսի 22-ին պոչամբարի մոտ բնապահպանության նախարարին հիշեցրեց Կաճաճկուտի սողանքային վտանգները` կապված լեռնահետախուզական աշխատանքների հետ:

«Ես ընդամենը Ձեզ կարող եմ ասել, մենք ունենք համապատասխան ծառայություն, որը կիրականացնի փորձաքննություն: Կարող եմ վստահեցնել Ձեզ, որ փորձաքննությունը լիարժեք կլինի, և որևիցե խախտումներ տեղի չեն ունենա: Եթե փորձաքննությունը ցույց տվեց, որ դա վտանգավոր տարածք է, միանշանակ կստանա բացասական եզրակացություն»,- պատասխանեց Արամայիս Գրիգորյանը:

Կաճաճկուտի սողանքային պայմաններում գյուղի 386 բնակիչների և հանքում աշխատողների համար կարող է աղետալի  հետևանքներ ունենալ ինչպես բաց, այնպես էլ փակ հանքավայրերի պայթեցումներն ու մակաբացման մյուս աշխատանքները: Հիշեցնենք, որ շրջանցելով Կաճաճկուտի սողանքային սպառնալիքները` ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2011թ. 11 կմ երկարությամբ Կաճաճկուտ գետի վրա 3 փոքր հիդրոէլեկտրակայան կառուցելու լիցենզիաներ է տրամադրել:

Կաճկաճուտ գետը

Դրանցից «Վան Ալ Էն Կ» ՍՊԸ-ին պատկանող  «Կաճաճկուտ» փհէկը  2014թ. մարտից շահագործվել է: «Հէկ-ի ջուրը գեղի գլխից է վերցվում, Կաճաճկուտ գետակի ակունքից»,- ասաց  Մխիթար Թամազյանը: «Կաճաճկուտ» փհէկի ջրահավաք կայանը և ձկնանցարանը կառուցված են հենց գյուղի սողանքային հատվածում:

Կաճկաճուտ փհէկը

Համաձայն նախագծի` փհէկը օգտագործում է գետի 1586-1178մ. նիշերի միջև անկման էներգետիկ պոտենցիալը: 2012թ. սեպտեմբերի 24-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության թիվ ԲՓ 92 փորձաքննությամբ` բնապահպանության նախարարությունը  դրական եզրակացություն է տվել «Կաճաճկուտ» փհէկի կառուցման համար` այդպես էլ չանդրադառնալով   Կաճաճկուտի սողանքային վտանգներին:

Հանձնաժողովը 2011թ. Կաճաճկուտի վարչական տարածքում լիցենզիա   է  տրամադրել նաև «Սեդվի էներգո» ՍՊԸ-ին` «Սեդվի 1» և «Սեդվի 2» փհէկերը  կառուցելու համար: Սրանց լիցենզիաների ժամկետը ավարտվել է 2014թ. հունիսի 15-ին, սակայն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այս տարվա հունիսի 11-ի իր որոշմամբ տրամադրված նոր  լիցենզիաներով  «Սեդվի 1»  և «Սեդվի 2» փհէկերի  կառուցման  վերջնաժամկետ է սահմանել  մինչև 2016թ.  հունվարի 15-ը:

Իսկ մինչ այդ  ասենք, որ  սողանքային վտանգներից խուսափելու համար կաճաճկուտցիներին դեռ խորհրդային տարիներին Մեծ Այրում գյուղում հող  են հատկացրել` Կաճաճկուտից հեռանալու համար:

«Եկավ, սովետը քանդվեց , փողերը բանկում հեչ եղան, մեր գյուղացիներն էլ չկարողացան Մեծ Այրումում տուն սարքել, էդպես էլ մնացին Կաճաճկուտում»,- ասաց Մխիթար Թամազյանը:

Մ.Թամազյանն ասում է, որ դեռ 2006թ. քաղաքաշինության նախարարությունից  փորձել է տեղեկություններ ստանալ Կաճաճկուտի սողանքային վիճակի  մասին: «Գյուղի տակով  հոսում են գրունտային ջրեր, որոնք էլ սողանքային  վտանգների պատճառն են հանդիսանում: Հող ա, հետո կավ ա, հետո  ժայռ ա: Էս ջուրը հողով ներ է ծծվում, հասնում է կավին: Կավն էլ ջրաթափանց շերտ է,  թեք է լինում, ու ծանրության տակին թեք լանջը սկսում է հոսել: Սա է խնդիրը»,- ասում է գյուղապետը` նշելով, որ իրեն այսպես է բացատրել քաղաքաշինության նախարարը:

Քաղաքաշինության նախարարությունում գյուղապետին խորհուրդ են տվել նաև խուսափել գյուղի ընդերքի գերխոնավացումից: «Մենք հիմա էլ որևէ գյուղատնտեսական մշակաբույս չենք աճեցնում, մերը խոտն է: Գյուղացիներին գրեթե ամեն տարի զգուշացնում ենք, որ  անգամ տնամերձերը մշակելիս ջրելու նկատմամբ լինեն չափավոր: Որովհետև շատ ջրելը արդեն վտանգ է սողանքի համար: Հակացուցված է»,- ասում է  Մխիթար Թամազյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter